HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ, սակայն ունի հոգեբանական լուրջ խնդիրներ

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստն այսօր շարունակվեց փորձարարության արձանագրությունների եւ լուսանկարների հրապարակումով: Նշենք, որ դեպքից հետո փորձարարությունն իրականացվել է ոչ թե Ավետիսյանների տանը, այլ ռուսական 102-րդ ռազմաբազայում: Կառուցվել է Ավետիսյանների տան մակետը, որտեղ Վալերի Պերմյակովն ամենայն մանրամասնությամբ ցույց է տվել իր գործողությունների հերթականությունը, նկարագրել բոլոր սենյակների դասավորությունը՝ ապշեցնելով ներկաներին իր փայլուն ֆոտոհիշողությամբ:

Փորձարարության ընթացքը տեսանկարահանվել է, սակայն չգիտես ինչու ռուսական կողմը տեսաձայնագրությունը դատարանին չի հանձնել: Միտումնավորություն ռուսական կողմի գործողություններում՝ տուժող կողմի ներկայացուցիչները փորձում են չտեսնել, սակայն կգերադասեին ստանալ բացատրություն, թե ինչու է հայկական կողմին հանձնված գործից բացակայում է փորձարարության տեսաձայնագրությունը:

Վալերի Պերմյակովը հայ եւ ռուս իրավապահների կողմից հարցաքննվել է 17 անգամ: Բնականաբար նրա բոլոր հարցաքննություններն իդիալականորեն միմյանց չեն կրկնում եւ կան էական տարբերություններ: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Պերմյակովի հայտնած միտքը, թե Ավետիսյանների տուն մտել է ջուր խմելու նպատակով, իսկ հետագայում խուճապի մատնվելով՝ սպանել քնած մարդկանց, հերքվում է արդեն իսկ հաջորդ հարցաքննությունների ժամանակ: Չիտա մեկնելու նպատակով պահակակետը լքած զինված զինվորականին հարակավոր է եղել գումար եւ քաղաքացիական հագուստ, որը ձեռք բերելու նպատակով էլ նա կեսգիշերին փնտրել է բաց դարպասով համապատասխան տուն:

Որոշ դրվագների անհամապատասխանությունն էլ տուժողների իրավահաջորդ Լուսինե Սահակյանը կապում է ամբաստանյալի անձի ունեցած ցածր ինքնագնահատականի, տարբեր տեսակի ֆանտազիաների, ստելու հակում ունենալու հետ: Փաստաբան Սահակյանն, ինչպես նաեւ տուժողների մյուս իրավահաջորդները կարեւորում են դատարանում փորձարարության տեսագրության ցուցադրությունը, որտեղ շատ պարզ կերեւար, թե ինչ վիճակում է եղել Պերմյակովը կատարվածը վերարտադրելիս:

«Ամբաստանյալը կայացման, ինքնահաստատման խնդիր ունի ու դա երեւում է նրա պահվածքից, երբ նկարագրում է, թե ինչպես է կատարել սպանությունները: Նա լուրջ հոգեբանական խնդիրներ ունի, սակայն հոգեկան հիվանդ չէ,-ասում է Լուսինե Սահակյանը,-նկատի ունենաք, որ նախկինում, երբ նրան արգելել են զենք կրելը՝ պատճառաբանել են, որ նրա համար մարդկային կյանքն արժեք չունի: Եթե դուք տեսնեք փորձարարության տեսագրությունը, թե ինչպես է դրվագից դրվագ նկարագրելիս պայծառանում ամբաստանյալի դեմքը, թե ինչպես է քիչ-քիչ ագրեսիվանում, իրեն կայացած, լիարժեք մարդ զգում, անգամ ժպտում է՝ ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»:

«Պերմյակովն ունի հոգեկան որոշ շեղումներ, որոնք հստակ արտացոլված են դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննության մեջ,-հավելում է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը,- եւ սպասել ոչ պրիմիտիվ պատասխանների նման հոգեվիճակում գտնվող անձից, որը տեղով պրիմիտիվ է՝ ես կարծում եմ սխալ է: Այստեղ խնդիրն այլ է:  Բանակ զորակոչելուց անմիջապես հետո բոլորի համար պարզ է եղել, որ Պերմյակովը խնդիրներ ունի, եւ զենք նրան ընդհանրապես չպիտի տրվեր: Նա ընդհանրապես պիտի զորացրվեր, բայց դրա փոխարեն հայտնվել է Գյումրիում»:

Դատակոչված, սակայն դատարան չներկայացած 6 վկաներից 4-ի նախաքննական ցուցմունքները դատարանը որոշեց հրապարակել: Պերմյակովի ծառայակիցներ Ժդանովը, Վոլկովը, Կուզնեցովն ու Ժիլտովը հասցրել են այս ընթացքում զորացրվել եւ հեռանալ Գյումրիից: Նրանք դատարան նամակ էին ուղարկել, որտեղ նշել էին, թե չեն կարող ՌԴ-ից գալ եւ մասնակցել դատական նիստերին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Բոլորն չորս վկաներն էլ դրական են արտահայտվել Պերմյակովի մասին՝ նրան բնութագրելով, որպես քչախոս, հավասարակշռված՝ ոչ կոնֆլիկտային:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները չհամաձայնվեցին հրապարակել հատկապես կարեւոր վկա համարվող, Պերմյակով անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինի նախաքննական ցուցմունքները:

«Շատ կարեւոր է Անդրեյ Նիկիշինին դատարանում հարցաքննելը, ով պիտի պատասխանի հարցերին, թե ինչ չափորոշիչներով է նա Չիտայում ընտրել Պերմյակովին եւ տեղափոխել Գյումրի: Նա պարտավոր էր մանրամասը ստուգել վերջինիս անձնական գործը,-նկատում է Երվանդ Վարոսյանը,-ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, ապա դա անհնար է, որովհետեւ ՌԴ քաղաքացի է: Փորձ կատարվել է իհարկե ծանուցելու, սակայն, եթե Նիկիշինը որոշի չներկայանալ՝ հայկական կողմը ոչինչ չի կարող անել: Ռուսական կողմը, նաեւ հրամանատարությունը, որոնց ներկայացուցիչները միշտ նստում դահլիճում եւ լսում են դատավարության ընթացքը՝ հասկանանում են, որ մեզ համար խիստ կարեւոր է Նիկիշինի ներկայությունը, եւ եթե ուզենային ներկայացնել նրան, ապա վաղուց ներկայացրել էին»:

Տուժողի իրավահաջորդները միջնորդություն ներկայացրեցին նաեւ լրացուցիչ վկաներ ներգրավելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարան հրավիրել Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին, ինպես նաեւ հարցում կատարել եւ պարզել, թե դեպքի օրը ոստիկաններից ովքեր են մասնակցել Պերմյակովի որոնողական գործողություններին: Դատավորը մերժեց միջնորդությունները՝ նշելով, թե դրանք քրեական գործի հետ կապ չունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter