HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դասամատյաններում միշտ առաջինն էր, ինչպես և կյանքում». դպրոցական հուշեր Ռոբերտ Աբաջյանի մասին

Ես չգիտեմ, թե զոհված զինվորների ծնողներին հանդիպելիս ինչ հարց կարելի է տալ, որ ավելի չցավեցնես նրանց: Սա միակ պատճառն է, որ ինձ ետ պահեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տուն գնալուց: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ որոշեցինք զրուցել այն մարդկանց հետ, ովքեր մոտիկից ճանաչել են Ռոբերտին: Երևանի թիվ 147 դպրոցը այն վայրերից է, որտեղ Ռոբերտին լավ են ճանաչում:

«Ռոբերտից, քո սիրելի Կյաժից»

«Մամ ջան, թող շնորհավոր լինի քո մարտի 8-ը: Ես ցանկանում եմ, որ լինես առողջ, դեղեր չխմես: Ես նաև ցանկանում եմ, որ դու պապայի հետ երջանիկ լինես և քիչ ջղայնանաս իմ ու Ռուբոյի վրա, հա՞, մամ ջան... Ռոբերտից, քո սիրելի Կյաժից»: Այս տողերով բացիկը դրված է թիվ 147 հիմնական դպրոցի այն նույն դասասենյակում, որտեղ սովորել է Արցախի հերոս 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը:

Դասասենյակի ճակատային մասում Ռոբերտի հիշատակին նվիրված անկյունն է: Սեղանին սպիտակ վարդեր են, Ռոբերտի լուսանկարները, մարտի 8-ի բացիկը, Ձմեռ պապին գրված նամակը 6-րդ դասարանում:

«Ձմեռ պապիկ ջան, շնորհավոր քո ամանորն և ցանկանում եմ քեզ առողջություն: Ես քեզանից ուզում եմ մի հատ պուլտով զարյադկայով ֆուռ Man ֆիռմայի: Մեր մոտի Քսյուշայում կա, եթե չլինի առանց պուլտի, չբերես, ուրեմն՝ զարյադչնիկով, ակումլատրով, առանց էլեմենտի կբերես, եղա՞վ: Մեկ էլ եղնիկներիդ կբարևես: Անպայման Ջիպ կամ Պորշե KN: Տափակներից: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իմ խնդրանքը չես մերժի, չէ՞, Ձմեռ պապ»: 6-րդ դասարանում Ռոբերտի՝ Ձմեռ պապիկին գրված նամակն է:

Ռոբերտի 3 դասընկերուհիների հետ ենք: Սվետլանա Մարկոսյանը ցույց է տալիս այն նստարանը, որտեղ նստել են ինքն ու Ռոբերտը՝ 4-9-րդ դասարանում: Հիմա այդ նույն դասասենյակում սովորում են 5-րդ դասարանի աշակերտները, ովքեր էլ, ըստ դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Արմինա Սարգսյանի, հոգ են տանում, որ հանկարծ այդ անկյունում որևէ բան չծռվի:

Ռոբոն

Դասընկերուհիները՝ Մերին, Լուսինեն ու Սվետլանան, ասում են, որ ովքեր ճանաչում են Ռոբերտին, առանց ուրախության չեն կարող չհիշել նրան: Իրենք «Ռոբ», «Ռոբո» էին ասում, իսկ «Կյաժ» մականունը տնից է եկել. հայրն է այդպես անվանել:

Մերին Սվետլանան

Ընտանիքում երկու տղա են եղել՝ Ռուբոն՝ Ռուբենը, և Ռոբոն: Ռուբենը 1 տարով մեծ է Ռոբերտից: Ռուբենի դասղեկ Մարինե Սաֆարյանն ասում է, որ երկու եղբայրները իրար մեջք-մեջքի կանգնած էին: Ռոբերտի դասարանը 2-րդ հարկում էր, Ռուբենինը՝ երրորդ: Դասղեկը հիշում է, որ եթե հանկարծ ինչ-որ բան պատահեր, Ռոբերտը միշտ հասնում էր, և՝ հակառակը: Եթե Ռուբենենց դասարանում օգնություն էր պետք լինում, կրտսեր եղբայրը միշտ տեղում էր լինում:

«Դուք ուղղակի ուշ մտեք դասարան, ընկեր Մովսիսյան»

Մելսիդա Մովսիսյանը Ռոբերտի առաջին ուսուցչուհին է: «Ռոբերտին չես կարող մոռանալ: Ինքն ինձ համար ներկա է: Այ, հենց հիմա, երբ խոսում ենք նրա մասին, իմ աչքի առաջ է՝ թափանցիկ կապույտ, խորը աչքեր ուներ, որ նայում էր, թեկուզ չարաճճիություն աներ, չէիր կարող վատ բան ասել»,- ասում է Մ. Մովսիսյանը:

Ռոբերտը հումորով էր, հաճախ էր ուշացած մտնում դասարան: Ոչ թե ուշ էր մտնում դպրոց, այլ մյուս մասնաշենքից էր գալիս, որտեղ նրա տատիկը՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գևորգյանն էր դասավանդում: «Մի անգամ խնդրեցի, ասացի՝ Ռոբերտ ջան, կլինի՞ որ ուշ չգաս, բալես: Ասացի՝ գիտես, զանգն ուսուցչի համար է, դու ուշ չմտնես, ես մտնեմ, որ դուք բոլորդ դասարանում լինեք: Աչքերը կախեց, ասացի՝ մի ամաչի, ուղղակի ժամանակին կմտնես կամ ասացի լավ, ես տատիկի հետ կզրուցեմ: Ասաց՝ չէ, չէ, տատիկի հետ մի զրուցեք, ընկեր Մովսիսյան, Դուք ուղղակի ուշ մտեք դասարան: Երբեք չեմ մոռանա դա»,- ասում է նա:

Ռոբերտն ընկերասեր էր, երբեք թույլ չէր տա, որ մեկին վիրավորեն կամ վնասեն, որովհետև շատ հպարտ էր: «Հենց աչքերի մեջ որ նայեք, կհասկանանք, որ էդպիսին է: Ոչ թե ես հիմա ուզում եմ ներկայացնել որպես հերոս, չէ, ինքը հենց էդպիսին կար»,- հայացքը սեղանին խոնարհելով՝ ասում է ուսուցչուհին, հետո մեղմ ժպտում:

Թղթե մատանիներ, հարսանիք-խաղ, փեսացուն Ռոբերտն էր

Ռոբերտի 4-9-րդ դասարանի դասղեկը նրա տատիկն է եղել, ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գևորգյանը՝ Անահիտ Ռոբերտովնան: Նույնիսկ մի պահ եղավ, որ Ռոբերտն ուզում էր դասարանը փոխել, որպեսզի չմտածեին, թե տատիկի գործոնն էր պատճառը, որ բարձր գնահատականներ էր ստանում: Դասարանում երբեք չեն զգացել, որ տատիկը հատուկ վերաբերմունք ցուցաբերեր թոռան նկատմամբ. նա անկողմնակալ էր:

Մերի Հակոբյանն առաջին դասարանից սովորել է Ռոբերտի հետ: Դասարանը միշտ միասնական էր, չնայած տարիներ են եղել, որ աշակերտները երկու թևի էին բաժանվել՝ Կամոյի ու Ռոբոյի: Տարաձայնություններն աղջկա պատճառով էին: Դպրոցում դասարանը հայտնի էր ոչ միայն առաջադիմությամբ, այլև չարաճճիությամբ:

Լուսինե Դավթյանը շարունակում է Մերիի միտքը, ասում է՝ ամեն օր մի արկած էին ման գալիս, և տարաձայնությունները հիմնականում առաջարկվող արկածների պատճառով էին:

Մի անգամ երկար դասամիջոցին (7-րդ դասարան էին) խաղ-հարսանիք էին կազմակերպել, փեսացուն Ռոբերտն էր: Առավոտյան դպրոց էր եկել կոստյումով, փողկապով, հարսնացուն՝ Սվետլանա Մարկոսյանը (վերջինս Մերիի ու Լուսինեի կողքին նստած լսում է, հետո ժպտում է): «Բուֆետից արկղով բուլկիներ բերեցինք, Ռոբերտի սիրած բուլկիներն էին: Թղթից մատանիներ սարքեցինք, տարոսիկներ: Ուրախացել էինք էդ հարսանիքով: Մենք հիմա որ էսպես հիշում ենք...»,- պատմում է Լուսինեն:

Դասարանում բոլոր տոները նշում էին: Աղջիկները հիշեցին, թե մի անգամ ինչպես էին Տրնդեզ կազմակերպել դասարանում: Դե, քանի որ կրակ չէին կարող վառել դասասենյակում, Ռոբերտն ասել էր՝ մի բան կմտածի, հետո գրատախտակի բարձիկը դրել էին գետնին ու թռնում էին: «Ռոբերտն ու տղաներից մեկը, դասատուների ձեռքից բռնած, թռնում էին դրա վրայով: Դա այդ օրվա ավանդույթն էր: 8-րդ դասարանում էինք»,- նշում է Լուսինեն:

«Շատ էր նեղվում, կողքից կարծիքներ կային, թե իր տատիկի համար էին իրեն բարձր գնահատում, սիրում, և ամեն ձև փորձում էր ապացուցել, որ էդպես չի, որ ինքը սովորում է, ձգտող է»,- ասում է Սվետլանա Մարկոսյանը:

Մի անգամ ուսուցիչներից մեկը դժգոհել էր, թե Ռոբերտը դասերին չի գրում, անընդհատ շրջվում է, երեխաներին ծիծաղեցնում, և ինքը որոշեց, որ պիտի ապացուցի, որ սովորում է: Սվետլանայից խնդրել էր տետրերը, որ տանի տանը գրի-սովորի: «Ինքն էդ ամեն ինչը հաճույքով էր անում: Պատրաստ էր ինձ նեղացնողներին ծեծել, պաշտպանել, ընդհանրապես բոլորին էլ սիրում էր, մեր դասարանի աղջիկներին պաշտպանում էր, բայց իմ հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք էր ցույց տալիս»,- նշում է Սվետլանան:

Ռոբերտը Մոսկվա էր գնացել, որտեղ հայրն աշխատում էր, նվերներ էր բերել Սվետլանայի համար: «Մի անգամ էլ մեծ տոպրակով եկավ: Վարդագույն արջուկ էր բերել, արջուկի ձեռքին էլ սրտիկ էր, վրան էլ գրված էր՝ «յա տեբյա լյուբլյու»: Ասաց, խնդրում եմ, էլի, կպահես, ես քեզ էնքան սրտանց եմ նվիրում: Իրոք, ես իրեն շատ էի սիրում՝ որպես ընկերոջ, որպես մարդու: Ինքն ամեն հարցում պատրաստ էր կանգնել յուրաքանչյուրիս կողքին: Թևնոցն էլ եմ պահում, Սոչիից էր բերել, եթե չեմ սխալվում: Ասաց՝ Սոչիից բերել եմ, որ քեզ հիշատակ մնա: Էնպես ստացվեց, որ ինքը միշտ իմ կողքին էր: Նույնիսկ վինետկաների մեջ իրար կողքին էինք»,- պատմում է դասընկերուհին: Մեր զրույցից հետո Սվետլանային խնդրեցի դասարանի լուսանկարներից բերել: Երբ տնից բերեց դրանք, ձեռքին խխունջներով թևնոցն էր, ասաց՝ այ սա է, որ Ռոբերտը Սոչիից բերել էր:

Ռոբոն հայոց պատմություն շատ էր սիրում: Դասարանում երեք տղաներով մրցում էին պատմության դասերին, թե ով ավելի լավ կպատասխանի: Սվետլանան ասում է, որ ծնողական ժողովներին երեք տղաների ծնողները միշտ պատմում էին, թե պատմության դասագրքերը ձեռքներից վայր չէին դնում, որ ընկեր Ավագյանին ապացուցեն, թե ով է իրենցից ամենալավը:

Ուսուցիչները՝ Ռոբերտ Աբաջյանի մասին

Պատմության ուսուցիչ Վարդան Ավագյանն ասում է, որ Ռոբերտը մտավոր լավ հնարավորություններ ուներ: «Հիմա եղած իրավիճակից, փաստից ելնելով՝ մտաբերում ես անցյալը, արդեն անցյալի որոշակի դրվագներ արժևորվում են: Երբ այդ պահին ուշադրություն չես դարձնում, հիմա արդեն կատարված փաստից ելնելով՝ ուշադրություն ես դարձնում: Կյանքի պարադոքսն է սա»,- ասում է ուսուցիչը:

Վ. Ավագյանը պատմում է, որ երբ դպրոցում շաբաթօրյակ էին կազմակերպում, Ռոբերտն առավոտյան գալիս հարցնում էր, թե «ընկեր Ավագյան, ի՞նչ է պետք, ինչո՞վ օգնեմ»: «Երբ անունը լսեցի, իհարկե, ցավալի էր ինձ համար, իմ կոլեգայի թոռնիկն էր, իմ աշակերտը, ում 3-4 տարի դասավանդել եմ, բայց միևնույն ժամանակ հպարտության զգացում ունեցա և ասեմ այսպես՝ նաև չզարմացա, որ ինքը նման բան է արել»,- նշում է ուսուցիչը:

Ռազմագիտության ուսուցիչ, գնդապետ Երջանիկ Դանիելյանն էլ հիշում է, թե ինչքան նախաձեռնող էր Ռոբերտը, իրեն ինչքան հարցեր էր տալիս բանակի, մարտական պատրաստության մասին, սիրում էր զենքով վարժություններ կատարել, քանդել-հավաքել, նշան բռնել:

Ռոբերտի մասին պատմելիս մեր բոլոր զրուցակիցները շեշտում են, որ նա աշխույժ, հումորով, ընկերասեր տղա էր: «Աշխույժ էր և այդ աշխուժության մեջ երբեք վատ բաներ չէր անում: Միշտ գովում էի նրան այդ իմաստով»,- ասում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Պայծառ Բոյաջյանը:

Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արմինա Սարգսյանը խզված ձայնով ասում է, որ Ռոբերտի մասին այսքան պատմություններ են գրվել, բայց ամենակարևորը չի ասվել՝ նա պատվախնդիր էր: Հարցնում եմ՝ եթե մի նախադասություն գրվեր Ռոբերտի մասին, ի՞նչ կուզեր, որ ասվեր, մտածում է, աչքերն արցունքոտվում են. «Կյանքում իր կոչումը առաջնորդ ու հերոս լինելն էր, բնությունը դրել էր, դպրոցում այդ ամենը խորացավ, մեծացավ, բանակում՝ ահագնացավ»:

«Նառա տոտա, կոֆեն դա՞ռը, թե՞ քաղցր»

Դասընկերների ծնողների հետ ենք հանդիպում: Ասում են՝ Ռոբերտի մեջ այնքան արև կար, երբ կողքովդ անցնում էր, միանգամից տեսնում էիր այդ լույսը:

Դասարանի երեք տատիկները երեխաների ուսուցչուհիներն էին՝ հայոց լեզվի, ռուսաց լեզվի և երգ-երաժշտության: «Դե պարզ է, չէ՞, որ ավելի աշխույժ պիտի լինեին նրանց ներկայությունից»,- նկատում է Հերմինե Փայտյանը, ով Ռոբերտի դասընկեր Արման Փայտյանի մայրն է: Արմանը հիմա ծառայում է բանակում: «Միշտ կռիվներ էին անում մեր ակտիվ էրեխեքը, մենք միջանցքում կանգնած էինք: Դեպքեր կային, որ հերթապահում էինք»,- սա ասելուց հետո բոլորս ժպտում ենք: Ասում է՝ այդ դասարանը և՛ սովորելով, և՛ չարաճճիությամբ էին առաջինը դպրոցում:

«Մի անգամ իրենց չարություններից մեկի պատճառով կանչել էին դասարան (ինձ դասից հանում էին, թե եկեք՝ դասարանի էրեխեքը չարություն են արել), ես կարմրած, ջղայնացած գնացի, մեկ էլ Ռոբերտն եկավ, ասաց՝ Նառա տոտա, կոֆեն դառն եք խմո՞ւմ, թե՞ քաղցր: Էնքան ծիծաղեցինք, հալ չկար վրաներս, ասացի՝ Ռոբ ջան, լավ էլի, էս րոպեին պիտի ասեի՞ր: Ուզում էր հանգստացնել ինձ»,- պատմում է դպրոցի մաթեմատիկայի, ինֆորմատիկայի նախկին ուսուցչուհի Նաիրա Բաբաջանյանը, ով Ռոբերտի դասընկերոջ՝ Էդգար Բաբաջանյանի մայրն է: Էդգարը հիմա զինծառայության մեջ է:

Սվետլանա Մարկոսյանի հայրը՝ հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը, ասում է, որ դասարանում երեխաները մտերիմ էին իրար հետ: Մի անգամ Ռոբերտը զանգել էր իրենց տուն, և երբ հեռախոսը Արտյոմն էր վերցրել, աղջկա ձայնով էր սկսել խոսել, թե «բարև Ձեզ, Սվետուլին կարելի՞ է»: Արտյոմը չի էլ զգացել, որ խոսողը տղա է: Հարցրել է, թե ով է: Ռոբերտը պատասխանել է, թե Մելինեն է, ով Սվետլանայի մտերիմ դասընկերուհիներից էր:

«Ասացի՝ վայ Մելինե ջան, բարև, ազիզ ջան, ո՞նց ես: Ասաց՝ լավ եմ, Դուք ո՞նց եք: Ասացի՝ պապան ո՞նց ա, թե լավ ա, լավ ա պապան: Հեռախոսը տվեցի աղջկաս, աղջիկս թե՝ հա, Ռոբ, ի՞նչ կա: Ասացի՝ ո՞նց: Աղջիկս թե՝ մեր դասարանի Ռոբոն ա: Հեռախոսը վերցրեցի, ասացի՝ տղա ջան, մյուս անգամ էստեղ էլ չզանգահարես: Աղջիկս իրեն վատ զգաց, թե՝ պապ, ինչի՞ էդպես խոսեցիր, ասացի՝ որ ասեր Ռոբերտն ա, ի՞նչ պիտի անեի, ինչի՞ խաբեց: Ասաց՝ չէ, չի խաբել, ուղղակի ամաչել է»,- պատմում է Արտյոմը: Ասում է՝ հպարտանում է, ահավոր ցավում է, և ափսոս, որ ժամանակը հետ տալու հնարավորություն չկա: Հարցնում եմ, եթե լիներ, ի՞նչ կաներ: «Եթե գոնե 1 կամ 1,5 ամսով ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ ու իմանայի՝ ինչ կարող էր պատահել, լուրջ եմ ասում՝ իմ կյանքը կտայի, միայն թե էդ էրեխեն, մյուս էրեխեքն էլ ապրեին: Նրանք պիտի ապրեին հաստատ»,- պատասխանում է Արտյոմը:

Երևանի թիվ 147 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանն (2 ամիս է՝ ինչ տնօրեն է) ասում է, որ իրենք ուրախ կլինեն, որ դպրոցը կրի Ռոբերտ Աբաջյանի անունը: Դպրոցը նաև վերանորոգման կարիք ունի: Այդ մասին, ըստ տնօրենի, համապատասխան կառույցները տեղեկացված են: Իրենք սպասում են:

Դպրոցի արխիվից Ռոբերտի դասարանի մատյաններից մեկն ենք վերցնում: Ուսմասվար Ա. Սարգսյանն ասում է՝ նա բոլոր մատյաններում առաջին համարն է եղել: Այդպես էր նաև կյանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter