HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս երեխաների մայր. «Մենակ խաղաղություն ենք ուզում, ուրիշ ոչ մի բան»

«Նույն պատմությունը, վատ երազի պես, երկու անգամ կրկնվեց, երկու անգամ ստիպված թողեցինք Թալիշը»,- ասում է թալիշցի բազմազավակ ընտանիքի մայր Մարինե Սարգսյանը, ում հանդիպեցինք Երևանում:

Մարինեն առաջին անգամ պապի ու տատի հետ 1992-ին է դուրս եկել Թալիշից. «14 տարեկան էի, էլի Երևան եկանք, երեք տարի էստեղ դպրոց գնացի, Երևանում էլ ավարտեցի դպրոցը»:

Գյուղն ազատագրելուց հետո Մարինեն վերադարձել է հայրենի Թալիշ, ամուսնացել է համագյուղացի Արամ Սարգսյանի հետ: Համատեղ կյանքի 20 տարիներին նրանք ունեցել են չորս երեխա` երկու տղա, երկու աղջիկ: Ավագը 18 տարեկան է, կրտսերը` 8: Մարինե Սարգսյանի չորս երեխաներից ավագը` Մհերը, տասը ամիս է` ծառայում է Ասկերանում, ամուսինն էլ` Արամը, պայմանագրային ծառայող է, այս պահին էլ Թալիշում է ծառայությունն իրականացնում:

Գյուղի կյանքից, պայմաններից գոհ էր Մարինեն, ինչպես և մեզ հանդիպած թալիշաբնակներից յուրաքանչյուրը: «Լավ էինք ապրում, վատ չէինք, անասուն էինք պահում` կով, խոզ, հավեր ունեինք, մենք մեզանով ապրում էինք»,- պատմում էր Մարինեն:

Բազմազավակ ընտանիքի մայրը պատմում է ապրիլի 1-ի գիշերվա մասին. «Անընդհատ ռմբալկոծում էին, լույսերը գնացել էին, մի կերպ ինչ ձեռքներս ընկավ էրեխեքին հագցրել ենք: Մի կերպ գնացինք հարևանի տուն, մինչև 5:30 պադվալում կուչ էինք եկել պատերի տակ… բոբիկ-տկլոր դուրս ենք եկել տնից, մինչև անգամ չենք հասցրել էրեխեքին նասկիներ հագցնեիք: Հարևանն ա գնացել բատարեյով նասկի գտել –բերել, էրեխեքը դողում էին, մրսում` էնա վախից, էնա ցրտից»: 

Հետո գյուղացիները հավաքվել են գյուղապետարանում, ճանապարհին տեսել, որ շուրջբոլորը քանդված է, հոսանքի լարերը կտրտած, գետնին թափված, անասունները սատկած. «Անընդհատ ռմբակոծում էին, պատերին էինք քաշվում… գյուղապետն ասեց` ինչքան կնիկ, էրեխա կա, հանեք գյուղից»: 

Ապրիլի 2-ին Մարինեն երեք երեխաների հետ հասել է Երևան, ժամանակավոր ապրում են Երևանում` մոր տանը: Հիմա բնակարան են փնտրում. «Մասիսում մի տուն ենք գտել, էդտեղ կապրենք, էրեխեքը դպրոց կգնան, մինչև ուշքի գանք»,-ասում է Մարինե Սարգսյանը:  

Մարինեի մեծ աղջիկը մեր այցելության պահին հիվանդանոցում էր: Մայրն ասաց` աղջկան պիտի վիրահատեն. «Շնորհակալություն «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը, իրենք են հոգալու վիրահատության ծախսը»:

Վերջում Մարինեին հարցնում եմ կարիքների մասին, պատասխանում է` մենակ խաղաղություն ենք ուզում, ուրիշ ոչ մի բան… 

Լուսանկարներն ու տեսանյութը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Էմմա
Կոնտակտային տվյալներ կասեք
Զարուհի
094348751 Մարինե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter