HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորականում հրաժեշտ տվեցին Գարիկ Մովսիսյանին

Երեկ Տավուշի մարզի Զորական գյուղը հայրենի հողին հանձնեց 19-ամյա զինվոր Գարիկ Մովսիսյանին: Զորականում 1988 թ.-ի հայտնի դեպքերից հետո բնակություն են հաստատել Ադրբեջանի Չարդախլու գյուղից բռնագաղթած հայերը: Չարդախլուն հայտնի է որպես հայ մարշալների, գեներալների և Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք: Գարիկ Մովսիսյանի ծնողները նույնպես Չարդախլուից արտագաղթածներից են:

Գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Զոհրապ Մկրտչյանը «Հետքին» հայտնեց, որ ռադիոջոկի ավագ ռադիոհեռախոսավար, կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը զոհվել է ապրիլի 30-ի լուսադեմին՝ ժամը 5:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ: «Գարիկը շատ գրագետ, խելացի, դաստիարակված զինվոր էր: Նրա ամբողջ որակները հաշվի առնելով՝ հրամանատարությունը նրան շնորհել էր կրտսեր սերժանտի կոչում, նշանակել ջոկի հրամանատարի պաշտոնում: Հմտորեն ղեկավարում էր իր ջոկը»,- պատմեց Զոհրապ Մկրտչյանը:

Գարիկը իր ծնողների փոքր զավակն է, ծնվել է 1997 թ.-ի հունվարի 15-ին: Զորականի համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանի ասելով՝ աղքատ ընտանիքի զավակ էր: Գարիկի ծնվելուց առաջ ընտանիքը 7 տարեկան աղջնակ է կորցրել՝ Չարդախլուից Զորական տեղափոխվելուց 2 տարի անց: «Իրենք ընտանիքով թունավորվեցին, ընտանիքի մյուս անդամները փրկվեցին, փոքրիկ Գայանեն մահացավ: Վիշտը մեղմանալուց հետո բարեկամների հորդորով Անահիտը Գարիկին է ունեցել»,- պատմեց գյուղապետը:

Գարիկը զինվորական ծառայության է մեկնել 2015 թ.-ի հուլիսի 6-ին: Մինչ բանակ մեկնելը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Իջևանի մասնաճյուղում: Բանակ է մեկնել 2-րդ կուրսից: «Նա հասարակ սերժանտ չէր, ազգի ընտրյալ զավակ էր»,- բնութագրեց մայոր Զոհրապ Մկրտչյանը:

Գարիկի հայրը՝ Մնացական Մովսիսյանը, շոկի մեջ էր, չկարողացավ խոսել որդու մասին: «Ամսի 29-ին՝ ժամը 10-ին, Գարիկը զանգեց: Ահագին հետս խոսեց, մոտ 2 ժամ: Հանգիստ խոսեցինք տղայիս հետ: Ասավ՝ մամ ջան, լավ կլինի: Ամեն ինչ նորմալ կլինի: Ասաց՝ առավոտը ես նորից կզանգեմ: Մի 10 անգամ Գարիկը ինձ մամա ջան ասաց: Բոլորից հարցուփորձ արեց՝ եղբորից, հորից, տատիկից: Վերջում էլ վստահեցրեց, որ դիրքերում ամեն ինչ հանգիստ է, նորմալ է: Ասաց՝ չմտածեք: Հույս տվեց: Առավոտյան սպասում էի զանգի: Էլ զանգ չեկավ»,- պատմեց մայրը՝ Անահիտը:

Զորականի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Կարեն Փաշիկյանը 5-12-րդ դասարաններում եղել է Գարիկի մաթեմատիկայի ուսուցիչը և դասղեկը. «Շատ ուժեղ անձնավորություն էր՝ թե ֆիզիկապես, թե կամքի ուժով: Ամբողջ Զորականը այդպիսի տղա չուներ: Իմ հիշողությունից երբեք չի ջնջվի վերջին զանգի արարողությունը: Գարիկը դասարանի աշակերտների հետ պար էր բեմադրել: Այնպես խրոխտ էր ինքը պարում: Դա աննկարագրելի հիշողություն է, որ մենք հիմա առանց արցունքների չենք կարողանում հիշել: Խոսքեր չեմ կարողանում ասել հրաշալի աշակերտի մասին»:

Զոհվելուց երկու օր առաջ Գարիկը դիրքերից զանգել էր նաև սիրած աղջկան: «Հեռախոսով միշտ խոսում էր ինձ հետ: Ասում էր՝ ինձ շատ է սիրում: Ասաց՝ մնացածը ծառայությունից հետո կգա գյուղում կասի: Հինգ տարի ընկերություն ենք արել»,- պատմեց Օֆելյան: Զորականից Գարիկը ծառայության է մեկնել իր 5 դասընկերների հետ: «Ծառայության 6 ամիսը լրանալուց հետո 4 ընկերներին միաժամանակ նույն ժամին զորամասից թույլ էին տվել, եկան արձակուրդ: Ընկերներով հավաքվեցին, ուրախացան: Կատակով ասացի՝ Գարիկ ջան, Արսենի հետ երկուսդ էլ Ղարաբաղից հարսնացու աղջիկ կբերեք: Գարիկը ինձ բազմանշանակ հայացքով հասկացրեց, որ Զորականում հարսնացու ունի: Շատ հումորով երեխա էր: Նրան առանց ծիծաղի չէիր տեսնի: Միշտ ժպիտը դեմքին էր: Ափսոս, հազար ափսոս Գարիկին»,- ասաց գյուղի դպրոցի տնօրեն Սիլվա Խոջայանը:  

Մորաքրոջ ամուսնու՝ Վասիլ Առաքելյանի ասելով՝ Գարիկը դիրքերում կապի գծերը ստուգելիս է զոհվել: Նաև այդ ժամանակ ընկած իր զինվոր ընկերներից է տեսել, առաջ է գնացել, որ քաշի, հանի: Այդ ժամանակ էլ հակառակորդը նրա ուղղությամբ կրակահերթ է արձակել: «Մի երկու օր առաջ հայրը գնացել էր զորամաս՝ Գարիկին տեսնելու»,- հայտնեց Վասիլ Առաքելյանը: «Ոչ մի ունևորի երեխա չկա սահմանի դիրքերում: Ու բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես ցածր աշխատավարձով ապրող, փոր հացի կարոտ ընտանիքիների երեխաներն են զոհվում առաջնագծում: Ասեմ, որ Գարիկ Մովսիսյանի հայրն էլ 1992-ի առաջին զորահավաքին կռվել է Նոյեմբերյանի դիրքում: Գարիկի մահը Զորականի վիշտն է: Այս պատերազմում դրված է հայ ժողովրդի լինել, չլինելու հարցը: Չարդախլուն մարշալների գյուղ է եղել, մենք պատրաստ ենք մեծ ու փոքրով սատար կանգնել մեր երկրին»,- վստահեցրեց Արշակ Բաղիրյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Գումարտակի հրամանատարի տեղակալ Զոհրապ Մկրտչյանը հարազատներին հանձնեց մեդալը: Զորականցիները գյուղի հրապարակում տեղադրված Չարդախլուի մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի արձանների մոտ հրաժեշտ տվեցին մեր օրերի հերոսին՝ Գարիկ Մովսիսյանին:

Մեկնաբանություններ (1)

Alek
RIP Garik.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter