HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

600 հազար դրամ տուգանք` հանրաքվեի ընթացքում «Հետքի» լրագրողի աշխատանքը խոչընդոտող Արթուր Խուրշուդյանի նկատմամբ

Արթուր Խուրշուդյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց «Հետք» ինտերնետային կայքի լրագրողի լիազորությունները խոչընդոտելու մեջ: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դ. Գրիգորյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Դիանա Ղազարյանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ գործի դատաքննությունը:

Ամբաստանյալ Արթուր Խուրշուդյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը»:

Ըստ մեղադրող Դոլմազյանի եզրակացության` Ա. Խուրշուդյանը, լինելով ՀՀԿ վստահված անձ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման օրը ներս է մտել թիվ 5/28 ընտրատեղամաս և դիտավորությամբ մոտենալով «Հետք» կայքի ներկայացուցիչ-լրագրող Դիանա Ղազարյանին՝  պահանջել է դադարեցնել նկարահանումները և հեռանալ տեղամասից, այնուհետև վերցրել լրագրողի համակարգիչը և հեռացել: Ամբաստանյալն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է Դիանա Ղազարյանի  լիազորությունների ազատ իրականացմումը:

Ամբաստանյալի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի՝ դատարանին ներկայացրած միջնորդության հիման վրա դատաքննությունն անցկացվեց արագացված կարգով, այսինքն` չհետազոտվեցին դատարան ներկայացված ապացույցները և չհարցաքննվեցին վկաները:

Դատարանը հետազոտեց ներկայացրած փաստաթղթերը, որոնք վկայում էին ամբաստանյալի ինքնությունը: Այդ փաստաթղթերից մեկում նշված էր, որ ամբաստանյալը նախկինում դատապարտված է եղել, մեկ այլ գործով նրա նկատմամբ տուգանք է կիրառվել, նաև գտնվել է հետախուզման մեջ:

Մեղադրող Դոլմազյանը միջնորդեց, որպեսզի ամբաստանյալը տուգանվի 600 հազար դրամի չափով, իսկ տուժող կողմն այս առիթով չներկայացրեց որևէ առարկություն: «Իհարկե, այս պատիժը մեղմ է` հաշվի առնելով, որ հանցագործությունն ուղղված է եղել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, որը հանրորեն վտանգավոր արարք է: 600 դրամը քիչ է և դրանից պակաս գումարային պատժաչափ դատարանը չպետք է նշանակի: Բայց հաշվի առնելով, որ դատավարությունը արագացված ընթացակարգով է, ամբաստանյալն ընդունում է մեղքը, առարկություններ չունեմ»,-ասաց տուժող Դիանա Ղազարյանի ներկայացուցիչ փաստաբան Գրիշա Բալասանյանը: 

Դատարանը որոշեց մեղադրյալ Արթուր Խուրշուդյանին մեղավոր ճանաչել ՀՀ  քրեական օրենսգրքի 149 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի չափով: Մեղադրյալը իրավունք ստացավ տուգանքը վճարել 10-ամիս շարունակ ՝ ամսական 60 հազար դրամի չափով:

Ամալյա Մարգարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter