HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդավանցի. «Ժողովրդի վիճակը շատ ծանդրն է, ջահել, ֆիզիկականը տեղը մարդը ճանճը բերնին կանգնած է»

Մայիսի 4-ին Տավուշի մարզ կատարած իր այցի շրջանակներում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե սահմանամերձ համայնքները եղել են և շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Բերդավանցի Հայկ Էզդանյանն ասում է, որ սահմանամերձ Բերդավանն ընդհանրապես կառավարության կողմից անտեսված գյուղ է:

«Բերդավանը ոռոգման ջուր չունի: Ներհամայնքային ճանապարհներն անբարեկարգ են:

Համայնքի բյուջեով հնարավոր չէ այն վերանորոգել: Հիմա իմ 1 հա այգին 300 մետր է ադրբեջանցիների դիրքերից հեռու, բայց մի կերպ, վախենալով մշակում եմ: Գյուղացիները մի կերպ գոյատևում են»,- ասում է Հայկը:

Գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ասելով` գյուղի 3000 հա-ից ավելի վարելահողերը և 95 հա խաղողի այգիները պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանցիների դիրքերից: Բերդավանցիները կարողանում են մշակել հազիվ 200 հա վարելահող, իրենց տնամերձերը և 75 հա խաղողի այգիները: «Հողը չմշակելուն նպաստում է ոչ միայն թշնամու  գնդակոծությունները, այլև  ոռոգման ջուր չունենալը»»,- բացատրում է գյուղապետը:

Հայկ Էզդանյանի ասելով, վերջին շրջանում գյուղի վրա կրակոցներ քիչ են լինում: Հիմա հիմնականում հայկական և ադրբեջանական դիրքերից են միմյանց վրա կրակում: Նա մեզ ուղեկցեց գյուղի սահմանամերձ այգիների տարածք: Այգիներում հատուկենտ գյուղացիներ էին աշխատում:

Հայկը  պատմեց, որ  թուրքերը մեկ շաբաթ առաջ կրակել են այգիների ուղղությամբ, գյուղացիները մի կերպ փախել են: Նա ձեռքով ցույց տվեց «Յերշանգուչալ» սարի Հայաստանի դիրքերը:  «Առաջ թուրքերինն էր, մերոնք գրավել են: Թուրքի դիրքերը «Աղնանց հողերի» սարեն ասում: Մեր տարածքն է եղել, հիմա իրենցն է: Հայկական և ադրբեջանական դիրքերը գտնվում են միմյանցից 70 մետր հեռավորության վրա: Բերդավանին սահմանակից են Քամառլու, Ղայմախլու, Ստանբեգլու ադրբեջանական գյուղերը:

Հակառակորդի սահմանակից գյուղերը վախենում են բերդավանցիներից, որովհետև համոզվել են, որ նրանց հետ չի կարելի կատակել: Գյուղից 90-ական թվականներին թուրքերը երկու բերդավանցու պատանդ են տարել: «ժամանակ տվեցինք ժամը 5-ը՝ հետ բերեցին»,-պատմեց Հայկը:

«Ո՞նց եք ապրում»,- հարցրի փողոցում հաստափոր մի խողովակի վրա կնոջ և հարևանուհու հետ նստած Ռազմիկ Սարգսյանին. «Ոչինչ, անբռնել  կանգնում ենք: Չէ, ձեռնափայտն էլ քոմագ չի անում, մեծացել ենք: Թոշակ 40 հազար դրամ  եմ ստանում, 20 հազարն ավել ա»,-հեգնեց նա:

«Որ սահմանի ըռխումն ենք, մեր կյանքը ուրախ կլինի՞: Բա ինչ ա, դողացնում ենք, էլի: Որ կրակում են, արդեն գիտես ոչ դվորը գնաս, ինչ անես»,- դժգոհեց տարեց Անիչկան:

Գյուղ մտնող Ճանապարհաեզրին նստած տղամարդիկ նույնպես դժգոհեցին իրենց ապրելակերպից. «Լավ, շատ լավ ենք ապրում: Աշխատանք չկա, պարապ ավելի լավ ենք լինում: Էն ներքևի սև սարը տենում ես, Ադրբեջանի Ղազախի շրջանի  Քամառլվի սահմանն է:  Էնտեղից են Բերդավանը գնդակոծում»,-ասաց Պավլիկ Զուրաբյանը:

«Ինչ վիճակ, վիճակ չկա էլ:  Մենք թուրքից չենք վախենում, բայց  բերդավանցիներին սոցիալական գծով վափշե էն կուռը գցեցին: Ժողովրդի վիճակը շատ ծանդրն ա, շատ:  Ջահել, ֆիզիկականը տեղը մարդը ճանճը բերնին կանգնած է:  Հա, մի կես հա հող ունեմ:  Ինչ մշակեմ, որ ջուր չկա, ինչ մշակեմ»,- դժգոհեց Վալոդ Էվանիսյանը:

«Մենակ մի 3 հազար մետր  դեղձն ունեմ՝ վարձակալով:  Ժամանակին ջուրը տալիս չեն, որ ջրենք,  բերքը վրին չորանում ա: Հենց դրա համար էլ չեմ կարողանում մշակել»,-ավելացրեց Գարեգին Երգերյանը: 

Շավարշ Հովհաննիսյանի ասելով՝ Բերդավանում երիտասարդներ չեն մնացել. «Առաջ գյուղամիջում լիքը ջահելներ էին հավաքվում, հիմա ուր է, ջահել չես գտնի»: Շավարշի խաղողի այգին կպած է թուրքի սահմանին. «Այրումի քառաստիճան պոմպակայանից պետք է ջուր մղեն, որ դեղձի այգիներս ջրեմ,  բայց դրանք էլ ուշ են միացնում»,- բացատրեց Շավարշը: Վերջինս հակառակորդի գնդակոծության  պատճառով իր խաղողի այգիները չի կարողանում կապել: Շավարշը պահանջում է սահմանի  մոտ գտնվող այգիների տերերին զենք տալ. «Եթե թուրքերը մեզ մոտ ռազվեդկա ուղարկեն,  թուրք է՝ծառերի հետևից կարող է դուրս գալ, եթե ինձ մոտ զենք լինի՝կպաշտպանվեմ,դրա համար եմ ասում»,-բացատրեց նա:

Գյուղապետ Արարատ Գաբրիելյանը դժգոհեց ադրբեջանցիների գնդակոծությունների նկատմամբ բերդավանցիների անտարբերությունից:

«Բերդավանի և ադրբեջանցիների սահմանը մի քանի մետրի վրա է: Թշնամու կողմից պարբերաբար մեծ տրամաչափի զինատեսակներից հրետակոծություններ են լինում գյուղի վրա, բայց այդ պահին, որքան էլ զգուշացնում ենք, գյուղի երեխաները գնում են դաշտ՝ֆուտբոլ խաղալու, կանայք՝խանութ են գնում: Դա արդեն լավ չէ: Ամեն դեպքում զգոնությունը կորցնել չի կարելի: Մենք  2015 թ.-ի սեպտեմբերի 24-ի հրետակոծության արդյունքում երիտասարդ զոհ ունեցանք»,- պատմեց գյուղապետը:

Բերդավանցի Արարատ Քարիմյանին հանդիպեցինք իր տնամերձում: Ասաց, որ կինը՝Սոնա Ռևազյանը 41 տարեկան էր: Ամուսինները սեպտեմբերի 24-ին՝ ժամը 3-4-իսահմաններում, թուրքերի կրակոցներից մոտ մեկ ժամ մնացել են տան ներքին սենյակում: «Երեկոյան ժամը 6-ի սամթերումն է եղել դեպքը: Պետք է տանն եղած անասունը բեջարեինք, որ հետո հանդից եկող անասունին ընդունենք»,- պատմեց Ա. Քարիմյանը: Տրակտորի վրա մի թեթև գործ է եղել:Արարատը որոշել է այդ գործն անել,Սոնան էլ մտել է գոմը՝հորթերին ջուր տալու: «Ինձանից 9 տարով փոքր էր: Որ կրակոցի ձենն իմացա, ինձ թվաց նա գոմումն է: Մի քանի վայրկյան հետո Սոնան ձայն տվեց, թե՝Արո դիպավ, քոմագ արա:  Սոնայի ողնաշարն էր վնասվել:  Վիրավորվելուց հետո, երևի մի  40 րոպե ապրեց»,- պատմեց ամուսինը:

Գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ սահմանամերձ գյուղերի համար սահմանված բոլոր արտոնություններից Բերդավանն օգտվում է: Ադրբեջանցիների  հրետակոծությունների տակ գտնվող շուրջ 3 հազար հա հողերի հարկերը վճարվում է պետբյուջեից: Էլեկտրաէներգիայի և գազի  վարձը կառավարության կողմից սահմանված է 50 տոկոս զեղչով: Գյուղում չեղած ոռոգման ջրի  վարձիհամար նույնպես 50 տոկոս զեղչ է սահմանված: Գյուղապետի ասելով՝ Բերդավանի բացերն ու անելիքները շատ են: Այրումի ջրհան կայանը  պահանջված ջրի քանակը չի կարողանում գյուղ մղել: Ոռոգման սեզոնին 4-5 անգամ  3 օրով  ջուր է մատակարարվում Բերդավանին: Դա չի գոհացնում գյուղացիներին:

«Մենք կառավարությանն առաջարկել ենք կառուցել  սեզոնային կարգավորիչ մեծ ջրամբար, որը շատ մեծ ծախսեր է պահանջում»,-բացատրեց Ա. Գաբրիելյանը:

Գյուղապետը  արտադրած խաղողի իրացման միակ տարբերակը տեսնում էր Բերդավանի սեփականաշնորհված գինու գործարանի վերաշահագործմամբ.«Բերդավան»՝ Ղալաչու գինին  շատ մեծ համբավ ուներ: Պարզապես գինի արտադրողները շուկա  դուրս գալու համար   շշալցման և լիցենզավորման խնդիր ունեն: Դա  Հայաստանում  դժվարլուծելի խնդիր է»,-բացատրեց Ա. Գաբրիելյանը:

Ներհամայնքային ճանապարհների անբարեկարգ վիճակը Ա. Գաբրիելյանը համարեց  Բերդավանի ցավոտ կողմը: Համայնքի  զարգացման կարևոր խնդիրների մեջ նա կարևորեց  մայրուղուց համայք եկող 2 կմ Ճանապարհահատվածի կապիտալ վերանորոգումը. «Այս հարցով բազմիցս ենք դիմել կառավարությանը: Հույս ունեի, որ շատ շուտ պետք է կառուցվեր: Այս տարի կառավարությունից խոստացել էին, որ անպայման կկառուցեն: Բայց հիմա 4-օրյա պատերազմական իրադարձություններից հետո ես անհարմար կզգամ հարցնել, թե ինչ եղավ մեր ճանապարհի վիճակը: Միշտ այդպես ինչ-որ բան խանգարել է այդ ճանապարհի վերանորոգմանը»,-ասաց Ա. Գաբրիելյանը:

Վերջինս  Բերդավանը դատարկվելու կարևոր պատճառը համարեց աշխատատեղի բացակայությունը:  Արարատ Գաբրիելյանը գտնում էր, որ աշխատատեղեր ապահովելու համար Բերդավանում պետք է  փոքր արտադրությունը զարգացնել: Նրա ասելով՝ համայնքը լավ ռեսուրսներ ունի փոքր ձենարկությունների համար. «Մեր գյուղում բոլոր տեսակի մրգերն աճում են: Էլ չեմ ասում անտառային հատապտուղները: Միանշանակ հնարավոր է չրի արտադրամաս ստեղծել, գինու գործարանը վերաշահագործել, զբաղվել պոմիդորի  արտադրությամբ և տարածաշրջանի շուկայից  դուրս մղել թուրքական անհամ պոմիդորն ու մյուս  անորակ բանջարեղենը»: Սահմանային Բերդավանին կառավարության կողմից  իրատեսական աջակցություն է հարկավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter