Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Պլաստիկե տարաները «չմարսվող թույն են», բայց դրանից կարել է նաեւ օգուտներ ստանալ



«Սա բնության համար չմարսվող թույն է»,- «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի բակում կուտակված պլաստիկ շշերը մատնացույց անելով ասում է ՀՈԱԿ-ի սանմաքրման ու կանչապատման ծառայության պետ Մարատ Ղազարյանը:

Կապան քաղաքում տեսակավորված աղբահանում է իրականացվում, կենցաղային աղբի համար նախատեսված արկղերի կողքին տեղադրված ցանցապատ տարաներում առանձնացվում են պլաստիկե շշերը: Կոմունալ ծառայության շենքի տարածքում արդեն 1,5 տարի պլաստիկ թափոնի մամլիչ է տեղադրվել, որով պլաստիկե շշերը սեղմում են ու պահեստավորում: Այդ գործիքը ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ ծրագրի նվերն է Կապան քաղաքին:

Ծրագիրն իրականացրել են «Ուրբան» կայուն զարգացման հիմանդրամի հետ համատեղ, որը ներդրել է 26,600 մլն դրամ, իսկ Կապան քաղաքը համայնքային բյուջեից հատկացրել է 5 մլն դրամ:

«Այդ պլաստիկը ոչ միայն աղբարկղերում էր հայտնվում, այլեւ քամու միջոցով տարածվում էր ամենուր` փողոցներում, բակերում, գետերում, կանաչապատ տարածքներում, հանգստի գոտիներում: Պլաստիկի քայքայման համար տասնյակ տարիներ է պահանջվում, հետեւանքները վտանգավոր են շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության համար: Դրանք հավաքողները քրքրում են աղբավայրը, քաղաքային աղբավայրում հրդեհի պատճառ են հանդիսանում»,- ասում է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

«Ի՞նչ է փոխվել քաղաքում այս ծրագրի իրականացման արդյունքում»,- հարցնում եմ քաղաքապետին: Վերջինիս ասելով` ծրագիրն իրենց սպասելիքները մասամբ է արդարացրել, քանի որ բնակիչները միշտ չէ, որ դրանք առանձնացնում են, եւ պլաստիկ շշերի մի մասը կենցաղային աղբի հետ հայտնվում է աղբավայրում: Հույս ունեն, որ տարիների ընթացքում, մարդկանց մեջ այդ մշակույթն աստիճանաբար կձեւավորվի եւ կհասնեն արդյունքի: Բացի այդ, արկղերի պակաս ունեն, առայժմ միայն քաղաքային բնակավայրում են պլաստիկի համար արկղեր տեղադրված:

Կապանում մաքրությունն աչքի է զարնում: Քաղաքի տարածքով հոսող Վաչագան եւ Ողջի գետերը տարվա այս սեզոնին վարարած են, սակայն գետում ջրաբերուկներ չեն նկատվում:

«Մտավախությամբ եմ կամուրջով անցնում: Վաչագան գետի վրա սելավատար կառուցեցինք, որպեսզի գետի բերվածքները, նաեւ վարարման ժամանակ սելավները չողողեն մարդկանց տներն ու հողամասերը: Պաշտպանված լինելու համար գետը պետք է մաքուր պահենք»,- ասում է քաղաքապետը: Քաղաքապետարանը 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վաչագան գետի հունը, 920 մ երկարությամբ, մաքրել են: Ա. Հայրապետյանը նշեց, որ վերջին 20 տարիներին նման կապիտալ աշխատանք չէր արվել:

Կոմունալ ծառայության պետն իր հերթին նշում է, որ պլաստիկի առանձնացված հավաքումը, մաքրության առումով, քաղաքում փոփոխություն մտցրել է: «Լավ ծրագիր է, եթե ժողովուրդը պլաստիկե տարաներն առանձնացնի: Սկզբում շատ ակտիվ էին, բայց հետո աղբի հետ միասին են լցնում»,- նշեց նա:

Ծրագրի մաս կազմող պոլիէթիլենային տոպրակներից ձերբազատվել չի հաջողվել: Ծրագիրն իրականացնող «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը գնումների համար բազմակի օգտագործման 3000 պայուսակ է կարել ու տրամադրել խանութներին՝ մարդկանց բաժանելու համար: Սակայն ոչ բնակիչներն են հրաժարվել պոլիէթլենային տոպրակներից, ոչ էլ վաճառողները: Պրն Հայրապետյանի համոզմուքն այն է, որ արդյունք ունենալու համար մարդկանց գիտակցությունն է պետք վերափոխել:

Քաղաքապետարանում նշում են, որ քաղաքի կենցաղային աղբի 20%-ը կազմում են պլաստիկ շշերն ու պոլիէթիլենային տոպրակները: Հաշվարկների համաձայն` համայնքի բյուջեից աղբահանման համար ծախսվող ֆինանսական միջոցների 10%-ն ուղղվում էր նշված աղբատեսակի հեռացմանը: Աղբանահման ծախսերը տարեց-տարի ավելանում են եւ, եթե խնդիրը չկարգավորվեր` ֆինանսական ներդրումները պետք է շարունակ ավելացնեին:

Ա· Հայրապետյանն ասում է, որ աղբի հավաքման վարձավճարները վերջին տարիներին շեշտակի բարձրացել է, հիմա բնակչությունից եւ իրավաբանական անձանցից տարեկան 50 մլն դրամ վարձավճար են հավաքում: «Եթե դա միայն աղբահանմանն ուղղված լինի` լիովին կբավարարի, բայց 4 տեսակ կոմունալ ծառայություն ունենք, որի մեջ աղբահանումը մեկ քառորդն է կազմում: Միաժամանակ, կոմունալ ծառայությունը համայնքային բյուջեից սուբսիդավորում ենք տարեկան 184 մլն դրամի չափով, որպեսզի կարողանանք կոմունալ ծառայուն իրականացնել»,- հայտնեց քաղաքապետը:

Պլաստիկի տարաներն առանձնացնելու առանձնահատկությունը նաեւ այն է, որ մամլված պլաստիկը կարող են վաճառել եւ բյուջետային մուտքերն ավելացնել, բայց չեն շտապում:

Քաղաքապետարանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմադրամը, Բիզնեսի աջակցման կենտրոնը եւ Գործատուների միությունը համատեղ դիմել են Եվրոպական միությանը` համայնքում պլաստիկ աղբի վերամշակման ծրագիր ֆինանսավորելու համար: Մրցույթի առաջին փուլն անցել են եւ, եթե ծրագիրն իրականանա եւ վերամշակման հոսքագիծ ձեռք բերեն, պլաստիկը կվերամշակեն եւ կօգտագործեն սալիկներ ու տանիքի կղմինդր արտադրելու համար:

Նախատեսվում է ծրագրում ընդգրկել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի քաղաքները՝ Մեղրի, Քաջարան, Գորիս, Կապան, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր: Նշված քաղաքների հետ հուշագրեր են ստորագրել: Ծրագրով նախատեսվում է, այս երկու մարզերի քաղաքային համայնքներից հավաքված, մամլված պլաստիկը տեղափոխել Կապան եւ այստեղ վերամշակել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Հովհաննես Ղազարյան11:24 - 4 մայիսի, 2016
Հարգելի Սառա Պետրասյան, Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանում ՄԱԶԾ-Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ծրագրի դրամաշնորհառուն է: Շատ կարևոր է նշել դոնորներին, առանց որոնց իրականացված գործողությունները լոկ ցանկություն կլինեին: http://www.sgp.am/am/Projects?id=40
2. Ալեն Բաղդասարայն13:20 - 4 մայիսի, 2016
Հարգելի Հովհանես Ղազարյան, իսկ Հայաստանում ՄԱԶԾ-Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող հեծանիվային ծրագրի Կապանյան մասը ինչու առ այսօր ինականացված չե? Վաղուց ծրագիրը ավարտված է։
3. Ալեն Բաղդասարյան20:12 - 4 մայիսի, 2016
Կապանի քաղաքապետարանի, «Ուրբան» կայուն զարգացման հիմադրամի, Բիզնեսի աջակցման կենտրոնի եւ Գործատուների միության կողմից Եվրոպական միությանն ներկայացված համատեղ ծրագրի հիմք է հանդիսացել Սյունիքի մարզում ԵԱՀԿ գրասենյակի կողմից տրամադրված "ՀՀ Սյունիքի մարզում պլաստիկ տարաների վերամշակման կենտրոնի ներդրման ծրագիր" ծրագրային փաթեթը, որը ներառում է ծրագրային ողջ գաղափարը՝ ներառյալ բոլոր տնտեսական տվյալներն ու հաշվարկները, մարքետինգային հետազոտության արդյունքները, ներդրումային ծախսերը և արդյունավետության հաշվարկները, ծրագրի իրականացման ռիսկերը և այլ կարևոր տվյալներ:
4. Վարազ Սյունի 21:16 - 4 մայիսի, 2016
Այս աղբն առանձնացնելու ու հետո վերամշակելու ծրագիրն իրոք լավ,կարևոր ու անհրաժեշտ է: Սրանում ոչ մի կասկած:…………………… Ես արդեն մոտ 5 տարի հետևում եմ Կապանի անցուդարձին: Ինձ համար իսկապես անընդունելի ու ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ է, որ այս ամբողջ տարիների ընթաքում ո՛չ նախորդ ու ներկա քաղաքապետը, ո՛չ նախորդ ու ներկա փոխքաղաքապետը, և ո՛չ էլ նախորդ ու ներկա ավագանին մի անգամ պաշտոնական հայտարարություն կամ որոշում չկայացրին առ այն,որ Կապան քաղաքի անմիջակա՛ն գլխավերևում ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ ու մահաբեր ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՄԲԱՐ կա: Մահաբեր/թունավոր փոշին վերևի պոչամբարից գալիս լցվում է քաղաք. սա պլաստիկներից շատ ավելի լուրջ վտանգ չէ՞: «Դանդի Փրեշս Մեթալզ Կապան» հանքային ձեռնարկությունը պոչամբարը սխա՛լ կառուցեց. ու հիմա Կապանի ոսկու հանքի լիցենզիան վաճառել են ռուսական Polymetal-ին: Ժողովրդի լեզվով ասած՝ Դանդին «թռա՞վ»: Այս պոչամբարը (երկարաժամկետ) կառավարելու/չեզոքացնելու համար ՏԱՍՆՅԱԿ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ դոլարներ են պետք. ո՞վ է սա անելու: «Դանդիի» տնօրեն Ջաբրայան Հրաչը քաղաքում մի քան բարեգործություն է արել,քիչ է մնում իրեն հռչակեք «քաղաքի հերոս»: Բա իր սխա՛լ կառուցած ու մահաբեր պոչամբա՞րը: Ի՞նչու դատաիրավական գործ չի սկսված՝պոչամբարի սխալ կառուցված լինելու փաստի առիթով:
5. Վարազ Սյունի 21:28 - 4 մայիսի, 2016
Ես արդեն գրել եմ. ի՞նչու Կապանի քաղաքապետը/ավագանին որոշում չի ընդունում,որ քաղաքի բոլոր շենքերում բալկոնները-ծածկապատշգամբները ներկեն մեկ գույնով՝ օրինակ սպիտակ: Դա էլ է՞ «փողի հարց»: Ամոթ չէ՞. այդ ի՞նչ վիճակ/տեսարան է: Կամ այդ շենքից-շենք լվացքի թառերը: Կամ շենքերին կպցրած մեծացրած բալոնները. դրանք օրինակա՞ն են մեծացրել:
6. Վարազ Սյունի 21:36 - 4 մայիսի, 2016
2013 թ. մայիսին Կապանի քաղաքապետարանի և Քաջարանում գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» միջև պայմանագիր է կնքվել, ըստ որի՝ 25 ՏԱՐՈՎ՝ Կապանի Նժդեհի անվան կենտրոնական հրապարակը (մոտ 2600 քառ. մետր տարածք) հանձնվել է ԶՊՄԿ-ին՝ «բարեկարգման ու կառուցապատման նպատակով»: Այդ ո՞ր երկրում են քաղաքի հրապարակներ «հանձնում» մասնավոր ձեռնարկությունների:……………………………..ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածի 6-րդ կետ՝ «բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ)»:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ