HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ փոխվեց արտահանման ծավալում՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո

2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին մասնակցության մասին: Այս միությանն անդամակցելով՝ Հայաստանը հույս ուներ ստանալ 170 միլիոնանոց առևտրային շուկա:

2015թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը խոստանում էր՝ ստեղծել տնտեսական միություն, որը կապահովի ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ուժի ազատ շարժը, տնտեսության ոլորտներում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը: Նշվում էր, որ ԵՏՄ-ն կյանքի է կոչվել անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, այդ երկրների բնակչության կենսապայմանների բարձրացման, գլոբալ տնտեսության պայմաններում համակողմանի արդիականացման համար:  

Նախապես որոշված էր այդ միությունը ստեղծել հետխորհրդային երկրների շրջանականում, սակայն միությանը չանդամակցեցին Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ հեշտացել է միության անդամ երկրների միջև ներմուծման գործընթացը: Նա մասնակի առավելություն է համարում Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ալյուրի, հացահատիկի, որոշ տեխնիկական ապրանքների, տարաների և այլ արտադրանքի ներկրումը: Բայց և հակադրում է, որ այս հանգամանքը ներքին արտադրողների համար խնդիրներ է ստեղծում: Օրինակ՝ տարա արտադրող գործարաններից մեկը լուծարման փուլում է, մյուսի արտադրանքի ծավալները կրճավել են, մթերք արտադրող գործարանները լուրջ մրցակցության մեջ են ռուսական ընկերությունների հետ՝ էժան գների պատճառով: «Այս միության անդամ երկրները միջակ տնտեսության, մրցունակության են: Հայաստանի համար սա կարող է լավ հնարավորություն լինի՝ իրենց  միջակ արտադրանքը միմյանց փոխանցելու, վաճառելու համար: Ավելի մրցունակ՝ եվրոպական, ամերիկյան շուկաներ մենք դեռ չենք կարողանում մտնել, ուստի այս հնարավորությունները կարող ենք օգտագործել: Մնացած առումներով  արտոնություններ, քվոտաներ չունենք»,-նշում է տնտեսագետը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց՝ Հայաստանի համար միակ ելքը այդ միությունից դորս գալն է: «Հայաստանը ԵՏՄ-ում անելիք չունի»,- ասաց Եղիազարյանը: ԵՏՄ-ի ստեղծումը նա համարում է Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային երկրներում մեծացնելու միջոց:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

«Խոսում» են թվերը

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից գրեթե մեկուկես տարի է անցել: Այս ժամանակաշրջանում արտահանման ոլորտում ոչ միայն առաջընթաց և խոստացված միլիոնանոց սպառման շուկաները չկան, այլև առևտրային հարաբերություններն են պասիվացել: Դեռևս 2014-ի հուլիս 26-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներին հորդորեց առավել շատ բերք ստանալ, որպեսզի ընկերությունները մեծաքանակ պահածոներ արտադրեն՝ ԵՏՄ երկրներ արտահանելու համար: Հենց այդպես էլ եղավ. ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015-ին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 11.7%-ով  գերազանցեց 2014-ի ցուցանիշը: Եթե 2014-ին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել էր  993.48 մլրդ դրամ, ապա 2015-ին 1 տրլ 2 մլրդ դրամ էր: Գյուղմթերք վերամշակող ընկերությունները մթերել են 43.5 հզ տոննա բանջարեղեն՝ 27.6%-ով ավել նախորդ տարվանից: 2015-ին մթերված 20.6 հզ. տոննա պտուղը 48.3%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը:

Սակայն գյուղատնտեսական արտադրանքի մեծ ծավալի և այն իրացնող ընկերությունների պասիվության պատճառով ամռանը ստացված տոննաներով խաղողն ու վարունգը մնացին գյուղացիների այգիներում՝ սպառման շուկայի բացակայության պատճառով:

Untitled chart
Create column charts

Վերեւում պատկերված են ՀՀ-ից արտահանման ցուցանիշները մինչ ԵՏՄ-ին անդամակցությունն ու դրանից հետո՝ համաձայն ՀՀ  ազգային վիճակագրական ծառայության տվյալների:

Համեմատելով այս  վիճակագրական տվյալները՝ նշենք, որ 2013-ից ի վեր 2015-ին գրանցել ենք արտահանման ծավալի ամենացածր ցուցանիշները: Այս չորս տարիների տվյալները վկայում են, որ արտահանման ծավալի ցուցանիշները տատանողական են և տարեցտարի նվազման միտումներ են գրանցում:

Զարմանալի է Ռուսաստանի պարագան: 2014-ին այս երկրի հանդեպ ԵՄ-ն կիրառեց պատժամիջոցներ, դրվեցին սահանափակումներ, ինչը պետք է խրախուսեր հայաստանյան արտադրանքի մուտքը ռուսաստանյան շուկա, սակայն դա տեղի չունեցավ. 2012-ից ի վեր՝ այս տարի գրանցել ենք արտահանման ծավալի ամենացածր ցուցանիշը, իսկ 2013-ի համեմատ ունեցել 100 միլիոն դոլարի նվազում:

Հայաստանի համար ԵՏՄ անդամ երկրների շրջանակում ամենափոքր արտահանման շուկան ունի Ղազախստանը՝ առավելագույնը 7 միլիոն դոլարով, հաջորդը Բելառուսն է՝ 9 միլիոնանոց շուկայով, իսկ Ռուսաստան ներմուծվող ապրանքների քանակը, այդ պետությունների համեմատ, գերազանցում է 37 անգամ:

Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը կարծում է, որ 2014-ից Ռուսաստանում առկա ճգնաժամի պատճառով Հայաստանը հայտնվել է առավել վատ վիճակում, քանի որ պատժամիջոցների կիրառումը այդ շուկա մուտք գործելու բոլոր առավելությունները ի չիք է դարձել. «Ապրանքները, որոնք տարիներ շարունակ, առանց որևէ խոչընդոտի իրացվում էին ռուսական շուկայում, այլևս այնտեղ պահանջված չեն: Ստացվում է՝ ԵՏՄ-ին անդամակցելը մեզ համար առավել շատ խնդիրներ է ստեղծել, քան դրանք լուծել»,-նշում է Խաչատրյանը:

Որպես ամփոփում ցանկանում ենք մեջբերել ՀՀ էկոնոմիկային նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը. «Ակնհայտ է, որ մենք (Հայաստանը-հեղ.) դեռ չենք  իրացրել, օգտվել ԵՏՄ-ի առավելություններից: Քանի որ կար հանպատրաստության տարր, ընթացակարգերի ոչ լիարժեք ընկալում միության անդամ երկրների կողմից»: Նախարարը այս պահին կարևոր է համարում Հայաստանի բեռնափոխադրումների համար ստեղծված խոչընդոտների, հայկական ապրանքներ արտահանող կազմակերպությունների ֆինանսական ապահովագրական արդյունավետ մեխանիզմ ձևավորելու գործընթացը:

Դիանա Ղազարյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Նյութը պատրաստվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացված նախագծի շրջանակներում         

 

Մեկնաբանություններ (1)

Գարեգին
ԵԱՏՄ օգնեց Հ.Հ.քաղաքացուն հանգիստ աշխատել և ապրել ՌԴ- ում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter