Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը դեռ չի որոշել՝ ցուցմունք կտա դատարանում, թե ոչ



«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը դեռ չի որոշել՝ կտա ցուցմունք դատարանում, թե ոչ: Այդ մասին այսօր հայտարարեց Կիրակոսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ դատարանի այն առաջարկին, թե մինչ Ռուսաստանցի վկաների դատակոչման և ներկայանալու մասին տեղեկություններ ունենալը, կարող են հարցաքննել մեղադրյալին՝ Արա Կիրակոսյանին: Հակոբ Ճարոյանը նշեց, որ եթե իր պաշտպանյալը որոշի ցուցմունք տալ, ապա միայն բոլոր դատավարական գործողությունների ավարտից հետո:

Արա Կիրակոսյանի մասով Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վկաների հարցաքննություն է դեռ ընթանում: Այսօր հարցաքննված վկաների ցուցմունքները Արա Կիրակոսյանին վերաբերելի չէին, սակայն առնչվում էին գործին այլ դրվագներով: Օրինակ՝ վկա Հովհաննես Թորոսյանի անվամբ գրանցված հեռախոսահամարը հայտնվել է պետեկամուտների կոմիտեի տվյալներում որպես Դավիթ Դերզյանի հեռախոսահամար: Սակայն Հովհաննես Թորոսյանը իր ցուցմունքում նշեց, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է դա պատահել:

Վկա Սամվել Ալեքսանյանը, ով աշխատում է «Մելիք-Թանգյան» ՍՊԸ-ում որպես իրավաբան, պատմեց, որ «Ալֆա ջեներալ» ընկերության գրանցումը ինքն է իրականացրել, ինքն է ներկայացրել փաստաթղթերը ՀՀ ԱՆ իրավավանական անձանց պետական ռեգիստր: Սակայն վկան չհիշեց, թե ով է ընկերության գրանցման պատվիրատուն եղել, քանի որ բազմաթիվ ընկերություններ է գրանցում:

Քանի դեռ մյուս վկաները չէին ներկայացել դատարան և նրանցից ոմանց մասին տեղեկություններ դատարանը չուներ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց նիստը մինչև մայիսի 13-ը:

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ