
Հայաստանում ստեղծվել է առաջին QR գրադարանը
Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Այս մասին տեղեկացնում է Ucom ընկերությունը: Մեկ մետր տրամագծով և 260 սմ բարձրությամբ գլանաձև գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են բուհի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված "QRreader" հավելվածի միջոցով հնարավորություն ունեն անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում:
«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարևոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների և մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», - նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Բացի գրադարանի կառուցումից Ucom ընկերությունը բուհի տարածքում ապահովվել էնաև Wi-Fi ծածկույթ:
Մեկնաբանել