HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քոսոտ» երկիրը գիտություն չի ունենում, տնտեսություն չի ունենում…

Ամիսներ առաջ մամուլը տեղեկացրեց, որ լատվիացի միլիոնատեր Այվարս Զվիրբուլիսը ավարտին է հասցրել Ցեսիսի արվարձաններում իրականացվող իր ֆանտաստիկ նախագիծը։ Գործարարն այդտեղ գնել է 3000 հա անտառ եւ կառուցել «Արեւի քաղաք»։ «Արեւի քաղաքում» տները տաքացվում են գեոթերմալ ջերմային պոմպերով, որոնք հողի էներգիան վերածում են տաքության։  Դա բավարարում է ոչ միայն տունը տաքացնելու, այլեւ տաք ջուր ապահովելու համար։ Կամին վառվում է միայն ձմռան ամենացուրտ օրերին: ...

Զվիրբուլիսի ասելով` այդ նախագծով ցանկացել է ապացուցել, որ մարդը կարող է ապրել բնության հետ ներդաշնակության մեջ։

Ամերիկահայ գիտնական Փիթեր Գեւորկյանը, որը արդյունաբերության ոլորտի բազմաթիվ արեւային կայանների նախագծերի հեղինակ է, ինժեներ-խորհրդատու, Հայաստանում այլընտրանքյաին էներգիայով հետաքրքրվածներին փոխանցել էր, որ արեւային էներգիան ամենակայունն է եւ տնտեսապես ամենաշահավետը: «Արեւը, տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, մարդկության համար էներգիայի հիմնական աղբյուր կարող է դառնալ,- շեշտել էր նա:

Գիտնականը պնդել էր, որ արեւային էներգիայի զարգացման համար երկրագնդի ամենալավ վայրը Հայաստանն է: «Այստեղ 1 քմ վրա արեւային էներգիան շատ ավելի բարձր է, քան այլ երկրներում: Դա կապ ունի Հայաստանի տեղադիրքի հետ: Հայաստանը շատ բարձր է, եւ սա շատ կարեւոր է էներգիա արտադրելու համար»,- Հայաստանում պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է դոկտոր Փիթեր Գեւորկյանը:

Այդ կարծիքին էր նաեւ աստղագետ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը: Նա պատմում էր գերմանացի պրոֆեսոր Հանս Բետտենի մասին, որը հայտնաբերել էր աստղերի էներգիա արտադրելու մեխանիզմը: Այդ հայտնագործության համար պրոֆեսորին 1967-ին Նոբելյան մրցանակ է շորհվել:

«Այդ մարդը ցույց տվեց մարդկության ապագան: Հարկավոր էր մտածել այդ մեխանիզմն իրականացնել Երկրի վրա: Գիտությունը աշխատում էր այդ ուղղությամբ: Ե'վ մենք ունեինք, ե'ւ Ամերիկան. այդ հսկաները մահացան, գործը առաջ գնաց, բայց գաղափարը դեռ գաղափար էր մնում: Հարկավոր էին նոր մտքեր: Ես նույնպես զբաղվեցի եւ հանգեցի այն մտքին, որ դրա համար քարածուխ պետք չէ: Բավական է միայն սովորական ջուրը: Հարկավոր է ստեղծել հատուկ սարքեր` մագնիսական մեծ ուժի, եւ այդ ջուրը բաց թողնել ու կստեղծվի էլեկտրականություն: Չափազանցություն թող չթվա, բայց 1 տակառ ջուրը Հայաստանին կհերիքի այսօրվանից 10 անգամ ավելի էներգիա ունենալ: Էներգիան անպատկերացնելի շատ է լինելու, այնքան, որ կհալեցնենք բազալտը, եւ մեր ճանապարհները հալված բազալտով կլինեն»,- պատմում էր Գ. Գուրզադյանը մեր հանդիպումներից մեկի ժամանակ:

«Ֆանտաստիկա՞ է թվում»,- ավարտեց նա ունկնդիրներիս դեմքերին ուրվագծված զարմանքը նկատելով:

Մեծ գիտնականի նշած ֆանտաստիկան ֆրանսիացիներն արդեն իրականություն են դարձրել: Ամիսներ առաջ լրատվամիջոցները հաղորդեցին, որ ֆրանսիացիներն արեւային վահանակներից 1000 կմ-անոց ճանապարհ են կառուցելու:

«Ֆրանսիայի էկոլոգիայի, կայուն զարգացման եւ էներգետիկայի նախարար Մարի-Սեգոլեն Ռուայալը պատմել է առաջիկա 5 տարիներին արեւային վահանակներով ճանապարհ կառուցելու՝ կառավարության ծրագրի մասին: 1000 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման մրցույթի հայտարարությունն արդեն հրապարակվել է, եւ ապրիլին կսկսեն ընտրել թեկնածուներին»,- փոխանցում է news.am կայքը:

Մասնագետների հաշվարկներով, այդպիսի ճանապարհի 1 կիլոմետրից ստացված էներգիան պետք է բավարարի 5000 մարդու պահանջարկը (բացառությամբ ջեռուցման):

Այսպիսով, 1000 կմ-անոց ճանապարհը պետք է բավարարի 5 մլն մարդու կամ երկրի ընթացիկ բնակչության 8%-ին: Էներգիա ստանալու համար ճանապարհի երթեւեկելի հատվածին 7 մմ հաստությամբ ֆոտոտարրեր կամրացվեն:

Ֆրանսիայում մեկ այլ հետաքրքիր ծրագիր էլ են իրականացրել` եւս մեկ անգամ ապացուցելով հայտնի ճշմարտությունը, որ բնության մեջ ոչինչ ավելորդ չէ: Պանրի արտադրությամբ հայտնի ֆրանսիայում պանրի շիճուկն օգտագործում են շենքերը ջեռուցելու համար:

Համացանցում նման պատմություններ շատ կգտնեք, եթե հետաքրքրված եք «ֆանտաստիկայով» կամ` ճիշտ կլինի ասել` իրական գիտությամբ:

Հայաստանում 2006 թ.-ին Կառավարությունն ստեղծել է «Հայաստանի վերականգնողական էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ»: «Հիմնադրամի առաքելությունն է խթանել Հայաստանում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների իրականացմանը»,- ասվում է հիմնադրամի մասին: Թե որքանով է հիմնադրամի հաջողվել անցնող տասը տարիներին իրականացնել իր առաքելությունը, երեւի իրենք կպատմեն: Մենք գիտենք միայն, որ Հայաստանի Կառավարությունը շարունակում է էներգախնայողության իր նախագծերն իրականացնել միջնադարյան կանոններով: Ինչպես ցանկանում են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը:

Կառավարությանը եւ ծրագիրը ֆիանանսավորող Համաշխարհային բանկի մասնագետներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջարկել են էներգիայի այլընտրանքային տարբերակներ կիրառել: Օրինակ,

  1. կառուցել արեւային էլեկտրակայան, եւ Ազատի ջրամբարից ջուրը մղելու համար օգտագործել այդ կայանի արտադրած էներգիան: Դա կլինի շատ ավելի շահավետ եւ էկոլոգիապես անվտանգ, քանի որ ոռոգման շրջանի ավարտից հետո արտադրվող հոսանքը կվճառվի եւ լրացուցիչ օգուտներ կբերի նախաձեռնողներին:
  2.  Փոխել 50 տարվա վաղեմության պոմպակայանները եւ դրանք արդիականացնել նոր տեխնոլոգիաներին եւ առկա ջրաքանակին համապատասխան պոմպերով, որոնք քիչ հոսանք են ծախսում:
  3. Կառուցել այդ տարածքում նոր ջրամբարներ (սա մասնագետների առաջարկն է), որոնք հնարավորություն կտան ամբարել Արաքս գետը լցվող ջրերը եւ դրանք օգտագործել ոռոգման համար:

Սակայն նրանք պապենական մեթոդներից հրաժարվելու ցանկություն չունեն: Տասնյակ անգամներ մերժվելուց հետո հայտարարել են, որ վաղը` մայիսի 12-ին, կրկին Գառնի են գնալու անփոփոխ օրակարգով` «բնապահպանական եւ սոցիալական հարցերի համառոտ ներկայացում»:

Այս անգամ խմբում ընդգրկել են մեծ թվով չինովնիկների` Ջրային տնտեսություն պետական կոմիտեի, «Ջային տնտեսություն» ԾԻԳ ՊՀ-ի, բնապահպանության նախարարության, Կոտայքի մարզպետարանի, մինչեւ իսկ նախագծային ինստիտուտի եւ շինարարական կազմակերպության ներկայացուցիչներ: Նպատակ ունեն եւս մեկ անգամ գառնեցիներին համոզելու, որ մեր նման «քոսոտ» երկիրը գիտություն չի ունենում, տնտեսություն չի ունենում: Ուստի, պետք է համակերպվել այն մտքի հետ, որ սահմանի անվտանգությունը պահածոների տուփերով են վերահսկելու, իսկ էներգիա խնայելու համար գետը պետք է խողովակների մեջ առնեն:

Վերջերս ավելի հաճախ եմ հիշում Մահաթմա Գանդիի խոսքերը` «Մեզ կկործանեն … մարդկայնությունից զուրկ գիտությունը եւ զոհաբերությունից զուրկ աղոթքը»:

Լուսանկարներում՝ Ազատ գետը

Մեկնաբանություններ (1)

չքոսոտ երկրի բնակիչ
Մի ՛քոսոտ՛ որ լինի ԳԱ նախագահը, գիտությունն էլ էդ վիճակում կլինի, էլի... կիսամեռ կամ էլ բերնում շունչ չունեցող... գիտեր ինչ էր ասում, հասկանալով որ իր պես քոսոտը միայն ՛քոսոտ՛ երկրում կարող է այդ պաշտոնին տիրանալ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter