Շաբաթ, 22 սեպտեմբերի

Դեղերի մասին նոր օրինագիծը չի փարատում պատգամավորների կասկածները. «Ստեղ էլ են թուրքերը մեղավո՞ր»



Երեկ Ազգային ժողովում բուռն քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և կից օրենքների փաթեթները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագծերը: Նախագծերը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ աողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 1998թ., ներկայում չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը: Ըստ կառավարության՝ հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում օրենքի կիրառման ընթացքում վեր հանված բազմաթիվ խնդիրները, բացթողումները, նոր առաջացած հարաբերությունների հրատապ կարգավորման անհրաժեշտությունը, կարիք է առաջացել նոր օրենքի մակարդակով կարգավորել դեղերի շրջանառության բնագավառում ծագող հարաբերությունները, սահմանել ոլորտի առավել կարևոր հասկացությունները և դրանց ներդրման հիմնական սկզբունքները, մեխանիզմները:

Ըստ այդմ՝ նախագծով դեղերի մեծածախ իրացման համար սահմանվում է լիցենզավորման պահանջ: Դեղ արտադրող է համարվելու դեղերի արտադրության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Առաջարկվում է լրացնել  լիցենզիայի կասեցման հիմքերը: Մասնավորապես՝ առաջարկվում է լիցենզիայի կասեցման հիմք սահմանել լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտումը, որն ուղղակի կամ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար:

Նախագծի հեղինակ կառավարության կարծիքով, այս դրույթի սահմանումը հնարավորություն կտա առողջապահության ոլորտում լիցենզավորման ենթակա գործունեության զբաղվողների լիցենզիաները կասեցնել բոլոր այն դեպքերում, երբ դրանց գործունեության ընթացքում հայտաբերված խախտումները ռիսկեր են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար:

Փաթեթային լուծմամբ սահմանվում է քրեական պատասխանատվություն կեղծ դեղերի արտադրության համար: Ներկայումս սահմանված է քրեական պատասխանատվություն միայն պատրաստման համար: Օրենսդրական փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքների կեղծման կամ թաքցնելու համար, եթե դա անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս է հասցրել առողջությանը կամ  առաջացրել մարդկանց մահ:

Ըստ Սերգեյ Խաչատրյանի՝ նախագծով սպառողների շահերի առավելագույն պաշտպանություն ապահովելու նպատակով սահմանվել է դեղերի փաթեթավորման, մակնշման, պիտակավորման պահանջներ՝ ներառյալ հայերեն-ներդիրի առկայության պահանջը:

Նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրականում շատ կարևոր օրենքի նախագիծ է քննարկվում, սակայն պատգամավորը տեղեկություն ուներ, որ փոքր դեղատները կամ դեղերի մանրածախ առևտրով զբաղվողները դժգոհ են օրենքի այս նախագծից: Նրանք պնդում են, որ այս նախագծով ավելի լավ է ամրացվում և ավելի լավ ու բարձր հիմքերի վրա են դրվում Հայաստանում դեղերի շուկայի մոնոպոլիզացիան: Պատգամավորի ասելով՝ դժգոհություններ կան նաև, որ շատացել է բյուրոկրատիան, ինչը մեծացնում է կոռուպցիոն ռիսկը: Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը ոլորտի մասնագետ չէ, ընդամենը քաղաքացիների բողոքի ձայնն է բարձրացնում:

«Հիմա այս օրենքի ընդունումից հետո Հայաստանում դեղի գները կարո՞ղ են էժանանալ և հասնել այն գներին, ինչն առկա է Վրաստանում: Սրա մասին շատ ենք խոսել: Ես մարդիկ գիտեմ, որ իրենց հիվանդին թողած Թիֆլիս են գնում, որ դեղ առնեն»,-ասում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, թե ինչ է պատահել, որ Հայաստանում դեղերը թանկ են, ավելին՝ դեղ կա, որ կրկնակի թանկ է:

Պատգամավորը տեղեկություններ ուներ, որ նախագծի ընդունումից հետո դեղերը թանկանալու են, իսկ դեղի մանրածախ առևտրով զբաղվողներն այլևս զրկվելու են դեղ ներմուծելու հնարավորությունից:

Է. Մարուքյանը հիշեց, որ փաստաբան աշխատած տարիներին առնչվել է քննարկվող ոլորտում մասնագիտացված «Սզնի» ՍՊԸ-ի պատմությանը: Վերջիսն մասնակցել էր հիվանդանոցում հայտարարված «Ցեֆտրիաքսիոն» դեղի մատակարարման մրցույթին և հաղթող էր ճանաչվել: Մրցույթին մասնակցել է նաև «Նատալի Ֆարմ» ընկերությունը և պարտվել: Փոխարենը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմը» պահանջվող ամբողջ խմբաքանակ «Ցեֆտրիաքսիոն» դեղը նվիրել էր հիվանդանոցին, իսկ հիվանդանոցը «Սզնիին» ասել էր՝ «կներեք, դուք տենդերը շահել եք, բայց պայմանագիր չեմ կնքում ձեզ հետ»: Իսկ «Սզնի» ընկերությունն այդ դեղն արդեն ներկրել էր:

«Տեսեք քանի տարվա խնդիր եմ ասում: Հիմա մենք Վանաձորի «Սզնի» ընկերությանն ասում ենք, որ դու այլևս դեղ չներմուծես: Այն ժամանակ ասում էին՝ ներմուծի, մենք կնվիրենք դեղերը դու չես կարող վաճառել ու մարդուն բանկրոտ կանենք, հիմա ասում ենք՝ դու ընդհանրապես չներմուծես, որովհետև ներմուծողները կներմուծեն, դու գործ չունես, դու ով ես, որ ներմուծես: Մենք դա անում ենք օրենքով»,-մտահոգություն հայտնեց պատգամավորը, հավելելով՝ «ստեղ էլ են թուրքերը մեղավո՞ր»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը երկրորդ ընթերցման փուլում է, մեծ հաշվով այս քննարկումը բան չի փոխելու, բայց եթե կա քաղաքական կամք, իրենք կներկայացնեն առաջարկներ, որպեսզի հետո, ասենք՝ մեկ շաբաթից փոփոխություն կատարեն օրենքում:

Վիրահատության ժամանակ հիվանդը բժիշկներից շատ է խոսում. դեղը չի ցավազրկում, չի քնեցնում

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ Հայաստանից ով գնում է արտերկիր հարազատները, հարևանները սկսած ցավազրկող էլեմենտար դեղերից խնդրում են, որ հետը 1-2 տուփ դեղ բերի: Ըստ պատգամավորի՝ խոսքը դեղերի որակի մասին է և դա բոլորը գիտեն:

«Շատ բժիշկների հետ ենք զրուցել, վիրաբույժներն ասում են, որ հիվանդին ցավազրկող ենք սրսկում, բայց վիրահատության ժամանակ իրենցից շատ է խոսում, չի ցավազրկում, չի քնում»,-նշում է Հ. Մարգարյանը:

Պատգամավորը փաստեց, որ «պապական» դեղագործներն այսօր մտավախություն ունեն, որ իրենք չեն կարողանա այս այս մրցակցությանը դիմանալ և գործունեությունը դադարեցնելու են: Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ դեղի բիզնեսով զբաղվող փոքր ընկերություններն ավելի էժան ու որակյալ դեղորայքը են ներկրում և գաղտնիք չէ, որ քաղաքացիներն արդեն գիտեն, թե որ դեղատան դեղորայքն է ավելի լավը:

Դեղի անվան տակ կավիճի ներկրումը կդադարեցվի՞

ԲՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև թղթի վրա ներկայացվել է փայլուն նախագիծ և չեն կարող դեմ քվեարկել թղթի վրա իդալական գրված օրենքին: Բայց արդյո՞ք թղթի վրա գրված իդեալական օրենքը կյանքի կկոչվի. Միայն սա էր անհանգստացնում պատգամավորին:

«Եթե մեզանից որևէ մեկը սխալվի հանկարծ իր հարևանին ասի, որ երկրից դուրս է գալիս, առնվազն երեք ճամպրուկի դեղորայքի պատվեր ենք ստանում՝ սկսած երեխայի համար ամենատարրական ջերմիջեցնողից մինչև շատ ավելի լուրջ դեղամիջոցներ: Արդյո՞ք թղթի վրա գրված օրենքը կարգավորելու է այդ բոլոր խնդիրները, արդյոք այստեղ նստած տարբեր դեղային մոնոպոլիստներ դադարելու են կավիճ ներկրել: Անկեղծ ասած չեմ կարծում, որ խնդիրը կարգավորվելու է»,-ասում է Ն. Զոհրաբյանը:

Պատգամավորը հավելեց, որ կա ընտանիք, քաղցքեղով հիվանդի համար Վրաստանից բերել է 6 ամսվա «քիմիայի» կուրսի համար դեղամիջոց, որը որակապես տարբերվում է Հայաստանում պարտադրվող նմանատիպ դեղամիջոցից, սակայն մաքսային մարմինները մաքսանենգության մեղադրանքով առգրավել են:

«Դեղերի գինը վստահաբար բարձրանալու է, որովհետև եթե պահպանման ստանդարտները դրվելու են կազմակերպությունների վրա, բնականաբար ավտոմատ կերպով դեղերի գինը բարձրանալու է»,-ասաց պատգամավորը:  Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այս նախագիծը մի կողմից լավ նախագիծ է և դեմ քվեարկելը առնվազն հասկանալի չի լինի, մյուս կողմից կան մտահոգություններ, որոնք կամ կփարատվեն, կամ՝ ոչ:

«Մյուս կողմից էլ կա իրավիճակ և բոլորս գիտենք, որ կան մարդիկ, որոնք օրենքից վեր են, որ օրենքները մեղավոր չեն, որ օրենքները չեն գործում, այլ սահմանված, գործող խաղի կանոններն են մեղավոր, որ օրենքները չեն գործում»,-ավելացրեց Ն. Զոհրաբյանը:

Դեղերի շրջանառությունը վատ վիճակում է

Օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, ԱԺ ռողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արա Բաբլոյանը պատասխանելով պատգամավորների մտահոգություններին ասաց, որ եթե այս օրենքը հետագայում չվերցնեն վերահսկողության տակ, հավանական է, որ կհասնենք արդյունքի:

Իսկ Հիմնական զեկուցող, փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ հավելեց, որ նոր օրենքը մշակումն ու ընդունումը պայմանավորում են այն գիտակցմամբ, որ դեղերի շրջանառությունը վատ վիճակում է և շատ խիստ կարգավորման կարիք ունի:

«Փոքր դեղատների վրա այս օրենքը չի թողելու որևէ բացասական ազդեցություն: Ամբողջ օրենքի շրջանակում փորձել ենք պաշտպանել այդ փոքր միջավայրը, փոքր դեղատների գաղափարը»,-ասում է փոխնախարարը: Նա շեշտեց, որ այս նախագծով առանձնացված է մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն և թույլ են տալիս, որ իրավաբանական անձն իրականացնի այս գործունեության միայն մեկ տեսակը:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում է 1866 դեղատուն: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում դեղերի բարձր գնին, Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դա պայմանավորված է 20% ավելացված արժեքի հարկով:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սիրարփի Առուստամյան10:36 - 12 մայիսի, 2016
Կարո՞ղ եք պատասխանել մի տարրական հարցի՝ ինչու՞ Վրաստանում դեղերը մի քանի անգամ ավելի էժան են և ավելի որակյալ են, քան Հայաստանում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ