HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Սիրահարվածը՝ զինվորական գործում և գրականության մեջ․ «Իմը»

Արամ Փարսադանյանին հանդիպել եմ տասը տարի առաջ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ընդունելության քննությունների ժամանակ։ Ներս մտավ, հանգիստ քայլելով զբաղեցրեց իրեն հարմար տեղը, երկար մազերը հավաքեց, ուղղեց հագուստն ու սկսեց գրել․ ստեղծագործական շարադրության քննությունն էր։ Նա կողքիններին ուշադրություն չէր դարձնում՝ ասես նրանց մեջ մրցակից չտեսնելով։

Հետագայում Արամը մեր կուրսի ամենառոմանտիկը ճանաչվեց, բոլորս նրա սիրահարվելու մասին հայտարարություններին հումորով էինք վերաբերվում, քանի որ գրեթե ամեն օր մեկին սիրահարվում էր։ Ավարտելուց հետո մեկնեց ծառայության՝ Լեռնային Ղարաբաղի Ջեբրայիլի շրջան։ Կուրսընկերներով միշտ ափսոսում էինք, որ բանակը կարող է փոխել նրան։ Զորացրվելուց հետո առաջին բանը, որ պատմեց՝ սիրահարված լինելն էր։ Մենք բոլորս կրկին ծիծաղեցինք՝ մտածելով․ «չի թարգել»։

Արամը միակն էր կուրսում, ով Երևանում երկար ապրելուց և աշխատելուց հետո վերադարձավ իր ծննդավայր՝ Ախթալա։ Այժմ նա պայմանագրային զինծառայող է, աշխատում է հակաօդային պաշտպանության ուժերում։ Զինվորական գործն ընտրել է՝ ամսական որոշակի եկամուտ ունենալու նպատակով։ Վերջին մի քանի ամիսներին ստացած աշխատավարձը հավաքելով՝ հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Իմը»։

Շնորհանդեսը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Գրքի վաճառքից գոյացած հասույթով նա պատրաստվում է վերանորոգել և վերագործարկել Ախթալայի մշակույթի տունը։ Ներկայացնում ենք մի հատված՝ Արամ Փարսադանյանի հետ զրույցից։

Արամ, ե՞րբ է գրվել գիրքդ․ տարբեր տարիների ընթացքում գրածնե՞րդ, թե՞ վերջին ստեղծագործություններդ են տեղ գտել գրքում։

Չափածո գործերը գրել եմ ուսանողական տարիներին, հետո, երբ գնացի բանակ, այնտեղ սկսեցի արձակ գրել։ Չգիտեմ ինչ փոխվեց, բայց հետաքրքրությունս անցավ արձակին․ երևի ավելի խորանալու, ընդարձակվելու տեղ է տալիս։ Չնայած՝ չափածոն էլ չեմ թողել, ավելի եմ հղկել։ Գրքի բովանդակությունն ընդգրկում է ուսանողությունից մինչ այսօր իմ ստեղծագործությունները։

Մեր ուսանող ընկերներից շատերը մնացին Երևանում, ոմանք փոխեցին մասնագիտությունը, որ այստեղ մնան։ Դու հիմա ապրում ես Ախթալայում։ Ասում են, որ մարզերում ոչինչ չկա անելու։ Դու ի՞նչ ես անում։

Ես ժամանակ առ ժամանակ գալիս եմ քաղաք ու մի քանի օրով հանգստանում գյուղից։ Բայց ինձ աղմուկն ու եռուզեռն ավելի շատ վանում են, քան ձգում։ Գյուղում հանգստություն կա, որտեղ հնարավոր է տրվել պոետիզմին։ Իհարկե, կա նաև քաղաքային գրականություն, որն ավելի շատ օրագրային է, բայց ես այդ ոճում չեմ տեսնում ինձ։ Մի քանի տողով փորձեցի մտնել, տեսա, որ ձախողվում եմ, չմտա։ Երևանն ինձ ուսանողության տարիներին շատ բան տվեց՝ բոհեմը, ընկերները, մթնոլորտը։ Բայց ինչպես քաղաքային գրականության մեջ, Երևանում էլ չմնացի։ Ինչ պետք էր, ապրեցի ու գնացի։ Այս պահին ինձ ուղղակի ձեռնտու է ապրել քաշված, հեռու գյուղական համայնքում։ Սա դեռ չի նշանակում, որ մի օր քաղաքը կրկին չի ձգի ու չեմ գա՝ այստեղ ապրելու։ Ես նպատակադրված չեմ անել անհնարինը, բայց Ախթալայում դեռ անելիքներ ունեմ․ երեխաների հետ եմ աշխատում, ուզում եմ մշակույթի տունը վերաբացել ու զարգացնել։ Տպագրած գիրքս տանելու եմ այնտեղ, որ մարդիկ կարդան։ Եթե մեկին իմ գրածը դուր գա, ես արդեն երջանիկ կլինեմ։ Ես չեմ ակնկալում առաջին գրքով Գարսիա Մարկեսի հաջողությունն ունենալ, բայց որպես անհատ հույս ունեմ, որ իմ արած գործն ինչ-որ լավ բանի կհանգեցնի։

Արամ, բացի ստեղծագործելուց՝ աշխատում ես նաև Զինված ուժերում։ Քո տեսակն ու ռազմական գործը շատ տարբեր են թվում։ Ինչպե՞ս ես կարողանում համատեղել։

Իսկապես, կարող է թվալ, թե ստեղծագործելն ու ռազմական գործը ոչ միայն տարբեր են, այլև հակասում են միմյանց։ Մեկը կոպիտ է, մյուսը՝ մեղմ։ Իմ մարտահրավերներից մեկը նաև այդ կարծրատիպը կոտրելն էր։ Բանակի ներսում էլ, դրսում էլ կարծրատիպ կա, որ զինվորական գործը կոպտություն է պահանջում, այնտեղ գրականության կարիք չկա։ Ես կարծում եմ, որ կա։ Ես ինքս, զինվորական լինելով, մնացի նույն մեղմ, հանգիստ բնավորությամբ մարդը։ Բացի այդ՝ փորձեցի փոխել այն մտածելակերպը, որ բանակն ամենակոպիտ համակարգն է։ Նախ՝ իմ օրինակով, որ բանակում էլ, աշխատանքի ժամին էլ ես գրում եմ, իսկ հետո՝ ծառայակիցներիս ասում եմ՝ շատ կարդացեք։ Եթե շատ կարդան, ավելի բարեկիրթ կդառնան, իսկ դրանից բանակի մարտունակությունը ոչ միայն չի տուժի, այլև կշահի։ Երբ զինակցիդ հետ զրուցում ես, մտերմություն ես ձեռք բերում, պատերազմի ժամանակ նրան պատրաստ ես կրծքով պաշտպանել։

Ես հանգստության, փոխըմբռնման, փոխհասկացվածության կողմնակիցն եմ՝ բոլոր միջավայրերում։ Հենց գրքիս վերնագիրը՝ «Իմը», պատասխանատվության, սեփականի զգացումի կոչ է։ Մենք հիմա մեր եսը, սեփականը կորցնում ենք․ սկսած հագուստից, որը կրում ենք՝ կողքինին հաճելի լինելու համար, վերջացրած հայրենիքով, որ չենք գիտակցում դրա անփոխարինելիությունը։

Արամ, «Իմը» գրքիդ ողջ հասույթով որոշել ես վերականգնել Ախթալայի մշակույթի տունը։ Ի՞նչ պլաններ ես կազմել՝ ձեր համայնքում մշակույթի ոլորտում փոփոխություններ մտցնելու։

Իմ կարծիքով, ցանկացած երեխայի պետք է հնարավորություն ընձեռել՝ մշակույթին առնչվելու։ Երբ ես երեխա էի, անընդհատ կարիք ունեի մշակութային կենտրոն այցելելու, ինքնարտահայտվելու, բայց նման տեղ չկար մեզ մոտ։ Հիմա ուզում եմ վերականգնվի մշակույթի տունը, այնտեղ կազմակերպվեն հանդիպումներ ու դասընթացներ՝ անապահով և ապահով ընտանիքների երեխաների համար։ Որոշեցի գրելու միջոցով այդ նպատակին հասնել։ Հավաքեցի աշխատավարձս, տպագրեցի գիրքն ու հիմա վաճառքի ենք հանել։

Արամ Փարսադանյանի «Իմը» գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչատանը։ Այն վաճառվում է Երևանի «Բուկինիստ», «Բյուրոկրատ», «Նոյան տապան» և «Անտարես» գրախանութներում։

Հատվածներ գրքից․

Հին սերը

Պապս պատմում էր սիրուց,
Տատս խանդում էր նրան,
Ու ձգվում էր մինչև լույս
Նրանց անցյալն ու ներկան։

Եվ հյուսվում էր գիշերով
Մի ռոմանտիկ ապագա․
Պապս պատմում էր սիրուց,
Տատս խանդում էր նրան։

Բացվում էր մեր երազում
Նրանց սերը նրբակերտ՝
Աչքերում խենթ զգացում,
Սրտում քնքշանք սիրո հետ։

Խավար մութը փարատում
Կրակով զույգ աչերի․
Նա ասպետ էր անկոտրում,
Նա օրիորդ էր ու փերի։

Նրանք սիրում էին իրար,
Սիրում էինք սերը նրանց՝
Հին օրերի խելագար,
Անմեղության խինդ ու լաց։

Ու ձգվում էր մինչև լույս
Նրանց սիրո ապագան,
Պապս պատմում էր սիրուց,
Տատս խանդում էր նրան․․․

***

Քայլում է ժամանակն ու
Հետևից վազում,
Չի հասցնում իր դարն ապրած
Մի խիղճ։

Մի քիչ
Հետո
Ճիչն արձակվում,
Ի՞նչ է ուզում,
Որ հարձակվում,
Սակայն դեռ չի
Համարձակվում
Սանձարձակվել
Մի փոքր-ինչ,
Իրականում
Ոչինչ…

***

Դժվար պահերին հիշիր նրան,
Խնամքով պահիր կարոտը քո,
Հիշիր, որ կյանքում դեռ այնքան կան
Ճամփաներ՝ լցված երազներով։
Քեզ համար բարդ է դիմանալը,
Իսկ առանձին գուցե անհնար,
Բայց պետք է գիտակցել ու իմանալ,
Թե ինչ կաներ նա, եթե մնար։

***

Ուսանողական այն կատակը,
Թե՝ սիրում ենք իրար փոխադարձ,
Փոխեց իմ կյանքի նպատակը,
Ու ամեն ինչ իրական թվաց․․․

Արի մեկ էլ ժպտանք միասին,
Շուրթերի մեջ պահած երազանքը,
Արցունքիդ մեջ փնտրենք մեր մասին
Ուսանողական այն կատակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter