HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղյան նոթեր. մայիսի 9

Ես ուրախանում էի, երբ 19 տարեկան հրետանավորն ասում էր, որ «էս բլուրները մեր հարստությունն են» ու ես տեսնում, զգում էի, թե այդ 19 տարեկան զինվորը որքան է սիրում այդ բլուրները, որովհետեւ իր թնդանոթը, իր ընկերներին հակառակորդի հրետակոծություններից պաշտպանում էին այդ բլուրները։ Նրանք բլուրները «փոխելով» հարվածում էին հակառակորդին, իսկ հակառակորդը հասցնում էր խփել միայն նախորդ բլուրին։ Ասում է՝ մենք թռչկոտում էինք մեր բլուրների հետեւում։

Ես մտածում էի՝ ինչ գրեմ մայիսի 9-ին, այդ օրը Շուշի մտանք ու սկսեցինք շնչել այդ բարձունքի քաղաքի օդը, որը լցվում էր թոքերիդ մեջ ու քեզ ստիպում ճախրել։ Ու հիմա նորից պատերազմ է, նորից կորուստներ, ու օդը չի հերիքում։ Շուշին մերն է, բայց նորից օդ չկա շնչելու։

Այսօր մայիսի 9-ն է, եւ կարծես պիտի ուրիշ հիշողություններ արթնանային, բայց զոհված տղաների պատմությունները չեն թողնում, որ հիշողությանդ դռները բացվեն։ Ես մեղավոր եմ զգում նրանց համար, դուք բոլորդ էլ, կարծում եմ, մեղավոր եք զգում։ Մենք չպետք է թողնեինք, որ երկիրն այսչափ շեղվեր, այսչափ մեղքերով մենք ի՞նչ ենք անելու: Մեզ բոլորիս քամելու է այս մեղքը, ու եթե չկարողանանք փոխել երկիրը, ոչ ոք, ոչ մի սերունդ մեզ չի ներելու։ Ինչպե՞ս հասցրինք այնքան սխալ ապրել, որ օդը նորից չի հերիքում։

Մի մասը զոհվեց, մի մասը վիրավորվեց, մի մասը դարձավ առաջնորդ դիրքերում։ Նրանք պահի տակ են ծնվել, միանգամից, ինքնաբուխ: Ոչ ոք չէր ասում՝ դու ես առաջնորդելու, բայց բոլորը հասկացան, թե ով է իրենցից առաջնորդը։ Նրանք սկսեցին հրամաններ տալ, երբ  զոհվել էին դասակի հրամանատարը, վաշտի հրամանատարը։ Առաջին անգամ տրված նրանց հրամանների շնորհիվ կասեցվեց հակառակորդի հարձակումը։

Նրանք սովորական տղերք են, սովորական ընտանիքներից, կրթություն հաճախ չեն ստացել, պետությունը նրանց ոչինչ չի տվել, չի էլ խոստացել որեւէ բան։ Բայց նրանք փոխել են մարտի ընթացքը։

Մենք նրանց անխնա զոհաբերեցինք։ Իսկ դուք, պարոնա՛յք պաշտոնյաներ, ինչպես պարզվեց, նրանց հետ որեւէ առնչություն չունեք: Ձեր բազմաթիվ սխալների, ձեր թալանի, ձեր բիզնեսների, ձեր ցոփ ու շվայտ կյանքի մյուս նժարին դրել էինք նրանց՝ այդ զինվորներին։ Դուք նաեւ տարիներ շարունակ հայրենասիրություն էիք քարոզում, բայց ինքներդ հայրենիքին ոչինչ չունեիք տալու ու չէիք էլ կարող տալ։ Որովհետեւ դուք տարիներ շարունակ հայրենիքից միայն գողանում էիք, ու նախ ձե՛ր պատճառով մենք այդքան անհոգ զոհաբերեցինք մեր զինվորներին։ Ու դուք այսօր նորից խոսում եք, զինվորների հայրենասիրության մասին եք խոսում։ Բայց ձեր ասաց բառերը նրանց հագով չի, ձեր ասած բառերը միայն ու միայն ձեր հագով են։

Մի փոխգնդապետ մի քանի օր առաջ խոսելիս ասաց․ «Այդ պաշտոնյաները չեն սիրում քամու դեմ գնացողներին։ Բայց նրանց պետք է գտնել բոլոր մակարդակներում եւ լսել նրանց, նրանք են փոփոխությունների շարժիչ ուժը։ Նույնը՝ բանակում, նույնը՝ տնտեսության մեջ, նույնը՝ քաղաքականության մեջ։ Մեծամասնությունը ճահիճ է, հոսանքին հակառակ գնացողներն են փոխում պատմության ընթացքը»։

Լուսանկարը՝ հեղինակի

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Մարքսն իրոք արտասովոր խելքի տեր է եղել՝ ,,Կեցությունն է որոշում գիտակցությունը!,, Խիստ հնարավոր է, որ ներկայիս աղաներից ոմանք ժամանակին նույնպես կյանքները դնող տղերք են եղել: Բայց փողն ու իշխանությունը փչացրել են նրանց՝ այդ է բնության օրենքը: Հիմա ելքը միակն է եւ առիթն էլ եկել է - կամավոր կամ հարկադիր ունեզրկումը միայն կարող է փրկել նրանց մեղավոր հոգիները: Միաժամանակ այն խիստ տեղին ու օգտակար կարող է լինել ազգային գործին: Ի գործ ուրեմն!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter