HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քեթրին Էշթոնը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին

Այսօր տեղի է ունեցել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը տարածաշրջանային այցով Երեւանում  գտնվող Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը:

Ողջունելով ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ գոհունակություն հայտնեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում եւ խորանում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ տիկին Էշթոնի այցելությունը Հայաստան եւ Երեւանում ունեցած արդյունավետ քննարկումները նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը:

«Մեր հարաբերությունները հիմնված են միեւնույն արժեքային համակարգի վրա, եւ մենք նպատակադրված ենք հետեւողականորեն իրականացնել եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումներ Հայաստանում», – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Քեթրին Էշթոնը նշեց, որ Եվրոպական միությունը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը եւ շարունակելու է իր աջակցությունը մեր երկրի զարգացմանն ու բարեփոխումների իրագործմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որն արտահայտվում է թե բարձր մակարդակի շփումներով, թե քաղաքական երկխոսության օրակարգի ընդլայնմամբ եւ խորացմամբ, թե ասոցացման համաձայնագրի բանակցություններում շարունակական առաջընթացով, թե խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներով, թե մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեթրին Էշթոնը իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ: Այս առումով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը բարձր գնահատեց տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter