HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրատեղամասում կանաչ լույսը կտանի քվեախցիկ, իսկ կարմիրը՝ ոստիկանություն

Նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության պահանջներից` ըստ որի, օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից:

Ազգային ժողովի անցնող շաբաթվա քառօրյա նիստերի օրակարգ ընդունվեց կառավարության հեղինակած նոր ընտրական օրենսգրքի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր պատեհ պահը չէ նախագիծը քննարկելու համար և առաջարկեց քննարկումները հետաձգել: Ապա ավելացրեց. «Իշխանությունների կողմից չտեսնելով համարժեք քայլեր՝ հանրությանն ընդառաջ, ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունը օրենսգրքի նախագծի քննարկմանը, քանի դեռ բարեխիղճ բանակցությունների արդյունքում ձեռք չի բերվել համաձայնություն»:

Այնուհետև քվեարկությամբ որոշվեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ հիմնական զեկուցողին տրամադրելով այն ներկայացնելու համար մինչև 60 րոպե ժամանակ:

Մոտենալով ամբիոնին՝ հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները միակ պատճառն ու հենքը չեն նոր մոտեցումներով ընտրական օրենսգիրք ունենալու հարցում:

Կառավարության ներկայացուցչի խոսքերով՝ ընտրությունների հետ կապված մեզանում կան բազում երևույթներ, որոնք համարում են անթույլատրելի և փորձ է արվում ներկայացված ընտրական օրենգրքի նախագծով տալ լուծումներ, որոնք, ըստ իրենց, «կվերացնեն այն հնարավոր թերությունները, որոնք այսօր առկա են ընտրական գործընթացում»: Ավելին՝  նոր ընտրական օրենսգրքի նախագիծը մեկ այլ նպատակ ևս հետապնդում է. ստեղծել այնպիսի դաշտ, այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են ընձեռում շատ մեծ ճշտությամբ վերականգնել ընտրական պատկերը, պարզել՝ որ ժամին ինչ է տեղի ունեցել:

Ինչպե՞ս է ձևավորվելու Ազգային ժողովը

Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ընտրություններին, խորհրդարանի ձևավորմանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Ըստ նրա՝ երբ խոսում են համամասնական ընտրակարգի մասին, պետք է մարդիկ հասկանան, որ համամասնական ընտրակարգն ունի տարբեր եղանակներ և այդ ընտրակարգն ամենատարածվածն է եվրոպական երկրներում:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի կարելի համարել, թե մեր երկրում լիովին կայացած կուսակցություններ կան, որ ներկուսակցական ժողովրդավարությունը հստակ գործում է: Ըստ այդմ՝ եթե նախագիծն ընդունվի, ապա ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով՝ հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:

ՀՀ տարածքը բաժանվելու է 13 ընտրական տարածքների. յուրաքանչյուր մարզ ներկայացնելու է մեկ տարածք, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը դիտարկվելու են համատեղ մեկ տարածք: Երևան քաղաքը բաժանվելու է 4 տարածքների:

Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրելու է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ՝ յուրաքանչյուր տարածքի համար (թվով 13): Նրանք ներկայացնելու են  նաև  թեկնածուներ և ձևավորելու են կուսակցության ընտրական ցուցակները:

Յուրաքանչյուր կուսակցություն, դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ: Ընդ որում՝ նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 15,000 ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու:

Իսկ համապետական ընտրական ցուցակը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս, որը վերաբերելու է ազգային փոքրամասնություններին:

Կուսակցությունը, դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմելու են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում: Յուրաքանչյուր ընտրող ընտրելու է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածուի: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին:

Ազգային ժողովի մանդատները բաշխվելու են այն կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7% կողմ ձայներ:

Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը պետք է ընտրվի համապետական ցուցակներից, մյուս կեսը՝ տարածքային:

Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների, դաշինքների հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54%-ը ստանալու համար:

Օրենքի նախագծով նախատեսված է նաև երկրորդ փուլ, որն ունի «խուճուճ» կարգավորում: Այսպես. երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, դաշինքները: Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, դաշինքը, որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:

Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը, դաշինքը կամ նոր դաշինքը, որը առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 54%-ից պակաս ձայներ, ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ՝ «բոնուս», որ արդյունքում այդ կուսակցության, դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54%-ի: Այս փուլն ընդամենը մեկ՝ 54%-ի հարց է լուծում: Իսկ այստեղ պարտվողներ չեն լինելու: Երկրորդ փուլ անցածները ևս հայտնվելու են խորհրդարանում:

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ սա հետաքրքիր մոդել է, ինչը կնպաստի տարածքներում կուսակցությունների ակտիվացմանը: Իսկ «բոնուսի» էությունն այն է, որ Սահմանադրությամբ նախատեսված է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Ինչ վերաբերում է հենց 54%-ի վրա կանգ առնելուն, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ թիվն արդեն օգտագործվում է մեկ այլ երկրում՝ Իտալիայում, իսկ կայուն մեծամասնության հասկացության մասին խոսվում է հենց իտալական մոդելում:

Դ. Հարությունյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է «բոնուսներ» տալ նաև խորհրդարանում հայտնված քաղաքական փոքրամասնությանը: Նպատակն այն է, որ վերջինիս մանդատների թիվն անցնի 33% սահմանագիծը՝ դրանով հնարավորություն տալով գործածել այն մեծանիզմները, որը Սահմանադրությունը նախատեսել է հենց  փոքրամասնության համար:

Գունավոր քվեաթերթիկների փոխարեն՝ կողային նշագրում

Նոր ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու նպատակով նոր կարգավորումներ են ներմուծվել: Մասնավորապես` կանոնակարգվել են ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման հարցերը։ Ինչպես հավաստիացնում են հեղինակները՝ նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց և վերահսկելի պայմաններում:

Յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է «տարբերակված» քվեաթերթիկ: Թեև բոլոր քվեաթերթիկների գույնը նույնն է լինելու, սակայն քվեթերթիկի կողային հատվածում, կախված կուսակցությունից, լինելու է տարբեր մակարդակներում արված նշագրում: Քվեաթերթիկի վրա մեծ չափով գրվելու է նաև կուսակցության համարը, որը կուսակցությանը տրվելու է հենց գրանցման պահին: Նպատակն այն է, որ կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկը չհայտնվի այլ կուսակցության քվեաթերթիկի վրա և չհաշվարկվի վերջինիս օգտին:

Նշենք, որ սկզբնական շրջանում առաջարկվում էր առանձին գույնի քվեաթերթիկներ, որը պետք է հնարավորություն տար չխառնել քվեաթերթիկները մյուս կուսակցությունների քվեաթերթիկների տրցակներին՝ քվեարկության ամփոփման փուլում:

Կարմիր, կանաչ. Մեկը՝ մուտք ընտրախուց, մյուսը՝ ոստիկանություն

Փոփոխություն է լինելու նաև ընտրողի ինքնությունը ստուգելու, ընտրողների գրանցման հարցում: Ներկայիս գործող կարգը բավականին բարդացվել է: Մասնավորապես, սահմանվել է, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ և լիազորված քվեարկությունն արգելվում է:

Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին: Մասնագետը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ներմուծում այն ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքի մեջ: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցվում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և եթե առ այդ պահը անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը և էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Ընտրողը թողնելու է նաև իր մատնահետքը սարքի վրա, որը պահվելու է հիշողությունում:

Այն դեպքում, երբ էկրանին վառվի կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվելու է քվեարկության կտրոն, որի վրա գրվելու է ընտրողի անունը, ազգանունը, ընտրողների ցուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, կտրոնի հերթական համարը, եթե շտեմարանում եղել է անձի լուսանկարը, ապա նաև այդ լուսանկարը, ընտրողին գրանցելու ժամը:

Իսկ եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ինչպես նաև իր որևէ անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա սարքի վրա վառվելու է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվելու քվեարկության սենյակից, հանձնաժողովի նախագահը ընտրական տեղամաս է հրավիրելու ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձեռնարկելու են օրենքով սահմանված միջոցառումներ:

Նույնիսկ զինվորականները թողնելու են իրենց մատնահետքերը, բայց նրանց դեպքում այլ մանրամասներ չեն հրապարակվելու, օրինակ՝ անուն-ազգանունը: Սակայն, քվեարկության կտրոնի վրա պարտադիր լինելու է զինվորական ցուցակում առկա համարը, քվեարկության համարը, ժամը և այլն, որպեսզի անհրաժեշտության դեպքում պարզեն քվեարկողի անձը:

Բոլոր քվեարկողների մատնահետքերը հավաքվելու է մեկ տեղում և սարքը ստուգելու է, օրինակ՝ քվեարկությանը մասնակցած 1 մլն մարդու մատնահետքերի համընկնում առկա, թե ոչ: Պրակտիկորեն հնարավոր է, օրինակ՝ թիվ 1/10 ընտրատեղամասի ընտրողը քվեարկի նաև թիվ 13/5 ընտրատեղամասում: Սարքը ցույց է տալու այդ համընկնումները և երևալու է, թե ով է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ համընկնումները հաշվի է առնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այդ տվյալներն ուղարկվելու են իրավապահ մարմիններին:

Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով «անձնագիր կարդացող» սարքի առավելությունները, նշեց, որ կախված պահանջներից, էլեկտրականության անջատումների դեպքում դրանք կարող են առանց հոսանքի աշխատել 2-10 ժամ: Բացի սարքը, նշումներ են կատարվելու նաև թղթային մատյաններում, որպեսզի սարքի խափանումների դեպքում գործընթացը կաթվածահար չլինի:

Ի վերջո, գրանցումը հաջող ավարտելուց հետո բոլոր կուսակցությունների քվեաթեթիկների տրցակը ստանալով ընտրողը մտնելու է քվեախուց, որտեղ ծրարի մեջ դնելու է քվեարկած ընդամենը մեկ քվեաթերթիկ: Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենալու է քվեատուփին, որտեղ հանձնաժողովի անդամը ծրարի վրա փակցնելու է ինքնասոսնձվող դրոշմապիտակ: Միայն դրոշմապիտակներով առկա քվեաթերթիկներն են համարվելու վավեր: Իսկ դրոշմապիտակ տրվելու է քվեարկության կտրոնի առկայության դեպքում՝ այն ընտրողից վերցնելու պայմանով: Բոլոր դրոշմապիտակները հաշվառվելու են, դրանց վրա լինելու է ընտրատեղամասի համարը:

Դավիթ Հարությունյանի ասելով՝ եթե նույնիսկ մեկ դրոշմապիտակի շեղում լինի, ապա այդ մասին ևս պետք է տեղեկացվեն իրավապահ մարմինները:

Ընդդիմությունը թերահավատորեն է մոտենում իշխանությունների «բարեփոխումներին»: Նրանց տեսակետին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (3)

Հարութ
//Էլեկտրոնայն սարքը ցույց է տալու ... ինքնասոսնձվող դրոշմանիշը բացառելու է ..եւ այլն// Պա՜հ, բոլոր չտեսները հիպնոսացան!: Հերիք չեղավ անամոթությունը: ՑԱՆԿԱՑԱԾ ՍԱՐՔ ՈՒ ՄԻՋՈՑ ԱՆՕԳՈՒՏ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՍՏԻ ՈՒ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
Արման
Իսկ ընտրողն ի՞նչ է անելու մնացած քվեաթերթիկները․Ընդունենք ստացավ 6 թերթիկ, 1 դրեց ծրարի մեջ, մյուս 5 թերթիկն ի՞նչ է անելու․ Եթե հանձնելու է հանձնաժողովի անդամին, ապա ընտրությունները կլինեն լրիվ վերահսկելի, հանձնաժողովի անդամը տեղում կիմանա, թե ում օգտին է քվեարկել ընտրողը, և եթե գումար են բաժանել, ապա ընտրողը կամ պիտի ընտրի նրան ում համար գումար է վերցրել, կամ էլ կունենա պրոբլեմներ։ Այսինքն սպասվում են կաշառքներ և վերահսկվող ընտրողներ։
գյուղական ինտիլիգենտ
Դուք եք որ կաք, լավն եք, անփոխարինելի եք, խելոք ու ճարպիկ եք, հավերժ ու անմահ եք եւ ոչինչ .... որ մարդ չեք! Աստված սիրեք, գոնե ազատեք ժողովրդին ձեր մեյմունություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter