Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Ադամովը ոչ միայն այն երկրի հարստությունն է, որտեղ ստեղծագործել է, այլև այն երկրի, որի արմատներն է կրում»



Բեմադրիչ, դերասանուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթե Խաչատրյանն ասում է, որ սովորելը մարդուն ռիթմի մեջ է պահում: Սաթեն ժամանակակից եվրոպական և հայկական դրամատուրգիայով է հետաքրքրվում: Բնակվում է Ֆրանսիայում: Այնտեղ էլ դերասանական կրթություն է ստացել, Սորբոնում ուսումնասիրել է եվրոպական ժամանակակից դրամատուրգիան, այժմ էլ գիտական երկրորդ աստիճանն է պատրաստվում ստանալ «Լիոն 2» համալսարանում: Համադրելու է ժամանակակից եվրոպական և հայկական դրամատուրգիաները:

Ժամանակակից եվրոպական դրամատուրգիան ուսումնասիրելիս էլ հանդիպել է Արթուր Ադամով անվանը: Ուսանողական տարիներին (Սաթեն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում) աբսուրդի դրամատուրգիա ուսումնասիրելիս Ադամովի մասին իբրև հերթական անուն էին անցնում՝ առանց նրա գործերի շեշտադրման: Արթուր Ադամովը (Հարություն Ադամյան) 20-րդ դարասկզբի ֆրանսահայ դրամատուրգներից է:

Սաթեն նախորդ ամիս Երևանում դասախոսություններ է կարդացել ադամովյան դրամատուրգիայի մասին: Չի թաքցնում, որ իր ընտրության հետ անմիջական կապ է ունեցել հայ լինելու գործոնը: «Ադամովը ոչ միայն այն երկրի հարստությունն է, որտեղ ստեղծագործել է, այլև այն երկրի, որի արմատներն է կրում»,- նշում է բեմադրիչը՝ ավելացնելով, որ հիմա պետք է լրացվի այդ բացը: Սաթեն ադամովյան բնագրերից թարգմանություններ է կատարում, նպատակ ունի մենագրություն գրել: Ֆրանսերեն իմացությունն այս պարագայում շատ է օգնում նրան:

-Իմ ուսումնասիրությունը շատ ավելի արդի՝ 80-90-ականներից սկսած հեղինակներն են, կամ որ դեռ երեկ են տպագրվել: Սակայն հարցադրումս հետևյալն էր՝ թատերական ինստիտուտում աբսուրդի դրամա ուսումնասիրելիս երկար խոսում ենք Բեքեթ, Իոնեսկո անունների մասին, մինչդեռ Ադամով անունը այդպես էլ մնում է չբացահայտված մեզ համար: Գլոբալ նպատակս այն է, որ Ադամովի գործերը որպես ուսումնական ձեռնարկ մտնեն, գիրք դառնան և ընդգրկվեն թատրոնների խաղացանկում:

-Ադամովը խոսում է անջատման դրամայի, տիեզերքում մարդու միայնության մասին: Ժամակաշրջանը , կարծես, շատ նման է մեր ժամանակաշրջանին: Փորձե՞լ ես համեմատել այդ երկու ժամանակշրջանները:

-Եթե պատմական տեսակետից դիտարկենք, Ադամովը ստեղծագործել է երկու համաշխարհային պատերազմների բովում (առաջինի ժամանակ փոքր էր, երկրորդ ժամանակ՝ հասուն): Աբսուրդի դրաման առաջացել է հետպատերազմյան տարիներին: Այն կյանքի, իրականության արտացոլումն էր: Այդ դրամատուրգիան վերհանում էր անհատին՝ որպես կատարյալ մենակությունն իր մեջ ամփոփոխ երևույթ, որը չհասկացված է, ոճիրներով, հանցագործություններով լցված աշխարհից ոչինչ չունի ստանալու: Հետպատերազմյան շրջանում աղքատություն, մտավոր անկում, ծանր տրավմաներ, կորուստներ կային, որոնց մեջ ապրում էին:

Հիմնական թեման դարձել էր մարդկային կյանքի արժեզրկում, ինչպես ասում էին, մարդը մարդուն գայլ է կամ մարդը մենակ է տիեզերքում: Պատմության մեջ նույն շրջանները կրկնվել են: Այսօր այսօր այդ ընդհանրությունները տեսնում ենք, ճիշտ է, չի ձևակերպվում որպես համաշխարհային պատերազմ, բայց ոչ պաշտոնական ձևով ապրում ենք համաշխարհային պատերազմի պես մի բան, համաշխարհային մի աղետ, երբ ռմբակոծություններ են տեղի ունենում միաժամանակ երկագնդի տարբեր կետերում, չարձանագրված ցեղասպանություններ աֆրիկյան ցեղերի մեջ կրոնական հողի վրա,ահաբեկչություններ: Այսօր գուցե մեդիաների շնորհիվ հասկանում ենք՝ ինչ աղետի մեջ ենք ապրում, համընդհանուր մի աղետի, որն իրականացվում է մարդու ձեռքով, որտեղ մարդկային կյանքը ոչինչ չարժե:

Այդ աղետներից խուսափելու համար իրականում ոչինչ տեղի չի ունենում: Նույն ժամանակաշրջանը, կարծես, ապրում ենք այսօր ավելի մոդեռն, թվացյալ քաղաքկիրթ ձևով: Հայաստանում ընտանեկան արժեքները, իրար կողքի լինելը, իրար ուժ տալը դեռ կան, բայց որքան հեռանանք Հայաստանից, կտեսնեք ընտանիքի մեջ աղճատում, անջատում: Մարդկային մենակության դրաման էլ, որը հետագայում դառնում է ողբերգություն, իր տեղն է գտնում գրականության մեջ:

-Ադամովը խոսում է անջատման դրամայի մասին: Ինչի՞ց կամ ումի՞ց է բաժանումը:

-Շատ սիրում եմ Ադամովի այն տողը, որ ասում է. «Ես բաժանված եմ, անջատված եմ, չեմ կարող նշել անունը նրա, ինչից բաժանված եմ, բայց ես բաժանված եմ: Ինչ-որ ժամանակ դրա անունն աստված էր, բայց հիմա արդեն անուն չունի»: Նույնիսկ դա է վկայում, որ մարդն ամեն դեպքում որքան շատ է հեռանում Աստծուց, անջատված լինելու, անլիարժեք լինելու զգացումը շատ է:

-Մարդկային տեսակն է փոխվե՞լ:

-Մարդկային տեսակը չի կարող փոխվել, կարող է մոդիֆիկացիայի ենթարկվել այս կամ տարածության, այս կամ այն քաղաքակրթության մեջ (նայած քաղաքակրթությունը որ կողմից է նպաստում): Սակայն խորքում մարդը չի փոխվում, անջատման դրաման մարդկության պատմության նախասկիզբն է, մարդը մշտապես անջատված է: Նույնիսկ ամենաինքնաբավ մարդու կյանքում 2-3 անգամ գլուխ է բարձրացնում անջատման զգացողությունը:

-Սաթե, քեզ համար ի՞նչ բացահայտեց Ադամովը:

-Ես լրջորեն բացահայտեցի Արթուր Ադամով հեղինակին: Հիմա էլ շատ բան չգիտեմ, միշտ ուսումնասիրելու տեղ կա: Ադամովը չի տեղավորվում միայն աբսուրդի դրամայի, թատրոնի այդ տեսակի մեջ, նրա դրաման շատ ավելի ընդգրկուն է, քան միայն աբսուրդը: Հատկապես եթե գիտական տեսակետից մոտենանք, միայն առաջին շրջանի պիեսներն են աբսուրդ, հետագայում ավելի խճճվում է: Ինչպես Ադամովն էր ասում, իր սկզբնական թատրոնն ավելի չկողմնորոշված էր: Այդ ժանրի մեջ ստեղծագործելը միտում ու հնարավորություն էր իրական կյանքից խուսափելու, մի տեսակ դասալքության պես մի բան էր այդ դրամայում ստեղծագործելը, ինչի շնորհիվ փախչում ես իրականությունից, իրական խնդիրների մասին խոսելուց:

Երկրորդ շրջանի նրա թատրոնը շատ ավելի քաղաքական միտումներ ուներ, երրորդը փորձ էր կապակցել այս երկու շրջանները՝ երազատեսությունն ու աբսուրդը և քաղաքական դիրքորոշումը:

Ադամովի դրամատուրգիայում պաթոլոգիա կա, որը ներկա է նաև Ադամով անհատի էության, տեսակի մեջ: Անձի երկատվածությունը, հակասական էությունը, որն ուղեկցում է նրան ամբողջ կյանքի ընթացքում, նրան հանում հոգեկան հավասարակշռությունից: Նա մարդկային դժվար տեսակ է, որն էլ տեղափոխվել է դրամատուրգիա: Այնտեղ նաև իր ժամանակաշրջանն է տեղափոխվել, կարծում եմ, իր կամքից անկախ: Գրողը դառնում է ոչ թե ստեղծագործող, այլ վերածվում է պատմաբանի, քրոնիկոնի:

-Ադամովի դրամատուրգիայում ժամանակների անցումը, կարծես, աղճատված է, դժվար է հասկանալ՝ որ ժամանակի մասին է խոսքը:

-Խնդիրը թարգմանության մեջ չէ, խնդիրը հեղինակի թելադրած ժամանակի մեջ է: Այդ անցումից պետք է հասկանալ, որ իր հերոսը չունի ժամանակի ճիշտ զգացողություն: Այն հարաբերական է, գուցե նա ունի ժամանակի ճիշտ զգացողություն, որ գուցե նույնը չէ, ինչպես մերն է:

Իմ նպատակն է, երազանքն է համակեցության սկզբունքով կարողանալ տեղավորել իրականությունն ու երազը, այնպիսի ներկայացում ստանալ, որտեղ երազն ու իրականությունը հավասար իրավունքներով գոյակցեն: Թատրոնում երազի ու իրականության սահմանները մի տեսակ խարխլված են, չես հասկանում: Ադամովը կարողանում էր ստեղծել նոր տեսակի ժամանակ ու տարածություն, որտեղ նույնիսկ բեմական տարածության տեսակետից հեղինակն ասում է՝ բեմի աջ կողմում երազն է, ձախ կողմում՝ իրականությունը: Քանի որ հերոսը բեմի աջի կողմից գնում է ձախ կողմ, հանդիսատեսը պիտի հասկանա, որ նա մտնում է երազի մեջ: Սա, օրինակ, գրականագիտական առումով նոր տարածության ստեղծումն է: Երբ ասում եմ, որ նա ստեղծում է նոր տեսակի ժամանակ, դա ոչ թե թարգմանության, այլ անցյալի ու ներկայի խնդիրն է: Մաքսիմալ հավատարիմ եմ մնացել հեղինակին, որովհետև թարգմանել հեղինակին, առաջին հերթին նշանակում է թույլ տալ հեղինակությանը դրսևորվել, ինքնադրսևորվել՝ իբրև թարգմանիչ:

-Ժամանակակից մարդու մասին ի՞նչ ես մտածում: Ժամանակակիցը պայմանական ասենք, ներկայում ապրող մարդու գերխնդիրը ո՞րն է:

-Չեմ ուզում շատ դոգմատիկ հնչի, բայց այսօր ժամանակակից մարդու խնդիրներից մեկը հաղորդակցությունն է, որը տեսնում ենք  նաև Ադամովի դրամայում: Այսօր իրական հաղորդակցվության խափանման համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են: Տեխնոլոգիաները հասել են այն գագաթնակետին, որ ձայնն ուղարկելու կարիք չկա, այն տառերի ենք վերածում և այլ տիրույթով ուղարկում: Եվ շփումն սկսվում ու ավարտվում է վիրտուալ տիրույթով: Իրականում, երբ մարդիկ հաճախ հանդիպում են, երկխոսությունը չի կայանում, քանի որ երկխոսության մեջ ավելանում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հայացքը, ձայնը, վերաբերմունքը, ռեակցիան, մարդը հասկանում է, որ սովոր չէ այս կենդանի շփմանը, որովհետև շատ ավելի բարդ է, քան վիրտուալը, և որքան գնում է դեպի հեշտը, այնքան հեռանում է իրական շփումից: Եվ ինչքան հեռանում է իրական շփումից, այնքան հեռանում է մարդուց: Դրա համար շատ հաճախ դեպրեսիաներն են խորանում:

Միայն վիրտուալ կյանքը չէ, որ ստեղծում է հաղորդակցության խնդիր, այն նաև տարածվում է անձնական հարաբերությունների վրա: Երբեմն զույգերի, ընկերների հարաբերությունների մեջ կարևորը միշտ չասված է մնում: Չգիտեմ՝ չհասկացված լինելու վա՞խն է, թե՞ սկզբունքը, որ ինչ-որ բան ասելը կամ բացատրելը հաշվետվության պես մի բան է, որից մարդիկ խուսափում են: Այսօրվա չխոսելը գումարվում է մյուս օրվա չխոսելուն և դառնում է մի անջրպետ, անջատում, որը ժամանակի ընթացքում անճեղքելի է դառնում: Արդյունքում ստացվում է, որ իրար հետ խոսելու բան էլ չունենք: Կարծում եմ՝ մեր իրականությանը շատ բնորոշ գիծ է:

-Ու ո՞նց պիտի սոսնձվի այդ ամենը, ի՞նչ է պետք մարդուն, որ լիարժեք զգա այդ իրականության մեջ (հռետորական է հնչում):

-Ես մտածում եմ, թե ինչ է ինձ հարկավոր լիարժեք զգալու համար: Ինչքան էլ աշխատանքը մեզ երջանիկ զգալու պահեր պարգևի, մարդը երկրորդ կեսի կարիք ունի ապրելու համար, ընտանիքի կարիք ունի, բայց նույնիսկ ընտանիք կազմելով չես կարող քեզ ամբողջական զգալ, եթե չունես քո աստծուն, այն հենման կետը տիեզերքում, որին կոչում են աստված: Մենք մշտապես երրորդության գաղափարին ենք գալիս: Այստեղ ևս կա երրորդության գաղափարը, և դրանով է, որ մարդ կարող է իրեն լավ զգալ՝ աշխատանքը, ընտանիքը (ճիշտ չեմ դասակարգում, պարզապես նշում եմ) և աստված, որ գալիս է ամբողջացնելու ու եռանկյան այն կարևոր գագաթն է, որը պահում է մյուս երկու գագաթները: Ինձ համար գոնե հարաբերական խաղաղության, ամբողջության ճանապարհն անցնում է այս երեք կետերի միջով կամ ամբողջանում է այս երեքի շնորհիվ: Կարծում եմ՝ փոքրիկ բաներն են մեծ երջանկություն կառուցում, և դժբախտության համար էլ երբեմն շատ փոքրիկ բաներն են պատճառ դառնում: Երջանկությունը դետալներով է կառուցվում:

Լուսանկարը՝ Ս. Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ