HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղյան նոթեր. մայիսի 4

Պատերազմում սպա դարձած զինվորներին այսօր հանդիպեցինք իրենց դիրքերում, որտեղ ապրիլի սկզբին թեժ մարտեր են եղել։ Հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ աչքի են ընկել բազմաթիվ զինվորներ։ Երեկ Պաշտպանության նախարարի հրամանով հինգ ժամկետային զինծառայողների շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ։

Մատաղիսի զորամասի մերձակայքում ՊՆ մամուլի ծառայության աշխատակիցներից մեկը ճամփեզրով քայլող սպային տեսնելով՝ վարորդին խնդրեց մեքենան կանգնեցնել։  

- Վարդան, բարեւ, ի՞նչ կա, ո՞նց ես։

- Լյոխ լավ ա, պըտրաստվըմ ընք առաջ քյինալուն։

- Հա՞ որ։

- Հա, պա հինչ անինք, օրուշ պեն կա՞ ընելու։

Նիվան բարձրանում է Թալիշի վերեւի դիրքերը, ուր կատաղի մարտեր են եղել ապրիլի սկզբին։ Առաջին հանդիպումն այն դիրքում է, որտեղ Մասիս Մուրադյանն է ծառայում։ Դասակը կազմ ու պատրաստ սպասում էր։ Գիտեին, որ նախարարությունից պիտի գան։ ՊԲ-ի ԱՀՏԱ բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանը զինվորներին ներկայացնում է նախարարի հրամանը եւ հայտնում, որ սերժանտ Մասիս Մուրադյանը արդեն լեյտենենատ է։  

«Դուք կանգնել եք մինչեւ վերջ եւ Հայոց աշխարհը կանգնեցրել ամուր հիմքերի վրա»,- դիմելով զինվորներին՝ ասաց Ն․ Մկրտչյանը։

Մասիսը 19 տարեկան է։ Երբ բոլորը հերթով շնորհավորում էին, սպաներից մեկը կատակեց՝ իմանայի որ էսպես հնարավոր է լեյտենենտ դառնալ, «Վազգեն Սարգսյան» չէի գնա։

Մասիսը ապրիլի երկուսին արագ կարողացել է իր դասակով հասնել դիրք եւ մարտի բռնվել հակառակորդի հետ։ Նրա դասակը կարողացել է դիմակայել եւ հետ շպրտել հակառակորդին։

Հաջորդ դիրքում օրվա հերոսը Գոռ Ավագյանն է։ Ապրիլի սկզբին մարտի ժամանակ, երբ զոհվել էին վաշտի եւ երրորդ դասակի հրամանատարները, նրանց փոխարինել են Գոռ Ավագյանը եւ Դավիթ Խատայանը։ Գոռը շատ դժվարախոս է։ Ասում է՝ չխոսեմ էլի, ինչ կլինի՝ հարցեր մի տուր, չեմ ուզում։ Որոշ ժամանակ պահանջվեց նրան խոսացնելու համար։ Երբ հարցրի պատերազմի օրերի մասին, ասաց՝ «Չէ, էդ չպատմեմ, հարազատներս կանհագստանան, ավելի լավ է չիմանան` ինչ է եղել էստեղ»։

Դավիթ Խատայանի դասակը

Նախարարի հրամանը կարդալուց հետո Ն․ Մկրտչյանը զինվորներին դիմելով` ասաց․ «Մենք դատապարտված ենք միշտ զենք կրել։ Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ առանց զենքի չենք կարող, մեր ուժը մեր զենքն է, մեր ուժը դուք եք։ Դուք կանգնեցրիք ադրբեջանցիների ագրեսիան եւ դա արեցիք դուք` ձեր սպաների հետ միասին»։

3-րդ սպան Դավիթ Խատայանն է։ Նա եւ Գոռ Ավագյանը միասին են ղեկավարել զինվորներին, երբ զոհվել էին վաշտի եւ դասակի հրամանատարները։

4-րդ սպան Արթուր Աղասյանն է։ Արթուրն ասում է՝ սպասում են հրամանի, որ գրավված դիրքերը հետ վերցնեն։ «Հրետանին մի թեթեւ որ օգնի, մի ժամում էդ պոստերը հետ կվերցնենք»,- ասում է 19-ամյա Արթուրը։ Նա պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Արթուրենց դիրքի մասին խոսելուց ասում են՝ հերոսական դիրք։ Փոքրամարմին Արթուրը համալրեց Հայոց բանակի սպայական անձանակազմը։

5-րդ սպան Սամվել Սաֆարյանն է։ Սամվելին երբ հարցրի` ինչու ես որոշել մնալ բանակում, պատասխանեց․ «Պատերազմական այս օրերին կայացրի այդ որոշումը, զգացի, որ էստեղ պետք եմ»,- ասում է Սամվելը։

Ապրիլյան պատերազմի մասնակից այս զինվորների հետ խոսելիս նորից ու նորից համոզվում ես, որ աշխարհի ոչ մի բանակ հայ զինվորի նման զինվոր չունի։ 

Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանություններ (2)

Ելենա
Հայ Զինվոր Թող Աստված քեզ լինի պահապան, Աստվածամայրն էլ լինի ուղեկից, Առաքյալները դառնան օգնական, Լուսավոր Աստղն էլ լինի ուղեցույց, Ճանապարհը քո լինի լուսավոր Ու չտեսնես դու ոչ մի վատ օր, Փամփուշտը թող քո կողքով անցնի, Հաղթանակով դու վերադառնաս տուն, Խոնարհվեմ ես Հայ Զինվորի առաջ:
Հայ աղջիկ
Հպարտ եմ Քեզանով Հայ Զինվոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter