
Հայաստանի քաղաքացիներ, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում
Հայաստանից 7 անգամ ավելի գումար է փոխանցվում Պանամա, քան հակառակ ուղղությամբ: Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 1,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս տվյալները, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը նաև տեղեկացրել է, որ ԿԲ-ն վիճակագրական նպատակներով բանկերից ստանում է կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներ՝ ըստ փոխանցող և ստացող երկրների աշխարհագրության, որոնք ամեն տարի ամփոփվում ու հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և վիճակագրական տեղեկագրերում: Հիշյալ հրապարակումներում տեղ են գտնում դրամական փոխանցումների մասով ծավալային առումով առավել նշանակալից՝ 10 երկրների մասին տվյալներ: «Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Պանամա և հակառակ ուղղությամբ վերջին 5 տարվա ընթացքում կատարված փոխանցումներին, ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբևէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի ուսումնասիրության առարկա, և համապատասխան ամփոփ տվյալները չեն ներառվել ՀՀ կենտրոնական բանկի հրապարակումներում»,- հայտնել է ԿԲ-ն:
Այսօր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակում է փաստաթղթերի այն փաթեթը, որը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը փոխանցել էր ICIJ-ին՝ լրագրողական լայն համագործակցություն և հետաքննություն կազմակերպելու նպատակով: Գերմանական թերթին այդ փաթեթը հանձնել է Ջոն Դոու անվամբ ներկայացող անհայտ աղբյուրը: Օրերս նա հանդես եկավ նաև մամուլում: Աղբյուրը խոստովանել է, որ ինքը որևէ պետական կամ հատուկ ծառայությունների աշխատակից չէ: «Հարկերից խուսափելուն չի կարելի հաղթել, եթե իշխանությունները շարունակում են փող վերցնել վերին մակարդակի էլիտաներից»,- ասել է Ջոն Դոուն:
Ակադեմիկոսներից մինչև Դեդ Հասանի զարմիկը
Միջազգային այս հետաքննության շրջանակներում «Հետքի» հրապարակման հիման վրա, հիշեցնենք, հրաժարական տվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: «Հետքի» հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:
«Հետքը» նույնպես որոշել է հրապարակել Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված մյուս անձանց անունները: Նշենք, որ չնայած նախագիծը «Պանամայի փաստաթղթեր» խորագիրն է կրում, սակայն այնտեղ կան նաև այլ օֆշորներում գրանցված ընկերություններ:
|
Բաժնետերը/մասնակիցը |
Ընկերությունը |
Ընկերության գրանցման վայրը |
ՀՀ քաղաքացու գրանցման վայրը |
1. |
Ռիմա Սարգսի Մխիթարյան
|
BARRIT LEGAL SERVICES LIMITED
|
Բահամյան կղզիներ |
Երևան |
2. |
Արսեն Հաբեթի Էլբակյան |
1.SUN FACTORING INC., |
Բրիտանական Վիրջինյան Կղզիներ (ԲՎԿ) |
Երևան |
3. |
Անահիտ Հայկազի Սարգսյան |
1.HAGAN CONSULTANTS LIMITED |
ԲՎԿ |
Երևան |
4. |
Պրոֆեսոր Հարություն |
NAIRISOFT INC. |
ԲՎԿ |
Երևան |
5. |
Սնար Մարտիրոսյան |
NAIRISOFT INC. |
ԲՎԿ |
Երևան |
6. |
Արտաշես Նազարի Բալյան |
NAIRISOFT INC. |
ԲՎԿ |
Երևան |
7. |
Վարդան Գուրգենի Քոչարյան |
NAIRISOFT INC. |
ԲՎԿ |
Երևան |
8. |
Աղասի Սամվելի Վարդանյան |
I Securities Global Ltd. |
ԲՎԿ |
Մասիս |
9. |
Գևորգ Ռաֆիկի Նազարյան |
GRADWELL SERVICES INC. |
ԲՎԿ |
Երևան |
10. |
Ռուբեն Հրանտիկի Ավագյան |
GRADWELL SERVICES INC. |
ԲՎԿ |
Երևան |
11. |
Հրանտ Գևորգի Դանագուլյան |
DENA PHARMACEUTICALS LTD |
ԲՎԿ |
Երևան |
12. |
Վարդան Սուրենի Տողանյան |
FARWORTH CONSULTANCY CORP. |
ԲՎԿ |
Երևան |
13. |
Կարեն Լևոնի Հովսեփյան |
RSL Marketing Provider Ltd. |
ԲՎԿ |
Երևան |
14. |
Միհրան Սուրենի Պողոսյան |
1.HOPKINTEN TRADING INCORPORATED |
Պանամա |
Երևան |
15. |
Մարիամ Մանուկի Սեֆերյան |
MARLOWE CONSULTANTS INC. |
Պանամա |
Երևան |
16. |
Գառնիկ Բարսեղի Պապիկյան (տնօրեն) |
ALA INTERNATIONAL LTD |
Պանամա |
Գյումրի |
17. |
Գրիգոր Իշխանի Հարոյան |
Դիմել է ընկերության գրանցման համար |
ԲՎԿ |
Երևան |
18. |
Արթուր Սպարտակի Աղամալյան (տնօրեն) |
OMEGA EQUITIES, S.A. |
Բրիտանական Անգիլիա |
Վանաձոր |
19. |
Օլեգ Սուրենի Բաբաջանյան |
OMEGA Fine Chemicals LLC
|
ԲՎԿ |
Երևան |
20. |
Վահան Միխաիլի Հարությունյան |
FARLEN REAL ESTATES CORP
|
Պանամա |
Երևան |
21. |
Միխաիլ Գեորգիի Հարությունյան |
Bangio Invest SA |
Պանամա |
Երևան |
22. |
Գեւորգ Միխաիլի Հարությունյան (տնօրեն) |
HOPKINTEN TRADING INCORPORATED |
Պանամա |
Երևան |
23. |
Բորիս Գոգայի Հարությունյան |
BARNAR CAPITAL MANAGEMENT LTD |
ԲՎԿ |
Երևան |
24. |
Արամ Գոգայի Հարությունյան |
BARNAR CAPITAL MANAGEMENT LTD |
ԲՎԿ |
Երևան |
25. |
Արմեն Բաբկենի Բաղդասարյան |
Royalsys Enginereeng LTD |
ԲՎԿ |
Արտաշատ |
26. |
Ռուբեն Վարդանյան |
TROIKA DIALOG GROUP LMTED |
Կայմաններ |
|
Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցվել է ՏՏ ոլորտի «Nairisoft Inc» ընկերությունը: Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմանբ: Բաժնետերերի ցանկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը: Նրա գործընկերներն են Սնար Մարտիրոսյանը, Վարդան Քոչարյանը, Արտաշես Բալյանը:
Գաղտնազերծված փաստաթղթերում է նաև DENA PHARMACEUTICALS LTD-ն: Բաժնետեր է Հրանտ Գևորգի Դանագուլյանը, ԳԱԱ թղթակից անդամ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանի որդին: Հայաստանում Հրանտ Դանագուլյանը «Դանաֆարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատերն է:
Ցուցակում է նաև Քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանի անունը: Նա 1993-95թթ. նշանակվել ՀՀ արտգործնախարարության առաջին քարտուղար, Այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, 1995-2000-ին դարձել Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը: Մամուլի հրապարակումներում նշվում է, որ Վարդան Տողանյանը ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հայաստանում անցյալ տարի գրանցել է «Սիրուն դայմնդս» ՍՊԸ-ն, որը «Շողակնի» «պրոեկտներից է», քանի որ Տողանյանն այստեղ բաժնեմասը կիսում է «Շողակնի» մեկ այլ սեփականատեր՝ ռուսական «Աթոն» հայտնի ընկերության ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավարն Ահարոն Պապյանի և ռուսաստանաբնակ Վահագն Աբգրայանի հետ:
Իրավաբանական գրասենյակներն ու նրանց սեփականատերերը նույնպես ներգրավված են օֆշորային գործարքներում: «Մենք իրավաբանական խորհրդատվական կենտրոն» ընկերության սեփականատեր Միքայել Ավետիսյանի անունը հայտնվել է ցուցակում: Նա գրանցել է Daisy Marketing Group Inc. ընկերությունը:
Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ փարթնրզ» ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյանի գործունեության որոշ դրվագներ ևս արծարծվում են պանամյան փաստաթղթերում: Սարգիս Կնյազյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել Պանամայում գրանցված Harrington Development Inc. ընկերությանը, որի դիմաց ժամում 300 դոլար ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել:
IDea հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի անունը այս փաստաթղթերում նույնպես արտացոլվել է նրա «Տրոյկա դիալոգ»-ի միջոցով: Փաստաթղթերը, սակայն, 7 տարվա վաղեմության են և վերաբերում են Կիպրոսում գրանցված Troika Dialog Investments Limited-ի և ԲՎԿ-ում գրանցված Avto Development Holdings Limited-ի միջև 2009թ.-ին կնքված կառավարման համաձայնությանը, դրանց բաժնեմասերի բաշխմանն ու կառավարմանը:
Սփյուռքահայերը՝ Պանամայի փաստաթղթերում
Պանամյան փաստաթղթերում կան նաև սփյուռքահայեր: Շատ են՝ Ռուսաստանում բնակվող հայերը: Անմասն չեն մնացել նաև քրեական հեղինակությունները: Ուզբեկստանի քաղաքացի Հովիկ Մկրտչյանի անունը շոշափվում է փողերի լվացման և նարկոառևտրի գործարքներում, որոնք շաղկապված են Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Համաձայն լատվիական Kompromat.lv –ի, Հովիկ Մկրտչյանը, լինելով Ուզբեկստանի քաղաքացի, գործունեություն է ծավալում Լատվիայում, և նրա բիզնես գործընկերը Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության գնդապետ Յուրի Սավենկովն է: 2013-ին վերջիններս, ինչպես նաև Լազիզխոն Վալիխանովը (Lazizkhon Valikhanov) հիմնադրել են BALT EXPRESS TRADE ընկերությունը, սակայն մեկ տարի անց սնանկացման գործընթաց սկսել: 2014թ.-ին Հովիկ Մկրտչյանը մեկ այլ հայազգի՝ АО Balticovo –ի խորհրդի անդամ Մխիթար Մխիթարյանի հետ հիմնադրել են EGG ENERGY ընկերությունը:
Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան Հովիկ Մկրտչյանին քրեական խմբավորմանն անդամակցելու մասին հայտարարություն է արել իր հարցազրույցներից մեկում, նշելով, որ բոլոր նրանք կապ են ունեցել բամբակի արտահանման բիզնեսում: Այդ բիզնեում մեծ խաղացող և փողերի լվացման սխեմաներում հայտնի ընկերության անունը Gorefield International է, որի բաժնետերը հենց Հովիկ Մկրտչյանն է՝ համաձայն պանամյան փաստաթղթերի: Հովիկ Մկրտչյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի զարմիկն է:
Շարունակելի
Մեկնաբանել