HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան. «Մենք չենք վերադարձել ապրիլի 1»

Այս տարվա ապրիլի վերջին հրաժարականի դիմում ներկայացրեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Նա պատճառաբանել էր, որ իր հրաժարականը պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն այն հետաձգվել էր 2015թ. տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով: Յու. Հայրապետյանի հրաժարականի դիմումն ընդունվել էր և երեկ ԼՂՀ Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց ՀՀ արդարադատության ակադեմիայի արդեն նախկին ռեկտոր Ռուբեն Մելիքյանին:

«Հետքի» հարցերին պատասխանում է Արցախի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանը:

Պարոն Մելիքյան, ինչո՞վ էր պայմանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը և ինչու որոշեցիք  Դուք  ստանձնել այդ պաշտոնը:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն իր պատասխանը տվել է, եթե չեմ սխալվում իր հրաժարականի հայտարարության մեջ: Երբ երեկ հանդիպեցինք, նույն բանը ինձ վերահաստատեց: Մասնավորապես այն, որ արդեն 8 տարի զվաղեցրել է  ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և  իր կարծիքով, լավ կլինի, որ այլ «թարմ» մարդիկ աշխատեն:

Ինչ վերաբերում է ինձ, թե ինչպես համաձայնեցի, կարծում եմ այստեղ երկար բացատրելու կարիք չկա: Ապրիլի 2-ից հետո առաջնահերթություններ են փոխվել, ինչը ենթադրում էր հնարավորության դեպքում աշխատանքի հնարավորություն,  առաջարկի ընդունում, որը կապված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ադրբեջանական ագրեսիան, հարձակումը իր անմարդկային դրսևորումներով՝ ծերերի, երեխաների, զոհվածների մարմինների  նկատմամբ, դրանք  չէին կարող անարձագանք մնալ շատերի, այդ թվում իմ մեջ:  Ես պատիվ եմ ունեցել այդ առաջարկը ստանալ Արցախի Հանրապետությունից և անկեղծ ասած, երկար չեմ մտածել առաջարկն ընդունելու հարցում:

Կարո՞ղ ենք ասել, որ մարդու իրավունքների պաշտպանի փոփոխությունն առաջին հերթին պայմանավորված էր հենց ապրիլի սկզբին Արցախի սահմանագծում ծավալված ռազմական գործողություններով:

Ես կդժվարանամ նման բան ասել, որովհետև սա փոփոխություն չէր, այլ երկու ինքնուրույն պրոցես. Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարական և նոր մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն: Ինչու չեմ ուզում այդպես ասել, որովհետև մարդու իրավունքների առաջին պաշտպանը շատ  ակտիվ էր և շատ արագ, եթե չեմ սխալվում, ապրիլի երկրորդ տասնօրյակում հրապարակեց դեպքերի վերաբերյալ զեկույց: Ավելին՝ դրանից հետո հրապարակեց ևս մեկ իրավական գնահատական, ևս մեկ փաստաթուղթ, որը վերաբերում էր շատ կոնկրետ հարցերի: Մասնավորապես՝ Արցախի հանրապետության խաղաղ բնակչության դեմ կատարվող գործողություններն ու Ադրբեջանի խաղաղ բնակչության օգտագործումը որպես վահան, ինչը Ժնևյան կոնվենցիաներով արգելված գործողություններ են, ասենք՝ զինվորական տեխնիկայի, ռազմական օբյեկտների տեղակայումը բնակավայրերի մեջ: Այդ ամենը շատ հստակ ներկայացվեց մարդու իրավունքների առաջին պաշտպանի կողմից: Այս պայմաններում կդժվարանայի կոնկրետ որակում տալ:

Իմ մասով կարող եմ ասել՝ այո: Իմ կողմից նման առաջարկն ընդունելը իսկապես, պատճառահետևանքային համակարգում մեծ դեր ուներ ադրբեջանական ագրեսիան: Ես դա հաստատում եմ:

Արցախում, Ձեզ համար որո՞նք են լինելու առաջնահերթությունները:

Առաջնահերթությունները ԼՂՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ եմ ներկայացրել: Դրանք վերաբերում են հենց իմ կողմից բարձրացված հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ողջ լիազորությունների շրջանակն օգտագործել բարձրաձայնելու համար այն անթույլատրելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել ապրլի 2-5-ը, դրանից հետո, բարձրաձայնել դրանց դատապարտման կարևորության մասին՝ ուղղված կանխարգելմանը, ինչպես նաև հանցանք գործած անձանց պատասխանատվությանը:

Իսկ ոչ պատերազմ, ոչ խաղաղությունը վիճակը ենթադրու՞մ է առաջնահերթությունների ընդլայնում կամ փոփոխում:

Մի քիչ դժվար է ասել: Օրինակ՝ արդյոք համեմատելի՞ է այսօրվա վիճակն այն վիճակի հետ, որն առկա էր, օրինակ՝  ապրիլի 1-ին: Ապրիլի 2-ից հետո իրավիճակ է փոխվել և չեմ կարծում, որ մենք վերադարձել ենք ապրիլի 1: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպես մարդու իրավունքների պաշտպան ասեմ, որ մենք չենք վերադարձել ապրիլի 1: Որովհետև մենք ունենք շատ հստակ փաստեր այն մասին, որ տեղի են ունեցել մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և այդ  փաստերը պետք է հետևողականորեն արձագանք ստանան առաջին հերթին միջազգային իրավական հարթակներում: Մենք կարող ենք վերադառնալ ապրիլի 1 միայն այն դեպքում, երբ ի թիվս այլ հարցերի, նաև մարդու իրավունքների տեսանկյունից, ունենանք հստակ արձագանք, հստակ միջոցներ այդ բացառիկ հանցանքները կատարածների նկատմամբ:

Ի՞նչ առանձնահատկություն ունի չճանաչված պետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և այդ պայմաններում ինչպե՞ս եք կարողանալու կապ պահպանել կամ համագործակցել միջազգային հանրության հետ:

Բնականաբար այդ հանգամանքը որոշակիորեն սահմանափում են հնարավորությունները, բայց դա չի նշանակում, որ հնարավորությունները քիչ են: Հնարավորությունները քիչ չեն, ուղղակի պետք է փորձել դրանցից օգտվել ավելի արդյունավետ: Ժամանակակից աշխարհը շատ դինամիկ զարգացող, բազմաթիվ ինստիտուտներ ունեցող, բազմաթիվ փոխներգործող կառույցներ ունեցող աշխարհ է և այս պայմաններում պետության ֆորմալ ճանաչումը կամ չճանաչումը չի կարող արգելք հանդիսանալ ակտիվ գործունեության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter