HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Sololearn` ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակն աշխարհում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ հաջողություններ գրանցած Sololearn (Սոլոլըրն) հայ-ամերիկյան ընկերությունը երկու տարի է` ներկայանում է հավելվածով, որն անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն է տալիս: Հավելվածն անգլերեն է, նախատեսված է ոչ միայն մասնագետների, այլև ծրագրավորման մասին գաղափար չունեցող սկսնակ սովորողների համար: Այն հասանելի է Android, IOS, Windows Mobile և Web համակարգերում: 2015 թվականի դեկտեմբերին Sololearn-ը ճանաչվել է ԱՄՆ-ի Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը: Ընկերության ստեղծման և հաջողության բանաձևի մասին զրուցեցինք համահիմնադիր-տնօրեն Դավիթ Քոչարյանի հետ:

-Ինչպե՞ս ծնվեց Sololearn-ի գաղափարը:

-Ծրագրավորումն այսօր աշխարհում դառնում է ֆունդամենտալ գիտելիք: Ցանկացած մարդ՝ անկախ մասնագիտությունից, ծրագրավորման ոլորտի գոնե հիմնական գիտելիքները պետք է ունենա՝ շուկայում ավելի մրցակցային դառնալու համար: Մյուս կողմից` սկսնակ ծրագրավորողների համար ուսուցման և պրակտիկ գիտելիքների տրամադրման հարթակ ստեղծելու անհրաժեշտություն կա: Նման հարթակներն ամբողջ աշխարհում հիմնականում թիրախավորում են կայացած ծրագրավորողների: Կան տարբեր ծրագրեր, որտեղ նրանք քննարկումներ են ծավալում, նախագծեր են ստեղծում և այլն: Բայց սկսնակների համար դժվար է այդտեղ մուտք գործել: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք ստեղծել նման մի պլատֆորմ, որտեղ սկսնակ ծրագրավորողը կարող է սովորել, փորձեր անել, նախագծեր ստեղծել և քննարկել դրանք մյուսների հետ: Այդպես ստեղծվեց Sololearn-ը:

-Սովորել եք ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Մեր ուսումնական հաստատություններում ստացած գիտելիքը բավարա՞ր է ծրագրավորման ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար:

Իմ կարծիքով՝ այդ խնդիրը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում: Համալսարանի գիտելիքներով մասնագետ չես դառնա: Այն տալիս է տեսական գիտելիք, որն, անշուշտ, անհրաժեշտ է՝ ֆունդամենտալ բազա ստեղծելու համար, բայց ծրագրավորման և նման այլ ոլորտներում կարևորը պրակտիկան է: Ծրագրավորողը պետք է փորձնականում կիրառի իր գիտելիքները, տարբեր նախագծերի վրա աշխատի, իրական խնդիրներ լուծի: Դա անընդհատ պրոցես է: Նույնիսկ կայացած ծրագրավորողները միշտ նոր բան ունեն սովորելու: Ես երկրորդ կուրսից սկսած` աշխատել եմ, նույնիսկ երկու աշխատատեղ ունեի: Դասերից հետո գնում էի աշխատանքի, փորձում էի հնարավորինս շատ օգուտ քաղել:

-Ի՞նչ քայլերով գաղափարը կյանքի կոչվեց:

-Երբ ստեղծվեց գաղափարը, թիմում երեք հոգի էինք: Որոշեցինք ծրագրի նախնական տարբերակը ստեղծել: Առաջին կուրսը HTML-ն էր, ամենահեշտն էր, բայց մի փոքր երկար տևեց: Մի քանի ամսում ստեղծեցինք, աշխատեցինք բովանդակության վրա, թե ինչպես պետք է մատուցվեր ծրագիրը, փորձարկեցինք ընկերների, ծանոթների շրջանում, փոփոխեցինք, և մոտ երկու տարի առաջ թողարկվեց առաջին տարբերակը: Այն լավ արձագանքի արժանացավ: Քանի դեռ նոր էինք շուկայում, շատ բան չգիտեինք: Կարծում եմ՝ ստարտափերի համար ամենակարևորը փորձարկումն է: Թերությունների վրա պետք է աշխատել, բարելավել: Արձագանքների հիման վրա սկսեցինք զարգացնել ծրագիրը, նոր կուրսեր ստեղծեցինք և այսօր մոբայլ ամենամեծ հարթակն ենք աշխարհում, որ սովորեցնում է ծրագրավորում:

-Sololearn-ի կարգախոսն է. «Սովորի՛ր խաղալով, խաղա՛ սովորելով»: Ի՞նչ է սա ենթադրում:

-Խաղի ձևով ուսուցումն ավելի արդյունավետ է: Երեխաներն էլ ավելի հեշտ սովորում են խաղալով, քան դասարանում նստած կամ լեկցիա գրելով: Ամբողջ հավելվածը ստեղծված է խաղի սկզբունքով. հավաքում ես միավորներ, մրցում ես մյուս սովորողների հետ, բացում ես տարբեր մակարդակներ, հաջողություններ ես գրանցում, այլ կերպ ասած՝ ստեղծում ես քո վիրտուալ ես-ը ծրագրավորման ասպարեզում: Սկսնակները ուսուցումը սկսում են հեշտ կուրսերից, իսկ փորձառու ծրագրավորողները հնարավորություն ունեն սկսելու ավելի բարդ մակարդակներից, որոնք իրենց պետք են:

-Համաշխարհային պրակտիկայում կա՞ր Sololearn-ի նախատիպը, թե՞ բացառապես ձեր մտահղացումն է:

-Նմանատիպ ծրագրեր շատ կան, բայց հիմնական խնդիրն այն է, որ ամբողջապես մի տեղում այդ ամենը չի տրվում: Կան առանձին հարթակներ, որոնք օնլայն տարբերակով սովորեցնում են ծրագրավորում, բայց միայն տեսական ձևով, ինչպես համալսարանում: Այլ հարթակներում մարդիկ աշխատում են պրակտիկ նախագծերի վրա կամ քննարկում են ծրագրավորմանն առնչվող հարցեր: Մենք փորձում ենք այդ ամենը բերել մի տեղ: Եվ հիմնական առավելությունն այն է, որ փորձում ենք այնպես անել, որ մարդիկ առանց համակարգչի, հեռախոսի միջոցով ցանկացած վայրում նոր բան սովորեն, փորձարկեն:

-Ինչպե՞ս է իրականացվել ծրագրի ֆինանսավորումը: Հայաստանում հե՞շտ է հովանավորներ գտնել:

-Բավականին շատ են ծրագրերը, որոնք աջակցում են ստարտափերին: Կառավարությունը նախագիծ է մշակել նորաստեղծ ընկերություններին հարկային դաշտում արտոնություններ տրամադրելու համար, կան տարբեր գրանտային ծրագրեր, մրցույթներ, որոնք ֆինանսավորում են: Մենք էլ այդպես սկսեցինք: Հաղթեցինք մի քանի մրցույթում, ինչը մեզ տվեց ֆինանսական միջոցներ՝ թիմը զարգացնելու, նոր մարդկանց աշխատանքի ընդունելու համար: Մի քանի ամիս աշխատել ենք իննովացիոն կենտրոնում, որը մեզ տեղ հատկացրեց, համակարգիչներ տրամադրեց: Հաղթեցինք Կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությանբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած դրամաշնորհների մրցույթում, ինչը մեզ հնարավորություն տվեց առանձնանալու, կայանալու որպես առանձին ընկերություն: Դրանից հետո ավելի լուրջ վենչուրային ներդրումներ եղան, որոնցից մեկը հայկական «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից էր: Հայաստանում արդեն ստեղծվել է ստարտափերը սկզբնական փուլից վենչուրների փուլ հասցնելու միջավայրը:

-Ինչպե՞ս է ՏՏ ոլորտի արտադրանքը գտնում իր սպառողին: Գովազդի ինչ-որ մեխանիզմներ կա՞ն:

-Մենք մինչ օրս գումար չենք ծախսել մարքեթինգի վրա, ինչը, կարծում եմ, մեր ամենաուժեղ կողմերից է: Աճն ամբողջությամբ բնական ճանապարհով է իրականացել: Շուկայում պարզապես տեղադրել ենք հավելվածը, և այն ինքնիրեն տարածվել է: Այսօր ունենք 6 միլիոնից ավելի ներբեռնում: Անկեղծ ասած` գովազդի մասին երբեք չենք էլ մտածել, կարծում եմ՝ լավ արտադրանքը անմիջապես երևում է շուկայում, որքան էլ շատ լինեն մրցակիցները:

-Ովքե՞ր են Sololearn-ի հիմնական օգտատերերը:

-Ներբեռնումներ ունենք ամբողջ աշխարհից: Ծրագրից օգտվողների մեծ մասն ԱՄՆ-ից է և Հնդկաստանից: Պատճառն այս երկրներում ծրագրավորման ոլորտի հանդեպ մեծ ուշադրությունն է: ԱՄՆ-ում ծրագրավորման դասընթացը ներառված է դպրոցական ծրագրերում, Հնդկաստանը շատ հայտնի է ոլորտում մասնագետների քանակով: Հայաստանից էլ ունենք օգտատերեր, բայց շատ քիչ են: Հիմնական պատճառն այն է, որ հավելվածն անգլերեն է:

-Կապ պահպանու՞մ եք Sololearn-ի օգտատերերի հետ:

-Օգտվողներից օրական հարյուրից ավելի էլեկտրոնային նամակ ենք ստանում՝ տարբեր առաջարկներով, նաև` խնդիրների մասին, որ իրենց մոտ ծրագրում ինչ-որ բան լավ չի աշխատում: Հավելվածն այդպես էլ զարգանում է: Անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ծառայությունից օգտվողները գոհ լինեն: Դրա շնորհիվ մեր հավելվածների ցուցանիշները շատ բարձր են՝ 5-ից 4.8, 4.9: Նման հաջողությամբ հավելվածներ քիչ կան աշխարհում: Մեր օգտատերերի արձագանքը մեզ համար ամենակարևոր բանն է:

-Քանի՞ աշխատակից ունեք թիմում: Ի՞նչ սկզբունքով եք ընտրում նրանց:

-Այսօր թիմում 9 աշխատակից ենք, 6-ը՝ ծրագրավորողներ, 1-ը՝ բովանդակության կառավարիչ, 1-ը՝ սոցիալական հարթակների (Ֆեյսբուք, Թվիթեր) պատասխանատու, և ևս 1 աշխատակից, ով զբաղվում է ֆինանսական հարցերով: Թիմը կազմվել է՝ հաշվի առնելով մարդկանց պոտենցիալը: Դժվար է այսօր Հայաստանում գտնել այն կադրը, որը փնտրում ես, քանի որ մրցակցությունը շատ մեծ է: Բոլոր IT ընկերությունները փնտրում են լավ մասնագետների: Մենք ընտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր աճելու, զարգանալու միտում ունեն, ինչն էլ իրականացվում է աշխատանքի ընթացքում:

-Որքանո՞վ է շահութաբեր Sololearn–ը:

-Մեր ծառայությունը լիովին անվճար է տրամադրվում: Աշխատում ենք սոցիալական հարթակների մոդելով, ինչպիսին են Ֆեյսբուքը կամ Ինստագրամը: Այժմ փորձում ենք հավաքագրել միլիոնավոր օգտվողների, դրանից հետո կկիրառվեն շահույթ բերող գործիքները:

-ՏՏ ոլորտը համարվում է մեր երկրում տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Միաժամանակ, հաճախ խոսվում է ուղեղների արտահոսքի մասին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կան ոլորտում:

-Կարծում եմ՝ ՏՏ ոլորտը ամենակարևորն է մեր երկրի համար: Լինելով փոքր երկիր, ունենալով աշխարհագրական վատ հարևաններ և չունենալով բնական ռեսուրսներ՝ այս ոլորտի միջոցով կարող ենք մեծ հաջողությունների հասնել: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ՏՏ-ն, իրոք, ամենաարագ զարգացող ոլորտն է, եթե չեմ սխալվում` տարեկան մոտ 30% աճ ենք գրանցում: Հայկական IT ընկերությունները տարեցտարի շատանում են, ավելի է մեծանում արտասահմանյան ընկերությունների ուշադրությունը մեր երկրի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ուղեղների արտահոսքին, կարծում եմ՝ դա կա ցանկացած երկրում: Մարդիկ ամենուր փնտրում են ճանապարհ դեպի ավելի լավ ապագա, ինձ թվում է՝ դա վատ չէ: Մեր ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, իսկ հայաստանյան գրասենյակը համարվում է դուստր ընկերություն: Ամբողջ թիմն այստեղ է, արտադրանքը ստեղծվել է Հայաստանում, սակայն աշխարհին ներկայանում ենք ամերիկյան ընկերության անունով: Աշխարհն այսօր միացված է մեկ ցանցի միջոցով, աշխարհագրական դիրքն արդեն կարևոր չէ:                                                                               

-Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը:

-Ամենակարևորը աշխատասիրությունն է ու նվիրվածությունը: Ստարտափերում գլխավորն այն է, որ թիմը նույն ուղղությամբ մտածի, չդիտարկի դա որպես ամենօրյա պարտադիր աշխատանք: Այլ վերաբերվի դրան՝ որպես իր ստեղծածի, ինչպես սեփական երեխայի, որին պետք է խնամել, մեծացնել, ուշադրության կենտրոնում պահել՝ անկախ զբաղվածությունից: Մենք այդ առումով բախտավոր ենք: Ամբողջ թիմը մտածում է, որ ստեղծում ենք գլոբալ արտադրանք, որը փոխելու է աշխարհը դեպի լավը:

-Զարգացման ի՞նչ միտումներ ունեք:

-Զարգացումը կապված է հիմանականում սոցիալական բաղադրիչի հետ: Փորձում ենք աշխատել ծրագրի ոչ միայն ուսումնական մասն ապահովելու, այլև սովորողների միջև շփում ստեղծելու ուղղությամբ, որպեսզի օգտվողները զգան իրենց մեծ համայնքի անդամ, կարողանան հաղորդակցվել միմյանց հետ: Ուզում ենք դառնալ սոցիալական մեծ հարթակ ծրագրավորման ոլորտի մասնագետների և սկսնակների համար:

Մարինե Ստեփանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter