HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարկվել է «.հայ» դոմենային գոտին

Տրանսպորտի և կապի նախարարությունում այսօր կայացավ «.հայ» հայատառ դոմենային գոտու բացման շնորհանդեսը, որի գործարկման որոշումը նախարարությունը կայացրել էր այս տարվա մարտ ամսին:

Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը շնորհանդեսի մեկնարկին նշել է, որ «...այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր կարևոր դերն ունենալ՝ բոլորիս միավորելով մեր ազգային արժեքների շուրջը»։ Գագիկ Թադևոսյանն ընդգծեց, որ «.հայ» դոմենային գոտում «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը:

Ամբողջությամբ հայատառ, ներառյալ հասցեագրման տողը, ինտերնետային կայքերի աշխատանքի սկիզբը հայերենի տարածման համար, ըստ նախարարության, մեծ նշանակություն ունի։ ««.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և ընդլայնման հարցում»,- ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Հայատառ համացանցային դոմենային գոտին տարածաշրջանում առաջիններից է՝ ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիների հետ համընթաց։ 

«.am» դոմենային անունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1994 թվականին, և այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, որին էլ հենց տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը: Վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը շնորհանդեսի ժամանակ տեղեկացրել է, որ «.հայ» դոմենի գործարկման գործընթացը սկսվել է 2012 թվականին, և ամենադժվար հարցն այն էր, թե ինչ դոմենային անուն պետք է ընտրվի. «Հնարավոր էր ընտրել, պարզապես, «.ամ»-ը հայատառ կամ այլ անուն, բայց «Ինտերնետ հանրությունում» և այլ կազմակերպություններում մոտ կես տարի քննարկումների ընթացքում որոշվեց, որ ամենագեղեցիկը « .հայ-ն է»:

Ըստ Գ. Սաղյանի՝ աշխարհում ազգային լեզուներով դոմենները սկսել են գործածվել 2008 թվականից. «Մենք, փաստորեն, 8 տարի ուշացել ենք: Նշեմ, որ սկսողը Չինաստանն էր, հետո Ռուսաստանը, այնպես որ, հայերեն դոմեն չբացելը նշանակում էր ընդհանուր զարգացման ճանապարհից հետ մնալ: Սա գործընթաց է, որն անհրաժեշտ է, առավել ևս, որ ունենք համապատասխան օրենսդրական ակտեր»:

Հայատառ դոմենի ստեղծման կարևորությանն անդրադարձել է նաև տառաստեղծ Ռուբեն Թարումյանը՝ նկատելով, որ սա, ըստ էության, սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անցնենք՝ հայացնելու համար համացանցը. «Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ի՞նչ նշանակություն ունի, թե հասցեն ինչպես է գրվում, բայց ինձ համար սա սկզբունքային է: Պատկերացրեք՝ մի հայտարարություն, որն ուղղված է հայկական լսարանին և ամեն ինչ հայերեն է գրված, բայց հասցեն ստիպված ենք լատինատառ գրել: Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչու հնարավորություն չկա գրելու հայատառ, այլ այն, որ սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կյանքի նաև այդ փոքրիկ հատվածը լինի մեր պետական լեզվով և Հայոց այբուբենով»: 

«.հայ» հայատառ դոմենային գոտում գրանցվելու համար այսօր արդեն կա 150 հայտ, որից 70-ը՝ գերատեսչություններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter