HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղյան նոթեր. մայիսի 6

Դիրքերից վերադառնալիս մտածում էի՝ ինչքան լավ է, որ զինվորները երեւանյան քաղաքական խարդավանքներից դուրս են ու հեռու։ Չեն լսում նրանց խոսքը, չեն ճանաչում նրանց դեմքերով։ Ինչքան լավ է, որ այս երկու իրականությունները իրար հետ կապ չունեն, իրարից հեռու են, իրար չեն զգում։ Այսօր զինվորներն առաջարկեցին սուրճ խմել իրենց հետ, ես էլ համաձայնվեցի։ Նրանց հետ նստեցի կրակի կողքին ու լսում էի նրանց խոսակցությունները։ Նրանք հիշում են թեժ օրերի բոլոր մանրամասները։ Նրանց ուղեղներում այդ օրերի յուրաքանչյուր վայրկյանը դաջվել է, բոլոր մանրուքները հիշում են. ով որքան կրակեց, ում կրակոցից հետո ինչ եղավ, ով իր պահունակը շպրտեց ընկերոջը, ով նռնակը առաջին նետեց, ում կրակելուց հետո ինչ եղավ։

Սամվելն էլ հիշեց նախորդ օրը ստացած նամակը։ Ասում է՝ առաջին դասարանցու նամակ է իրեն հասել, տառերը երբեմն մի քիչ «ծուռտիկ» են ։ «Պիտի հետս տանեմ։ Դրել եմ Ուրալի մեջ, որ չփչանա»,- ասում է նա։

Օրվա վերջում կարողացա հարցազրույց անել ԼՂՀ պաշտպանության բանակի հրետանու պետի՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանի հետ։ Հրետանին ադրբեջանական զինուժի սարսափն է դարձել։

***

Պատերազմը վախեցնող բառ է։ Ուրիշների պատերազմը գուցե այնքան սարսափելի չէ, որքան քո պատերազմը։ Ուրիշների պատերազմի մասին դու լսում ես, կարդում կամ ինչ-որ կադրեր դիտում, բայց դրանց ողբերգության չափը երբեք չես զգում, որքան քո պատերազմինը։ Պատերազմը ոչ միայն կյանքեր է խլում, այլ խեղում է բազմաթիվ ճակատագրեր։ Երեխաների մանկությունը անվերադարձ, կարծես, անհետանում է՝ նրանցից խլելով ամենաթանկ մարդկանց։ Երեխաներն ու կանայք՝ հիմնականում նրանք են կրում այդ ողբերգության բեռը։ 

***

Մարդիկ հոգնում են պատերազմից, հոգնում են պատերազմի դաշտում, հոգնում են նաեւ թիկունքում։ Պատերազմը քամում է մարդու ներսը, նրա բոլորը բջիջները ձեւափոխում է հիմնովին։ Այդ պահին դու գրեթե ոչինչ չես զգում, որովհետեւ ուղեղդ մարմնին այդպիսի հրահանգ է տվել, ամեն ինչ սկսվում է հետո, դու հետո ես դառնում նրա պատանդը։ Եւ փրկություն չի լինում, որովհետեւ այն քո ներսում է արդեն, իսկ նրան ներս չթողնելու տարբերակ չես ունենում։ Պատերազմի մասին ճշմարտություն մի փնտրեք, պատերազմի մասին չես կարող ճշմարտություն գրել։ Քեզ կխժռի այդ ճշմարտությունը։

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Իմ առաջին դասարանցի տղան էլ նամակ է գրել զինվորներին և շատ կուզենայի պարզվեր, որ Սամվելի ստացած նամակը իմ տղայի գրած նամակն է, ու այն իսկապես հասել է զինվորին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter