HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խալափյան. «Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում իմ էրեխեքը տեսան»

Իմ այցելության պահին ԼՂՀ Թալիշ գյուղի բնակիչ, 6 երեխաների հայր Գագիկ Խալափյանը նոր էր եկել Թալիշից Երևան այն նույն մեքենայով, որով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 13 մարդ էր կարողացել փրկել: Թալիշի տնից բերել էր երեխաների հեծանիվն ու իր սիրած սենյակային ծաղիկը:

«2-3 օրը մեկ պիտի գնամ: Բայց ոչ ստեղ եմ կարում մնամ, ոչ՝ ընդեղ, չեմ կարում հաշտվեմ, որ ծնողներս չկան»,-ասում է Գագիկը: Ադրբեջանցի դիվերսանտները ապրիլի 1-ի գիշերը սպանել էին նրա ծնողներին՝ Վալերա ու Ռազմելա Խալափյաններին ու տատին՝ Մարուսյա Խալափյանին: Գագիկը կնոջն ու երեխաներին տարել էր ապահով տեղ, ապա հետ եկել, որ ծնողներին ու 92-ամյա մահամերձ տատին դուրս բերի տնից, սակայն ադրբեջանցի դիվերսանտները տունն արդեն շրջապատել էին: 

«Էդքան դիվերսիան գալիս, հասնում ա գյուղ, ու ոչ մեկը չի իմանում: Ոչ մեկը չէր պատկերացնի, որ թուրքերը կարան մտնեն գյուղ: Տան մոտ սկսեցին կրակել, չմտածեցի, որ թուրքերն են: Ավտոյից իջա, մի 15 մետրի վրա լսեցի, որ թուրքերեն խոսում են: Մտածեցի, որ սաղ հիմա կկոտորեն… հասա գյուղապետարան, ասի թուրքերը մտել են գյուղ: Դրանից հետո էլ ավտոներով, էլ ոտով բոլորը սկսեցին դուրս գալ գյուղից»,-շարունակում է Գագիկը:

Խալափյանների վեց երեխաները Երևանում փորձում են հարմարվել նոր պայմաններին, անընդհատ վազում են բակ, քանի որ սովոր չեն բնակարանում ապրել: Մեկ ամսից ավելի 14 շնչով տեղավորվում են ապրիլի 1-ի գիշերը Թալիշում ադրբեջանցի դիվերսանտների կողմից սպանված Խալափյանների քրոջ՝ հորաքույր Լիդայի ճակատագրական բնակարանում: Ինչո՞ւ ճակատագրական, որովհետև հենց այս տանն են 15 տարի առաջ ծանոթացել երևանցի Գոհար Վարդանյանն ու թալիշեցի Գագիկ Խալափյանը: Ամուսնացել են, տեղափոխվել հայրենի Թալիշ, լույս աշխարհ են բերել վեց երեխա, ընտանիքի տասնմեկ անդամներով ապրել այնտեղ հանգիստ, խաղաղ կյանքով մինչև այս տարվա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը:

Մեկ ամսից ավելի 7 ամսականից 14 տարեկան վեց երեխաները ստիպված են երբեմն տարբեր տեղերում մնալ, քանի որ Գագիկ Խալափյանի հորաքրոջ տանը նեղվածք է. «Դոշակները փռում ենք գետնին, քնում»,-ասում է Լիդա Խալափյանը, ում տանը ապաստան է գտել սպանված եղբոր զավակի ընտանիքը: 

Դպրոցահասակ չորս երեխաները Երևանում դեռ դպրոց չեն գնում. «Էրեխեքի կեսը մի տեղ, կեսը՝ մի տեղ, մեկը՝ Սարի թաղ, երկուսը՝ Ջրվեժ, մեկը՝ Շինարարներ, որտե՞ղ դպրոց գնան»,- ասում է ընտանիքի հայրը:

Ընտանիքը դիմել է կառավարությանը տան հարցով, մերժում ստացել, ասել են՝ վերադարձ Ղարաբաղ: «Էլի համաձայն եմ, թող լրիվ հարցը կարգավորվի, միգուցե կգնանք: Բայց էս պահի դրությամբ դա հնարավոր չի, ամեն վայրկյան կարող ա խփեն»,-շարունակում է Գագիկը:

«Եթե էստեղ բնակարան հատկացնեն, կտեղավորվենք, հետո երեխաները դպրոց կհաճախեն: Իրենք մեծ հոգեկան սթրես են ապրում, չէի ուզի, որ նորից հարցուփորձի մեջ ընկնեին, վերապրեին այդ ամենը: Իրենք գիտեն, որ իրենց պապիկ-տատիկների հետ դաժանաբար, բարբարոսաբար վերաբերվեցին: Երեխաներին հոգեբանական աշխատանք է պետք»,-ամուսնու խոսքը շարունակում է վեց երեխաների մայր Գոհար Վարդանյանը:


«Ինչ-որ տեսա 92-ին, նույնը, նույն տարիքում, իմ էրեխեքը տեսան»,- ասում է 37-ամյա վեց երեխաների հայր Գագիկ Խալափյանը:

Գագիկ Խալափյանը ծնվել է Թալիշում՝ բազմազավակ ընտանիքում: Երկու պատերազմ է տեսել: 1992-ին՝  13 տարեկանում, ծնողների ու հինգ քույր-եղբայրների հետ տեղափոխվել են Հրազդան: Մանկության հիշողությունների մեջ մնացել է այն, որ մեծի պես աշխատել է, որ մեծ ընտանիքը հաց ունենա:

«Դպրոց չգնացի Հրազդանում, չէի ուզում, որ ասեն՝ շոր չունի էս ղարաբաղցին: Տունն էլ աշխատող չկար, պապաս ինսուլտ խփած էր արդեն: Գնում էի Շորժա, քնում գնացքի մեջ, առավոտը ձուկ վերցնում, բերում էի Երևան, Արաբկիրի շուկայի մոտ ծախում, հացի փող էի աշխատում»,-պատմում էր Գագիկ Խալափյանը:

1994-ինՙ, երբ հայոց բանակն ազատագրել է Թալիշը, Խալափյանները վերադարձել են Թալիշ, իրենց տունը վառված են տեսել: Երկու տարի ապրել են գոմի մեջ՝ առանց հոսանքի: Ամերիկայի հայ համայնքի գումարներով նոր տուն են կառուցել: Ապա Գագիկը ծառայել է հայոց բանակում:

Գագիկ Խալափյանը Թալիշում աշխատանք ունի: ԼՂՀ վարչապետի հովանավորությամբ գործող «Թալիշ» հիմնադրամի կազմակերպիչն է: Ասում է, որ 250 հեկտար արևածաղիկ, եգիպտացորեն ու ցորեն ունեն ցանած, որից ստացված բարիքը հետագայում պիտի տրամադրվեր գյուղի բնակիչներին: Պատմում է, որ 220 հեկտար էլ գարնանացան էին պատրաստել, որը մինչև ապրիլի 5-10 պիտի ցանեին: «Եթե էսպես գնա, ոչ կարանք ցանենք, ոչ քաղենք… լավ ապրում էինք, 15 հեկտար էլ սեփական ցորեն ունեմ ցանած, ամեն ինչ էրեխեքից կտրեցինք, դրեցինք հողի մեջ, էսօր սենց դառավ: Մեկ ա, մեր գյուղից լավը չկա»,-շարունակում է Գագիկը:

Վերջում հարցնում եմ նպատակների ու ցանկությունների մասին. «Մենակ խաղաղություն եմ ուզում, բոլորը նորմալ ծառայեն գան, ամեն մեկը մի տան բալա ա»,-պատասխանում է Գագիկ Խալափյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter