HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Իշխանյան. «Արդարադատությունը ուժի, հաղթողի, իշխանության և փողի կողմն է»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս անգամ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրավոր հարցերին պատասխանել է գրող, լրագրող, «Ինքնագիր» գրական հանդեսի համահիմնադիր Վահան Իշխանյանը        

Բարի օր, հարգելի Վահան

Ճիշտ է, երբեք չենք հանդիպել, բայց մեր հեռակա ծանոթությունը սկսվեց 2009 թվականի վերջից: Սողոմոնի ու իմ երկրորդ փախուստից հետո Նոր Տարվա շեմին, երբ ինձ բռնեցին Ամիրյան-Զաքյան խաչմերուկում, ոստիկանությունում ինքնասպանության փորձ արեցի, բժիշկներն այն աշխարհից ինձ հետ բերեցին: Մի քիչ ապաքինվելուց հետո գրեցի «Իրական պատմություն» պատմվածքը, ուղարկեցի Ողջերի աշխարհ: Այն իմ հրաժեշտն էր մարդկանց. էլ ապրելու իմաստ չէի տեսնում, բայց ամեն ինչ եղավ ճիշտ հակառակը: Դու կարդացիր պատմվածքը, հետո իմացա, որ ցույց ես տվել գրող Լևոն Ջավախյանին: Նա գրել էր. «Կարդացի ու զարմացա, իսկ զարմանքն արվեստի դուռն է, ու էդ դռնով համարձակ ներս է մտնում Մհեր Ենոքյանը»: Ստեղծագործությունը տպագրվեց «Հրապարակ» թերթում, քո «Ինքնագիր» բլոգում: Հասարակությունը արձագանքեց: Ես վերադարձա կյանք:

Մհեր Ենոքյանի գրաֆիկաները՝ «Իրական պատմություն» պատմվածքի համար

Փախուստից հետո ինձ թույլ չէին տալիս դրսից թերթեր, գրքեր, սնունդ ստանալ: Անցավ մոտ վեց ամիս, ու մերոնք ինձ փոխանցեցին 2009-ի դեկտեմբերի 24-ին քո գրած հոդվածը` «Փախուստ կյանքից»: Դու գրել էիր ընտրովի արդարադատության մասին: Վերջին պարբերությունը շատ է տպավորվել. «…նրանց (նկատի ունես Սողոմոնին ու ինձ) իրավունքերը պաշտպանելը ոչ մի աչոկ չի բերի որևէ հասարակական կամ քաղաքական գործչի: Նրանք իրենք պետք է լուծեն իրենց հարցերը: Ինչպե՞ս: ՓԱԽՉԵԼ: Փախչել, բայց մինչև ո՞ւր, էս աշխարհում իրենց ապաստան տվող չկա: Մնում է փախչել էս կյանքից ու Մհերը ձերբակալվելուց հետո դանակը խրում է բուգը»: 

Այսօր Սողոմոնը մեզ հետ չի, հանգիստ ննջում է Եռաբլուրում: Ասես որպես պատգամ` նրա վերջին խոսքերն եմ հիշում` շարունակիր պայքարել քո գրչով…

Հենց երկրորդ փախուստից հետո մարդիկ, որոնց մեջ նաև դու, ինձ ուժ տվեցին սովորելու, աշխատելու, ստեղծագործելու: Մի տարի առաջ էլ համախմբեցիր մարդկանց, երբ «Օրանժ» ընկերությունը թույլ չէր տվել գրական մրցութում «Դեպի ցմահ Ազատություն» իմ նոր պատմվածքի համար քվեարկել: Նաև քո շնորհիվ հավաքվեց գումարը, գիրքը տպագրվեց Տիգրան Մանգասարյանի կոմիքսներով, այն նվիրեցի մարդկանց:


Նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսները «Դեպի ցմահ Ազատություն» պատմվածքի համար

Դու՝ որպես լրագրող, գրող,  հաճախ անտեսելով շատ տաբուներ, բարձրաձայնում ես այնպիսի խնդիրների մասին, որոնք փակի տակ են պահում հասարակությունից: Դատական սխալների դեմ Սողոմոնի ու իմ հուսահատ պայքարը անտեսանելի կմնար, եթե չլինեին ոչ անտարբեր քաղաքացիներ, ազնիվ լրագրողներ, ովքեր ոչ միայն արձագանքեցին, այլ նաև հասարակության համար բացեցին հազար կողպեքով փակված, թաքուն պահվող դատական ու բանտային համակարգը:

Գիտես, որ իմ քրեական գործի մասին պարբերաբար սուտ լուրեր են տարածում, իբր Իոսիֆի դին մասնատվել է` դրանով փորձելով մարդկանց հեռու պահել այս գործից, քանի որ շատերը, այդ թվում նաև իրավաբաններ, ծանոթ լինելով քրեական գործի նյութերին, նշում են, որ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը դատավճռից հանելով` ամբողջ մեղադրանքը փլուզվում է:

Բնականաբար, եթե ես լուռ նստեի բանտում և չօգտվեի մարդկանց ընձեռած հնարավորությունից` բարձրաձայնել դատարաններում անարդարությունների մասին, եթե հասարակությունը չարձագանքեր և դատաիրավական համակարգի առաջ չդներ դատական սխալների շտկման պահանջ, ապա հազիվ թե այսօր, բազմաթիվ հասարակական շարժումների մեջք ջարդած, պատկերավոր ասած` իշխանական մահակը փորձեր նաև դատական սխալների ճանաչմանն ուղղված այս պայքարը ջլատել:

Վահան ջան, ուզում եմ Քեզ հրավիրել զրույցի այս ու այլ խնդիրների շուրջ: Հուսով եմ եմ` չես մերժի:

Համոզված կարող եմ ասել, որ մեզ մոտ «արդարադատությունը» փող ու իշխանություն ունեցողի կողմն է: Ընտրովի արդարադատությունը ինչի՞ հետևանք է, քո կարծիքով: Ե՞րբ օրենքի առաջ բոլոր քաղաքացիները կարող են հավասար լինել:

Մհեր ջան, առիթ տվեցիր մտածել ու խոսել էնպիսի հարցերի մասին, որոնց կարծեմ չէի անդրադարձել:

Օրինակ, ի՞նչ է արդարությունը: Սովետական միությունում քրեական հանցանք կար՝ սպեկուլյացիա, այսինքն, երբ մի ապրանք առնում ավելի թանկ ծախում ես, ու մեջը օգուտ ունենում, 3-10 տարի տալիս էին: Սովետը փլվեց, սպեկուլյանտը դարձավ բիզնեսմեն, ընդօրինակելի մասնագիտություն, հիմա Հայաստանի բիզնես վերնախավը հիմնականում սպեկուլյանտներ են:

Կամ մի երկրում մահապատիժ է հասնում կաշառակերության համար, ինչպես Չինաստանում է, կամ իսլամական մի շարք երկրներում մահապատիժ է հասնում նրան, ով արտամուսնական սեքսուալ կապ է ունեցել, իսկ Նորվեգիայում 68 հոգի գնդակահահարած Բրեյվիկը ըսկի ցմահ չստացավ,  21 տարի տվեցին, ու թեև անազատության մեջ է, բայց շատ հարմարավետ պայմաններում է:

Ուրեմն, փողն ու իշխանությունը նաև իրենց հարմար օրենքներ են գրում, ու ստիպում մյուսներին ենթարկվել, ամեն հասարակություն արդարության իր պատկերացումներն է ձևավորում, և գաղափարական մարդիկ պայքարում են ոչ միայն նրա համար, որ օրենքի առաջ մարդիկ հավասար լինեն, այլև որ շատ օրենքներ վերացվեն կամ փոխվեն, կամ էլ նոր օրենքներ գրվեն:

Հայաստանում էլ արդարության պատկերացումները շատ դեպքերում ինձ համար անընդունելի են, օրինակ գողության համար մինչև 6 տարի տալիս են, ինչի՞. անարդար հասարակության զոհերն են շատերը,  չեն կարողանում հացի փող աշխատել, ստիպված գողություն են անում ու որ բռնվում են. հերիք չի սոված են, մի հատ էլ պատժվում են, իսկ խոշոր թալանչիները, որ բյուջեն նստած խժռում են, օրինավոր քաղաքացիներ են համարվում կամ նրանք ովքեր երկրի հարստությունը՝ հանքերը, կիսել իրար մեջ ու հարստանում են: Այսինքն ամբողջ ժողովրդի հարստությունը երկու-երեք հոգու գրպանն է գնում,  և դա անում են օրինական, օրենքները չխախտելով, բայց մի հավ գողացողին մի քանի տարի են տալիս:

Այսպես կոչված ազատ հասարակություններում էլ արդարադատությունը փողի ու իշխանության կողմն է, լավ փաստաբան ունենալու համար փող է պետք:

Գլոբալ առումով էլ է աշխարհը անարդար ու կրկին արդարադատությունը ուժի, հաղթողի, իշխանության և փողի կողմն է. օրինակ մի ամիս առաջ Միջազգային տրիբունալը Սերբիայի նախկին նախագահ Կարաջիչին 40 տարվա ազատազրկման դատապարտեց ռազմական հանցագործությունների ու գենոցիդի համար, իսկ Իրաքը ավերող ու հարյուր հազարավոր մարդկանց ողբերգության պատճառ դարձած Ջորջ Բուշը պատվով ու թոշակով ապրում է իր ռանչոյում, որ մեռնի էլ, Վաշինգտոնի նախագահների պուրակում հուշարձան կկանգնեցնեն: Այ էսպիսի արդարադատություն: Հա, էն էլ ասեմ, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքը ստրկատիրոջ անունով է:

Այսուհանդերձ այն հասարակություններում, ուր ճնշված խմբերն ու դասակարգերը համախմբվելով կարողանում են իրենց քաղաքական ուժը ստեղծել և հետևողական պայքարով իշխանության մեջ տեղեր ունենալ, արդարադատության համակարգը բարեփոխում են, օրենքները փոխում, հնարավորություն ստեղծում, որ իրավազուրկներն ու ընչազուրկներն էլ կարողանան ինչ-որ չափով պաշտպանել իրենց իրավունքները:

Ցավոք, Հայաստանում ճնշված, ընչազուրկ և իրավազուրկ խմբերը չեն կարողանում համախմբվել, ստեղծել իրենց քաղաքական ուժը, իսկ դրանից օգտվում են նրանց շահագործողները, նրանց դարձնում են իրենց շահերի գործիք, իրենց մրցակիցների դեմ հանում, կամ ընտրությունների ժամանակ փող բաժանելով՝ իրենց օգտին քվեարկել տալիս, նրանց զավակներին ուղարկում բանակ, պատերազմի ժամանակ տեսնում ենք՝ միայն աղքատներն են զոհվում:

Ահա քո հարցի պատասխանը, ընտրովի արդարադատությունը նրա հետևանքն է, որ իշխող դասակարգի ձեռքն է իշխանությունը: Կուսակցությունների մեջ տարաձայնությունը միայն անձերի շուրջ է, գաղափարական առումով նրանք բոլորն էլ նույնն են:

Երբ ճնշված փոքրամասնությունները, աղքատները, գյուղացիները, գործազուրկներն ու բանվորները կարողանան համախմբվել, ընդհանուր ինքնագիտակցություն ունենալ ու քաղաքական ուժ ստեղծելով՝ իշխանության հասնել, այդ ժամանակ էլ արդարադատության բարեփոխումներ կլինեն:

Չգիտեմ, մխիթարում է քեզ թե ոչ, էն հանգամանքը, որ դու մենակ չես, էս երկրում հազարներ են ճնշվածները, իսկ աշխարհում՝ միլիոններ: Նրանցից շատերը կարողացել են իրար հասկանալ և ընդհանուր ճակատներ ստեղծել:

Ինչո՞ ւ որոշեցիր գրել փակ համակարգերի, թեմաների, նաև բանտարկյալների  մասին:

Դժվար է ինձ համար այս հարցին պատասխանելը: Միայն ասեմ՝ երկու պապերիս և մի տատիս գնդակահարել է ստալինյան ռեժիմը, ծնողներս որբ են մեծացել: Նրանց մասին գրել եմ՝ վավերագրական վեպ «Ընտանեկան ալբոմ», հրապարակվել է inknagir.org-ում: Ուզում եմ ավարտեմ ավելի ընդլայնված տարբերակը և գրքով տպեմ:

Վահան Իշխանյանի պապերը՝ Վահան Չերազը և Ավետիս Կիրակոսյանը

- Քո կարծիքով, ինչու՞ են ներկայիս իշխանությունները նախկին իրավական համակարգից վատ ժառանգություն մնացած գործերի վերաբացումից խուսափում:

Մի պատճառի մասին արդեն ասեցի՝ նրանց վրա ճնշումը բավարար չի: Երկրորդը, որ կրկին դրա հետ է կապված. իշխանությունը ինքնին մի ծանր քար է, կամ դանդաղ շարժվող դինոզավր. եթե չբզես, տեղից չի շարժվի: Սովետի վերջում բրեժնևյան շրջանը անվանում էին լճացման տարիներ, շատ բնորոշ ձևակերպում է՝ Դահիճ Ստալինից հետո անհրաժեշտ էր ինչ-որ բան փոխել, եկավ ռեֆորմատոր Խրուշչովը, որոշ բարեփոխումներ արեց, սա ներկուսակցական հակամարտությունների արդյունք էր, բայց հետո կուսակցությունը հանդարտվեց, ու արդեն բզող չկար, ամեն ինչ կանգնեց, լճացավ: Երբ ժողովրդավարության էլեմենտներ չկան, իշխանությանը բզող չկա, այն մնում է լճացած, դառնում է ճահիճ, խուսափում է փոփոխությունից: Լսել եմ, որ երբ Սերժ Սարգսյանին ասել են, թե անհրաժեշտ է վերաբացել ցմահների գործերը, որ նրանց մեջ շատ կասկածելի վճիռներ կան, նա պատասխանել է՝ ոչ մի փոփոխություն պետք չի, տեսա՞ք Գարբաչովը ուզեց փոփոխություններ անել, գցեցին: Հայաստանում բրեժնևյան շրջան է՝ լճացում: Ճիշտ է, անունով ընդդիմադիր ուժեր կան, բայց նրանց չեն հուզում էն մարդիկ, ովքեր էն դասակարգի մեջ չեն, որոնց շահերը պաշտպանում են (հիշենք ընդդմադիր լիդերի խոսքը՝ մենք պաշտպանում ենք խոշոր կապիտալի շահերը), էլ ուր մնաց գործերի վերաբացումների մասին մտածեին: Ո՞նց մտածեն բացել նրանց գործերը, ովքեր խոշոր կապիտալը, ընդհանարապես կապիտալը չեն ներկայացնում: Քանի որ ընդդիմությունը և իշխանությունը ոչ մի գաղափարական տարբերություն չունեն, իշխող դասակարգն էլ ընդդմություններին հեշտորեն օգտագործում է՝ էս օլիգարխն է փող տալիս, անցնում է նրա կողմը, մյուսն է պաշտոն ու հանք խոստանում, անցնում է նրա կողմը:

Լրագրողների դերի մասին եմ ուզում հարցնել: Ի՞նչ կարող են անել ազնիվ լրագրողները, իսկ անազնիվնե՞րը:

Լրագրողները շատ բան կարող են անել, իհարկե, այս լճացած երկրում ավելի բարդ է լրագրությամբ փոփոխությունների հասնելը, բայց հնարավոր է, տեսնում ենք, որ հետևողականությունը արդյունքներ է տալիս, չնչին, բայց տալիս է:

Բայց արի էս պահին լրագրողներին բարոյական չափանիշներով չդասակարգենք՝ ազնիվ ու անազնիվների բաժանելը թողնենք վերջում: Կան բազմաթիվ լրագրողներ և ազդեցություն ունեցող լրատվամիջոցներ, որոնք իշխող լճացած համակարգի մասն են, նրա գաղափարախոսության կրողներն են և խոչընդոտում են բարեփոխումների հնարավորությանը, նրանց մեջ կան ազնիվ լրագրողներ, որ վստահ են, թե արդար գործ են անում: Օրինակ, հենց ցմահների գործերը վերաբացելու հարցը, անուններ չտամ, բայց հեղինակություն ունեցող որոշ լրագրողներ բացահայտ խոսում են գործերի բացման դեմ, Դատարանի որոշումները նրանց համար վերջին ճշմարտության ատյաններ են, եթե դատարանը վճռել է, ուրեմն ամբաստանյալը մեղավոր է, կասկածի տակ չեն դնում դատարանի վճիռը, դատախազների խոսքերն են մեջբերում որպես ճշմարտություն: Բայց մեկ էլ պարզվում է, որ դատախազը ստել է, և ինչ, լրագրողը ոչ պրոֆեսիոնալ բան է անում, առանց ճշտելու սուտը տարածում է:

Հայաստանում իշխում է այն գաղափարախոսությունը, թե գոյություն ունի միայն անհատի շահ, մնացածը՝ համայնք, խումբ, անհասկանալի, ստից բաներ են: Լրագրողներից շատերն էլ այդ գաղափարախոսության կրողներն են, և նրանց համար անհասկանալի է, թե ի՞նչ իմաստ ունի կասկածել դատարանի վճռին կամ դատախազի խոսքին, մանավանդ որ իրեն չի վերաբերում: Չէ՞ որ քեզնից բացի ուրիշն էլ պիտի հետաքրքրի, որ կասկածես դատախազի խոսքին:

Հարց տանք՝ ինչի՞ համար է լրագրությունը. ամեն գաղափարախոսություն իր պատասխանը կունենա, ուրեմն կարող են լինել մի շարք պատասխաններ: Մենք տեսանք վերջերս ամերիկյան Chicago Tribune և The Wall Street Journal թերթերը փողով մի ամբողջ էջով տպել էին հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդ: Այսինքն փողով սուտ էին տպել: Ուրեմն, փողի և իշխանության կողմը ոչ միայն արդարադատությունն է, այլև լրագրությունը: Ամերիկյան հասարակության բարեկեցության աճի հետ ծածկվել էր ամերիկյան լրագրության բուն էությունը՝ բիզնեսը, այն, թվում է, թե դարձել էր ճշմարտությունը ներկայացնող և բացահայտող ինստիտուտ: Սակայն նպատակը նույնն է, ուղղակի մի ժամանակ եկավ, երբ անաչառ լրագրությունը ավելի շահավետ դարձավ, քան կեղծիք տարածելը: Բայց երբ մեծ փողեր են հայտնվում, ամերիկյան լրագրությունը իր իսկական դեմքը բացում է, ինչպես հիմա՝ Թուրքիան մեծ փող տվեց, ու կեղծիքը տարածվեց:

Բայց կա նաև լրագրության այլ պատկերացում, որ լրագրության նպատակը փող աշխատելը չի, լրագրությունը բիզնես չի, կամ միայն բիզնես չի, որ լրագրողներ կան, ովքեր հանուն  ճշմարտության ու զրկվածների պաշտպանության պատրաստ են անվճար աշխատել կամ նույնիսկ իրենց գրպանից են փող դնում:

Հիմա կարող ենք խոսել ազնվության ու անազնվության ամսին, The Wall Street Journal ունի իր էթիկան՝ փողը ամենից վեր, որի կանոնների մեջ ինքը ազնիվ թերթ է:

Ուրեմն, լրագրողները տարբեր դերեր կարող են ունենալ, կախված թե ինչ քաղաքական, գաղափարական դիրքորոշում ունեն․ նրանք ովքեր իշխող դասակարգի շահերն են պաշտպանում, կնպաստեն լճացմանը, իսկ նրանք ովքեր այլ դիրքերում են՝ հետևողականորեն իրավազուրկ համայքների, ճնշվածների իրավունքներն են պաշտպանում, հավատ ունեն, որ կարող են փոխել աշխարհը, կբերեն փոփոխություններ, իսկ եթե նրանց աջակիցները շատ լինեն, ձևավորվեն նրանց հայացքներին համապատասխան քաղաքական ուժեր, ապա փոփոխությունները արագ և շատ կլինեն:

- Որոշ լրագրողների միջոցով որքան վատաբանվեցին, ինչպես հետագայում պարզվեց` անարդար դատապարտված, հետագայում արդարացված Մատաղիսի գործով երեք զինվորները, մանկահասակ երեխայի բռնաբարության ու սպանության մեջ մեղադրված ու արդարացված Արմեն Պողոսյանը, բոլորովին վերջերս արդարացված Կոգունցևը: Ի՞նչ խնդիր է լուծվում մարդկանց սևացնելով:

Կարծեմ այս հարցին պատասխանեցի, բազմաթիվ լրագրողներ և լրատվամիջոցներ իշխող դասակարգի գաղափարախոսության կրողներն են: Շեշտեմ, որ իշխող դասակարգն ու իշխանությունը տարբեր բաներ են: 25 տարի Հայաստանում նույն գաղափարախոսությունն է իշխում՝ ազատ մրցակցություն, որտեղ ուժեղները հաղթում են, իսկ թույլերը վերանում, մարդու կյանքի իմաստը անձնական շահը բավարարելն է և այլն, որը ձևավորել է իշխողների այս դասակարգը, նրանք ոչ թե արհամարհում են աղքատներին, զուսպ ապրողներին, այլ իրենց համար գոյություն չունեն. հիվա՞նդ են, թող մեռնեն, փող չունե՞ն, թող չսովորեն, բերդում նստա՞ծ են, չե՞ն կարողանում կաշառք տալ ազատվել, թող փտեն: Այս գաղափարախոսությունը նաև տարածվել է մյուս խավերում, և շատերը փոխանակ մտածեն կարգերը փոխելու մասին, որ կարողանան մասնակցել իշխանութան ձևավորմանը, թույլ չտան միայն հարուստները իշխեն, հակառակը՝ ներարկվում են նույն ագահությամբ:

Գաղափարախոսությունը մնում է նույնը, և միայն իշխողների անձերն են փոխվում: Նկատենք, որ իշխանության պայքարը գնում է այդ դասակարգի խմբերի միջև՝ նախկին իշխանությունների և նորերի միջև: Այս կլաններն ունեն իրենց լրատվամիջոցները, որոնք հաճախ քննադատում են իշխանությանը՝ պատրանք ստեղծելով, թե ընդդիմություն են: Բայց ոչ, նրանք բոլորը նույն գաղափարախոսությունն ունեն և նույն դասակարգի պաշտպաններն են, որտեղ չի տեղավորվում դատապարտված անմեղ մարդու ճակատագիրը կամ կասկածը դատարանի վճիռների նկատմամբ: Միայն երբ քաղաքական բախումների ժամանակ իրենց կողմնակիցները բանտ են ընկնում, սկսում են աղմկել անարդար դատավարություններից: Այս առիթով ասեմ՝ դու շատ ավելի քաղաքական բանտարկյալ ես,  քան ժամանակին Ջհանգիրյանն էր, ում համար հսկա բազմություններ էին պայքարում: Քո քաղաքականությունը ընդդիմություն է իշխող համակարգին: 

-Ինձ ու էլի շատերին մեկ ցուցմունքն էլ բավարար է եղել մեղադրելու համար, բայց տասնյակ հիմնավորումներ ենք բերում, իսկ դատավճիռը չի բեկանվում: Ի՞նչն է պատճառը, որ հեշտ է մեղադրելը, իսկ արդարացնելը` դժվար: Արդյո՞ք Հայաստանում ամենաարդար դատական համակարգն է:

Պրոֆեսիոնալ քննիչ կամ պրոֆեսիոնալ դատավոր չեն ծնվում: Քաղաքական առճակատումներն են ստիպում, որ համակարգը փոխվի, որ կրթական համակարգում ապագա քննիչներին գործը բացելու այլ հմտություններ էլ սովորեցնեն, որ դատավորները ավելի արդարամիտ դառնան: Երկնքից չեն ընկել էն արդարադատության համակարգերը, որոնք մի ցուցմունքի վրա չեն հենվում, ուրիշ ապացույցներ են փնտրում, դրանք պայքարի արդյունքում են ստեղծվել, այդ մեկ ցուցմունքով դատապարտվածների աջակիցների ջանքերով: Իհարկե, երբ խոչընդոտ չկա, եթե ձեռքը բռնող չկա, հեշտ է մեղադրելը,  իսկ արդարացնելը դժվար, եթե ոչ անհնար:

Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Մտովի սեղմում եմ ձեռքդ… համոզված եմ`անպայման ազատության մեջ կհանդիպենք: 

                                                                        Հարգանքով` Մհեր

Վահան Իշխանյանի լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

Վահան Չերազի և Ավետիս Կիրակոսյանի լուսանկարները՝ Վահան Իշխանյանի բլոգից

Մեկնաբանություններ (2)

Գագիկ
Մհեր ջան, շնորհակալություն: Շատ հետաքրքիր, բայց... տխրեցնող հարցազրույցի համար: Ինչ արած, սա է իրականությունը: Չե՛նք հանձնվում:
Մարտիկ
Քանի դեռ ոչ լեգիտիմ, ժողովրդի արյան գնով իշխանություն նվաճած մարդիկ են Հայաստանի ղեկավարները, արդարադատությունը կմնա ուժի, հաղթողի, իշխանության և փողի կողմը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter