
Օֆշորային կծիկ՝ Դվին հյուրանոցի շուրջ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Այդպիսով, «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտելու են մինչև 2019 թվականը:
Հյուրանոցի վերակառուցման նախագիծը ներկայացրել է կիպրոսյան օֆշորում գրանցված «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՍՊԸ-ն:
Ներդրումային ծրագրի նկարագիրը
«Դվին» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում: Նախատեսվում է, որ վերակառուցումից հետո այն լինելու է Երևան քաղաքի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցը: Հյուրանոցի հիմնական մրցակցային առավելությունը լինելու է նրա կենտրոնական տեղակայվածությունը, մեծ հողային մակերեսը (1,814 հա.), մյուս հյուրանոցների համեմատությամբ ստանդարտ սենյակների ընդհանուր մակերեսի շատ ավելի մեծ չափը, ինչպես նաև ժամանակակից հյուրանոցային ենթակառռւցվածքը: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, խանութներ, բիզնես կենտրոն և կոնֆերանսների համար նախատեսված կենտրոն, ՍՊԱ սրահ, լողավազան, ֆիթնես կենտրոն, հանդիսությունների դահլիճներ և այլն: Հյուրանոցի տարածքում նախատեսվում է բարձրակարգ (VIP) խաղատան կազմակերպում՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես՝ առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կլինի բարձրահարկ մասնաշենք՝ առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններով: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար:
Կառուցվելու են ավտոհանգրվաններ՝ ստորգետնյա՝ մոտ 330 ավտոկայանատեղիով, և վերգետնյա՝ առնվազն 50 ավտոկայանատեղիով:
Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում «Դավիթ Բեկ» հյուրանոցի:
Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 120,595,000 դոլար: Ներդրումներն արվելու են սեփական կապիտալի միջոցով, ինչը, ըստ փորձագիտական եզրակացության, 35,5 մլն դոլար է, իսկ մնացածը՝ այլ սեփական և վարկային միջոցներով:
«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողը «Սի-Սի-Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությունն է (CCG Caucasian Communication Group Limited), որը «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է:
CCG Caucasian Communication Group Limited ընկերությունը Կիպրոսում գրանցվել է 2008թ.: Կիպրոսի ընկերությունների գրանցման ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ այս ընկերության բաժնեմասը 2010 թվականից հավասարապես կիսում են օֆշորային երկու այլ ընկերություններ՝
1. Բելիզում գրանցված՝ BERFARQ INVESTMENTS LIMITED-ը,
2. Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված՝ JADIS SERVICES INC.-ը:
Ո՛չ CCG Caucasian Communication Group Limited ընկերությունը, ո՛չ էլ դրա բաժնետերերը կենսագրություն չունեն որևէ ոլորտում: Օֆշորային այս ընկերությունների մասին տեղեկություններ գրեթե չկան: CCG Caucasian Communication Group Limited ընկերությունը ստեղծման օրվանից, բացի բաժնետիրոջ փոփոխությունից, որևէ այլ գործարք չի իրականացրել: Պանամայի օրինակին հետևելով՝ փաստաթղթերի հաջորդ արտահոսքում գուցե բացահայտվեն, թե ովքեր են թաքնվում Դվինի հետևում:
Նախկինում «Դվին» հյուրանոցային համալիրի բաժնետերը «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ն էր, որի հիմնադիրները եղել են Հռիփսիմե Թովմասյանը և Թբիլիսիում գրանցված վրացի Զուրաբ Չիգոգիձեն:
Կառավարության այսօրվա նիստում հարցի հետ կապված ստացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի համապատասխան հանձնարարականը` համաձայնել ներդրումային ծրագրին` պայմանով, որ պայմանագրով պետք է ամրագրվի յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ներդրումների մեծությունը: Ինչպես նաև յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման հիմնավորման նպատակով կազմակերպությունը պետք է նշված ներդրումներն արտացոլի Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան կազմված հաշվետվություններում (IFRS), որոնք պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի Աուդիտորական ընկերությունների Մեծ Քառյակի ընկերություններից որևիցե մեկի կամ «Գրանթ Թորնթոն» ընկերության կողմից և վերջինիս կողմից տրված աուդիտորական եզրակացությունը վերոնշյալ հաշվետվությունների հետ մեկտեղ ներկայացվեն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ փաստաթղթերի ձևակերպման առնչությամբ կան որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկել համապատասխան նախարարությունների հետ:
Մեկնաբանել