Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Հայաստանի քաղաքացիներ, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում


Հայաստանից 7 անգամ ավելի գումար է փոխանցվում Պանամա, քան հակառակ ուղղությամբ: Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից դեպի Պանամա փոխանցվել է 1,8 մլն դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 244 հազար դոլար: Այս տվյալները, «Հետքի» հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ Կենտրոնական բանկը: 

Կենտրոնական բանկը նաև տեղեկացրել է, որ ԿԲ-ն վիճակագրական նպատակներով բանկերից ստանում է կատարված դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներ՝ ըստ փոխանցող և ստացող երկրների աշխարհագրության, որոնք ամեն տարի ամփոփվում ու հրապարակվում են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում և վիճակագրական տեղեկագրերում:  Հիշյալ հրապարակումներում տեղ են գտնում դրամական փոխանցումների մասով ծավալային առումով առավել նշանակալից՝ 10 երկրների մասին տվյալներ: «Ինչ վերաբերում է Հայաստանից դեպի Պանամա և հակառակ ուղղությամբ վերջին 5 տարվա ընթացքում կատարված փոխանցումներին, ծավալային առումով դրանց ոչ նշանակալից լինելով պայմանավորված՝ այդ փոխանցումները երբևէ չեն դարձել վիճակագրական նպատակներով ՀՀ կենտրոնական բանկի  ուսումնասիրության առարկա, և համապատասխան ամփոփ տվյալները չեն ներառվել ՀՀ կենտրոնական բանկի հրապարակումներում»,- հայտնել է ԿԲ-ն:

Այսօր Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակում է փաստաթղթերի այն փաթեթը, որը գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը փոխանցել էր ICIJ-ին՝ լրագրողական լայն համագործակցություն և հետաքննություն կազմակերպելու նպատակով: Գերմանական թերթին այդ փաթեթը հանձնել է Ջոն Դոու անվամբ ներկայացող անհայտ աղբյուրը: Օրերս նա հանդես եկավ նաև մամուլում: Աղբյուրը խոստովանել է, որ ինքը որևէ պետական կամ հատուկ ծառայությունների աշխատակից չէ: «Հարկերից խուսափելուն չի կարելի հաղթել, եթե իշխանությունները շարունակում են փող վերցնել վերին մակարդակի էլիտաներից»,- ասել է Ջոն Դոուն:

Ակադեմիկոսներից մինչև Դեդ Հասանի զարմիկը

Միջազգային այս հետաքննության շրջանակներում «Հետքի» հրապարակման հիման վրա, հիշեցնենք, հրաժարական տվեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: «Հետքի» հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:

«Հետքը» նույնպես որոշել է հրապարակել Պանամյան փաստաթղթերում հայտնաբերված մյուս անձանց անունները: Նշենք, որ չնայած նախագիծը «Պանամայի փաստաթղթեր» խորագիրն է կրում, սակայն այնտեղ կան նաև այլ օֆշորներում գրանցված ընկերություններ: 

 

Բաժնետերը/մասնակիցը

Ընկերությունը

Ընկերության գրանցման վայրը

ՀՀ քաղաքացու գրանցման վայրը

1.
Ռիմա Սարգսի Մխիթարյան
(փաստաթղթերում՝ RUMA MHATDRYAN)

 

BARRIT LEGAL SERVICES LIMITED

 

Բահամյան կղզիներ

Երևան

2.

Արսեն Հաբեթի Էլբակյան

1.SUN FACTORING INC.,
2. HAGAN CONSULTANTS LIMITED

Բրիտանական Վիրջինյան Կղզիներ (ԲՎԿ)

Երևան

3.

Անահիտ Հայկազի Սարգսյան

1.HAGAN CONSULTANTS LIMITED
2. TRENT CONSULTANTS LIMITED

ԲՎԿ

Երևան

4.

Պրոֆեսոր Հարություն
Արտաշեսի Թերզյան

NAIRISOFT INC.

ԲՎԿ

Երևան

5.

Սնար Մարտիրոսյան

NAIRISOFT INC.

ԲՎԿ

Երևան

6.

Արտաշես Նազարի Բալյան

NAIRISOFT INC.

ԲՎԿ

 Երևան

7.

Վարդան Գուրգենի Քոչարյան

NAIRISOFT INC.

ԲՎԿ

Երևան

8.

Աղասի Սամվելի Վարդանյան

I Securities Global Ltd.

ԲՎԿ

Մասիս

9.

Գևորգ Ռաֆիկի Նազարյան

GRADWELL SERVICES INC.

ԲՎԿ

Երևան

10.

Ռուբեն Հրանտիկի Ավագյան

GRADWELL SERVICES INC.

ԲՎԿ

Երևան

11.

Հրանտ Գևորգի Դանագուլյան

DENA PHARMACEUTICALS LTD

ԲՎԿ

Երևան

12.

Վարդան Սուրենի Տողանյան

FARWORTH CONSULTANCY CORP.

ԲՎԿ

Երևան

13.

Կարեն Լևոնի Հովսեփյան

RSL Marketing Provider Ltd.

ԲՎԿ

Երևան

14.

Միհրան Սուրենի Պողոսյան

1.HOPKINTEN TRADING INCORPORATED
2.SIGTEM REAL ESTATES INCORPORATED
3. Bangio Invest SA

Պանամա

Երևան

15.

Մարիամ Մանուկի Սեֆերյան

MARLOWE CONSULTANTS INC.

Պանամա

Երևան

16.

Գառնիկ Բարսեղի Պապիկյան (տնօրեն)

ALA INTERNATIONAL LTD

Պանամա

Գյումրի

17.

Գրիգոր Իշխանի Հարոյան

Դիմել է ընկերության գրանցման համար

ԲՎԿ

Երևան

18.

Արթուր Սպարտակի Աղամալյան (տնօրեն)

OMEGA EQUITIES, S.A.

Բրիտանական Անգիլիա

Վանաձոր

19.

Օլեգ Սուրենի Բաբաջանյան

OMEGA Fine Chemicals LLC

 

ԲՎԿ

Երևան

20.

Վահան Միխաիլի Հարությունյան

FARLEN REAL ESTATES CORP

 

Պանամա

Երևան

21.

Միխաիլ Գեորգիի Հարությունյան

Bangio Invest SA

Պանամա

Երևան

22.

Գեւորգ Միխաիլի Հարությունյան (տնօրեն)

HOPKINTEN TRADING INCORPORATED

Պանամա

Երևան

23.

Բորիս Գոգայի Հարությունյան

BARNAR CAPITAL MANAGEMENT LTD

ԲՎԿ

Երևան

24.

Արամ Գոգայի Հարությունյան

BARNAR CAPITAL MANAGEMENT LTD

ԲՎԿ

Երևան

25.

Արմեն Բաբկենի Բաղդասարյան

Royalsys Enginereeng LTD

ԲՎԿ

Արտաշատ

26.

Ռուբեն Վարդանյան

TROIKA DIALOG GROUP LMTED

Կայմաններ

 

Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցվել է ՏՏ ոլորտի «Nairisoft Inc» ընկերությունը: Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմանբ:  Բաժնետերերի ցանկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը: Նրա գործընկերներն են Սնար Մարտիրոսյանը, Վարդան Քոչարյանը, Արտաշես Բալյանը:

Գաղտնազերծված փաստաթղթերում է նաև DENA PHARMACEUTICALS LTD-ն: Բաժնետեր է Հրանտ Գևորգի Դանագուլյանը, ԳԱԱ թղթակից անդամ, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկա-կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Գևորգ Դանագուլյանի որդին: Հայաստանում Հրանտ Դանագուլյանը «Դանաֆարմ» ընկերության «5+» դեղատների ցանցի սեփականատերն է: 

Ցուցակում է նաև Քաղաքագիտության դոկտոր, Մոսկվայի «Եվրասիական մեդիա գրուպի» նախագահ Վարդան Տողանյանի անունը: Նա 1993-95թթ. նշանակվել ՀՀ  արտգործնախարարության առաջին քարտուղար, Այնուհետ որոշել է մեկնել Մոսկվա, 1995-2000-ին դարձել Հանրության հետ կապերի հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանի խորհրդականը: Մամուլի հրապարակումներում նշվում է, որ Վարդան Տողանյանը ադամանդագործությամբ զբաղվող «Շողակն» ընկերության բաժնետեր է դարձել 2014-ին: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Հայաստանում անցյալ տարի գրանցել է «Սիրուն դայմնդս» ՍՊԸ-ն, որը «Շողակնի» «պրոեկտներից է», քանի որ Տողանյանն այստեղ բաժնեմասը կիսում է «Շողակնի» մեկ այլ սեփականատեր՝ ռուսական «Աթոն» հայտնի ընկերության ինվեստիցիոն դեպարտամենտի ղեկավարն Ահարոն Պապյանի և  ռուսաստանաբնակ Վահագն Աբգրայանի հետ:

Իրավաբանական գրասենյակներն ու նրանց սեփականատերերը նույնպես ներգրավված են օֆշորային գործարքներում: «Մենք իրավաբանական խորհրդատվական կենտրոն» ընկերության սեփականատեր Միքայել Ավետիսյանի անունը հայտնվել է ցուցակում: Նա գրանցել է Daisy Marketing Group Inc. ընկերությունը:

Մտավոր սեփականության իրավունքի բնագավառում մասնագիտացված «Կնյազյան ընդ փարթնրզ» ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Սարգիս Կնյազյանի գործունեության որոշ դրվագներ ևս արծարծվում են պանամյան փաստաթղթերում: Սարգիս Կնյազյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել Պանամայում գրանցված Harrington Development Inc. ընկերությանը, որի դիմաց ժամում 300 դոլար ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել:

IDea հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի անունը այս փաստաթղթերում նույնպես արտացոլվել է նրա «Տրոյկա դիալոգ»-ի միջոցով: Փաստաթղթերը, սակայն, 7 տարվա վաղեմության են և վերաբերում են Կիպրոսում գրանցված Troika Dialog Investments Limited-ի և ԲՎԿ-ում գրանցված Avto Development Holdings Limited-ի միջև 2009թ.-ին կնքված կառավարման համաձայնությանը, դրանց բաժնեմասերի բաշխմանն ու կառավարմանը:

Սփյուռքահայերը՝ Պանամայի փաստաթղթերում

Պանամյան փաստաթղթերում կան նաև սփյուռքահայեր: Շատ են՝ Ռուսաստանում բնակվող հայերը: Անմասն չեն մնացել նաև քրեական հեղինակությունները: Ուզբեկստանի քաղաքացի Հովիկ Մկրտչյանի անունը շոշափվում է փողերի լվացման և նարկոառևտրի գործարքներում, որոնք շաղկապված են Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Համաձայն լատվիական Kompromat.lv –ի, Հովիկ Մկրտչյանը, լինելով Ուզբեկստանի քաղաքացի, գործունեություն է ծավալում Լատվիայում, և նրա բիզնես գործընկերը Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության գնդապետ Յուրի Սավենկովն է: 2013-ին վերջիններս, ինչպես նաև ԼազինկխոնՎալիխանովը (Lazizkhon Valikhanov) հիմնադրել են BALT EXPRESS TRADE ընկերությունը, սակայն մեկ տարի անց սնանկացման գործընթաց սկսել: 2014թ.-ին Հովիկ Մկրտչյանը մեկ այլ հայազգի՝ АО Balticovo –ի խորհրդի անդամ Մխիթար Մխիթարյանի հետ հիմնադրել են EGG ENERGY  ընկերությունը:

Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան Հովիկ Մկրտչյանին քրեական խմբավորմանն անդամակցելու մասին հայտարարություն է արել իր հարցազրույցներից մեկում, նշելով, որ բոլոր նրանք կապ են ունեցել բամբակի արտահանման բիզնեսում: Այդ բիզնեում մեծ խաղացող և փողերի լվացման սխեմաներում հայտնի ընկերության անունը Gorefield International է, որի բաժնետերը հենց Հովիկ Մկրտչյանն է՝ համաձայն պանամյան փաստաթղթերի: Հովիկ Մկրտչյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի զարմիկն է:

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։