Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Էթիկայի հանձնաժողովը որոշել է ձեռնպահ մնալ և Միհրան Պողոսյանի նկատմամբ դեռ վարույթ չհարուցել



Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ձեռնպահ է մնում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված ուսումնասիրություն կատարելուց և հրապարակված փաստերին որևէ գնահատական տալուց:

«Հետքի» հրապարակումից հետո «Թրանսփարեսնի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով գրավոր դիմում էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն հանձնաժողովը դեռ սպասում է:

Ինչպես «Հետքին» տեղեկացրին հանձնաժողովից՝ պատճառն այն է, որ երեկ պաշտոնական աղբյուրների վկայակոչմամբ հստակ տեղեկատվություն է տարածվել, որ օֆշորային գործարքին վերաբերող նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանց հետագա ընթացքը լուծելու համար: Քանի որ խոսքն ըստ էության քրեական ընթացակարգի մասին է, որի շրջանակներում իրականացվող քննությունը կարող է վերաբերել հարցերի անհամեմատ ավելի մեծ ծավալի՝ լայն և էապես տարբերվող գործիքակազմով, ուստի հանձնաժողովն այս պահին ձեռնպահ է մնում:

«Հետքը» գրել էր, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը խորը արմատներ է գցել օֆշորային գոտիներում։ Այնտեղ գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է անում, իր պաշտոնն օգտագործում է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցնում է եկամուտները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այս տարվա ապրիլի 6-ին Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին՝ ասաց, որ ծանոթ է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից օֆշորում ընկերություն հիմնելու և բիզնես իրականացնելու մասին մամուլի հրապարակումներին:

Այդ ժամանակ նախարարն ասաց, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական որոշակի մեխանիզմ նման իրավիճակների կարգավորման համար: Ըստ նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման դեպքերում ունի որոշակի լիազորություններ և հանձնաժողովն իրավունք ունի վարույթ հարուցել ինչպես կոնկրետ հայտարարության հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ:

Դրանից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժոողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ծանոթ է «Հետքի» հրապարակմանը, այն ուսումնասիրվել է, սակայն վարույթ չի հարուցվել, քանի որ չի եղել համապատասխան դիմում:

Սրանից հետո «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրեց համապատասխան դիմում՝ Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով, սակայն այժմ հանձնաժողովը որոշել է ձեռնպահ մնալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. նախագահ19:00 - 30 ապրիլի, 2016
Միհրանը վստահեցնում էր, թե նախագահականում իր մուծածը հենց էդքան էլ պտի լինի: Դրա համար ինքն իր բոստանը ցանկապատել էր, նախարարը կապ չուներ իր հետ, ուզենար՝ վերելակի փոխարեն թաղման բյուրոյի իր մերսեդեսով կբարձրանար շենքի 7-րդ հարկ, բան ասող չկար: Բայց հենց պարզվեց, որ հոպարին թվերի մեջ խաբել է... Ուշագրավ է իրավագիտության թեկնածու նախարարի պահվածքը. սա լրիվ հավատում է, թե նախարար է:
2. Anahit22:30 - 1 մայիսի, 2016
Google+ վաղը փողը կտա ու կպրծնի,, մի վախտ հետո էլ մի քիչ կմոռանան ու նոր պաջտոն կստանա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ