HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապիտան Արսեն Առաքելյան. «Մարդի՜կ, արխային եղեք, մեր բանակը կա»

«Ամենաուշը մի ամսից հենց բժիշկները թողեն, կվերադառնամ ծառայության»,- ասում է ստեփանակերտցի 29-ամյա կապիտանը։ Արսեն Առաքելյանին հանդիպեցինք Երևանի  ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում: Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվածներից մեկն է: Նա վիրավորվել է ապրիլի 4-ին Մարտակերտի ճանապարհին: Ստացել է գլխի, դեմքի, ոտքերի ու ձեռքերի 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ: Այս օրերին մի քանի պլաստիկ վիրահատություն է տարել:

«Ապրիլի 4-ին խնդիր էի կատարում, երբ մեքենայի վրա մինամյոտով կրակեցին, անսարք էր արդեն, թողեցինք, ոտով եկանք հասանք: Սիսիանի ջոկատի տղերքը հավաքված էին: Պայմանական հավաքատեղի էր: Եկանք իրենց մոտ, կիսակառույց կար, մտա ջուր խմելու, հետ եկա, կրակը խփեց: Միանգամից սկսեցի այրվել, վազելով ընկա գետնին, որ հանգցնեմ ինձ, տղերքը շորերը պոկեցին հագիցս»,- մեզ հետ զրույցում պատմեց վիրավորված կապիտանը:

Այդ օրը, այդ նույն վայրում անօդաչու սարքից ռմբակոծության հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել են յոթը:

Արսեն Առաքելյանին նախ տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, ապա՝  Ստեփանակերտ, իսկ ապրիլի 6-ին նրան բերել են Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Մոտ մեկ ամիս նրան խնամում է մայրը՝ Ստելլա Առաքելյանը, ով շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմից: Պատմում է, որ ամուսինը՝ Ռաֆիկ Առաքելյանը, եղել է կամավորական, ապա  զինվորական ծառայության անցել հայկական բանակում: Այժմ պահեստազորի փոխգնդապետ է: Ասում է, որ որդին, սիրելով հոր մասնագիտությունը, գնացել է ռազմական կրթության ճանապարհով:

Արսեն Առաքելյանը ծնվել է ու մեծացել է Ստեփանակերտում: 2004-ից սովորել է Ռուսաստանում ռազմական ինստիտուտում, 2009-ից սպա է, ծառայել է տարբեր զորամասերում: Ներկայում Մատաղիսի զորամասի ավտոծառայության պետն է: Առաքելյանի նորաստեղծ ընտանիքն ապրում է վարձով, հերթագրված է բնակարան ստանալու համար: Չորս տարեկան Էվելինան և նորածին Աննան, որը մարտի 11-ին է ծնվել, երկու օր առաջ են մայրիկի հետ Ստեփանակերտից եկել հորը տեսակցելու:

Կապիտանին հարցնում եմ մեր թերություններից ու առավելություններից: Պատասխանում է՝ ճիշտ չի լինի, որ ինքը, որպես սպա, խոսի թերություններից: «Այն թերությունները, որ ես գիտեի մինչև պատերազմական գործողությունները, նույնը երևացել է պատերազմի ժամանակ: Բայց էն ժամանակ էդ թերությունը անցնում էր, հիմա դա ճակատագրական է: Իսկ առավելություն միանշանակ մենք ունենք, ոչ թե որպես սպա եմ ասում, այլ իսկապես մեր զինվորը, մեր սպան միշտ էլ կան: Հաշվի առնելով էն զորքը, էն սպառազինությունը, որ թուրքը պատրաստել է մեր համար ու ինչ ունենք մենք: Մենք լրիվ անտեղյակ, սովորական կանգնած, ու մեր զինվորը ոնց ա դիմադրել, մենք միանշանակ առավելություն ունենք: Մենք միանշանակ հաղթել ենք»:

Արսենն ասում է, որ մենք ունենք և՛ հին տեխնիկա, և՛ նոր՝ 2000 թ-ից հետո ձեռքբերած, «բայց ամեն դեպքում շատ դժվար է էդ տեխնիկան պահել: Ճանապարհի էն վիճակը, որ էնտեղ է, ահավոր մեծ ծախսեր է կատարվում մենակ էդ տեխնիկան պահելու համար»:

Արսենի կոչը ժողովրդին այսպես հնչեց. «Մարդի՜կ, արխային եղեք, մեր բանակը կա, առաջնագծում ավել բան էլ պետք չի, ոնց տեսել եմ էս օրերին, էդպես մնան: Բոլորիս երազանքն է, որ հարցը լուծվի, բոլորս հանգիստ ապրենք»:

Ինչի՞ կարիք ունես. վերջում հարցնում եմ կապիտան Արսենին. «Էրեխեքին եմ կարոտում, ուրիշ խնդիր չկա, նյութական խնդիր չունեմ, ապահովված եմ»:

Հ.Գ. Սովորաբար զրույցների ամենաստացված պահերը լինում են այն ժամանակ, երբ արդեն ձայնագրիչդ անջատված է: Այդ հատվածները, բնական է, չես հրապարակում: Բայց այս անգամ թող ների ինձ զրուցակիցս՝ ստեփանակերտցի 29-ամյա կապիտան Արսեն Առաքելյանը, իր այս խոսքերը հրապարակելու համար․

«Մի՛ գրեք, որ ես վարձով եմ ապրում, ամոթ ա, էնքան ավագ զինծառայողներ կան, որոնք մեծ ներդրում ունեն մեր բանակաշինության գործում, բայց տուն չունեն դեռ, թող իրենց տան»։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter