HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալցխայի վերջին դեպքերի ողջ փիլիսոփայությունը, դասերն ու պատգամները

Նախ՝ դեպքի իրական նկարագրությունը. ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ և Ծինուբան հայ կաթողիկե գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են իրենց սրբավայրի մոտ՝ կրակ վառելու և լռությամբ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով իրենց համագյուղացիների կողմից կառուցած և իրենց իսկ գյուղի տարածքում գտնվող սրբավայր՝  հանդիպել են հարևան Վալե քաղաքից այստեղ ժամանած և խնջույքի սեղան բացած մի խումբ մարդկանց (հիմնականում՝ վրացիներ): Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող խնջույքի մասնակիցները, չհասկանալով հայ երիտասարդների ուզածը, կռվի են բռնվել նրանց հետ, սակայն ժամանակ անց հասկացել միմյանց: Այդուհանդերձ, կես գիշերին ոստիկանությունը իրենց տներից հանել և Ախալցխայի ոստիկանական բաժանմունք է տեղափոխել միջադեպի մի շարք մասնակիցների: Վրացի ոստիկանները (որոնք հիմնականում Ախալցխայի ձուլված հայերից են) վերջիներիս ոչ միայն դաժանորեն ծեծել են և կիրառել նվաստացուցիչ մեթոդներ (նստեցրել են թափված ջրի վրա, հայհոյել ընտանիքների կանանց և այլն), այլև, ելնելով միջադեպի բովանդակությունից, լկտի հայհոյանքներ տվել հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանության հասցեներով: Նվաստացված և բռնության ենթարկվածներից տարեց մի մարդ այժմ գրեթե չի լսում և դարձել է հաշմանդամ:  

Միջադեպին անմիջապես անդրադարձավ Ախալցխայի տեղական մամուլը, որը դեպքը հրապարակեց տուժածների մանրամասն վկայություններով և նկարագրություններով: Պարզվեց նաև, որ տուժած և նվաստացված երիտասարդներից մեկը գրավոր բողոք է ներկայացրել ընդդեմ իր նկատմամբ բռնություն և նվաստացուցիչ մեթոդներ գործադրած ոստիկանների:

Դեպքին հաջորդող մի քանի օրերը սպասողական էին ինչպես տուժածների, այնպես էլ ախալցխահայության համար, և Վրաստանի ՆԳ նախարարությունն իր քայլերի մշակումից առաջ ըստ երևույթին սպասում էր իրերի զարգացմանն ու հայության արձագանքին: Իսկ այդպիսի արձագանք, բնականաբար, եղավ. Ջավախքի այլ շրջաններից, ինչպես նաև բուն Ախալցխայի շրջանից ոտքի կանգնեցին և ազգային վիրավորանք հասցրած ոստիկաններին խիստ պատժի ենթարկելու պահանջով հանդես եկան հարյուրավոր մարդիկ: Այդ առթիվ շուրջ 300 մանր ու միջին պաշտոնյաների մասնակցությամբ խոշոր հավաք տեղի ունեցավ նաև Ախալքալաքում, որտեղ ևս ներկաները պահանջեցին նույնը: Արդեն խոսք էր գնում երկրի մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիաների կազմակերպման մասին: Իրերի նման զարգացումը և ձնագնդի նման խոշորացումը կանխելու նպատակով Վրաստանի ՆԳ նախարարության տեղական ներկայացուցիչներն սկսեցին ստահոդ լուրեր տարածել, թե իբր մեղավորները, ընդհուպ մինչև Ախալցխայի ստիկանության պետը, արդեն ազատվել են աշխատանքից և այլն: Դեպքից ուղիղ 10 օր անց Ախալցխա ժամանեց Վրաստանի ՆԳ նախարարը: Պարզորոշ էր այցի նպատակը՝ տեղում քննել իրավիճակն ու կայացնել համապատասխան որոշում: Սակայն, ի զարմանս ջավախքահայ հասարակության, նախարարը ոչ միայն չպատժեց ոստիկաններին, այլև հարկ չհամարեց հասարակությանը տալ այդ առթիվ ինչ-որ մեկնաբանություն. շուտով գերատեսչությունից ստացվեց մի հերթապահ հաղորդագրություն, ըստ որի երկրի ՆԳՆ-ն շարունակելու է հանցագործության դեմ անդրդվելի պայքարը, և նախարարը իրավապահպան մարմիններին հանցագործության դեմ պայքարում լիակատար աջակցության պատրաստակամություն է արտահայտել:

Դեպքերի խրոնոգրաֆիան ավարտվեց Վրաստանի ՆԳՆ Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի մայիսի 5-ին տարածած հաղորդագրությամբ, որով կտրականապես հերքվեց Ախալցխայի ոստիկանների կողմից  բաժանմունք տարված հայերին ազգային կամ կրոնական հողի վրա ճնշումներ գործադրելու մասին տեղական մամուլի տարածած լուրը: Այսպիսով՝ հայ ժողովրդին ազգային վիրավորանք հասցրած ոստիկանները ոչ միայն չեն պատժվելու, այլև ողջ մեղադրանքը բարդվում է հայկական կողմի վրա՝ ինչպես մամուլով «ստահոդ» լուրեր տարածելու իմաստով, այնպես էլ՝ սուտ մեղադրանքներ հնչեցնելու և անգամ այդ առթիվ բողոք ներկայացնելու իմաստով: Ահա ողջ զավեշտը:

Ակամայից հարց է առաջանում. ինչու՞ եղավ այդպես: Նախքան հարցը քննելը՝ փաստենք մի իրողություն. Վրաստանի ՆԳՆ-ն չէր մնա անդրդվելի և չէր գրանցի նման ջախջախիչ հաղթանակ, եթե հակառակ կողմում տեսներ կազմակերպված ուժ և դիմադրություն: Իսկ ինչու՞ չձևավորվեց նման դիմադրություն, և հայության շրջանում մարեց այն ոգևորությունը, որը կար դեպքին հաջորդող օրերին: Այստեղ ևս փաստենք, որ վրացական կողմը փայլուն գործեց: Նա քաջ գիտեր, որ Ջավախքի ախալքալաքյան հատվածում ժողովրդին առաջնորդողները և գործնական քայլեր նախապատրաստողները գործում են սեփական նախընտրական շահերից ելնելով և երբեք չեն անցնի այն սահմանագիծը, որը գծված է վրացական կողմից նրանց առջև: Բոլորս, ինչպես և վրացական կողմը լավ է հիշում նման բազմաթիվ դեպքեր, երբ իրենց առաջնորդ համարողների ազգային պահանջներն ավարտվել են այնտեղ, որտեղ վերջիններիս տվել են «կոնֆետներ» և նման տիպի բաներ: 2013 թ. սկզբին Ջավախքում հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու մասին պահանջը և կարճ ժամանակ անց այդ պահանջի անհասկանալի անհետացումը այդպիսի թարմ օրինակներից է: Ջավախքյան, այսպես կոչված, ազգային գործիչներից ոմանց համար ջավախքահայության ազգային պահանջները վաղուց են դարձել սեփական դիրքերը հաստատելու ոսկե գործիքներ: Ոմանք այդ գործիքներից լավագույնս օգտվում են ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ցավոք, այդպիսի կերպարներն իրերի զարգացման առանցքում են այսօր ևս, և Ջավախքի ներկա գարշահոտ վիճակն այդ երևույթի հետևանք է:

Վերադառնալով հարցին՝ շարունակենք: Վրաստանի ՆԳՆ-ն հայության շրջանում հուզումները վերացնելու մի փոքր այլ մեթոդ կիրառեց Ախալցխայի հատվածում: Վրացի բարձրաստիճան ուժային և այլ ներկայացուցիչներ, սերտ կապեր ունենալով ծնունդով Ախալցխայից, այժմ արտերկրում խոշոր ֆինանսական կապիտալ ունեցող հայազգի գործարարների հետ՝ վերջիններիս ակտիվորեն ներքաշեցին դեպքերի զարգացման մեջ: Սեփական ազգային արժանապատվության համար ոտքի ելած իրենց հայրենակիցների կողքին կանգնելու փոխարեն՝ հայազգի այդ գործարարներն ամբողջովին լծվեցին Վրաստանի ՆԳՆ-ի կողմից ծրագրված սցենարի իրակնացմանը և սկսեցին ամեն կերպ հորդորել, համոզել, անգամ՝ վախեցնել տուժած երիտասարդներին, որպեսզի վերջիններս հետ կանգնեն իրենց պահանջներից և հետ վերցնեն իրենց բողոքները: Այդպիսի գործարարներից մեկը Սամցխե-Ջավախքի նահանգապետի հետ հանդիպումից հետո հարկ չհամարեց անգամ հանդիպել շենքի առջև համախմբված իր հայրենակիցների հետ, ովքեր հուզված սպասում էին հանդիպման ավարտին: Նա դուրս եկավ հետնամուտքով և ճողոպրեց:   

ՌԴ-ում և արտասահմանյան այլ երկրներում ահռելի ֆինանսական ռեսուրսների տիրապետող գործարարներից մի քանիսը, գործին լավագույն փաստաբաններ ներգրավելու փոխարեն, ընդհակառակը, իրենք էին ակամայից դարձել վրացական կողմի փաստաբանը և հայ երիտսարդներին բացատրում էին, թե ինչ կարող է լինել իրենց հետ, եթե վերջիններս չսսկվեն: Որպես օրինակ բերվում էր երիտասարդներից մեկի հայկական երկքաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նրան սպառնում էին (և են), որ կարող են հեշտությամբ զրկել վրացական քաղաքացիությունից և ավանդույթի համաձայն անգամ արգելել մտնելու հայրենիք:

Դժվարանում ենք միանշանակ կարծիք հայտնել առ այն, թե որն էր խնդրին միջամտելու և հարցը մարելու համար հայազգի գործարարներ հրավիրելու Վրաստանի ՆԳՆ-ի կատարած քայլի պատճառը՝ սեփական ռեսուրսներով հարցը մարել չկարողանա՞լը, թե՞ հային իր «հեղինակավոր»  որդիների ձեռքով պատժելու խայտառակ գործընթացից հաճույք ստանալու ցանկությունը:

Հետաքրքրական էր նաև այս ամենի համապատկերին ՀՀ արձագանքը: Ցավոք, մտահոգություններ արտահայտող հայտարարություններն ու հարցազրույցներն այստեղ  եզակի էին: ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր տեղի չունեցան, որոնք կնախաձեռնեին կամ ՀՀ երիտասարդությունը, կամ իրենց թասիբով հայտնի ջավախքահայ ուսանողությունը: Հիմնականում լուռ մնաց նաև մտավորականությունը: Եվ հանկարծ  Վրաստանում ՀՀ դեսպան, ոչ անհայտ Յուրի Վարդանյանի հիմնարկը տարածեց մի արտասովոր հաղորդագրություն, որից տեղեկացանք որ դեսպանը հարցին ծանոթ է, ավելին՝ շուտով պատրաստվում է մեկնել Ջավախք: Հետաքրքրականն այն է, որ դեսպանի՝ հարցին ծանոթ լինելու և Ջավախք մեկնելու ցանկության փաստը լրատվամիջոցների մոտ ունեցավ մեծ արձագանք, իսկ հասարակական շրջանակները դա  արձանագրեցին որպես կարևորագույն, եթե չասենք՝ շրջադարձային իրադարձություն: Եվ իսկապես, ելնելով Վրաստանում ՀՀ դեսպանի անգործության փաստից, ինչպես հարցին ծանոթ լինելու պարագան, այնպես էլ Ջավախք մեկնելու վերաբերյալ դեսպանի հայտնած ցանկությունը կարելի է համարել կարևորագույն իրադարձություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին կլինեին այդ այցի արդյունքները:  Հավելենք նաև, որ Յու. Վարդանյանն այդպես էլ չհասավ Ջավախք: Դժվարանում ենք ասել՝ ինչու: Հավանաբար նա կամ հավատացել է Վրաստանի ՆԳՆ–ի՝ ամեն ինչ հերքելու մասին հայտարարությանը, կամ որոշել է ապրել ազգային նվաստացման ստորացուցիչ պայմաններում, կամ էլ իր պատվին թույլ չի տվել մտնելու Հայոց ցեղասպանությանն առնչվող, իր որակմամբ, «զավեշտալի» հարցերի մեջ:

Ահա իրողությունների ողջ փիլիսոփայությունը: Հետևությունները թող կատարի ինքը՝ ընթերցողը: 

Հ. Հարությունյան

Ախալցխա-Երևան

Լուսանկարը՝ akhaltskha.net-ի

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Ծանոթանալով հոդվածին հանդիպեցի մի այսպիսի արտահայտության,֊«իրենց թասիբով հայտնի Ջավախքահայ ուսանողությունը»։ Անկեղծ ասած հայաստանյան հանրությանը , հատկապես երիտասարդությանը լավ հայտնի Ջավախքահայ որոշ ուսանողների սապոնվելու գործելաոճը ամենևին չի վկայում նրանց թասիբի մասին։ Ճիշտ հակառակը, այնպիսի կարծիք է ստեղծվել դժբախտաբար, որ ջավախքահայ ուսանողներին չի հետաքրքրում ոչ ուսումը, ոչ համամարդկային արժեքները, ոչ էլ ջավախքահայության և հայ ժողովրդի կենսական շահերը։ Նրանք պատրաստ են սատանային էլ ծառայելու, միայն թե հասնեն «ցանկալի կարիերայի»։ Ինչ վերաբերվում է դեսպան Յու․ Վարդանյանին, ապա պետք չե նրանից որևէ բան ակնկալել, քանի֊որ նրա մոտ մկաններից բացի որիշ օրգաններ չեն զարգացել։ Նա հանդիսանում է այսօրվա հայկական դիվանագիտության հավաքական խորհրդանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter