HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջարկում են գումարել ԱԺ-ի արտահերթ նիստ՝ «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալու նախագիծն անցկացնելու նպատակով

Կառավարությունն ամեն գնով փորձում է առաջ տանել իր հեղինակած ««ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ ապրիլի 6-ի նիստում, իսկ ապրիլի 26-ին՝ 53 կողմ և 1 դեմ ձայներով օրենքի նախագիծը չընդունվեց:

Այսօրվա կառավարության նիստում ներկայացվել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է դիմել Ազգային ժողովի նախագահին 2016 թ. մայիսի 10-ին ժամը 12-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի ներկայացրած օրակարգով, որում ներառված են թվով 14 օրենսդրական նախագծեր և չորս միջազգային պայմանագրերի վավերացում:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին ազատել 2016 թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510 մլն 125 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Կառավարությունը փորձում է հիմնավորել, որ այդ արտոնություններն անհրաժեշտ են գործարանի բնականոն գործունեության ապահովման համար, ինչը պետք է իրականացվի մասնավորապես ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:

2016թ. փետրվարի 1-ի դրությամբ ««ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ»-ի պարտքը կազմել է 933 մլն դրամից ավելի: Ընկերության ողջ գույքը և բաժնեմասերը վարկի դիմաց գրավադրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ում:

«Ընկերության գույքը և հաշիվները գտնվում են արգելանքի տակ և գույքի հարկադիր վաճառքը կհանգեցնի ձեռնարկության տեխնոլոգիական ամբողջության խաթարմանն ու գործունեության դադարեցմանը, որի արդյունքում կփակվեն ընկերությունում առկա 450-ից ավելի աշխատատեղերը: Հարկ է նշել, որ գույքի հարկադիր վաճառքից պետական բյուջեի մուտքեր չեն ապահովվի, քանի որ ընկերության գույքը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում և վերջինիս է պատկանում ընկերության պարտավորությունների դիմաց առաջնահերթ բավարարման իրավունքը»,- հիմնավորում է կառավարությունը:

Մեկնաբանություններ (1)

Simon
Փաստորեն տերը լավ գնով վաճառել է իր պարտքերի մեջ թաղած գործարանը ու հանգիստ ցվրվել։ Իսկ ինչպես է դա հնարավոր դարձել, կամ միկոի տեղը չգիտեն?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter