Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Շեշտը պետք է դնել ոչ թե բանակցային գործընթացի վերակենդանացման, այլ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու վրա»



Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետ

-Պարոն Բաբայան, մեկ ամիս է՝ Արցախում իրավիճակը փոխվել է: Օրինակ, որպես արցախցի, Ձեր կյանքում ի՞նչ փոխվեց:

-Արմատական փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես եղել է այն, ինչ կարող էր կատարվել ցանկացած պահի: Որևէ վհատություն, դժգոհություն, հոռետեսություն չկա արցախցիների և ընդանրապես հայության մոտ: Ինչպես եղել ենք, այնպես էլ կանք: Պարզապես ավելի պատասխանատու ենք նայում թե՛ աշխատանքին, թե՛ կյանքին: Իհարկե, որոշ հանգամանքներ կան, որոնցից հոգեբանորեն վատ ենք զգում մեզ, քանի որ կորուստներ ունենք: Այ, սա է թերևս մեր կյանքի փոփոխության մի բաղադրամասը, որ անդառնալի կորուստների համար ողջ հայությունը ողբում է:

-Այս ընթացքում դիվանագիտական ճակատում ի՞նչ բացթողումներ ունեցանք:

-Չեմ կարծում, թե դիվանագիտական ճակատում եղել են այնպիսի բացթողումներ... Իմիջիայլոց, պաշտոնական Ստեփանակերտը, տարբեր քաղաքագետներ, քաղաքական գործիչներ լավ հասկանում էին, որ Ադրբեջանը մի օր նման ապակառուցողական քայլի է դիմելու: Եվ կարծում եմ՝ նման քայլը պետք է սթափեցնի միջազգային հանրությանը:

Մենք՝ որպես կողմ, միշտ աշխատել ենք լինել կառուցողական՝ իհարկե, երբեք չմոռանալով մեր ազգային շահերն ու մեր անվտանգության խնդիրները: Այնպես է ստացվել, որ բանակցային գործընթացն ինքնըստինքյան դանդաղ էր ընթանում, որովհետև Ադրբեջանը խոչընդոտում էր դրան: Այն, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, այն, որ խախտվել է ձևաչափը, սրանք իրենց մեջ պարունակում էին հետագա ձախողման նախադրյալներ: Իսկ հիմա Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը, չորսօրյա պատերազմը բանակցային գործընթացը բերել են այն կետի, որ պետք է սկսել գրեթե զրոյից:

-Երբ խոսում են բանակցելու մասին, ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչի շուրջ են բանակցելու:

-Ճիշտ է, Արցախն անմիջապես չի մասնակցում բոլոր փուլերին, բանակցային գործընթացին լիարժեք մասնակցություն չունի, բայց, այնուամենայնիվ, բանակցություններն ընթանում են 3 կողմերի միջև՝ գումարած Մինսկի խումբը: Եվ քանի որ մեկ հոգու հետ չէ, պետք է հաշվի առնել նաև այլ կողմի առաջարկները: Ադրբեջանը ձգտում է վերականգնել Ադրբեջանի խորհրդային հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչն ինքնին անհեթեթություն է, որովհետև ներկայիս Ադրբեջանի հանրապետությունը հրաժարվել է Ադրբեջանական ՍՍՀ-ի իրավական և քաղաքական ժառանգությունից, սակայն պահանջում է նրա վարչական սահմանների ժառանգության վերականգնում: Մեզ համար, իհարկե, այլ նպատակներ կան բանակցային գործընթացում՝ հիմնահարցի համապարփակ կարգավորում, Արցախի Հանրապետության ճանաչում, բազմաթիվ հարցերի, ինչպես օրինակ սահմանների, հստակեցում:

Կողմերի տեսլականների միջև արմատական տարբերություններ կան: Եվ բանակցություններն ընթանում են այդ երկու տեսլականները համադրելու շուրջ՝ միգուցե ինչ-որ ոսկե միջին գտնելով, որ, դժբախատաբար, չի ստացվում, որովհետև շատ դժվար է, մենք գիտեինք, որ այդքան շուտ չի էլ ստացվելու, բայց միջազգային հանրությունը շարունակում է այս ուղղությամբ իր քաղաքականությունը վարել և քայլեր ձեռնարկել:

-Բանակցային գործընթացը հիմա ի՞նչ փուլում է:

-Գրեթե փակուղային:

-Ճի՞շտ եք համարում միջազգային հանրությունից ակնկալիքներ ունենալը:

-Միջազգային հանրությունը պետք է ունենա իր դերակատարումը, բայց, դժբախատաբար, միջազգային հանրությունն անհրաժեշտ սկզբունքայնություն դեռևս չի դրսևորում: Հույս ունենք, որ դեռևս:

-Քառօրյա պատերազմից հետո սկսեցին խոսել հատկապես Կազանի փաստաթղթի կենսունակության մասին: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ փաստաթուղթ է դրվելու բանակցային սեղանին:

-Ադրբեջանն այնպիսի հարված է հասցրել բանակցային գործընթացին, որ հիմա շեշտը պետք է դնել ոչ թե բանակցային գործընթացի վերակենդանացման (իհարկե, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք), այլ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու վրա՝ առանց սկզբնական փուլում բանակցային գործընթացի վերսկսման: Ավելի կարևոր է խաղաղության և կայունության պահպանումը: Միայն դրանից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի վերակենդանացման մասին:

Իսկ այդ դեպքում խոսել ինչ-որ քաղաքական սցենարների տարբերակների մասին, անտրամաբանական է, որովհետև բանակցային գործընթացը պետք է սկսել ամենաստորին օղակից՝ գրեթե զրոյական մակարդակից: Եվ այստեղ առանցքային է, օրինակ, այն մեխանիզմների ներդրումը, որը թույլ կտա ֆիքսել, թե զինադադարի ռեժիմը ով է խախտում, և հնարավորինս պահպանել զինադադարի ռեժիմը: Սա պետք է լինի հիմքը, որի վրա պետք է կառուցել բանակցային գործընթացի այլ բաղադրամասեր: Այդ սկզբնական շերտը երկար տարիներ անտեսված է եղել: Դրա համար նշում ենք, որ պետք է չանտեսել, պետք է սկսել աշխատել այս ուղղությամբ:

-Պարոն Բաբայան, վերջին 2-3 շաբաթների ընթացքում սկսել են խոսել, այդ թվում՝ ՀՀ իշխանական ներկայացուցիչներից, մի քանի շրջանների վերադարձի մասին: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է: Եվ կասե՞ք, թե որն է փոխզիջումն այդ պարագայում:

-Նախևառաջ Մինսկի խմբում ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորման փիլիսոփայությունը հիմնված է կարևոր մեկ գաղափարի վրա՝ համաձայնեցված չէ ոչինչ, եթե համաձայնեցված չէ ամեն ինչ: Բանաձևը սա է, եթե գոնե մեկ ստորակետ համաձայնեցված չէ, ուրեմն, համաձայնեցված չէ ոչինչ: Բոլոր որոշումները պետք է կայանան կոնսենսուսի հիման վրա: Իսկ փաստաթղթեր կոչվածներն առաջարկներ են, պայմանագրեր չեն, մանավանդ, բանակցային գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձևաչափով, որտեղ Արցախը մասնակից չէ:

Երկրորդը՝ իհարկե, մենք կողմնակից ենք համապարփակ կարգավորման, որը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա: Ժամանակ է եղել, երբ որոշ քաղաքական գործիչներ առաջարկում էին վերադարձնել ինչ-որ շրջան, և դրա դիմաց Ադրբեջանն իբր պետք է բացեր Արցախ-Ադրբեջան ընթացող գազատարը կամ նավթամուղը: Բայց սա համարժեք զիջում չէ, որովհետև վաղը գազատարն ու նավթատարը կարող է փակել, իսկ մենք չենք կարող վերադարձնել տարածքը:

Այսպիսի ագրեսորի, այսպիսի աննորմալ պետության հետ չեն կարող աշխատել անվտանգության երաշխիքները կամ նախապայմանները: Այն չի թաքցնում, որ ուզում է հոշոտել, ոչնչացնել մեզ: Հետևաբար, մենք միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա՝ ոչ սահմանների, ոչ էլ կարգավիճակի առումով: Մեզ համար սա ամբիցիաների խնդիր չէ: Իմիջիայլոց, ժամանակին դա Սախարովն է ասել: Մինչդեռ Ադրբեջանի համար դա ամբիցիաների հարց է: Մեզ համար տարրական անվտանգության խնդիր է: Ո՞նց կարող է Արցախը վերադառնա 1991 թ.-ի կամ ԼՂԻՄ-ի սահմաններին:

Այդ սահմաններում Արցախը չի կարող գոյատևել, կենսունակ չէ որպես անկախ պետություն: Դա պարզ է բոլորի համար: Ո՞նց կարող է Ադրբեջանը տիրանալ, ասենք, Քարվաճառին, որտեղ սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է: Իսկ եթե թունավորե՞ն: Մանավանդ, որ պատերազմի ժամանակ Ստեփանակերտի ջրատարն էին թունավորել և հիմա ամեն տեղ ասում են, թե Քարվաճառում հայերը թաղում են Մեծամորի ատոմակայանի թափոնները: Իհարկե, դա այդպես չէ, բայց վաղը մի ռադիոակտիվ թափոն կարող են գցել և ասել, որ դուք եք արել: Հասկանո՞ւմ եք՝ այսպիսի խնդիրներ կան, և որևէ մեկը չի կարող ապահովել անվտանգության երաշխիքներ մեզ համար: Մենք ինքներս պետք է ապահովենք դրանք:

-Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը համարո՞ւմ եք հրատարապ հարց այս փուլում:

-ԼՂՀ-ի անկախության ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Ես համաձայն եմ, որ Հայաստանը չպետք է առաջինը լինի: Հայաստանը լինելու է առաջինը, եթե Ադրբեջանը պատերազմ հայտարարի կամ նորից լայնածավալ պատերազմական գործողություններ սկսի: Այդ ժամանակ այլընտրանք չի լինելու, բայց մինչ այդ ուրիշ պետություններ կարող են ճանաչել: Եվ այստեղ Հայաստանը ցուցաբերում է ամենաբարձ կարգի կառուցողական մոտեցում, որ այսպիսի զգայուն հարցը չի քաղաքականացնում:

-Այսինքն՝ Ձեր կարծիքով առաջանհերթ չէ՞ Արցախի ճանաչումը Հայստանի կողմից:

-Այս պահի դրությամբ ամենակարևորն այն է, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանվի, որպեսզի մեր անվտանգությունն ապահովվի: Ճանաչումը չի կարող հանդիսանալ անվտանգության ամենակարևոր բաղադրամասը: Քանի՞ չճանաչված պետություն կա: Ի՞նչ է, դա փրկե՞լ է նրանց արտաքին ներխուժումից: Իհարկե, չի փրկել: Այսինքն՝ առաջնահերթ պետք է լինի անվտանգության ապահովումը: Բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ կան:

-Պարոն Բաբայան, ասացիք՝ բանակցային գործընթացը փակուղում է, մյուս կողմից՝ հաճախ լսում ենք, որ լայնամասշտաբ գործողությունները վերսկսվելու են: Այս ամենի մասին ի՞նչ եք մտածում: Ելքը, ի վերջո, ո՞րն է:

-Ելքն այն է, որ մենք պետք է ուժեղ լինենք: Ինչքան ուժեղ լինենք, այնքան հակառակորդը չի համարձակվելու հարձակվել մեզ վրա: Տեսեք՝ քանի տարի էր պատրաստվում, և նաև ինչ-որ ձևով թերագնահատել էր մեզ՝ ասելով, թե հայերը համախմբված չեն, իրար միս են ուտում: Տեսնո՞ւմ եք՝ ոնց են չարաչար սխալվել: Մենք պետք է լինենք հզոր և պատրաստ պաշտպանելու մեր անկախությունն ու անվտանգությունը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ