HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմը միշտ փոխում է ազգի գիտակցությունը… և թե ինչ է լինելու մեզ հետ, կախված է միայն մեզնից

Նաիրա Հայրապետյան

Սվյատոսլավ Վակարչուկի ստեղծագործությունների մեջ բազմաթիվ սիրված երգեր կան: Դրանցից ամեն մեկն իր առանձնահատուկ տեղն ունի «Океан Ельзи» ուկրաինական ռոք խմբի ունկնդիրների հավաքածուներում և իր առանձնահատուկ պատմությունը երաժշտի կյանքում: Պատմություններ, որոնց մասին նա սովորաբար չի սիրում խոսել, ուստի դրանք հնչում ու պատմվում են՝ առանց հեղինակային մեկնաբանությունների: Դրանք այն են, ինչ կարող ենք հասկանալ խոսքերից, մեղեդուց և այս երկուսը իրար ձուլող պարզ, իսկ երբեմն էլ՝ կտրուկ միմյանցից անջատող թաքնված շերտերից: Մնում է ունկնդրել ու վերցնել դրանք յուրաքանչյուրիս երևակայության մեջ պահված բանալու միջոցով:

Բայց կա մեկը, որը բոլորովին դուրս է վակարչուկյան այս ավանդույթից:

Ըստ երգչի՝ այն առանձնահատուկ գործ է: « Նրա պատմությունն ինձ համար պակաս կարևոր չէ, քան երգը… միգուցե և ավելին է»,- խոստովանել է Ս. Վակարչուկը այդ երգի հրապարակման առիթով:

«Мить»-  Պահ, ակնթարթ. այսպիսին է այդ առանձնահատուկ երգի անունը, որը գրվեց 2015թ փետրվարին: Վակարչուկն այն գրեց ընդամենը 15 րոպեում, ու չնայած գրեթե ավարտուն վիճակում էր՝ երգը երկար ճանապարհ անցավ: Միայն ամիսներ անց, տարվա վերջին ներկայացվեց հանրությանը:  Ստեղծման առաջին վայրկյաններից մինչև վերջ երգը կրում էր զգացմունքային խիտ ու չափազանց փխրուն հոգեվիճակ, որն, այլ կերպ ասած, տակնուվրա էր արել բազմաթիվ երգերի բովով անցած երաժշտին: Նրա խոսքերով՝ իր վրա խորապես ներգործել էին Ուկրաինայի արևելյան շրջանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները: Լուրերը հուսահատեցնող  էին: Պատերազմը խլում էր իր հայենակիցներից կյանքեր՝ սարսափելի թվերով: «Իսկ ամեն թվի տակ ինչ-որ մեկի ճակատագիրն էր, ինչ-որ մեկի կյանքը,- ասում է երգիչը,- դժվար է պատկերացնել, թե ինչ է զգում պատերազմի մեջ գտնվող մարդը: Ինչ է մտածում ծանր վիրավորը, երբ հասկանում է, որ ինքը, հնարավոր է, ապրում է իր կյանքի վերջին րոպեները: Ես ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ, մինչև որ գրեցի երգը»: 

Սվյատոսլավ Վակարչուկը հանդիսանում է  Ուկրաինայի ամենաազդեցիկ անուններից մեկը, ոչ միայն երաժշտական ասպարեզում: Իր հասարակական-քաղաքական հայացքների, գործունեության և երկրի տարբեր ոլորտներում արտահայտած մտահոգությունների, կեցվածքի շնորհիվ նա վաստակել է վստահություն և մեծ հարգանք հանրության տարբեր շերտերում, քաղաքական, մշակութային և պետական բարձրագույն  շրջանակներում: Վակարչուկն իր հայրենիքին նվիրված մարդ է, երկրի խնդիրները տեսնող և դրանց հանդեպ անտարբեր չմնացող արվեստագետ՝ անկախ այդ խնդիրների մասին ընդհանուր և անհատական ծայրահեղ տարբեր ընկալումների կամ իրականության: Երաժշտության մեջ մեծ վաստակ և ձեռքբերումներ ունեցող այս անունը պարզապես անում և մտածում է այն, ինչ պարտավոր է անել սեփական երկրի համար մտահոգ ցանկացած մարդ՝ լինի կյանքի գեղեցկությունը գովերգող արվեստագետ, թե այդ անտեսանելի կողմի տեսանելիությունն ապահովող հասարակ զինվորական:

Նարնջագույն հեղափոխության ակտիվ մասնակից, բազմաթիվ սոցիալական և մշակութային, բարեգործական նախագծերի հիմնադիր և մասնակից, քաղաքական ակտիվ հայացքներ կրող և դրանք մշտապես բարձրաձայնող, ՄԱԿ-ում «Բարի կամքի դեսպան», ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, խոսքի ազատության և տեղեկատվության ուկրաինական խորհրդարանական հաձնաժողովի անդամ, ինտելեկտուալ մարդ և պառակտված ժողովրդի համար ցավող հասարակ ուկրաինացի. այսպիսին է հանրահայտ խմբի առաջնորդն ու վոկալիստը: «Մի վերաբերվեք Ուկրաինային որպես ձեր ծնողների երկրի,- ասում է երգիչը,- նայեք նրան որպես ձեր զավակների երկիր: Այդ ժամանակ էլ կլինեն փոփոխությունները»:

Վակարչուկն իր երկրի զինվորն է՝ իր դիրքում և իր առաքելության մեջ:  

Որպես ստեղծագործող-երաժիշտ՝ Ս. Վակարչուկն ունի փայլուն գործեր, որոնք լսարանի հարգանքն ու սերն են վայելում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից շատ ու շատ հեռու: «Океан Ельзи»-ն (Էլզայի օվկիանոսը) ուկրաինական ռոքի ամենահայտնի անունն է, որը առաջնակարգ խումբ է համարվում արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և այլուր: Եվ նման կենսակերպ ու մտածողություն ունեցող մարդը, բնականաբար, չի կարող պարփակվել միայն երաժշտության աշխարհում: Այն, ինչ նա կրում է ներսում, պիտի  խոսի նաև երաժշտության լեզվով: Մարդկային մի քանի տարբեր լեզուների մեջ այն յուրահատուկը, որին լավագույնս տիրապետում է Սվյատոսլավ Վակարչուկը:

Երկրի արևելքից և հարավ-արևելյան շրջաններից հաղորդվող լուրերը ծանր էին, ամեն օր զոհեր կային, ծանր վիրավորներ, իսկ այս պատմության մեջ ամենամեծ բանը, որն ուղղակի սարսափեցնում էր արտիստին, այն էր, որ սպանողն ու սպանվողը նույն մարդն էր, նույն ժողովրդի մասնիկը:

«Ես վերցրեցի կիթառը և…  մեղեդու հետ սկսեցին հայտնվել բառերը. տասնհինգ րոպեի մեջ երգն արդեն պատրաստ էր, համարյա պատրաստ»,- պատմում է երաժիշտը:

Մնում էր երգի վերջին մասը, հավանաբար մի քանի տող՝ չափազանց զգացմունքային ու ծանր այս պոռթկումն իր ավարտին հասցնելու համար: Պարզապես ամբողջացնելու և լիակատար դարձնելու համար ինչ-որ բան էր «Мить»-ին պակասում: Ավարտ, որը կարծես թե չէր շտապում տեղ հասնել: Բայց ամիսներ անց այն ևս ստացվեց: Պատերազմն ինչպես սկսվել էր, այդպես էլ ավարտին հասցրեց երգը:

Նույն տարվա մայիսյան մի օր, Ս. Վակարչուկն այցելեց զինվորական հոսպիտալներից մեկը՝ տեսակցելու վիրավոր  զինվորներին: Մինչ տեղ հասնելը, երաժշտի խոսքով, ինքը չափազանց հուզվում էր, դժվար էր պատկերացնում, թե ինչ պիտի տեսներ այնտեղ և որքան պիտի խորացներ իր դառնությունը մարդկային ճակատագրեր խեղած պատերազմը: Բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ նա տեսավ վիրավորներին: Վակարչուկն անակնկալի եկավ, երբ ցավի, տխրության ու ողբերգության փոխարեն անսահման ուժ գտավ այնտեղ: Զինվորներից մեկը չուներ վերջույթներ, այլևս չուներ: Նա բեկորային վնասվածքներով, կտրված ձեռքով չորս օր շարունակ մնացել էր ցրտի ու  սառնամանիքի մեջ, միայնակ, մինչև որ հայտնաբերվել էր ու տեղափոխվել հիվանդանոց: Ծառայակից ընկերները կամ զոհվել էին կամ մահացել ցրտահարվելուց: Բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված էին եղել անդամահատել ոչ միայն ձեռքը, այլև վնասված և ցրտահարված ոտքերը: Երբ հուզմունքից կես մարդ դարձած Վակարչուկը ներս մտավ հիվանդասենյակ, զարմանքից քար կտրեց: Նրան դիմավորեց անհուն ժպիտով լուսավոր մի դեմք, որից միայն լավատեսություն ու վաղվա օրվա հանդեպ վստահության գերհզոր էներգիա է ճառագում:

«Նրա հոգում գարուն էր,- հիշում է երաժիշտը,- և նա կիսվում էր իր ունեցածով ողջ աշխարհի հետ»:  Լուսավոր այդ երիտասարդի հետ զրույցից նա հասկացավ, որ ամեն ինչ կորած չէ, և պետք չէ կորցնել հույսը: Պատերազմին հաղթած այս զինվորը, որն այդ պահին գամված էր անկողնուն, լի էր ապագա ծրագրերով և անելիքներով: Եվ նա ստիպում էր մարդկանց գիտակցել, որ մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել, չի կարելի նահանջել, քանի որ հնարավոր է, որ հենց այդ վերջին վայրկյանը կամ րոպեն են բերելու այն գարունը, որը պիտի դառնա բոլորովին նոր կյանքի սկիզբը:

Վիրավոր և հաշմանդամ դարձած զինվորի ազդեցությունը, նրա ոգու և կամքի հզոր ուժը, նրանից տարածվող հույսը կյանքի աննկարագրելի դասեր են մարդկանց համար: Վակարչուկը հենց այս տպավորությունից ցնցված ու ինչ-որ տեղ նաև մաքրված՝  գրեց երգի վերջին տողը՝ «Не спіши. Вже весна наступає. За мить… (Մի շտապիր, մի պահ անց արդեն գալիս է գարունը.)»: Երգի ձայնագրությանը խմբից բացի մասնակցեցին «Київські солісти» Ազգային կամերային նվագախմբի երաժիշտները, դուդուկահար Արմեն Կոստանդյանը և ուրիշներ:

«Պատերազմը միշտ փոխում է ազգի գիտակցությունը: Որոշ ազգեր սկսում են ավելի վախենալ, ուրիշները՝ այլևս չվախենալ ոչ մեկից: Իսկ թե ի՞նչ է լինելու մեզ հետ, կախված է միայն մեզնից»,- ասում է Սվյատոսլավ Վակարչուկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter