HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ոչ թուրքականին. պարզ կոչեր, բարդ խնդիրներ

Հայաստանյան խանութներում այսօր բազմաթիվ և բազմատեսականի են թուրքական ապրանքները։  Դրանց ներմուծման ու սպառման դեմ հայ հասարակության մի մասը պայքարում է արդեն երկար ժամանակ։ Որպես թուրքական ապրանքից հրաժարվելու գլխավոր հիմք նշվում է այն, որ դրանք Հայաստան ներմուծելով ու սպառելով՝ ուղղակիորեն ֆինանսավորվում է թուրքական, հետևաբար  նաև՝ ադրբեջանական ռազմաարդյունաբերությունը։ Ջուր չլցնել թշնամու ջրաղացին. սա է նպատակը։  

Ամեն ինչ, կարծեք, հասկանալի է թվում։ Սակայն իրականում այդ ամենն այդքան էլ պարզ ու հեշտ չէ, քանի որ մերժելով շուկայում  առկա թուրքական ապրանքները՝ հայ սպառողները որոշ խնդիրների առաջ են կանգնում։ Բայց մինչ այդ խնդիրներին անդրադառնալը, փորձենք ավելի պատկերավոր հասկանալ, թե որքա՞ն թուրքական ապրանք է ներկրում Հայաստանը, ո՞ր ապրանքներն են այդ ցանկում գերիշխում և ի վերջո՝ արտահանու՞մ  է արդյոք  Հայաստանը Թուրքիա որևէ ապրանք, թե՞ ոչ։ ՀՀ մաքսային ծառայության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների հիման վրա կարելի է հստակ գտնել այս հարցերի պատասխանները։

99%՝ ներմուծում, 1%՝ արտահանում

2015 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ 138,5 մլն դոլարի առևտուր է արել, որից 99%-ը Թուրքիայից Հայաստան ներմուծումն է և միայն 1%-ն է կազմել Հայաստանից արտահանումը։ Թուրքիան Հայաստանի համար ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ նշված ցուցանիշով  9-րդն է։  Բայց Հայաստանը, փաստորեն, ներմուծողի դերում է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով Հայաստանից դեպի այս երկիր արտահանումը ոչ շահավետ է։ Այդպիսով, Թուրքիան, ըստ էության, արգելում է Հայաստանից ապրանքների արտահանումը։

2015-ին Հայաստանը 41%-ով ավելի քիչ ապրանք է ներմուծել Թուրքիայից, քան 2014-ին։ Այս երկրից կատարված ներմուծումը նախորդ տարի կազմել է Հայաստանի ընդհանուր ներմուծման 4,2%-ը։ Համեմատության համար՝ Ռուսաստանի տեսակարար կշիռն այս հարցում 29,1% է, Վրաստանինը՝ 2%, Չինաստանինը՝ 9,7%:

TradeInfographic

Ներմուծվածին համարժեք տեղականը գտնելը հեշտ չէ

Տնտեսագետներն ու փորձագետները բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են այն մասին, որ դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների ծավալները կրճատելու համար հարկավոր է դրանց համարժեք տեղական ապրանքների արտադրությանը զարկ տալ։ Այս դեպքում խոսքը ոչ միայն թուրքական, այլև՝ մնացած երկրներից ներմուծված ապրանքների մասին է։ Սա, իհարկե, չի ենթադրում, որ մնացած երկրներից ապրանքերի ներմուծումը պետք է զրոյի հասցնել, քանի որ շուկայում տեսականի ապահովելու համար ներմուծված ապրանքների առկայությունը ևս կարևոր է։ Խոսքը դրանց ծավալի կրճատման մասին է։ Իսկ թուրքական ապրանքների դեպքում այլ է։  Դրանց ներմուծման ու սպառման դեմ պայքարողների կարծիքով՝ հարկավոր է այն ոչ միայն կրճատել, այլև՝ զրոյի հասցնել։ Այլ խոսքով, չգնել թուրքական ապրանք։

Բայց սպառողներից շատերը փաստի առաջ են կանգնում, երբ մերժում են թուրքականն ու փորձում գտնել նույնանման ապրանքի տեղականը։ Խնդիրն այն է, որ նույն ապրանքի հայկականը գտնելը երբեմն՝ դժվար, երբեմն էլ անհնար է մի պարզ պատճառով՝ Հայաստանում այն քիչ է արտադրվում կամ չի արտադրվում։  Օրինակ՝ 2015 թվականին, ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած ցանկի, Հայաստան է ներմուծվել  հագուստի տեսականի՝ 40-ից ավելի անուն ապրանքից բաղկացած։ Դրանց ընդհանուր գումարը կազմել է մոտ 75 մլն դոլար, որից 12 մլն դոլարը Թուրքիայից է։ Նույն ընթացքում,  ըստ ՀՀ ԱՎԾ-ի, Հայաստանում արտադրվել է  մոտ 20 մլն դոլարի հագուստ (9,5 մլրդ դրամ)։ Ստացվում է, որ մոտ 4 անգամ ավելի շատ ներմուծվում է, քան տեղում արտադրվում։ Ներմուծվածի մեջ 27%-ն է թուրքական։ Այսինքն՝ եթե չի հաջողվել թուրքականի փոխարեն գնել տեղական արտադրության հագուստ, կարելի է գնել այլ երկրներից ներմուծվածը։ Բայց այս հարցն էլ այդքան պարզ չէ, քանի որ երբեմն կամ հաճախ թուրքականն ավելի էժան է լինում, քան այլ երկրներից ներկրվածը, ուստի՝ դրա գնին համարժեք գտնելը ևս խնդիր է դառնում։ Եվ սա բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։

Մի խոսքով, այսօր շուկայում հետևյալ վիճակն է՝ եթե դու չես գտնում նույնանման ապրանքի տեղականը, մյուս երկրների արտադրածն էլ չի համապատասխանում քո գրպանին, իսկ քեզ հարկավոր է այդ ապրանքն ու  միայն թուրքականն է հարմար գրպանիդ, ստիպված ես գնել այն կամ մնալ առանց այդ ապրանքի։

Մի կողմից էլ պետք է նշենք, որ ոչ բոլորն են հակված այն տեսակետին, թե հարկավոր է հրաժարվել թուրքական ապրանքից։ Նրանք ապրանք գնելիս կարևորություն չեն տալիս՝ թուրքակա՞ն է այն, տեղակա՞ն, թե՞՝ այլ երկրից։ Այս խումբը կարծում է, որ անվտանգության հարցերը չպետք է խառնել սոցիալ-տնտեսական հարցերին։

Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին մեծ է՝ բավականին դիվերսիֆիկացված։ Ներկայում դրանցից ամբողջությամբ հրաժարվելը հեշտ լինել չի կարող։ Դրա համար հարկավոր է «ոչ» ասել  նախորդ տարի Հայաստան ներկրված 137 մլն դոլարի ապրանքին՝ չհաշված նախորդ տարիներին կուտակվածին։ Չնայած, որ սպառողների դիրքորոշումը, գիտակցության և տեղեկացվածության մակարդակն այս հարցում մեծ ու կարևոր է, սակայն խնդիրը լուծելու համար հստակ քայլեր պետք է անի Կառավարությունը։ Ի վերջո, ուղիներ գտնի երկրում թույլ արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու համար, ինչպես նաև՝ գտնի գործընկերներ, որոնցից կարելի է ներմուծել թուրքական ապրանքների որակին ու գնին համապատասխան ապրանքներ և այլն։  Երբ երկրում արդյունաբերությունը զարգանա, իսկ ապրանքները դառնան ավելի մրցունակ ներմուծվածների կողքին, ապա թե թուրքական, թե այլ երկրների արտադրանքի նկատմամբ պահանջարկն ինքնըստինքյան կնվազի։ Երևի թե,  հենց սա է գլխավոր խնդիրը և պետք է հենց տեղական շուկան զարգացնելուց սկսել։  

Ապրիլի 27-ին թուրքական ապրանքների ներմուծման հարցը բարձրացվել է նաև ՀՀ ազգային ժողովում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Միանսյանը հայտարարել է, որ հարցն արդիական է և նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում։ Նախարարն ընդգծել է, որ հարկավոր է համատեղել Հայաստանի տնտեսական անվտանգությունը, զարգացումն ու սոցիալական բաղադրիչները, որպեսզի չտապալվեն մյուս արդյունավետ մեխանզիմները: Նախարարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ ներկայացնել։

Մեկնաբանություններ (10)

Արամ
Այ միամիտներ, միանգամից ու տապոռով” գործել պետք չէ: Նախ և առաջ, Թուրքիայից ներմուծումը խոչընդոտելու անձայն հրամանը թեկուզ և բանավոր պետք է Սերժիկը տա, Իսկ հետո կամաց, բայց տանկի համառությամբ մի 2 տարվա մեջ լիովին կարելի է խԵՂԴԵԼ Թուրքիայից ներմուծումը: Իսկ այդ 350 - 500 մլն դոլլարը, Հայաստանից իր դուրս գալու ճամփեն կգտնի, իսկ մի մասն ել հաստատ Հայաստանում կմնա:
Ռուզան
Միայն թե չընկնենք իրավիճակի, այսինքն` ի հեճուկս ուրիշների իրեն վնասելու անխելքության մեջ:
Flora
Հոդվածի մի մասի հետ համամիտ եմ... Նշեմ, որ հագուստի, հիգիենայի թղթի նաև լոգանքի միջոցների ու օճառի հարցում համամիտ չեմ: Մենք ունենք տեղականը ու բավականին հաջող: Մեկ ամիս էլ չկա, ինչ ֆեյսբուքյան «Ոչ թուրքականին» խմբում փորձում ենք գտնել հայկականը կամ եթե չկա մերը, ապա ոչ թուրքական այլընտրանք: Պատկերացրեք` ստացվում է: Բավականին հայկական ծագմամբ արտադրանք ունենք փաստորեն, դրանք էլ իրենց հերթին հավաքում ենք «Հայկական ապրանքանիշ» ֆբ էջում` շարքով, կարգով, ալբոմներով: Հայ արտադրողը հաճախ դիմապիտակի վրա լատինատառ կամ ռուսատառ է գրում, որ այլ արտադրանքների հետ աննկատ ծախվի գնա: Հայկականը չի գովազդվում ի տարբերություն «Դnմեստոս»-ի, «Կալվե» կեչուպի, «Պրոտեքս» օճառի, «Սիֆ» մաքրող գելի, որը մեր երկիր գլխավորապես թուրքիայից է ներկրվում Եվ կան խանութներ, որոնք թուրքակամ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ են և դեռ իրենց էջում էլ գրում են, որ ի ուրախություն բոլորիս LC Waikikin 200 -երորդ վաճառասրահը բացեց եսիմ են որտեղ :( Խանութի ապակին էլ անմոռուիներով են զարդարում: Մի խոսքով...
Վահրամ
Ամեն ինչ կարծես թե լավ եք գրել, հայրենասիրաբար, բայց ավելի լավ կլիներ, որ համարձակություն ունենայիք ու կոչ անեիք թուրքականի հետ մեկ տեղ հրաժարվել ամեն մի ռուսականից, կոչ անել խոպանչիներին վերադառնալ, ջուր չլցնել դավաճան ռուսի ջրաղացին։ եթե թուրքականը ենթադրաբար է վերածվում զենքի, ապա ռուսականը ուղակիորեն է այսօր կրակում մեր ուղղությամբ։ Ոչ՚ ՙռուսականին։Պահանջենք մեր իշխանություններից վերադարձնել գողացածը և ներդնել մեր տնտեսության ստեղծման ու զարգացման մեջ; Զարգացնենք մեր տնտեսությունը։ ազնիվ եղեք, կամ գոնե լռեք եթե չեք կարող
Antarber
Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների ծավալը իրականում հասնում է 500 մլն. դոլարի: Որից 350 մլն. բուն Թուրքիայից իսկ 150 մլն.՝ Վրաստանի շուկաներից: Այդ ծավալների հետ ոչ միայն կհամաձայնվի հայ-վրացական սահմանում աշխատող յուրաքանչյուր մաքսային տեսուչ այլև կավելացնի:
Artur
Թուրք-ադրբեջանական դաշինքը քիչ ֆինանսավորելու և ավելի որակյալ ապրանք նույն գներով Արևելյան եվրոպայի երկրներից Հայաստան ներմուծելու համար անհրաժեշտ է միայն վարչական որոշում. արևելյան եվրոպայի երկրների նկատմամբ Թուրքիային ՀՀ մաքսային ծառայության կողմից տրված արտոնությունները դադարեցնելու վերաբերյալ: Հայաստանի մաքսային հսկիչ գները թուրքական ապրանքների համար 3-5 անգամ նվազ են բուլղարական, ռումինական, չեխական կամ լեհական ապրանքների նկատմամբ: Ներկայումս այդ երկրների ապրանքների նկատմամբ կիրառվում է գերմանական և ֆրանսիական ապրանքների հավասար հսկիչ գներ: Մինչ դեռ ակնհայտ է, որ արևելյան եվրոպայի արտադրանքն զգալի էժան է գերմանականից, ուստի հասանելի մեր սպառողի համար: Քանի զոհ պիտի տանք մինչև հասկանանք, որ պետք չի բառադիության կամ այլ ամոթալի պատճառներով ֆինանսավորել մեր թշնամուն:
HHH
LC Waikiki — турецкая компания-ретейлер одежды, главным образом для детей и подростков. Торговая сеть компании состоит из 556 магазинов в 27 странах мира. Википедия Основатель: Джордж Амуал
Arsen
Կարծում եմ այս հարցում ևս “տապոռով” գործել պետք չէ: Եթե անպատրաստ քայլեր կատարենք Թուրքական արտադրանքի արգելումն միայն ավելորդ հետևանքներով քաղաքական որոշում կմնա: Առաջարկում եմ Արևելյան եվրոպայի երկրների ու Թուրքիայի համար սահմանված ՀՀ մաքսային հսկիչ գները փոխել տեղերով: Եթե ՀՀ մաքսային հսկիչ գներով թուրքական արտադրանքի մեկ կիլոգրամը այսուհետև գնահատվի 40 դոլար, իսկ օրինակ Բուլղարականը կամ Չեխականը՝ 8, հավատացնում եմ, որ վերջիններիս ոչ պակաս որակով ապրանքները կհայտնվեն մեր շուկայում ներկայիս թուրքական գներով և շատ արագ: Պետք չէ թերագնահատել մեր տնտեսավարող սուբյեկտներին, ուղղակի պետք է դադարեցնել հայաստանյան տնտեսավարող սուբյեկտներին մաքսային մտրակով Թուրքիայի հետ զոռով կապելու խայտառակ պրակտիկան:
DG
Եթե 500 մլն. դոլարի վաճառած ապրանքից 100 մլն. դոլար շահույթ գոյանա թուրքերի մոտ հետաքրքիր է իմանալ նման գումարով քանի հատուկ նշանակության ադրբեջանցի զինվորական կարելի է նախապատրաստել Թուրքիայում:
Xunsap'ha
Եթէ իշխանութիւնը իսկապէս նուիրուած ըլլար երկրին հզորացմանը, հոգատար ըլլար քաղաքացիին կեանքին բարելաւմանը, մեր երկիրն ու ժողովուրդը այնքան արդիւնաբեր պիտի ըլլային որ, փոխանակ մենք անոնցմէ ներածելու իրենք մեզի և մեր ապրանքներուն կարօտ պիտի ըլլային: Հայութեան դժբախտութեան ու ներկայի խեղճութեան պատճառը մեր անձնասէր ու շահասէր, կարճատես կաոավարիչներն են, որոնք սատանային հետ ձեռք թօթուելը խելացութիւն կը համարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter