HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բժիշկների պայքարն ապրիլյան պատերազմում

Ապրիլի 2-ից սկսած՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալն ընդունել է բազմաթիվ վիրավոր զինվորների։ Պատերազմի օրերին բժշկական ողջ անձնակազմը տուն չի գնացել․ նրանք մոտ երկու շաբաթ գիշեր-ցերեկ գտնվել են առաջնագծում վիրավորված զինվորների կողքին։ Քառօրյա պատերազմի արդյունքում Կենտրոնական կլինիկական հոսպիտալ բերված վիրավոր զինվորների շրջանում մահ չի գրանցվել։

«Հետքը» նկարահանել է բուժծառայողների աշխատանքը, ովքեր պատմում են իրենց զգացումների, դժվարությունների և հաղթանակների մասին՝ ապրիլյան մարտերի ընթացքում։

Վնասվածքաբանական բաժանմունքն ամենաշատն է վիրավորներ ընդունել։ Այս պահին նրանց մեծ մասի վիճակն արդեն բավարար է, իսկ շատերը քայլում են։ Այս բաժանմունքում կատարվել են բարդագույն նյարդաբանական վիրահատություններ՝ զինվորների վիրավոր վերջույթները պահպանելու նպատակով։ Բժշկական թիմին ոչ միշտ է հաջողվել խուսափել անդամահատելու որոշումից, բայց հիմնականում նրանք կարողացել են պահպանել տղաների վնասված վերջույթները։

Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ հրազենից ստացած վնասվածքը մեծապես տարբերվում է կենցաղայինից։ Ընկնելու հետևանքով առաջացած կոտրվածքն ավելի հեշտ է վերականգնել, քան ականանետից վնասվածը։ 

«Գրագետ առաջնային բուժօգնությունը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման փուլերում։ Դիրքերում և մարզային հոսպիտալներում ճիշտ առաջնային բուժօգնության շնորհիվ մենք այստեղ կարողանում ենք իրականացնել մեծ, ծավալային վիրահատություններ։ Դա հանգեցնում է նրան, որ վիրավորները շատ շուտ ապաքինվում են»,- ասում է բժիշկ Ժամագործյանը։

Լևոն Ժամագործյանը դեռևս 1994թ-ից վիրահատություններ է իրականացնում վիրավոր զինվորների ու կամավորների շրջանում, բայց ամեն անգամ, երբ նոր վիրավոր են բերում, բժիշկը գոտեպնդում է ինքն իրեն, որ կարողանա զինվորի ուշադրությունը ցավից շեղել․ «Զինվորը նման ցավերի մեջ երբ գալիս է, դուք չեք պատկերացնի, թե ինչ հայացքով է նայում քեզ։ Կարծես խնդրի, որ փրկես իրեն այդ վիճակից։ Իրենք երիտասարդ են, իրենց թվում է՝ վերջ, կյանքը վերջացավ։ Փորձում եմ այդ րոպեները հումորի տալ, սրտապնդել տղաներին։ Ծանր է, հեշտ չէ․կարևորը, որ տղաները լավ լինեն, վերադառնան  ընտանիք և շարք»,- ասում է Լևոն Ժամագործյանը։

Վնասվածքաբանական բաժանմունքի ավագ բուժքույր Զինաիդա Գրիգորյանը և բժիշկ Լևոն Ժամագործյանը 22 տարվա թիմակիցներ են։ Նրանք վիրահատում և բուժում էին դեռևս 1990-ականների արցախյան պատերազմի վիրավորներին, իսկ հիմա շարունակում են նույն գործն առաջնագծի զինվորների համար։

Բուժքույր Զինաիդա Գրիգորյանը 1994-ի կռվում կորցրել է ամուսնուն, իսկ անցյալ տարի դիվերսիոն ներթափանցման արդյունքում դիրքերում մահացու վիրավորում է ստացել նրա թոռը։ Բուժքույրն ասում է, որ ինքը կարողանում է գոտեպնդել վիրավոր զինվորների մայրերին, քանի որ լավ է հասկանում նրանց հոգեվիճակը։

«Եւ մամայություն եմ անում, եւ տատիկություն եմ անում, եւ բժշկություն։ Ես ինքս պատերազմի մասնակից եմ, շատ դժվար ճանապարհ եմ անցել։ Դա է պատճառը, որ կարողանում եմ հասկանալ և զինվորներին, և նրանց մայրերին։ Շատ կարևոր է վիրավոր զինվորին հոգեբանորեն գոտեպնդելը։ Խիստ լինելն էլ է անհրաժեշտություն, բայց այդ ցավերի մեջ նրանք առաջին հերթին հոգեբանական աջակցության կարիք ունեն»,- ասում է Զինաիդա Գրիգորյանը։

Կրծքային վիրահատության բաժանմունքում առաջնագծից բերված մեծ թվով զինվորների կյանքեր են փրկվել վերջին ամսվա ընթացքում։ Բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանի երեխաները ապրիլյան ծանր օրերին քաղցրավենիք էին բերում հոսպիտալ, որ կարողանան մի քանի րոպեով հանդիպել հոր հետ։ Բժիշկ Ոսկանյանն ասում է, որ վիրավոր զինվորներից յուրաքանչյուրն անընդհատ իր մտքում է․ «Դու չես կարող չմտածել, անընդհատ, ամեն վայրկյան հիվանդների մասին ես մտածում։ Եւ ոչ միայն ես․ մեր ամբողջ բուժանձնակազմը։ Մենք բուժքույրեր ունենք, ովքեր լավատեղյակ են ամեն հիվանդի ոչ միայն առողջական վիճակի, այլ նաև ընտանեկան և սոցիալական դրության»,- ասում է բժիշկը։

Քառօրյա պատերազմի օրերին զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի աշխատանքն ամենալարվածն էր ու պատասխանատուն։ Այս բաժնի բժշկական անձնակազմը 14 օր տանը չի գիշերել։ Նրանց օգնության են եկել նաև մյուս բաժանմունքների բուժաշխատողները։ Բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը հայտնում է, որ ապրիլի 2-ից իրենք ընդունել են 23 վիրավորների՝ հիմնականում անգիտակից և ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանց մեծ մասն արդեն այլ բաժանմունքներում ապաքինվում է, իսկ 7 զինվոր դեռ բաժանմունքում են։

«Մենք ուղղակի զարմացած ենք, թե որքան ուժ կա մեր տղաների մեջ։ Որոշ դեպքերում մտածել ենք, որ հիվանդն ընդհանրապես այդ վիճակից դուրս գալ չի կարող, բայց զարմացած ենք մնացել, թե ինչ մեծ թափով են ապաքինվել»,- ասում է Գայանե Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter