HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինլանդիայի նախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցություններով

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրեց Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծեց, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը։

Քննարկվեցին մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվեց տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը:

Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրեց իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։

Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծեց, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։

Ֆինլանդիայի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter