Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

46 տարի Բակունցի հարկի տակ, առանց Բակունցի



Այս ընտանեկան լուսանկարը Ակսել Բակունցի տուն-թանգարանի ֆոնդը համալրած վերջին ցուցանմուշն է: Տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն այն հայտնաբերել է անցնող տարվա դեկտեմբերին Գորիսի երկրագիտական թանգարանի օժանդակ ֆոնդում: Դրանից ամիսներ առաջ ձեռք են բերել Բակունցի ազգականի` Երեմյա Բակունցի լուսանկարը, որը շատ բախտորոշ դեր է ունեցել գրողի կյանքում: Նրա միջնորդությամբ է Ակսել Բակունցն ընդունվել Գեւորգյան ճեմարան:

Մեծանուն գրողի թանգարանային ֆոնդը գրեթե համալրում չի ունենում: Ավելացված անձնական իրերի ցանկում վերջինը նրա այգեգործական սրսկիչն էր: Տնօրենը նշում է, որ Գորիսում մասնագիտությամբ գյուղատնտես Ակսել Բակունցն է առաջինը գործածել այն: «Տարիները որքան անցնում են, այնքան քիչ հավանական է դառնում թանգարանի ցուցանմուշների համալրումը»,- ասում է Վարդան Սարգսյանը:

Այդուհանդերձ, իմ այցելության օրը ես եւ տնօրենը եւս մեկ լուսանկար հայտնաբերեցինք Ակսել Բակունցի տուն-թանգարանի հարեւանությամբ բնակվող Սաքո Շալունցի ընտանեկան ալբոմում: Այդ լուսանկարը եւ Սաքո Շալունցի պատմությունը լրացնում են մեծ գրողի կյանքի եւ կենսագրության որոշ հատվածը: Լուսանկարում Շալունցի ընտանիքն է, նրանք գրողի ողբերգական մահից որոշ ժամանակ հետո ավելի քան 46 տարի բնակվել են Բակունցի հայրական տանը, որը ներկայումս նրա տուն-թանգարանն է: Թանգարանի աշխատակիցներն այս տարի Ս. Շալունցի հետ այցելել են գրողի մոր գերեզմանին, որը թաղված է Գորիսում, եւ մաքրել են այն:

Սաքո Շալունցը մի քանի ուշագրավ պատմություններ ներկայացրեց մեծանուն գրողի մահից հետո նրա ընտանիքի կրած տառապանքների ու հալածանքների, նաեւ՝ այն մասին, թե ինչպես են 1939թ.-ից բնակություն հաստատել Բակունցի տանը:

1939թ.-ին, Ակսել Բակունցի մահից հետո նրա եղբայրը` Արտավազդ Բակունցը, հացի հերթում է լինում, Օսան Բարաթյան անունով մեկն ապտակում է նրան եւ պահանջում հերթից դուրս գալ` ասելով՝ տրոցկիստի եղբայր ես, իրավունք չունես հաց գնես: «Նա էլ տունը վաճառում է, մենք գնում ենք այն: Ես 1943թ. ծնվել եմ այդ տանը: Մենք 8 հոգով էինք այնտեղ բնակվում, իսկ հետեւի սենյակներից մեկում Բակունցի մայրն էր ապրում` Բոխչագյուլը: Բոխչագյուլի տղաները ձմռանը մորը տանում էին իրենց մոտ, բայց հիմնականում մենակ էր ապրում այդտեղ: Հերս Բոխչագյուլ մայրիկին պահում էր իր մոր պես: Հորիցս Գորիսում բոլորը վախենում էին: Այն ժամանակ նրանց հարեւան-բարեկամները չէին շփվում հետները: Բակունցի նկարները, ստեղծագործությունները մայրս մեր տանն էր թաքցրել»,- պատմում է Շալունցը:

Ըստ նրա՝ Բակունցի մորը շատ էին տանջում այդ տարիներին: Պատմում է, որ այգու վերջում մի մեծ ընկուզենի ունեին, որի բույնը նրանց այգու հարեւանը` Սեդրակ Զաքարյանը, կացնով տաշում էր. «Հայրս մի քանի անգամ զգուշացնում է նրան, բայց չի ազդվում: Բոխչագյուլ մայրիկը բողոքում է քաղսովետի նախագահին, որը նաեւ իր բարեկամն էր: Նախագահը զայրացած, ձեռքերը հետեւում դրած, հպարտ քայլվածքով, ինքնավստահ գալիս է եւ այգու ծայրից ձայն տալիս Ս. Զաքարյանին: Վերջինս մյուս կողմից պատասխանում է. «Սարգսյան, տրոցկիստի այգուց խոսում ես կոմունիստի հետ»: Քաղսովետի նախագահն այս պատասխանը լսելով փախչում է այնտեղից:

Հերս կացինը խփում է գետնին, պոչը վերցնում է ու թռնում այգու մյուս կողմը, Սեդրակին բռնում է, կապում ծառից ու ծեծում: Նա խնդրում է` «Ռուբեն դայի, մի' սպանի»: Հայրս նրան ժամանակ է տալիս, որ մեկ շաբաթից քեզ ստեղ տեսա` ծառից կապելու եմ: Նա մեկ-երկու շաբաթ հետո տունը վաճառում է ու հեռանում»:

Ս. Շալունցը վերհիշում է նաեւ Բակունցի կնոջ` Վարվառա Չիվիջյանի աքսորից վերադառնալու պատմությունը. «Մեծ քույրս` Լեռնիկը, դրսում նստած է լինում, տեսնում է մի ղարաչի (բոշա-Ս.Պ.) է գալիս: Քրոջս ասում է, թե չե՞ս կանչի Բոխչագյուլ մայրիկին, նա էլ ծառի վրա խնձոր քաղելիս ա լինում: Ասում ա՝ սոված կլինի, էդ խնձորից տար, տո՛ւր թող գնա: Լեռնիկը խնձորը տանում ա տալիս, բայց նա ասում ա, թե ինձ Բոխչագյուլն ա պետք: Նորից գնում ա ասում, թե Բոխչագյուլ մայրիկ, քեզ են ուզում: Նա կարծես ինչ-որ բան կանխազգում է եւ շտապելիս ծառից ընկնում է, ապա վեր է կենում, գնում տեսնում, որ հարսն ա եկել:

Վարվառա Չիվիջյանը (նա ծնունդով Նոր Նախիջեւանից էր) Ա. Բակունցի մահից հետո աքսորվում է Սիբիր եւ 8 տարի աքսորավայրում է անցկացնում: Պարկի կտորներից կեղտոտ, պատառոտված շոր է լինում հագին: Մայրս, իր քույրը տանում, շորերը փոխում են: Հետո հայրս նրան տանում է Շինուհայր գյուղ, որտեղ նա առժամանակ ռուսերենի ուսուցչուհի է աշխատում: Հետո Գորիսի մանկապարտեզում դաստիարակչուհի է աշխատում: Մի քանի տարի հետո Վարյան տեղափոխվում է Երեւան, որտեղ էլ 1965թ. մահանում է»:

Թանգարանի ցուցասրահում փակցված է Բակունցի մոր լուսանկարը, ներկայացված են նաեւ դիմանկարները, որոնք հեղինակել են Մարտիրոս Սարյանն ու Ասլամազյան քույրերը՝ Գորիս այցելության ժամանակ: Ցուցադրված է մոր զանգեզուրյան շքեղ տարազը:

Սաքո Շալունցը նրան այսպես է հիշում· «Բոխչագյուլ մայրիկը բարձրահասակ կին էր, անշառ, ազնիվ, հյուրասեր, խորհուրդ տվող, մենք բոլորս նրան մայրիկ էինք ասում»: Գորգ էր գործում իր դազգահի վրա, գրպանում չիր, ընկույզ էր պահում` երեխեքին բաժանելու համար: Անլեզու էր դարձել Բակունցի ձերբակալվելուց հետո եւ մինչեւ վերջ հույս ուներ, որ որդին կգա: Նրան չէին հայտնել Բակունցի մահը: Որդու մասին վախենում էր խոսել, օդն էլ էր խաբար տալիս այն ժամանակ:

Մի առավոտ, երբ արդեն բավականին ուշ էր եւ նա իր սենյակից դուրս չէր գալիս, հայրս անհանգստացած մորս հարցնում է, թե մայրիկն ո՞ւր է: Քրոջս մտցնում է ներս, որպեսզի դուռը բացի, տեսնում է՝ գետնին ընկած է: Ինսուլտ էր ստացել: Բժիշկ է գալիս, հետո տանում են Երեւան: 2 տարի հետո՝ 1957-ին, այնտեղ մահանում է»:

1967թ.՝ գրողի 90-ամյակի կապակցությամբ, որոշում է ընդունվել Բակունցի տունը թանգարանի վերածելու մասին եւ նրանց առաջարկել են տեղափոխվել: Շալունցի ասելով՝ Բակունցի եղբայրների եւ որդու հետ իրենց բարեկամությունը շարունակվել է նաեւ դրանից հետո: «Բակունցի տղան` Սեւադան, տեսել ա, որ մենք իրենց ընտանիքի հանդեպ շատ լավ ենք եղել, ասել ա՝ եթե Սաքոն իր կամքով ուզում է դուրս գալ` թող դուրս գա»,- վերհիշում է Շալունցը: Պետությունը դրամական փոխհատուցում է առաջարկել նրանց, իրենք էլ ընտրել են գրողի տան հարեւանությամբ գտնվող երկհարկանի տունը ու տեղափոխվել այնտեղ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ