HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Պետք է մարդկանց հնարավորություն տալ՝ խաղաղության մասին մտածելու»

Վերջին օրերին ինֆորմացիոն բոլոր խողովակներով տարածվում են պատերազմական կոչեր և ռազմականացումը ոգևորող հայտարարություններ։ Սկսվել է նաև առասպելների հյուսման և հերոսացման գործընթացը։ Խաղաղության հաստատման վերաբերյալ հատուկենտ կարծիքներ անգամ չկան՝ ոչ պետական և ոչ էլ հասարակական մակարդակներում։

Ավելին՝ Ազգային ժողովում և կառավարությունում քննարկման դրվեցին երկու օրենսդրական նախաձեռնություններ։ Ըստ առաջինի՝ 18 տարեկան տղաները՝ զրկվելով կրթության հնարավորությունից, պարտադիր պետք է զորակոչվեն բանակ։ Երկրորդը՝ պարտադիր զինակոչիկները բանակ գնալուց առաջ կհանձնեն սեռաբջիջներ՝ նրանց սերունդների շարունակականությունը երաշխավորելու նպատակով:

Համընդհանուր ռազմականացման պայմաններում թեթև այլակարծություն կարելի է նկատել մի խումբ ակտիվիստ-ֆեմինիստների շրջանում։ «Հետքը» զրուցել է բնապահպան-ակտիվիստ, ֆեմինիստ Աննա Շահնազարյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Ֆեմինիստներն անընդհատ շեշտում են կանանց՝ որպես պատերազմի սպասարկու լինելը։  Ազգային ժողովում վերջերս քննարկվող նախաձեռնություններում տղամարդկանց` նորակոչիկների իրավունքների խախտում չե՞ք տեսնում:

Մենք իրավիճակի հետ գործ ունենք, որտեղ մարդն ընկալվում է ոչ թե որպես անհատ, այլ գործիք: Խնդիր տեսնում եմ, այո, համընդհանուր իրավունքների խախտում է` և տղամարդկանց, և կանանց: Պարտադիր զինակոչը ջնջում է տղամարդկանց անհատականությունը` անկախ իրենց էությունից: Իսկ երբ ասում են՝ բոլորին բանակ տանել, ասեմ, որ «բոլոր» չի լինում: Միշտ բանակ գնում է անապահով խավը. նրանք, ովքեր նյութական հնարավորություններ ունեն, կյանքին սպառնալիք հանդիսացող իրավիճակներից միշտ էլ խուսափում են: Նույնիսկ պայմանագրային ծառայությունն այդ հարցը չի լուծում: Օրինակ` Միացյալ նահանգների այդ մեծապաշտական, իմպերիալիստական քաղաքականության մեջ, էլի ռազմական գործում ներգրավված է հիմնականում ունեզուրկ դասակարգը: Ինչու, որովհետև հատկապես ԱՄՆ-ում շատ մեծ արտոնություններ է տրվում բանակին. անվճար կրթություն, վարկեր` ցածր տոկոսադրույքներով, ինչն էլ այդ խավի համար դառնում է հնարավորություն` նյութապես ապահով լինելու: Այնտեղի զոհված զինվորներն, իհարկե, սենատորների տղաներ չեն լինում:

Հայաստանում նույնպես, երբ նայում ես ժամկետային զինծառայող զոհվածներին, նրանք անապահով ընտանիքներից են, բանակում ծառայելով` փորձել են սոցիալական խնդիր լուծել: Դրանից սարսափելի բան չկա: Մարդկանց ապրելու ձևն այլ կերպ չի կազմակերպվում, քան ռազմականը: Իսկ ռազմականը մատակարարում է սպառման ցիկլին. պետք է լինի պատերազմ, որ զենքն արտադրվի և սպառվի: Զենքի բիզնեսն այսօր աշխարհի մակարդակով ամենամեծերից է, իսկ այն արտադրվում է զարգացած պետությունների և Ռուսաստանի կողմից: Պատերազմն ավելին չէ, քան պարտադրված սպառման ցիկլի ապահովումը:

18 տարեկանները պատանեկությունից նոր դուրս եկող անձինք են, ովքեր, չունենալով որևէ քաղաքացիական կրթություն կամ հանրակրթություն, լինելու են այն հպատակ զանգվածը, որ պիտի հումք ծառայեն: Նրանք չեն պայքարելու նույն բանակի ու պատերազմի խնդիրների դեմ: Փաստորեն` երկիրը դառնում է մի ամբողջ մեծ բանակ` տղամարդկանցով հանդերձ, բայց կանայք նույնպես մեծապես ներգրավվելու են. նրանք պիտի աշխատեն, պիտի ծնեն, իրենց մարմնով պիտի հատուցեն և այլն: Այսինքն` այդ ռազմականացման մեջ բոլորս ենք խրված. ոչ միայն տղաները, ում պարտադիր զինակոչով ուզում են տանել, այլ բոլոր-բոլորը: Ավելի ծանր վիճակում կլինեն կանայք: Տղաներին տանելու են, իսկ բոլոր նյութական ռեսուրսներն ուղղվելու են բանակին: Բանակից դուրս մնացած բնակչությունը` հիմնականում կանայք, զրկվելու են նույնիսկ եղած կրթությունից, առողջապահությունից և հասարակական նորմալ կյանքից: Գոյություն ունի միջազգային մի վիճակագրություն, ըստ որի` զինված կոնֆլիկտներում կարճաժամկետ կտրվածքով մահանում են տղամարդիկ, բայց երկարաժամկետ կտրվածքով` ավելի շատ կանայք են մահանում` բնակչության թվաքանակի տեսանկյունից: Պատճառն այն է, որ պատերազմի ժամանակ տղամարդիկ բանակում առնվազն ունենում են սնվելու և բուժօգնություն հնարավորություն, իսկ թիկունքում գտվող կանայք չեն ունենում դա: Այսինքն` պատերազմի ժամանակ բոլոր ինֆրաստրուկտուրաները վերցածած են լինում. ճանապարհները, կամուրջները, հիվանդանոցները չեն աշխատում: Միաժամանակ, հիվանդությունները շատանում են, իսկ կանայք բուժօգնություն չեն կարողանում ստանալ:    

Ես ավելի վատ բաներ եմ տեսնում. հիմա գոյություն ունեն ռազմական ուղղվածություն ունեցող դպրոցներ, որտեղ ինը-տասը տարեկան երեխաներ են` հրացաններով: Այդ լուսանկարները տարածվում են սոցիալական ցանցերով, ինչն ինձ հիշեցնում է աֆրիկյան մի շարք երկրներում գոյություն ունեցող միջերկրային և էթնիկ ռազմական բախումները, որտեղ զինվորները երեխաներ են: Զինվոր երեխաների սերնդեսերունդ ձևավորումը հարյուրամյակներով զարգացման ռիթմից հետ է գցում մեզ: Երբ երիտասարդն է ռազմական գործում, նա գոնե ունի որոշակի քաղաքացիական և անհատական ձևավորված աշխարհայացք, երեխաների դեպքում` լրիվ ուղեղի լվացում է տեղի ունենում, և խաթարվում է նրա հոգեկան հավասարակշռությունը: Այդ հոգեկան անհավասարակշռության մեջ էլ նա շարունակում է բռնարար վարքով ապրել:

Ռազմականացումը հայրիշխանական և կապիտալիստական սիստեմի համար հիանալի դաշտ է, հետևաբար ֆեմինիստական օրակարգի առաջնային խնդիրն է:

Անկախ մեր կամքից՝ ռազմականացումը շարունակվում է, քանի որ կոնֆլիկտի ընթացքը կախված է գոնե երկու կողմերից, իսկ երբեմն՝ արտաքին միջամտությունից։ Եթե տեղի չունենա ապառազմականացում, շարունակվի այս իրավիճակը, ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր ռազմականացմանը դեմ են:

Եթե կա մի մարտահրավեր, չեմ պատկերացնում, թե դրանից ինչպես կարելի է հետ կանգնել։ Լավագույն բանը, որ կարող ես անել, այդ մարտահրավերի լուծման ճանապարհն ու մեթոդները փոխելն է։ Չեմ պատկերացնում այդ հարցի պատասխանը, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ պետք է ուղղել նրան, որ տեղի ունենա ապառազմականացում։ Թվում է, թե ապառազմականացում ասվածը մեգածրագիր է, բայց ոչ, թեև դա պաստառի վրա գրելով չես անի։ Դա ենթադրում է փոփոխություններ՝ բոլոր շերտերում, այդ թվում՝ նույնիսկ կառավարման կարգի փոփոխություն՝ երկու կողմերում էլ։ Ապառազմականացման նպատակից հետ կանգնել չի լինի, այդ նպատակին ուղղված քայլերի, մեխանիզմների  փոփոխություն է պետք մտցնել։

Գիտեք, խաղաղության առաջամարտիկները ռազմական ոլորտում աշխատած մարդիկ են․ նրանք, ովքեր շատ լավ գիտակցում են պատերազմի արհավիրքները։ Պետք է մարդկանց հնարավորություն տալ՝ խաղաղության մասին մտածելու, որովհետև այսօր ավելի բարձր հնչող ձայները ոչ թե պատերազմի դաշտից եկող ձայներն են, այլ կեղծ հայրենասիրական, ռազմատենչ աղաղակներն այստեղ՝ Երևանում, կամ ավելի վատ՝ ֆրանսիաներում, գլենդելներում, ռուսաստաններում։ Մենք պետք է հնարավորություն թողնենք, որ այդ սարսափն ապրող մարդիկ, ովքեր իրականում պատերազմի մեջ են, իրենք խոսեն այդ մասին։ Դա նույնպես ապառազմականացման տանող ճանապարհներից է, որ պետք է բացվի։

Եթե մենք կարողանայինք գիտակցել, որ արմատական խնդիրները ոչ թե ազգերի մեջ են, այլ շահագործման սիստեմների, այդ թվում՝ գաղութատիրության, նեոլիբերալ տնտեսակարգի և շուկայի (իսկ պատերազմը ռազմական արտադրանքի հարկադրված շուկա է), ապա միգուցե մենք կկարողանայինք այլ կերպ ձևակերպել մեր քաղաքական ակտիվությունը։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter