
Պաշտոնյաները քննարկումը մենամարտի վերածելու մտադրությամբ էին գնացել Գառնի
Ինչպես նշել ենք «Հետքի» նախորդ հրապարակման մեջ, մայիսի 12-ին, նախապես արված հայտարարության համաձայն, Գառնիում տեղի էր ունենալու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի քննարկում: Այդ նպատակով Գառնի էին ժամանել Ջրային տնտեսություն պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, «Ջրային տնտեսություն» ԾԻԳ ՊՀ-ի, բնապահպանության նախարարության աշխատակիցները, շինարարական կազմակերպության ղեկավարը եւ այլոք:
Դրսում հավաքված գառնեցիների բազմությունը ճեղքելով՝ նրանք մտան մշակույթի տուն, ապա Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանը բնակիչներին հրավիրեց ներս` նրանց լսելու եւ հարցեր տալու համար: Գառնեցիները հայտարարեցին, որ նրանց հարցեր չունեն տալու, իսկ եթե իրենք ասելիք ունեն` թող դուրս գան եւ դրսում ասեն:
Հանդիպման եկած պաշտոնյաները շենքից դուրս չեկան, իսկ Գառնիի համայնքապետը ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս եւ բնակիչներին կոչ էր անում ներս մտնել: Ցայտնոտի մեջ հայտնված Ա. Վարդանյանը հաջողություն չունենալով սկսեց աջ ու ձախ վիրավորել բնակիչներին, ձեռնամարտի բռնվել նրանց եւ բնապահպանների հետ: Մշակույթի շենքում գտնվող չինովնիկներին հաճոյանալու համար հայտարարեց, որ «Քացրաշենի» ծրագրին դեմ արտահայտվողները գառնեցիները չեն: Գառնեցիները սուլեցին նրան եւ անվանեցին «դավաճան»:
Պաշտոնյաներին օգնության հասան նրանց թիկնապահները` ներխուժեցին մշակույթի տուն եւ տերերից հրահանգ ստանալով դռների արանքից հայտարարեցին. «Ով տղամարդ ա, թող ներս գա»:
Հանդիպման վերաբերյալ երկու օր առաջ գյուղում տարածված հայտարարության մեջ ասված էր, որ չինովնիկների խումբը ժամանում է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» կառուցում ծրագրի «նախագծային տվյալների եւ բնապահպանական ու սոցիալական հարցերը ներկայացնելու, շահագրգիռ հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգություններին պարզաբանումներ տալու համար: Մինչդեռ ստացվեց, որ մենամարտի են հրավիրում:
Մշակույթի տան բակում հավաքվածները զայրույթով հեռացան եւ փակեցին Երեւան-Գառնի ավտոճանապարհը այն նույն տեղում, որտեղ նախորդ երեք անգամները փակել էին եւ այդ կերպ հարկադրել շինարարական տեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից: Մոտ մեկ ժամ հետո Գառնի ժամանած պաշտոնյաները ավարտված համարելով իրենց առաքելությունը հեռացան գյուղից, բայց նրանց չհաջողվեց վերադառնալ եկած ճանապարհով: Գառնիի համայնքապետը նրանց գյուղից բուրս բերեց այլ` զարտուղի ճանապարհով: Նրանց հեռանալուց հետո գառնեցիները բացեցին ճանապարհը:
Մետաքսե Պետրոսյան
Մեկնաբանել