HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է ակնհայտ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Սերժիկ Սահակյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու միջոցով Ս. Սահակյանից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով տուժող Ա. Եղիազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սերժիկ Սահակյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ Ս. Սահակյանը հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին տեղեկացրել է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները չպահպանելու հետևանքով մահացած Ա. Եղիազարյանին ծանուցել է անվտանգության կանոնների պահպանման մասին, սակայն քննիչը հորդորել է, որ իր բացատրությունում և ցուցմունքներում չնշի այդ մասին, այլ ընդունի իր մեղքը՝ նշելով, որ այդ կերպ կազատվի քրեական պատասխանատվությունից: Հավատալով և վստահելով քննիչին, նրա թելադրանքով իր բացատրությունում, ինչպես նաև ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ կերպ ընդունելով իր մեղքը, որ հանգուցյալին աշխատանքի պաշտպանության կանոնների մասին պատշաճ չի տեղեկացրել:

Իբրև ասվածի հիմնավորում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Սահակյանը ներկայացրել է «Աշխատանքի պայմաններին և պահանջներին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքի հետ կապված կանոնակարգող իրավական ակտերի և դրանց չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացած իրավական հետևանքների մասին» իր մեկ այլ աշխատակցի` Յու. Մկրտչյանին ծանուցելու մասին թերթիկի պատճենը և հայտնել, որ նմանատիպ ծանուցման թերթիկ ունեցել է նաև Ա. Եղիազարյանը, որը քննիչ Հ. Սրեյանի պահանջով հանձնվել է նրան:

Նշել է նաև, որ Ա. Եղիազարյանը և Յու. Մկրտչյանը ծանուցման թերթիկները ստորագրել են մեկ անգամ՝ ծանուցման թերթիկում նշված օրը՝ 2014թ. ապրիլի 1-ին:

Նախաքննության ընթացքում Յուրիկ Մկրտչյանի անվամբ լրացված և 2014թ. ապրիլի 1-ով թվագրված՝ հիշյալ ծանուցման թերթիկում «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց կատարված ստորագրությունների վաղեմությունը պարզելու նպատակով Ս. Սահակյանից առգրավվել է հիշյալ ծանուցման թերթիկի բնօրինակը և 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել փաստաթղթաբանական փորձաքննություն:

Համաձայն փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը տրամադրված 01.04.2014թ. թվագրված ծանուցման մեջ առկա «Յուրիկ Մկրտչյան» և «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց տեղավորված թվով 2 ստորագրություններն ունեն մինչև 1  տարվա կատարման վաղեմություն, ինչը վկայում է այն մասին, որ փաստաթուղթը չէր կարող կազմված լինել և ծանուցվել ինչպես Յու. Մկրտչյանին, այնպես էլ` Ա. Եղիազարյանին դրանում թվագրված օրը` 2014թ. ապրիլի 1-ին:

Այսինքն՝ Սերժիկ Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Ս. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter