Կիրակի, 23 սեպտեմբերի

Բերդավանցի Կարինեի ընտանիքի համար լավ ապրելը երազանք է



Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղում բնակվող բազմազավակ մայր Կարինե Բոզյանի ընտանիքի աղքատությունը երևում է հեռվից՝ տան անսվաղ և փլվող պատերից: Կարինեի 8 երեխաններից 3-ն ամուսնացած են, 5-ն անչափահաս են և սովորում են գյուղի դպրոցում: Երեխաներից 6-ը աղջիկ են, 2-ը՝ տղա: Կարինեի ամուսինը՝ Արմեն Թամազյանը, աշխատանք չունի: Արմենի ասելով՝ սովխոզի ժամանակ տրակտորիստ է եղել:

«Հիմա ես ուրիշի տրակտորը կարող եմ քշել: Տերը օրավարձով տալիս է ինձ, բայց մեր հողերը սահմանի վրա են, հլե տրակտորով էնտեղ երևամ, կրակիլ տին: Ըժում իմ երեխեքին ով տի պհիլ»,- բացատրում է նա: Ընտանիքը նաև Բերդավանի Ղարաբուլաղ հանդամասում սեփականաշնորհած 1 հա հող ունի: Արմենը իր հողից նույնպես չի կարողանում հաց ստեղծել երեխաների համար. «Ոռոգման ջուր չկա, որ մշակեմ: Գյուղից դուրս, սահմանին մոտ է: Որ դռլիկն անեմ, անջուր ո՞նց կլինի»: Տան բակում փորձել է անասնագոմ կառուցել, ուժը չի պատել ավարտին հասցնել: Արմենը երբեմն 2 -3 հազար դրամ օրավարձով գյուղացիների համար գործ է անում: «Շատ օրեր են լինում, երբ Արմենը ընդհանրապես փող չի աշխատում»,- դժգոհեց Կարինեն:

Բազմանդամ ընտանիքը գոյատևել է 54 հազար դրամ նպաստով: Կարինեն երկար տարիներ տառապել է կանացի հիվանդություններով: Ընտանիքը գումար չի ունեցել նրա բուժման համար: Նոյեմբերյանում 2015 թ. ապրիլին անվճար բժշկական օգնության միամսյակ էր հայտարարվել: «Մինչև գնացի էս կողմ, էն կողմ, ասացին ցուցակը լրացել է, բայց խնդիրս շատ մեծ էր, էլ ի վիճակի չէի այդպես ապրելու, տարիների ընթացքում հիվանդությունս բարդացել էր»,- պատմեց Կարինեն: Հիվանդանոցի տնօրենը Կարինեին բացատրել է, որ իր ընտանիքի նպաստի միավորները բավարարելու դեպքում նրան կվիրահատեն անվճար:

Կարինեն 2015 թ.-ի մարտի 31-ին Տավուշի մարզպետարանի Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունից տեղեկանք է վերցնում, որ իր ընտանիքը հաշվառված է գործակալությունում, օգտվում է ընտանեկան նպաստի վճարումից, ամսական 54.500 դրամ նպաստ է ստանում, անապահովության միավորը՝ 37,42 է: Ապրիլի 13-ին Կարինեն անվճար վիրահատվել է: Վիրահատությունը, սակայն, թանկ է նստել նրա բազմանդամ ընտանիքի վրա: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ Սամվել Բեգլարյանը Կարինեի անչափահաս 5 երեխաներին զրկել է նպաստից: Ս. Բեգլարյանը սկզբում պատճառաբանել է, թե Արմենի անձնագիրը հին է: «Բայց այդ հին անձնագրով թղթերն ընդունել էր ինքը և նպաստ էր տվել: Արմենը անձնագիրը անմիջապես փոխեց: Նոր անձնագիրը ներկայացրինք, մեր ընտանիքին էլի նպաստ չտվեց»,- հայտնեց Կարինեն: Վերջինիս ասելով՝ Արմենը սահմանի բերանին մի քանի անգամ գնացել է թունավոր դեղեր է փչել գյուղացիների վազերին: Սամվել Բեգլարյանը դա մատի փաթաթան է արել: Ասել է՝ ամուսինդ աշխատում է, ինչու ձեզ նպաստ տամ: Նպաստը կտրելու համար Կարինեն ստիպված դիմել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Վերջինս նրան պատասխանել է, թե պետք է ավելի շուտ դիմեր: Կարինեն էլ ժամանակին չի դիմել, որովհետև Սամվել Բեգլարյանը անընդհատ հուսադրել էր, թե հաջորդ ամիս նպաստը կստանան: «Խաբում էր մեզ: Ամիսներն անցնում էին»,- հիշեց Կարինեն: Ամուսինների ասելով՝ այդ 5 ամիսներին նպաստի ցուցակում իրենց ազգանունը գրվել է, սակայն դիմացը մատիտով գրված է եղել՝ չվճարել:

«Մենք մեր նպաստի գումարի դիմաց 2015 թ.-ի ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին չենք ստորագրել, եթե դրա դիմաց ստորագրություն լինի, ուրեմն Սամվել Բեգլարյանն է ստորագրել»,- ասում է Արմենը: Ստացվում է, որ Կարինեի անվճար վիրահատության փողը Սամվել Բեգլարյանը երեխաների նպաստից հետ է գանձել, որի հետևանքով էլ բազմանդամ ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:

«Վայ, չեմ կարող ասել, թե ինչ ծանր ամիսներ են եղել դրանք իմ ընտանիքի համար»,- ասաց Կարինեն: Նա օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին ներկայացրել է իր ընտանիքի վիճակը. «Ասացի վաղը սեպտեմբերի 1-ն է, չեմ կարողանում 5 անչափահաս երեխաներիս դպրոց ուղարկեմ: Մարզպետը խոստացավ մեզ 100 հազար դրամով օգնել: Սեպտեմբերի 18-ին այդ գումար եկավ»: «Պետական փող է նպաստը, ասա Սամվել Բեգլարյան, դու իմ 5 երեխաների նպաստը ո՞նց ես կտրում: Ես էլ էնա մի կերպ եմ անում առավոտից իրիկուն, որտեղ գործ է պատահում, թեկուզ պանիրով, մի երկու կոպեկով, նպաստի հետ ընտանիքս յոլա եմ տանում»,- Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ի արդեն նախկին պետին հեռակա նախատեց Արմենը: Կարինեն ու Արմենը առ այսօր չեն մոռանում Սամվել Բեգլարյանի արածն ու 5 ամիսների իրենց տառապանքը:

Հետաքրքիր է, թե նույն Սամվել Բեգլարյանի ընտանիքը 7 անձի դեպքում 57 հազար դրամով քանի օր կարող էր աղքատությանը դիմակայել: Սեպտեմբերին ընտանիքի նպաստը վերականգնել են: Սակայն այն վճարել են հոկտեմբեր ամսին: Կարինեի ընտանիքը հիմա գոյատևում է 57 հազար դրամ նպաստով: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց նպաստով երեխաներին կերակրելու իր հաշվարկները. «Ասենք մի փոքր՝ 25 կգ-անոց մեշոկ ալյուր ենք վերցնում, 25 կգ-ից թխում ենք 35 հաց: Մեզ մոտ սովորություն է, 10 օրը մեկ անգամ ենք հաց թխում: Էդ 10 օրվա ընթացքում, եթե ուտելիքը քիչ է լինում, երեխեք են, շատ հաց են ուտում: Հացն ավելի շուտ է հատնում, ստիպված գնում եմ նորից եմ պարտք անում: Հետո էլ պարտքի վրա պարտքեր են կուտակվում: Եթե ամսվա վերջում չես կարողանում պարտքը տալ, խանութպանն արդեն հրաժարվում է նիսյա ապրանք տալ»:

Կարինեի դուստրը՝ 16-ամյա Մարիամը, սովորում է 11-րդ դասարանում: Նա որոշել է դպրոցն ավարտելուց հետո դիզայներական կրթություն ստանալ: «Սիրում եմ Բերդավանը: Ես զգում եմ իմ ծնողների դժվարությունները: Ուզում էի Նոյեմբերյանում սովորել, բայց ամառվա ընթացքում Կողբում անվճար ֆուրշեթ են սովորեցնում, կգնամ այնտեղ սովորելու»,- որոշել է Մարիամը: Մեր այցելության պահին Կարինե Բոզյանի երեխաները դպրոցում էին, նրա 14- ամյա որդուն՝ Գևորգին, մեզ չհաջողվեց տեսնել: Առաջին դասարանում սովորող Գարիկը բակի իր ընկերներից մեկի հեծանիվն էր վարպետորեն քշում: Մայրը նրան հազիվ պոկեց հեծանիվից: Գարիկն ասաց, երբ թուրքերը կրակում են, փախչում է մամայի մոտ: Նոնան և Ինգան նկուղ են վազում: Նոնան ու Ինգան պարի խմբակ են գնում: «Դժվարանում եմ նրանց երկուսի պարապմունքի 6 հազար դրամ վարձը վճարել»,- մեղավոր ժպիտով ասաց Կարինեն: «Մամեն ինձ թողում չի պարի գնամ»,- դժգոհեց Գարիկը: «Մի քիչ բարդ էլ է խոստովանելը, տանը բնական գազ չունենք, գումար չենք ունեցել միացնելու համար: Բաղնիք չունենք: Ջուրը վառարանի վրա տաքացնում և 5 երեխաներիս լողացնում եմ: Բա ի՞նչ անեմ: Եթե ցուրտ է լինում երեխաներին վառարանի մոտ, լագանի մեջ եմ լողանցում: Տաք եղանակներին լողացնում եմ նկուղում»,- ասաց Կարինեն:

Արմենի և Կարինեի բազմանդամ ընտանիքը լավ ապրելու երազանքով գոյատևում է սահմանային Բերդավանում:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ