HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը հաստատել է մի շարք օրենքների նախագծեր

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունից բացի կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել մի շարք այլ նախագծերի ևս։

Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ նախնական գնահատականի` հարկային օրենսդրության էական փոփոխությունները նախատեսվում են ավարտին հասցնել 2017թ. վերջին, որից հետո անհրաժեշտություն կառաջանա ապահովել հարկային համակարգի էլեկտրոնային ծրագրերի համատեղելիությունը կենսաթոշակային համակարգի էլեկտրոնային ծրագրերի հետ: Նախնական գնահատականի համաձայն` վերոնշյալ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում, ուստի առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը: Հարկ է նկատի ունենալ, որ մինչ վկայակոչված ժամկետը պահպանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բոլոր իրավակարգավորումները: 

Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին», «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային և մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական և վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման և դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում և հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության նորմերը կներդաշնակեցվեն ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչպես նաև կպարզեցվեն և կհստակեցվեն հարկային և մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվող անկյունաքարային մոտեցումներից մեկը քրեական օրենսդրությունուվ նախատեսված մաքսանենգություն հոդվածի ապաքրեականացումն է՝ ՀՀ ներմուծվող ապրանքների մասով: «Դա նշանակում է, որ այս փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է մաքսային հսկողությունը շրջանցելով կամ որի մասով ներկայացված մաքսային հայտարարագրերում առկա են ոչ ճշգրիտ տեղեկություններ՝ չի դիտարկվելու մաքսանենգություն և չի կիրառվելու քրեական օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը: Նման դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին առաջադրվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները: Ինչպես նաև քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ՝ մաքսային արժեքի 100 տոկոսի չափով: Այնուհետև, եթե դրանից հետո տնտեսավարող սուբյեկտները չեն փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, ապա արդեն նոր միայն կիրառելի կլինի «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածն այնպես, ինչպես դա կիրառելի է հարկերի չվճարման պարագայում»,- ասել է Վ. Միրումյանը՝ հավելելով, որ ապաքրեականացումը չի վերաբերում, մասնավորապես՝ թմրանյութերի, զենք-զինամթերքի, ռադիոակտիվ նյութերի, ինչպես նաև կանխիկ դրամի սահմանաչափը գերազանցող ներմուծմանը: 

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման` ներկայում բնապահպանական վճարների գծով արտոնություններ է սահմանված Երևան քաղաքի և հարակից 30 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալ` «Երևան Ջուր» ՓԲԸ-ի համար: Միաժամանակ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ իրականացվում է հանրապետության 5 ջրամատակարար ընկերությունների սպասարկվող տարածքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական վարձակալի ընտրության գործընթացը, որի գործունեության մեկնարկը սահմանվել է 2017թ. հունվարի 1-ը: Օրինագծով նախատեսվում է բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանել նաև ապագա միասնական վարձակալ ընկերության համար: Արդյունքում՝ ակնկալվում է ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավում: Օրինագծի ընդունումը թույլ կտա նաև բնապահպանական վճարների մասով չբարձրացնել ծառայությունների սակագները:

Գործադիրը հավանություն է տվել ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կողմից հավանության արժանացած ծրագրի բարեհաջող իրականացման արդյունքում` մարել ընկերության պարտքերը, ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: 

Անդրադառնալով օրինագծին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանով դրական քայլ է կատարվում, որի արդյունքում կպահպանվի 500 աշխատատեղ և հնարավորություն կտրվի ընկերությանը մարել պարտքը:

Ազգային ժողովում նախագծի քննարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter