Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը»



Հարցազրույց գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: Նա 1996-98 թթ. եղել է պաշտպանության նախարարության քարոզչության և տեղեկատվության վարչության պետի տեղակալ:

Պիտի կանգնես, նայես քո ժողովրդի աչքերին ու բացատրես

-Պարոն Չարխչյան, մեկ ամիս է՝ այնքան խոսք է ասվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, որ երբեմն, թվում է, այդ թեմայով հարց տալը դառնում է անիմաստ: Կա՞ մի բան, որ, այնուամենայնիվ, դեռ չի ասվել:

-Ոչ ոք ճշմարտությունը չի կարող ասել պատերազմի մասին, որովհետև քո խոսքի ու ճշմարտության արանքում թանկ զոհերի հիշատակն է, նրանց հանդեպ մեր խոնարհումն ու երախտագիտությունն է: Եվ այդ երևույթը մեզ միշտ կստիպի շրջանցել այն, ինչ պիտի ասվի, մեզ միշտ կստիպի մանևրել, ընտրություն կատարել բառերի միջև՝ ավելի մեղմելու համար: Մերկ ճշմարտությունների մասին սովորաբար գիտենք մեր ներսում, բայց երբեք չենք համարձակվում բարձրաձայն ասել: Պատերազմն այդպիսին է, մենք մեղավոր չենք, որովհետև լավ կամ քիչ վատ պատերազմ չի լինում: Պատերազմը սարսափելի երևույթ է՝ անկախ թե ինչի համար է մղվում, արդա՞ր է, թե՞ անարդար է, ճի՞շտ է, թե՞ սխալ: Դժբախտություն է, որը փլվում է մարդու գլխին, և դու ընտրություն չունես: Դրա համար այսօր ցանկացած խոսք պատերազմի մասին թերի է: Եվ դա արդարացված է:

-Օրինակ, հիմա ի՞նչն է Ձեզ մտահոգում:

-Գիտե՞ք ինձ ինչն է մտահոգում... Եթե ասեմ հետևանքները, վաղվա օրը, իմ զավակների ապագան, շատ տափակ կհնչի: Իմ մտահոգությունը հիմա այն որոշումներն են, որոնք կայացվում են: Արդյո՞ք ճիշտ են այդ որոշումները:

Մի փոքրիկ դրվագ ասեմ այս օրերի հետ կապված. հիշո՞ւմ եք, երբ ժամանակավոր հրադադար ձեռք բերվեց, հասարակության մի շերտ ընդվզեց՝ ասելով, որ պիտի չկանգնեինք, պիտի շարունակեինք: Սովորական տարակարծություն է, բայց դրա հիմքում էլ ճշմարտություն կա: Իսկապես մտածում ես, ո՞րն էր ճիշտը, գուցե ճիշտը շարունակե՞լն էր, որը գուցե այլ ելքի կբերեր: Մարդն այսպիսի էակ է: Ցանկացած ելքի դեպքում արդյունք է ուզում: Երբ այսօր սովորական, շարքային մարդը, որ ոչ քաղաքականությունից է հասկանում, ոչ ռազմական գիտելիքներ ունի, պարզագույն տրամաբանությամբ հարցնում է՝ ես այսքան կորուստ տվեցի և ի՞նչ շահեցի, պիտի պատասխանել նրան:

-Բայց կա՞ պատասխան:

-Կան մարդիկ, ովքեր պարտավոր են պատասխանել: Մենք անընդհատ թաքնվում ենք ռազմական իրավիճակի պայմաններում գաղտնիություն պահպանելու շերտերի թիկունքում, սկսում ենք դառնալ սակավախոս և չենք ասում ամենակարևոր բաները: Դրանց մեջ ռազմական գաղտնիք չկա: Դու պիտի կանգնես, նայես քո ժողովրդի աչքերին ու բացատրես՝ ինչո՞ւ կայացվեց այս որոշումը: Որովհետև քո ժողովուրդն է կռվում այնտեղ, ինքը չիմանա՞, թե ինչի համար է թափվում այդ արյունը, ինչի համար են այդ հսկայական զոհողությունները: Մարդը պարզագույն հարցերի պատասխանների պահանջ ունի, որոնց պետք է պատասխանել: Հո չենք ասում, որ դիրքերի դասավորությունն ասեն և այլն:

Չի կարելի մարդկանց անընդհատ պահել վերջին լարի վրա

-Ինչո՞ւ չեն ասում՝ վախենո՞ւմ են, խուսափո՞ւմ են:

-Երկու պատճառ կա՝ կամ չունեն այդ պատասխանը, կամ էլ այն պատասխանը, որ պիտի ասեն, ժողովրդին չի բավարարելու, և վախենում են ժողովրդի հակազդեցությունից: Անընդհատ չի կարելի ասել մարդկանց՝ «այ, դուք չգիտեք, այնտեղ հարցեր կան, որ...»: Իսկ ո՞վ ասաց չգիտենք, ինչո՞ւ ենք թերագնահատում մեզ, գուցե շատ ավելին գիտենք:

Մարտական գործողությունների շրջանում խոսում էին ռազմական իրավիճակներում պատերազմական քարոզչություն վարելու կանոններից: Այդ ամենին հետևելով՝ իմ կարծիքն ասեմ. անգրագետ, պրիմիտիվ մեթոդներ էին աշխատում: Հազարավոր ընտանիքներ զավակներ ունեն սահմանին, պարզագույն մարդկային մղում է իմանալ, թե իմ երեխան ինչ վիճակում է: Դրա մեջ ո՞րն է ռազմական գաղտնիքը: Տարրական տեղեկատվություն է:

Երբ Սերժ Սարգսյանը հեռուստացույցով հայտարարեց 18 զոհի մասին, Հայաստանի կեսը գիտեր, որ մեր զոհերի թիվը 50-ից ավել է: Դա՞ է տեղեկատվական պատերազմը: Դա խաղ է մարդկային զգացմունքների հետ: Աննշան դետալ ասեմ. այդ օրերին Տավուշի մարզի մի գյուղի բնակիչներ գրել էին ինձ և խնդրում էին գտնել իրենց 4 երեխաներին: Նրանց մասին շաբաթներով տեղեկություն չունեին և մտածում էին, որ զոհվել են: Ինձնից ընդամենը 15 րոպե պահանջվեց այդ 4 երեխաներին ողջ-առողջ գտնել և ասել, որ հանգիստ լինեն: Իմ գտնելու փորձի մեջ ոչ մի հակաքարոզչական կամ մեր երկրի շահերը վնասելու գործողություն չկար, բայց 4 ընտանիքները և նրանց հարազատները հանգստացան: Չի կարելի մարդկանց անընդհատ պահել վերջին լարի վրա: Պետք է շատ արագ, օպերատիվ տեղեկություններ տարածես, դու պիտի լցնես անորոշությունը, որպեսզի աղբով չլցվի: Հետո արդյո՞ք պրիմտիվ չէ մարդկանց ասել. ինչ մենք ենք ասում՝ ճշմարիտ է, ինչ թշնամին է ասում՝ կեղծիք է: Այդ խաղերը վաղուց անցել են:

-Մեր զոհերին զուգահեռ հրապարակում էին հակառակորդի զոհերի թիվը և ասում՝ տեսեք, նրանց զոհերը եռապատիկ են: Եվ դա պարբերաբար է շեշտվում: Արդյո՞ք տեղին են նման վիճակագրություններով պարբերական համեմատությունները:

-Այսօր Հայաստանում չկա որևէ պատմաբան, որ հստակ կասի, թե Սարդարապատի ճակատամարտում մենք ինչքան զոհ ենք տվել, մոտավոր, իրարից շատ հեռու թվեր են ասում: Ինչքան էլ դաժան հնչի՝ պատմության համար կարևորն արդյունքն է՝ կա հաղթանակ, կա երկիրը փրկելու քայլ, իսկ թե ինչ գնով եղավ, սարսափելի անմարդկային բան եմ ասում, բայց այդպես է՝ պատմությունը չի հանդուրժում վիճակագրություն, հաշվի չի նստում դրա հետ: Ինձ համար գրոշի արժեք չունի Ադրբեջանը 18.000 զոհ է ունեցել, թե՞ 18, 40 գյուղ ավերվեց, թե՞ 35: Երբ երևույթը վերածում ես սովորական մրցության, մեր մեդալների քանակն այսքան է, նրանց՝ այսքան, մենք այսինչերորդ տեղում ենք, նրանք՝ այնինչ վարկանիշային աղյուսակում: Մեր քարոզչական պատերազմը շատ էժանագին նոտաների վրա գնաց, ավելի խորը պիտի նայեինք:

-Եվ ի՞նչ պիտի արվեր:

-Ինչի՞ համար է արվում քարոզչական պատերազմը... Հասարակական կարծիք ստեղծելու համար: Ընդ որում՝ ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրսում: Հիմա ի՞նչ բան է դրսի հասարակական կարծիքը: Օրինակ, ի՞նչ գիտեք Կոնգոյում ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, կողմերից ո՞րն է արդար, ո՞րն է անարդար: Մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ դա: Իսկ ինչո՞ւ է մեզ թվում, թե աշխարհին շատ հետաքրքիր է ղարաբաղյան պատերազմը: Ի՞նչ հասարակական կարծիքի մասին է խոսքը, երբ մեզ կրակում են, մենք կրակում ենք, հասարակական կարծիքը որտե՞ղ է կանգնած, այդ կրակոցների ո՞ր հատվածում է կանգնած՝ ոչ մի տեղում: Նրա համար միևնույնն է:

Գուցե աբսուրդ թվա, բայց նույնն է նաև դիվանագիտությունը: Վերջին 25 տարվա ընթացքում ղարաբաղյան հարցի շուրջ քանի՞ որոշում, բանաձև, փաստաթուղթ կա, եթե այդ ամբողջ թվաբանությունը հավաքեինք, այս ամբողջ փողոցը ծայրից ծայր կլցվեր: Ի՞նչ տվեց մեզ այդ ամեն ինչը, երբ այն կողմից կրակում են: Դիվանագիտությունն աշխարհում դեռ ոչ մի պատերազմ չի փրկել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի դիվանագիտական միտքն աշխատում էր կանխել պատերազմը, նույն էլ՝ երկրորդի ժամանակ, բայց չկանխեց: Միտքը չի կարող կանխել պատերազմը, երբ դու որոշել ես, որ պիտի կրակես: Պատերազմի մղումներն այլ պատճառներով են: Ոչ ոք չի կարող սահման դնել, կարգավորել: Մի ուրիշ բան ասեմ. գնացեք մեր տեղական մամուլի վերջին 2-3 տարիների համարները նայեք, տեսեք քաղաքական, պետական գործիչները, քաղաքական վերլուծաբանները, տեխնոլոգներն ինչպես էին հավաստիացնում մեզ, որ պատերազմ չի լինելու: Հիմա այդ մարդկանց խոսքն ի՞նչ արժեք ունի ինձ համար: Հիմա եթե այդ նույն մարդիկ ինձ բացատրեն, որ վաղը պետք է այսինչ բանն անել, ո՞նց կարող եմ վստահել նրանց: Երբ երկրի ղեկավարը Ռուսաստանի արտգործնախարարին հարցնում է՝ ինչո՞ւ այսպես եղավ, այդ հարցի մեջ ամփոփված է ամբողջ դիվանագիտական աշխատանքի դատարկությունը:

Բանակը կայացած կառույց չէ, այն անձնազոհ կառույց է

-Առաջնագծում մեր զինվորների գործից հետո, թվում էր, թե դիվանագիտական ճակատում մեր մեջքը կուղղվեր: Ինչո՞ւ այդպես էլ կորամեջք մնացինք:

-3 օրերի մեջ հերոսականության, անձնազոհության այդպիսի քանակություն, և այդպիսի դրսևորումներ անհնար էր պատկերացնել: 4-5 տարվա պատերազմում այդքան բան չի լինում: Երբ կարդում եմ նրանց այդ պատմությունները, զարմանում եմ: Այդ մի մատ էրեխեքի մեջ որտեղի՞ց կուտակվեց այդքան հերոսականություն, անձնազոհություն: Այ, դա մեր հարստությունն է, դա է, որ պիտի վերցնենք ու սնվենք դրանով:

Շատ անգամներ ենք լսել այս անհեթեթ արտահայտությունը՝ «մեր երկրի ամենակայացած կառույցը բանակն է»: Բանակը չի կարող լինել երկրի ամենակայացած կառույց, եթե ամբողջ երկիրը կայացած չէ: Բանակը կարող է դառնալ կայացած երկրի հանրագումարը: Պատկերացրեք՝ տուն եք կառուցում, որտեղ չորս ամուր պատեր են և էլ ոչ մի բան, և ասում եք՝ տունը կայացած պատեր ունի: Շատ լավ է, որ տունն ամուր պատեր ունի, բայց այդ խեղճ պատերն ինչքան այդպես կանգնեն, եթե ներսում բովանդակություն չկա: Էն էրեխեքը, ովքեր կանգնած են սահմանին, ամրություն պետք է զգան իրենց թիկունքում: Եվ դա պիտի լինի ամուր պետության տեսքով, բոլոր կառույցներով: Բանակը կայացած կառույց չէ, այն անձնազոհ կառույց է: Դա է խնդիրը: Բանակն արեց ավելին, քան դու արել էիր իր համար: Ինքը քեզ փրկեց:

Մենք ջահ վառեցինք, մեր ճամփան տեսանք

-Երբ մի տարի առաջ զրուցում էինք, ասացիք՝ մեր թոնիրը չի վառվում: Էս օրերին վառվե՞ց:

-Չէ, դա թոնիրը չէր: Դա ուրիշ կրակ էր: Թոնիրն այն է, որտեղ հաց է պատրաստվում, որը պիտի կերակրի քեզ: Դա թոնիր չէր, ջահի նման մի բան էր, որ ճամփա էր լուսավորում: Մենք ջահ վառեցինք, մեր ճամփան տեսանք: Եվ այդ ճամփան մեր միասնության մեջ է, պետք չէ թիկունքից օգնություն սպասել, օգնությունը դու ես քո էությամբ, քո մարդ տեսակով, քո թեկուզ թուլություններով:

Թոնիրը նոր պիտի վառենք, ջահի կրակը կբերենք, կկպցնենք կպչանին, երևի մի օր կկարողանանք հավաքվել և մեր հացը թխենք, որովհետև այս ժողովուրդն իսկապես քաղցում է: Շատ-շատ բաների քաղց ունի՝ արդարության քաղց ունի, ազնվության քաղց ունի, իր վաստակը տեսնելու քաղց ունի, լավ երկիր ունենալու քաղց ունի: Եթե չկերակրես, ինքը քեզ կուտի: Չեմ իմանում՝ հասկանո՞ւմ են վերևներում, թե՞ չեն հասկանում: Ես նույնիսկ ապշում եմ:

Մի ամիս է՝ մեր երկրի ղեկավարը չկանգնեց իր ժողովրդի առջև խոսի: Գնաց խոսեց Գերմանիայում, խոսեց գերեզմանոցում, խոսեց անվտանգության նիստին, բա մի անգամ չկանգնե՞ս քո ժողովրդին ասես՝ էս է վիճակը, պարտավոր եք իմանալ: Ո՞նց կարելի է մարդուն տեղեկություն չտալ: Ենթադրենք, էս գյուղը գրավել են, բա ես չիմանա՞մ: Կարո՞ղ է վաղը մեքենա եմ նստում ու գնում եմ այդ գյուղը: Ինչո՞ւ ամենատարրական բաները չես ասում: Բա ես քո նման ձրիակերին պահում եմ էսքան տարի իմ հաշվին, որ էդ ամեն ինչն իմանամ: Ինչո՞ւ պիտի էսօր տանը նստած ծնողը չորս կտոր լինի, չիմանա՝ իր երեխան էսօր ապրո՞ւմ է, թե՞ չի ապրում:

Մենք բոլորս գիտենք, որ ղարաբաղյան պատերազմը քաղաքական լուծում չունի: Այն միայն կռվով է լուծվելու:

-Մենք, կարծես, միշտ սպասում ենք, որ դրսից ինչ-որ մեկը կգա և կօգնի մեզ՝ Ռուսաստանը կգա կօգնի, Մինսկի խումբը կօգնի....

-Մոլորակի վրա մեկը չկա, ում մենք հետաքրքրում ենք: Բոլոր դարերի մեջ միայն ինքներս ենք կարողացել պահել մեզ: Աշխարհի մեծերի հոգսը մենք չենք: Մեր հոգսը մեր հոգսն է, արյունը մեզնից են քամում-տանում, մեր երկիրն է ավերվում: Կան մարդիկ, ովքեր մտածում են այդ մասին, այլապես հիմա փլատակների տակ կլինեինք:

Խնդիրը միայն պատերազմի մեջ չէ: Խնդիրը երկիրը երկիր դարձնելու մեջ է: Ուժեղի հետ չեն կռվում, որովհետև պարտվելու հավանականությունը մեծ է, թույլի հետ են գնում կռվելու: Կառուցենք, սարքենք, շենացնենք, դարձնենք այնքան ուժեղ պետություն, որ ոչ մեկի մտքով չանցնի մեզ հետ կռվի: Դա է պատերազմը կասեցնելու միակ ճանապարհը, ոչ թե կռվելը: Ամբողջ աշխարհի համար պարզագույն լուծումն է:

Տեսեք, թե մեր սերունդ ինչ սերունդ եղավ՝ դժբախտագույն սերունդ. տեսավ, թե ոնց է փլուզվել հսկայական կայսրությունը, երկրաշարժ տեսավ, պատերազմ տեսավ, սոցիալական դժվարություններ տեսավ, արտագաղթ տեսավ, ոչ մի լուսավոր բան չտեսավ: Լավ, հո մենք դատապարտված չէինք: Հիմա մենք տանգնապ ունենք, որ այս նույնը ժառանգում ենք եկող սերունդներին: Մենք ուզում ենք նրանց ժառանգել ապրելու իրավունք, վաստակն ունենալու իրավունք, հայրենիք հետ գալու իրավունք ժառանգենք նրանց, ովքեր դրսում են: Ո՞նց անենք դա՝ թաքնվելո՞վ, դրսի ուժեղներին օգնության կանչելո՞վ: Դա ելք չէ:

Երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը

-Եվ ո՞րն է ելքը:

-Ելքը գործն է, որն ինչ գնով էլ լինի պետք է տանել-հասցնել ավարտի : Ես հասկանում եմ՝ մի մարդու կորուստը մի ամբողջ տիեզերքի կորուստ է՝ նայած այդ մարդն ում համար ով է: Երկու երիտասարդ, առաջին կանչի ենթակա տղաներ ունեմ տանը, Աստված մի արասցե, այդ զոհը կարող է նաև իմ տղան լինել: Բայց լավ, այդ դեպքում ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ այս ամենը վերջանա: Պետք է, չէ՞, ինչ-որ ձևով վերջացնել, չի կարելի խնդրից անընդհատ փախչել, այստեղ թաքնվել, այնտեղ թաքնվել, էն հաշտության բանակցության, խաղաղության պայմանագրի, մադրիդյան սկզբունքների ետևում: Ինչքա՞ն: Մի կրակոցն այդ ամեն ինչը հողին է հավասարեցնում: Բայց էդ կրակոցն իմ էրեխու սրտին է գալիս: Սա է ամբողջ ողբերգությունը: Քանի՞ կյանք մեռնենք, որ մի նորմալ ապրել վաստակենք: Մենք էլ ենք աստծու ստեղծած, ի վերջո, մենք էլ ենք ապրել ուզում:

-Ու ի՞նչ պիտի արվի:

-Մենք պիտի մի քիչ լրջանանք: «Բաքվում թեյ խմելու» արտահայտությունները պիտի հանենք: Մենք թերագնահատում ենք մեր թշնամուն: Ինքը բավական ուժեղ և կազմակերպված էր: Լեգենդներն ու առասպելները, թե հեսա ծափ կտանք ու ամբողջ թուրքական բանակը կնահանջի՝ ևս 15 շրջան թողնելով, հեքիաթային ժանրից են: Սա պատերազմ է 21-րդ դարի նորագույն մահաբեր զենքի գործադրմամբ, որտեղ այլևս ֆիդայական պատերազմներն ու ֆիդայական կռիվները տեղ չունեն:

Նոր խոսում էինք ձեռքբերումների մասին: Ինչքան էլ զարմանալի լինի, պատերազմում կարող է նաև ձեռքբերումներ լինեն, այն համախմբվածությունը, որ կար, որ տեսանք, քի՞չ էր: Մի հարյուր տարի մեր ժողովրդին էլի հայ կպահի: Այդպիսի բաներով է երկիրը երկիր դառնում, քեզ նորից արթնացնում է, ասում է՝ ամեն ինչ մեռած չէ, դու դեռ շանս ունես, էնքա՜ն ներուժ ունես քո թիկունքում, մի հուսահատվիր: Եվ ասում է, որ երկիրը դու ես, ոչ թե քո վերնախավը, քո իշխանությունը: Նրանք գալիս-գնում են: Երկիրը դու ես, էս հողին կպած, երկրի դարդ ու ցավով ապրող մարդն է երկիրը: Ու բոլորն են զինվոր, միայն սահմանի վրա կանգնածը չէ, դաշտում աշխատողն էլ, գործարանում աշխատողն էլ, առավոտյան ժամը 9-ին աշխատանքի գնացող ու վեցին տուն եկողն էլ: Ամեն մեկն իր խրամատում իր գործը պետք է նորմալ անի, որ երկիրը երկիր մնա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Ռուզաննա11:18 - 5 մայիսի, 2016
շատ լավ էր մեկնաբանված,կեցցեք,մեր երկրին Ձեր նման մարդիք շատ են պատք,բայց շատ ափսոփ ,որ հասկացողներն են շաաաատ քիչ:
2. Մարտին11:52 - 5 մայիսի, 2016
Հրաշալի է ասված...կեցցես Հովիկ ջան...
3. Մանե15:25 - 5 մայիսի, 2016
Շատ լավ տեսանկյուն է, երանի բոլորը հասնեն այս ամենի ընկալման այդ խորությանը... սրտիցս էր ասված
4. Գայանե Դավթյան18:30 - 5 մայիսի, 2016
Բաց դաս` իշխանության համար.. Կեցցե'ս, Հովիկ Չարխչյան!
5. Arsen21:53 - 5 մայիսի, 2016
I remember years of 1996-98 when LTP and others stole the right of free elections from our nation and then passed the power to socalled Kharabakh clan. Hovik, these lessons are for your former bosses first.
6. Արմինե23:34 - 5 մայիսի, 2016
Հրաշալի հարցազրույց է, բայց լսողն ո՞վ է, մինչև ե՞րբ պիտի այսպիսի մտքերը կպնեն պատին ու հետ գան միթե՞ չկա դրանք տեղ հասցնելու եղանակ...
7. Գարեգին07:26 - 6 մայիսի, 2016
Գերազանց խոսք: Փայլուն տրամաբանություն: Ականջ է պետք, որ սա լսի.....
8. Սեդա12:17 - 8 մայիսի, 2016
գրագէտ խօսք, սրտի լարերով հիւսուած խօսք, ապագայատեսիլ խօսք, բայց եւ այնպէս ափսոս, որ որոշում կայացնողներու ժողովին անհասանելի խօսք... գործ ընողները չեն, որ կու տան որոշումները... ահա եւ չարիքին մեծագոյնը... իսկապէս շնորհակալ եմ այս հարցազրոյցին համար: Պայծառ միտքդ եւ հատու խօսքդ թող դառնան գալիքի ուղենիշ, սիրելի Յովիկ Չարխչեան:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ