HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է 11 անձի աշխատանքային շահագործման ենթարկելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում ինքնիրավչության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք: Մասնավորապես՝ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ ՀՀ 11 քաղաքացիներ աշխատանքային շահագործման են ենթարկվել ՌԴ Մուրմանսկ և Կիրովսկ քաղաքներում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Մ.Ավետիսյանը, ՌԴ Մուրմանսկ քաղաքում ստանալով հիպերմարկետի մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների պատվեր, խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, 2013թ. դեկտեմբերի կեսերին ՀՀ երկու քաղաքացու ներգրավել է նշված շինության բետոնապատման աշխատանքների կատարման մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունվար ամսին հեռախոսազանգերի միջոցով հավաքագրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի 4 բնակչի և խաբեության միջոցով՝ աշխատանքները կատարելուց հետո պատվիրատուից գումարը ստանալու և դրա դիմաց վճարելու կեղծ խոստումով, նրանց, ինչպես նաև Մուրմանսկ քաղաքում գտնվող ևս 5 ՀՀ քաղաքացու 2014թ. փետրվար ամսից ներգրավել նույն բետոնապատման աշխատանքներում։ Շինարարը պատվիրատուից 2014 թվականի ապրիլի կեսերին ստացել է աշխատանքների դիմաց վճարը, սակայն կատարված աշխատանքի դիմաց նշված 11 անձանց  չի վճարել՝  պատճառաբանելով, թե պատվիրատուից գումար չի ստացել:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 5-ին Մ.Ավետիսյանը 2014 թվականի ապրիլի կեսերին տեղափոխել է ՌԴ Կիրովսկ քաղաք, որտեղ մեկ այլ պատվիրատուից գումար ստանալու և աշխատանքների դիմաց վճարելու կեղծ խոստումով մինչև 2014թ. մայիսի կեսերը շարունակել է շահագործել նրանց՝ հանձնարարելով կատարել բետոնապատման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կրկին պատվիրատուից ստացել է վճարը, սակայն խոստացված վարձատրությունը  չի տվել աշխատանքներն իրականացրած 5 անձանց և, վերջիններիս լքելով Կիրովսկ քաղաքում, հեռացել է:

Քրեական գործի նախաքննության ընթացքում 11 անձ ճանաչվել է տուժող։ 2016 թվականի ապրիլի 14-ին քննիչը որոշում է կայացրել՝ Մ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter