HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 20 տարի՝ առանց կոյուղու. բնակիչները պաշտոնյաներին հրավիրում են գարշահոտ շնչելու

Մարինե Մադաթյան, Նարեկ Ալեքսանյան

Ավելի քան 20 տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (նախկին Չորրորդ գյուղ) մի հատված կոյուղագիծ չունի: Թաղամասի բնակիչներից մեկը` Վարդանը, մեզ հետ քայլում է ու կատակում, թե սա Երևանի «Զիմբաբվեն» է, ու եթե ուզենք, կեղտաջրերի մեջ «անակոնդաներ» էլ կգտնենք: Կատակին խառնվում է հարևաններից Վոլոդյա Մաթևոսյանի զայրույթը, թե այնտեղ պետք է գնան իրենց խաբած պաշտոնյաները. որտե՞ղ են նրանք, և որտե՞ղ է սանէպիդկայանը:

Բնակիչների բազմամյա հոգսը պաշտոնյաների համար ընդամենը նախընտրական խայծ է եղել: Կոյուղագծի հարցին ժամանակավոր ընթացք է տրվել միայն հերթական ընտրությունների նախաշեմին: Իսկ ավարտից հետո մոռացել են թե իրենց ընտրողներին, թե փողոցներով հոսող կոյուղաջրերի առվակները, թե դրանց մեջ խաղացող երեխաներին:

Օրինական բնակելի տարածքը` առանց ջրահեռացման համակարգի

Կոյուղագիծը հասցված է մինչև Հաղթանակ թաղամասի առաջին փողոց: Առաջինին շարունակող Ա. Վարդանյանի անվան փողոցի մի հատվածում գիծն ընդհատվում է: Փողոցի երկայնքով մի քանի հարյուր մետր վերև ևս կա կոյուղագիծ: Այսինքն` ջրահեռացման համակարգով ապահովված չէ միջանկյալ հատված (ճշգրիտ հնարավոր չէ նշել երկարությունը, ըստ բնակիչների` 400-500 մետր): Այդ հատվածից առանձնացող նրբանցքներում տեղակայված է թաղամասը: Սեփական տներ են:

Թաղամասում բնակվողները պատմեցին, որ կատարում են կոմունալ բոլոր վճարումները, մուծում նաև հողի հարկ: Տարածքը բնակեցված է օրինական ձևով: Աստղիկ Էլիազյանի ընտանիքն արդեն 9-րդ տարին է՝ բնակվում է նրբանցքներից մեկում` Դեղոյան փողոցում: Ասում է` տունը գնելիս չգիտեին, որ կոյուղագիծ չկա: Նրանք էլ, ովքեր տեղյակ են եղել տուն կառուցելուց և գնելուց առաջ, կարծել են, թե կոյուղագծի հարցը շուտով կլուծվի:

«Այնքան փող, որ մինչև հիմա ենք ծախսել, երկու անգամ կոյուղագիծ կքաշեինք»

Կոյուղագծի հարցն այստեղ երկու ձևով են լուծում: Առաջին տարբերկան այն է, որ հոր են փորում, ապա դիմում են համապատասխան աշխատողներին, ովքեր պարբերաբար մաքրում են: «Ահավոր վիճակ է,- ասում է բնակիչներից Զաբել Հովհաննիսյանը,- էս ո՞ր թիվն է, ամիսը մեկ, կարող է` տասնհինգ օրը մեկ կարիք լինի, ամեն անգամ 40-50 հազար դրամ փող ենք տալիս, մեծ ցիստեռներով գալիս են` մեկը փչում է, մեկը մաքրում է»: Հարևաններից մեկն էլ ավելացնում է, որ ամեն անգամ ստիպված են այդքան գումար ծախսել, երբ նույնիսկ հացի փող են դժվարանում աշխատել:

Մաքրողները, պարզվեց, հիմնականում Ջրմուղ-կոյուղու աշխատակիցներ են: Իսկ ցիստեռները, ըստ բնակիչների, գալիս են թաղամաս այն դեպքում, եթե մի քանի հոգու միաժամանակ պիտի սպասարկեն, մեկ հոգու համար չեն գալիս:

Երկրորդ` ավելի «քաղաքակիրթ» տարբերակն այն է, որ հողը փորում են՝ մինչև կհասնեն ընդերքի հարամիների շերտին` հորի մեջ տեղադրելով համապատասխան խողովակ: Մեկ մետր փորելու համար 15 հազար դրամ են վճարում: Ամեն մեկը ամենաքիչը 20 մետրանոց հոր է փորում (նվազագույնը` 300 հազար դրամի ծախս):  «Բուրավոյ» մեքենաները, ինչպես պատմում են բնակիչները, երբեմն մինչև երկու օր կարող է փորեն հողը, որպեսզի հասնեն ընդերքին: Սակայն սա էլ, ասում են, լուծում չէ:

Դեղոյան փողոցի բնակիչներից Արման Մանուկյանը պատմում է, որ անցած տարի 28 մետրանոց հոր է փորել տվել, որն այժմ արդեն չի ծառայում: Ասում է` ընդերքի խնդիրն է, չգիտեն՝ երբ եւ ինչից խցանում կառաջանա: Փորձել են խցանումը վերացնել (դա անվանում են «պայթեցնել»), որի համար ամեն անգամ լրացուցիչ վճարում են  30-50 հազար դրամ: 

Պայթեցնելն էլ չի օգնում, պետք է նոր հոր փորեն, սակայն համոզված չեն, որ նույն խնդիրը չի առաջանա: Հիմա տան կոյուղաջուրը հոսում է փողոցով և լցվում դիմացի հարևանի հողամաս: «Երբ տան տերը գա, ասի` էս ի՞նչ եք անում, մենք ի՞նչ պատասխան ենք տալու, բայց ուղղակի ուրիշ ելք չունենք: Հիմա կոյուղաջուրը գնում է փողոց»,- ասում է Արմանի մայրը` Աստղիկ Էլիազյանը:  

Լինում է նաև այնպես, որ համապատասխան աշխատողները հորը փորում են, բայց այդպես էլ չեն կարողանում խողովակը հասցնել հարամու շերտին: «Հարևանս 54 մետր փորեց, էդքան փող տվեց (ծախսը կազմում է մոտ 800 հազար դրամ-հեղ.) և չհասավ նպատակին, կանալիզացիա չունի»,- ասաց Արման Մանուկյանը:

Վոլոդյա Մաթևոսյանի ընտանիքն այդ եղանակով 36 մետր հոր է փորել տվել,  Զաբել Հովհաննիսյանինը` 28 մետր, բայց ոչ մեկինը չի աշխատում: Զաբելի ընտանիքը մի տարվա մեջ նույնիսկ երկու հոր է փորել, վերջինի վրա 320 հազար դրամ է ծախսվել:

«Անցյալ տարի նոյեմբերին այդքան գումար տվեցինք, սարքեցինք, էս տարի նոյեմբերին արդեն չէր աշխատում», -ասում է Զաբելը: Վոլոդյա Մաթևոսյանն ավելացնում է, որ այս տարիների ընթացքում բոլոր բնակիչների ծախսած գումարով արդեն երկու անգամ կոյուղագիծ անցկացրած կլինեին:

Եթե համաճարակ բռնկվի, ո՞վ է պատասխան տալու

Թաղամասի երեխաների խաղի առաջին կանոնը կոյուղաջրերը շրջանցելն է, ավելի փոքրերին ծնողները մենակ չեն թողնում: 

Զաբել Հովհաննիսյանն ասում է` ընտանիքում 12 հոգի են, որից վեցը երեխաներ են: «Ինչքան կարող ես ասել` այդտեղով մի անցիր, երեխան են, իրենց խաղալու տեղն այստեղ է: Հիմա մի քիչ եղանակը տաքանա, ամբողջ փողոցը ծայրից ծայր երեխա են, ու մտնում են էդ կեղտերի մեջ»,- ասում է Զ. Հովհաննիսյանը:

Աստղիկ Էլիազյանն էլ ավելացնում է, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է` համաճարակ բռնկվի,  այն ժամանակ ով ինչ է անելու, ո՞վ է պատասխան տալու:

Բնակիչների կարծիքով` քաղաքապետարանը ուռճացնում է ծախսերը` գրպանելու համար

Եթե թաղամասն ապահովվի կոյուղագծով, նախ խողովակները պետք է տեղակայվեն գլխավոր փողոցում, ապա տարվեն նրբանցքներ: Բնակիչներից մի քանիսը նշեցին` համաձայն են նաև, որ կոյուղագիծը միայն հասցվի գլխավոր փողոց` ավելացնելով, որ նրբանցքներ տանելու հարցը իրենք կհոգան իրենց միջոցներով:

Հինգ ընտանիք արդեն իսկ գումար է հավաքել և Դեղոյան նրբանցքից խողովակ է հասցրել մինչև գլխավոր փողոց, հիմա սպասում են քաղաքապետարանի քայլերին:

«Ամբողջ թաղով հավաքվել, գնացել ենք թաղապետարան: Ժողովների կանչեցին, նստեցին, հաշվարկ արեցին ու ասեցին` 40 միլիոն դրամ փող է կազմելու, դա մի երկու տարի առաջ, ընտրությունների ժամանակ էր,  էդ էլ գիտե՞ք ոնց, եթե բերեն փողոց, մենք էնտեղից տանենք մեր տները, դրան էլ ենք համաձայն, թող բերեն, կենտրոնացնեն ներքև, մենք իջնենք, 200-300 հազար դրամ կծախսենք, կգնանք»,- ասում է Արման Մանուկյանը:

Մոտ 40 մլն դրամի հաշվարկից հետո, բնակիչների խոսքով, թաղապետարանում տարբեր պատճառներ են բերել ու հարցն այդպես էլ թողել առկախ:

Արմանը շարունակում է. «Սկզբում ասեցին՝ գային (ճանապարհային ոստիկանություն-հեղ.) չի թողնում, որ փակվի ճանապարհը: Դե պետք է ճանապարհ լինի, որ օգտվեն ժողովուրդը, գործ են անելու: Սա էլ գյուղ մտնող միակ ճանապարհն է: Գային, իբր թե, չի թույլատրում ճանապարհը քանդել, իրենք էլ չեն անում: Պատճառ պետք լինի, հազար հատ պատճառ կարող են բերել»:

Հետագայում թաղապետարանի աշխատակիցներն այցելել են թաղամաս, «օդի մեջ» վերահաշվարկ արել և ծախսը դարձրել մոտ 80 մլն դրամ: Սակայն, բնակիչների հաշվարկով՝ կոյուղագիծը գլխավոր փողոց հասցնելու ծախսը առավելագույնը 10 մլն դրամ է, մնացածը, ասում են, «գրպանները դնելու բաժինն է»:

Քաղաքապետարանն այս տարի չի պատրաստվում բավարարել բնակիչների «խնդրանքը»

«Հետք»-ը հարցում ուղարկեց քաղաքապետարան` պարզելու՝ կատարվե՞լ է հաշվարկ և պարզվե՞լ է, թե հստակ որքան է կազմում այս փողոցներում կոյուղագիծ անցկացնելը: Արդյոք ծախսերը ներառվե՞լ են քաղաքի բյուջեի տարեկան ծրագրում: Լրացուցիչ փոխանցել ենք բնակիչների առաջարկությունը, որ իրենք համաձայն են՝ կոյուղագիծը բերվի միայն գլխավոր փողոց, իրենց միջոցների հաշվին նրանք այն կհասցնեն նրբանցքներ:

Քաղաքապետարանի ոչ հստակ պատասխանից երևում է, որ բնակիչների առաջարկություններն առայժմ ի գիտություն են ընդունվել քաղաքապետարանում, ընդամենը:

Պատասխանում հստակեցված չէ նույնիսկ, թե որ թաղամասերի որ բնակիչների մասին է խոսքը.

«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի որոշ փողոցներում ու թաղամասերում բացակայող կենցաղային կոյուղաջրերի հեռացման համակարգեր կառուցելու անհրաժեշտության հետ կապված՝ վարչական շրջանների աշխատակազմերից ստացված առաջարկությունները հաշվառված են վարչությունում.....»։

Պատասխանից պարզ է, որ բյուջեի տարեկան ծրագրով ոչինչ չի նախատեսվել, և հարց է` արդյոք ջրահեռացման համակարգի ներդրումը կներառվի՞ 2017թ. բյուջեի տարեկան ծրագրում.

«Երևան քաղաքում ներկայումս իրականացվող ծրագրերում հիմնականում ներառված են ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, որոնք հաստատվել, մեկնարկել են 2015 թվականից և կավարտվեն մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը, ուստի նշված փողոցներում կոյուղագծեր կառուցելու բնակիչների խնդրանքն ընթացիկ տարում բավարարել հնարավոր չէ։ Խնդրի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նմանատիպ ծառայություններ մատուցող հաջորդ Վարձակալի (նոր Օպերատորի) մրցութային կարգով ընտրվելուց և վերջինիս կողմից ջրահեռացման գծով 2017 թվականին իրականացվելիք ծրագրերի /այդ թվում ներդրումային, երկարաժամկետ/ մշակման ժամանակ»։

Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ ջրամատակարարման աշխատանքներն էլ են ժամանակին մասնակիորեն թողնվել նրանց ուսերին: Արման Մանուկյանը պատմում է, որ նրբանցքների փողոցը փորեցին, անցկացրին ջրի խողովակը և փողոցն այդ վիճակում էլ թողեցին: Իրենք են գումար հավաքել, նորոգել և փակել նրբանցքի ճանապարհը: Սա չեն ներկայացնում որպես բողոք` ավելացնելով. «Դե դա ոչինչ, հիմա ջրի խնդիր չունենք, կարևորը կոյուղու հարցը լուծվի»:

«Հետքը»-ի երրորդ հարցին` որոնք են կոյուղագիծ չունեցող Երևանի մնացած փողոցները(տրամադրել ցանկը), քաղաքապետարանը դեռ չի պատասխանել: Քաղաքապետարանի աշխատակիցը բանավոր փոխանցեց, թե դա մեծ ցանկ է: Առաջարկեցինք տեղում ծանոթանալ, որից հետո կոմունալ բաժնից տեղեկացրին, թե պատրաստում են ցանկը: Պատասխանը ստանալու դեպքում թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Մաս 2

Լուսանկարները և տեսանյութերը` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter