HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկելի պատմություն, որ միլիոններ է արժեցել

«Հայբիզնեսբանկ»-ից փողերի լվացման գործով գլխավոր «մեղավոր» նիկելի մի մասը Հայաստանում է: Ավելին, նիկելը  որպես փոխհատուցում տրվել է «Հայբիզնեսբանկ»-ին: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտարարեց «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով փաստաբան Հակոբ Ճարոյանը:

 Արա Կիրակոսյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Առևտրաարդյունաբերման պալատի Հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը նիկելի արտահանման սերտիֆիկացման մասին ցուցմունք տվեց դատարանում: Պատմեց, որ 2009թ. օգոստոսի  26-ին նիկելի արտահանման սերտիֆիկատ է տրամադրել: Ըստ ընթացակարգի, սկզիբց արվել է փորձաքննություն, ծագումն է որոշվել, փորձագետի տված ծագման  ակտի հիման վրա էլ սերտիֆիկատ է տրամադրվել: Նիկելը, սակայն, Մարգարիտա Պետրոսյանն անձամբ չի տեսել: Ասում է` ապրանքի տեսնելն իր ֆունկցիայի մեջ չի մտնում: Առհասարակ, ըստ վկայի, եթե ապրանքը արտադրվում է Հայաստանում, այդ դեպքում կարող են գնալ և նայել այն, իսկ նիկելի դեպքում հիմնվել են փաստաթղթերի վրա: Պարզվել է, որ նիկելը ՌԴ ծագման է եղել:

Քանի որ նիկելը վկան չէր տեսել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը փորձեց ճշտումներ մտցնելով, թե արդյոք եթե պատվիրատուն անբարեխիղճ լինի, նա կարող է այլ երկրում այդ ապրանքը պահել, բայց փաստաթղթերը ներկայացնել սերտիֆիկացման համար:  Վկան հաստատեց, որ հնարավոր է:

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի փորձագետ Հարություն Բադալյանը նույնպես պատմեց, որ քաղաքացին իրենց ներկայացրել է միայն նիկելի փաստաթղթերը` ձեռքբերման պայմանագիրը, արտահանման հաշիվ-ապրանքագիրը, Կառավարության առընթեր Հատուկ ծրագրերի վարչությունից տեղեկանք, և ըստ փորձագետի, փաստաթղթերի հիման վրա նման եզրակացություն տալը թույլատրելի է: Սակայն փաստաթղթերը ներկայացնող անձին Հարությոն Բադալյանը չհիշեց` չնայած փաստաբան Հակոբ Ճարոյանը նրան Սուրեն Գաբրիելյանի անձնագրի լուսանկարը ցույց տվեց: Հակոբ Ճարոյանը հարցրեց, թե որտեղից գիտի, թե նիկելի փաստաթղթերը հենց Սուրեն Գաբրիելյանն է բերել սերտիֆիկացման համար, եթե նրան չի հիշում: Վկան էլ նշեց, որ փաստաթղթերից է եզրակացնում, քանի որ փորձաքննության դիմումը մուտք անողի անձնագրի պատճենն են վերցնում` համեմատելով անձնագրի հետ:

«Ձևական բնույթ է կրում ձեր գործունեությունը: Ստուգել եք ինվոյսը»,-հարցրեց փաստաբան Ճարոյանը:

«Չեմ ստուգել: Շվեյցարիայի հետ է պայմանագիրը, ոնց տեսնեի»,-պատասխանեց փորձագետը:

Հատուկ ծրագրերի վարչությունից է Սուրեն Գաբրիելյանը ձեռք բերել նիկելը: Այդ վարչությունը ինքն է ղեկավարել 90-ականների սկզբին: Այդ ժամանակ էլ նիկելը գնել է: Փաստաբան Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց նիկելի առք ու վաճառքի մանրամասները` իր ունեցած տեղեկություններով: Նիկելի լարը փաստաթղթերով գնվել է ԿԱ Հատուկ ծրագրերի վարչությունից: Դրանից հետո տեղափոխվել է Շվեյցարիա: Այնտեղ ներկա դրությամբ, ըստ Ճարոյանի, ևս կա որոշակի ծավալի նիկել, մի մասն էլ Հայաստանում է:

Հակոբ Ճարոյանը նշում է, որ արտահանման փաստաթղթավորումը իրականացվել է օրենքով սահմանված կարգով: Առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է «Ալֆա ջեներալ» և «Կոսմոս թրեյդին» ընկերությունների միջև: «Ալֆա ջեներալ»-ի սեփականատերը գնել է նիկելի լարը, որի դիմաց կատարել է վճարում: Այդ պայամանագրի հիման վրա էլ հանրապետություն է մտել 11 մլն եվրոն: «Ալֆա ջեներալը» առք ու վաճառքի պայամանագիրը ներկայացել է «Միր բիզնես բանկին», այնտեղից ստացել վարկ` գրավադրելով նիկելը  և փոխանցում կատարել Հայաստան:

Ըստ մեղադրանքի` բանկի կողմից կազմված վարկի գրավի փաստաթղթերրը կեղծ են եղել: Հակոբ Ճարոյանն ասում է, որ եթե ինչ-ո մեկը կեղծել է, ապա դա արվել է «Միր բիզնես բանկ»-ում, սակայն որևէ քրեական գործ չի հարուցվել այնտեղ:

Ռուսաստանում այդ փաստաթղթերի հիման վրա գումարի փոխանցում է իրականացրել: Արա Կիրակոսյանի մեղարդնանքներից մեկն այն է, որ նա կեղծ փաստաթուղթ է օգտագործել, բայց, փաստաբան Ճարոյանի ասելով, այստեղ որևէ ձևի կապ չկա, որ Արա Կիրակոսյանն ի վիճակի էր «Միր բիզնես բանկ»-ի փաստաթղթերը կեղծել:

«Մեղադրանքով ուզում են հիմնավորել, որ նիկելի լար իրականում չի եղել, և փաստաթղթի առք ու վաճառքն էլ կեղծ է եղել: Ապացույց, որ այդ նիկելի լարը գոյություն ունի բոլոր այն չափանիշաներով, որոնցով ֆիքսված է, ես պատրաստ եմ ներկայացնել»,- ասում է Հակոբ Ճարոյանը:

Բացի դրանից, Հակոբ Ճարոյանն ասում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սուրեն Գաբրիելյանի և «Հայբիզնեսբանկի» միջև, որ կարելի է նաև փոխհատուցել գումարները նիկելի համապատասխան ծավալ ապահովելով:

«Ես ինքս, նիկելով, մտել եմ բանկի կառավարչի` Արսեն Միքայելյանի մոտ, ցույց եմ տվել, գինն ասել եմ: Հստակ ֆիքսված է, որ նիկելն ունի երկակի նշանակություն (Նիկելի երկակի նշանակությունն այն է, որ մի դեպքում այն կարող է օգտագործվել խաղաղ նպատակներով, օրինակ, համակարգիչներում և ռազմական նպատակներով), և հստակ ֆիքսված է գինը` այդ տարվա կտրվածքով, երբ գործարքը տեղի է ունեցել` գծամետրը 275 եվրո, մեկ տարի առաջվա գներով` 305 եվրո»,- պատմեց փաստաբան Ճարոյանը:

Բանակցությունների արդյունքում որոշում է կայացրել գումարի դիմաց Սուրեն Գաբրիելյանը բանկին հանձնի նիկելի լար: Արդյունքում` Սուրեն Գաբրիելյանը 94 մլն եվրոյի նիկել է տրամադրել, սակայն հաշվարկվել է 10 մլն եվրո: Այն գումարի չափով, որը համարվում է, որ բանկը վնաս է կրել:  «Պայմանավորվում եմ, որ ես այդ ապրանքը տանեմ բանկ: Պայմանավորվածության հիման վրա ես ապրանքը տանում եմ բանկ, ներկայացնում եմ` ինչ ապրանք է, գների հետ որոշակի կասկածանք կար, ես մշակում եմ պայմանագրի տարբերակ, որոշ կետեր բանկի ղեկավարներին ձեռք չէր տալիս: Բանկը կապվում է Սուրեն Գաբրիելյանի հետ, նա առանց պայմանավորվածության այդ ապրանքը տալիս է: Իրենք չեն համարում, որ դա տրվել է պարտքի դիմաց և հետ չեն վերադարձնում»,-մանրամասնում է փաստաբան Ճարոյանը:

Վկաների քննությունը փողերի լվացման քրեական այս գործով դեռ կշարունակվի: Հաջորդ նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակեց մայիսի 10 –ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter