HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Child in Time». պատերազմի և այն հրահրող մարդկային հիմարության երաժշտական տեսությունը

Նաիրա Հայրապետյան

Բրիտանացի լեգենդար ռոք երգիչ և երգահան, աշխարհահռչակ «Deep Purple» խմբի մենակատար Իեն Գիլանի պաշտոնական կայքում մոտ երեք տարի առաջ մի ուշագրավ նամակի հանդիպեցի: Երգիչը առանձին բաժնում սովորություն ունի «զրուցելու» իր երկրպագուների հետ, պատասխանելու նրանց ջերմ արձագանքներին, հարցերին և մասնակցելու նաև այս մթնոլորտում ծավալվող քննարկումներին, որոնց արդյունքում հետաքրքիր տեղեկություններ են բացահայտվում նաև խմբի տարբեր շրջանների գործունեության, ստեղծագործությունների և նախագծերի մասին: Այդ նամակ-գրառումում ադրբեջանցի Բարաթ Ագաև անունով ներկայացած ոմն մեկը սրտաճմլիկ քննադատություն էր հնչեցնում իր երաժշտական կուռքի հասցեին, որի պատճառը Գիլանի` Հայաստանում արված  արտահայտություններից մեկն էր: « Ես 18 տարեկան եմ, ձեր մեծագույն երկրպագուներից եմ և ժամերով սիրում եմ լսել դիփփըրփըլյան ձեր երգերը, հատկապես « Child in Time»-ը…  շատ հանճարեղ մի երգ, որը պատերազմի դեմ է ուղղված, այո՛, պատերազմի: - ասում է ադրբեջանցի երկրպագուն,- Բայց այսօր ես ցնցված էի մի նորությունից: Ես փորձեցի որոշ  տեղեկություն հավաքել Ձեր մասին և ցավոք սրտի հանդիպեցի մի շատ վատ իրողության, որը ստիպեց ինձ լաց լինել. Դուք ասել եք, որ Հայաստանը Ձեր հոգևոր հայրենիքն էմինչդեռ Դուք ոչինչ չգիտեք Հայաստանի՝ իմ հայրենիքի հանդեպ դրսևորած ագրեսիայի և ահաբեկչության մասին, նույնիսկ տեղյակ էլ չեք, թե ինչպես են նրանք կենդանի վառել ադրբեջանցիներին, կտրել նրանց գլուխները, գլխամաշկը, օկուպացրել մեր տարածքը, որը կոչվում է Ղարաբաղ»: 

Այնուհետև ադրբեջանական կեղծ քարոզչության դասը լավագույնս սերտած այս պատանյակը շարունակում է ներկայացնել հայկական «անմարդկային վայրագությունները» իրենց ազնվագույն և տառապած ժողովրդի հանդեպ՝ արդեն տեղեկատվական դաշտում ունեցած մեր զենք-զինամթերքով, որի արդյունքում մինչ օրս Ղարաբաղը սխալ ճանապարհով է ներկայացվում օտարերկրացիներին: Այս փոքրիկ դասախոսության ընթացքում նա դիվանագիտորեն շշնջում է նաև երգչի մարդասեր և բարի առաքելության հիշեցումն ու թեթևակի չի մոռանում շոյել՝ նշելով  « Deep Purple»-ի համաշխարհային մեծության, երաժշտության պատմության մեջ ազդեցիկ  ռոք խմբի համբավի մասին: Ապա  հրավիրում է Ադրբեջան՝  ողջ պատմության իսկությունը տեղում, աչքով տեսնելու և Գիլանին հասկացնելու նպատակով: Իսկ մինչ այդ, այսինքն մինչ Լոնդոն-Բաքու չվերթի տոմսը ձեռք բերելը, երգչին առաջարկում է ճշմարտության հետ առերեսումը սկսել Խոջալուի մասին հնարած ադրբեջանական կայքից: « Երդվում եմ, ես միմիայն ճիշտն եմ ասում»,- այսպես է համոզում Բարաթ Ագաևը:

Եվ այս նամակի պատասխանում, հոգևոր հայրենիքի ու Գիլանի ստեղծագործության հանդեպ սիրո նման խոստովանության մթնոլորտում, հատուկ այս երկրպագուի համար մեկ առ մեկ վերլուծվում է վերոնշյալ հանրահայտ երգը, որն իր հերթին երկրորդ պատասխանն էր թյուրիմացությամբ ծնված և նույն հիմքով զարգացած, կարծրացած  ընկալումների համար:

«Փոքր-ինչ անհանգստությամբ եմ պատասխանում Ձեր նամակին,- ասում է Գիլանը,- որովհետև մտավախություն ունեմ, որ այն ավելի ընդգրկուն կլինի, քան Դուք էիք պատկերացնում, երբ մոտենում էիք թղթին»:

Բայց Գիլանը քաղաքական գործիչ չէ, այլ արտիստ, որի ցանկությունն է, առանց քաղաքական կոնֆլիկտներից կախվածության, հեռու որևէ մեկի հետ մրցելու սովորույթից, ստեղծագործել իր համար նախընտրելի տարածքում, իրեն հարմար պայմաններում և գաղափարական մթնոլորտում: Եվ, այնուամենայնիվ, ինչպես ինքն է խոստովանում, «նույնիսկ հոգևոր օազիզում անհնար է չառճակատվել կոնֆլիկտներին, խուսափել դրանցից և պետք է դիմակայել ռազմատենչ ներխուժմանը»: Երգիչը դիմում է իր երգերի օգնությանը՝ փորձելով հնարավորինս հասկանալի մեկնաբանությամբ ապացուցել, որ իր պայքարը եղել է մարդկային համընդհանուր խնդիրների դեմ. խնդիրներ, որոնց պատճառով էլ ծնվում են ողբերգությունները:

«Նախևառաջ անդրադառնամ անճշտությանը. «Child in Time» -ը  պատերազմի դեմ գրված երգ չէ,- պատասխանում է Գիլանը,- այն  հիմարության մասին է: Մեկն անխուսափելի է, մյուսը՝ ոչ»:  Նրա կարծիքով՝ երգի իմաստային թյուրըմբռնման պատճառը ըստ էության վերնագրում բացակայող ստորակետն է: Իսկ անխուսափելի և խուսափելի երևույթների բացատրությունը հաջորդիվ կապում է իր տեսանկյունից մարդկության շարժիչ ուժը հանդիսացող գերակայման, այլ ոչ թե գոյատևման պայքարի տարբերության հետ: Գիլանն իր բացատրությամբ փորձում է շրջանցել ադրբեջանցու նշած քննադատությունը՝  այն դիտարկելով ոչ թե կոնկրետ քաղաքական իրադարձության, այլ համընդհանուր իրականության մեջ՝ կոնֆլիկտներից բխող պատճառներն ու հետևանքներնը տեղավորելով պատմության, այսպես ասած, արդեն ձևավորված բնավորության մեջ:

«Child in Time»  .

 Լեգենդար «Deep Purple»  խմբի «Child in Time»  երգը դասական ռոքի ամենավառ օրինակներից է: Այն թողարկվեց խմբի ստուդիական չորրորդ՝ «Deep Purple in Rock» ալբոմի կազմում, 1970թվականին: Խոսքի հեղինակն է Իեն Գիլանը:

«Երգը երկու տեսանկյունից պետք է դիտարկել՝ երաժշտության և խոսքի,- մեկ այլ առիթով ասել է Իեն Գիլանը,- Երաժշտության առումով այն հիմնված էր «It’s A Beautiful Day» խմբի  «Bombay Calling» փսիխոդելիկ երգի վրա: Երբ օրերից մի օր Ջոնը իր ստեղնաշարայինով նվագեց այն, մեղեդին այնքան նոր ու բնական էր հնչում, որ մենք որոշեցինք անպայման կատարել: Փոփոխել ինչ-որ բաներ, ավելացնել նորը և մեր ձևով կատարել: Բայց այն ժամանակ ես երբևէ չէի լսել « Bombay Calling»-ի բնօրինակը: Մենք ստեղծեցինք մեր երգը՝ որպես թեմա ընտրելով Սառը Պատերազմը՝ կառուցելով այն «Sweet child in time, you’ll see the line» տողի շուրջ»:

Ահա երգի տեքստային հիմքը, կամ նախապատմությունը: Հետո Ջոն Լորդը գործի դրեց իր երգեհոնային երաժշտական զգացողությունը, Ռիչի Բլեքմորը՝ կիթառի մեղեդային զգացողությունը ու վարպետորեն հյուսվեց երգ-բողոքն՝ ընդդեմ մարդկային մի տեսակի, որը ծնում է պատերազմներ ու ավերածություններ, սպանում մարդկանց ու խեղում ողջ մնացածներին: Գիլանի կարծիքով երգը արտացոլում էր ճիշտ այդ օրերի տրամադրությունը, որի համար էլ այն շատ արագ պոպուլյար դարձավ:

Sweet Child,

In time you՚ll see the line,

The line that՚s drawn between good and bad.

See the blind man shooting at the world

Bullets flying, taking toll

If you՚ve been bad; lord I bet you have

And you՚ve not been hit by flying lead

You՚d better close your eyes

You՚d better bow your head

Wait for the ricochet

Առաջին հայացքից պարզ և փոքրիկ տեքստից բաղկացած այս երգը իրականում բարդ կոմպոզիցիա է: Գիլանն ասում էր, թե այն պետք է դիտարկել երկու տեսանկյունից, սակայն իմ կարծիքով ՝ «Child in Time»-ը ևս երկու կարևոր բաղադրիչ ունի. Գիլանի հուժկու, լայն դիապազոն ընդգրկող  ձայնը և գործիքավորման առանձնահատկությունը, որը թույլ է տվել  երգը բաժանել ստեղնաշարի և կիթառի միջև երկու առանձին կտոր-գլուխգործոցների: Այս ամենն ավելի խոր ու ազդեցիկ են դարձնում երգի բուն էությունը: Մարդկային մտքի հետևանքները սրվում են Գիլանի ճիչերի մեջ. ծայրահեղ լարման մեջ պահելով ունկնդրին՝ դրանք ասես բարձրանում են երկինք ու սրըթաց խրվում անեզրության կուրծքը՝ նույն անեզրության մեջ թողնելով պատերազմներ հրահրող մարդու խելագար և մահվան մեջ գալարվողների ցավագին աղաղակ-ճիչերը:

70-ականներին դեռևս շարունակվում էր վիետնամական պատերազմը, որը նաև բազմաթիվ երիտասարդ կյանքեր և ճակատագրեր էր խլում: Երգն ընկալվում էր իբրև բողոքի ալիք՝ պատերազմի ու բռնության դեմ, իսկ շատ-շատերի համար այն դարձավ «heavy-metal»  ժանրում խորհրդանիշ, հիմն և մեծագույն օրինակ: Սակայն երգի հիմնական ասելիքը իրականում երիտասարդության արթնացումն է. երիտասարդություն, ով դատապարտված է կուրորեն հանդուրժելու իր վրա կրակող մարդուն, փակել աչքերը իրականության առջև և խոնարհել գլուխը՝ սպասելով իրերի դասավորությանը:

«Իհարկե, դեռ կլինեն որոշ անխուսափելի և սպառնալիքներով լի պատերազմներ, որոնք կգլխավորեն ներկա ժամանակի գաղափարներին հավատարիմ գլխավոր հերոսները, բայց մնում է գիտակցել, թե այստեղ որքան մեծ դերակատարություն ունի հիմարությունը, այնպիսին, ինչպիսին ,Փոխադարձ երաշխավորված ոչնչացմանե ռազմավարությունն է (MAD) և դեռ որքան կապրեն պարտության դառնությունն ու վերքերի դաժան հիշողությունը»:- բացատրում է Գիլանը իր երկրպագուներից մեկին, ով ծնվել է սեփական սխալները ուրիշների գլխին կոտրելու և հարցերը միմիայն ռազմական ճանապարհով լուծելու փորձ անող մի երկրում:

Ի՞նչ հետևություններ է արել Բարաթը, չգիտեմ, բավարարվե՞լ է արդյոք Գիլանի ընդհանուր և փիլիսոփայական պատասխանից, հաղթո՞ղ է համարել իրեն էժանագին իր քարոզչության նպատակում…  բայց խորապես հույս ունեմ, որ թեկուզ չնչին չափով  ինքը փոխանցել և հանգստացրել է  իր «զինակիցների» մտահոգությունը, եթե, իհարկե, երաժշտության իսկական երկրպագու է: Հույս ունեմ, որ մինչև ապրիլյան այս պատերազմը,  նա ևս մեկ անգամ լսել է «Child in Time»-ը և վերանայել դեպքերի՝ մինչ այդ եղած իրենց տեսլականը. և՛ նախքան իրենց հարձակումը, և՛ այդ պատերազմից հետո, ներառյալ նախագահական վերջին պարգևատրումները:

«Իսկ ինչ վերաբերում է երկրորդ մասին՝ իմ հոգևոր  տանը, ապա այն կարող է լինել ցանկացած վայր, որը դիպչել է հոգուս, ցանկացած տեղ, ուր ինձ մեծահոգաբար խոնարհվել են և ապաստան տվել, և դա ամենևին էլ ձևականություն չէ:- եզրափակելով շեշտում է Իեն Գիլանը,- Հատկապես այս շաբաթ մտքումս են Լեհական որոշ շրջաններ. Բավարիան, Թայլանդը, Ռուսաստանը, Շոտլանդիան և Անգլիան, ինչպես նաև Հայաստանը, որտեղ իմ առաջին այցելությունը բավականին խորը հանգամանքներ էր կրում: Եթե ես շարունակեի թվարկել այս ցանկը, ապա դրա արժեքը կփոքրանար, բայց ի ուրախություն քեզ, ես այն չեմ անի»:

Գլխավոր լուսանկարը` classicrock.net-ից,  Գիլանի նկարները՝ նրա ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Հրայր
Մի թե պարզ չէ, որ այդ Բարաթ կոչեցյալը պարզապես դատարկ բարաթ է, որտեղ բառաշարերի հաչոցից, մշակույթի հետ առնչվող բան չկա. 18 տարեկան բարաթագիրը մեղք չունի, գարշահոտություն գալիս է թելադրողներից. DEEP PURPL -ի երկրպագու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter