HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դովեղցիների հողերը մնացել են անմշակ` կրակոցների պատճառով

Մոտ 15 կմ սահմանագծով ադրբեջանական դիրքերի երախում գտնվող Տավուշի մարզի Դովեղ գյուղը հայաթափելու նպատակով ադրբեջանիցիներն իրենց նպաստավոր դիրքերից պարբերաբար գնդակոծում են  գյուղի վարելահողերն ու այգիները: Գնդակոծությունների հետևանքով դրանք մնում են անմշակ, իսկ դովեղցիները հազիվ են գոյատևում: Դովեղը 185 տնտեսություն է ունեցել. «Հիմա գյուղում հազիվ 100 տնտեսություն է ապրում: Մեր հիմնական հողատարածքներն ընկած են դեպի Ադրբեջան: Դրանք  ադրբեջանական դիրքերի տակ են»,-բացատրում է դովեղցի Ալբերտ Ղազարյանը: Գյուղացիները մշակում են միայն դեպի Նոյեմբերյան ընկած իրենց տնամերձերը:

Դովեղը ոռոգման ջուր չունի. «Շատ մեծ դժվարությամբ ենք ապրում ադրբեջանական Քամառլու, Ղայմախլու և Ստանբեգլու գյուղերի հարևանությամբ: Մեր 307 հա հողերն ադրբեջանցիների գնդակոծությունների տակ են: Աշխատատեղ չկա, խաղողի այգիները չորացել են, մշակելու այգիներ չունենք: Մի 16 հա դեղձի այգիներ ունենք՝ կրակի տակ են: Դովեղում խմելու ջուրը օրը 3-4 ժամ են տալիս: Տնամերձերը խմելու ջրով են ոռոգվում: Ջրամբար ենք ուզում կառուցել: Գարնանը դրա համար գրություն ենք ուղարկել կառավարություն: Պատասխանել են, երբ գումար լինի, ի նկատի կունենան»,- ասաց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Մանիշակ Բեջանյանը:

«Հողից զուրկ ենք, սահմանին մոտիկ 1,3 հա հող ունեմ, 800մ խաղողի այգիներ ունեմ, չեմ մոտենում: Քանդել են էդ տարածքները»,- ասաց Ալբերտը Ղազարյանը: Գյուղամիջի մթերային խանութի մոտ կանգնած տղամարդկանց հարցրի գյուղի հրետակոծությունների մասին. «Դե, որ կրակում են, կրակում են:  Մի 10 օր առաջ էլ են կրակել»,-հայտնեց Սերոժ Ղազարյանը:

Դեպի սահման գնացող ճանապարհաեզրին գտնվող գեղեցիկ մի տուն անմարդաբնակ էր. «Փաշիկ Ամիրխանյանի տունն է, ադրբեջանցիների գնդակոծությունների թիրախում է,  կառուցելուց հետո համարյա չեն ապրել»,- բացատրեցին Սերոժն ու Ալիկը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանին չկարողացանք հանդիպել. գյուղում չէր:

Գյուղը  մանկապարտեզ չունի: «Սեպտեմբերին դպրոցը նախակրթարան կունենա, որտեղ կսովորեն 10 երեխաներ»,- ասաց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Դովեղցի Հրանտ Կիրակոսյանին  հանդիպեցինք գյուղապետարանի շենքում գտնվող իր նկարչական  արվեստանոցում: Մոտ 15 տարի է` նկարում է: Նկարներից մոտ 50 հատը վաճառվել է, նաև մասնակցել է տարբեր ցուցահանդեսների. «Երևանում՝ Նարեկացու արվեստի միությունում, 2006թ.-ի նոյեմբերին  անհատական ցուցահանդես եմ ունեցել, Իջևանում եմ  մասնակցել ցուցահանդեսների, համարյա ամեն տարի անհատական ցուցանդեսներ եմ ունենում Նոյեմբերյանում»,- ասաց նա: Հրանտը սիրում է հատկապես բնանկարչությամբ զբաղվել: Ավարտել  է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի  նկարչագծագրական ֆակուլտետը: Աշխատել է Նոյեմբերյանի գրադարնների համակարգման կենտրոնի նկարիչ ձևավորող, ապա 25 տարի ուսուցիչ է աշխատել Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցում: Ապրում է Դովեղում: «Իմ ստեղծագործական թեման հիմնականում բնությունն է : Ոգեշնչման աղբյուրս մեր գյուղն է ՝ Դովեղը: Շատ եմ նկարում գյուղական տեսարաններ, սիրում եմ նաև դիմանկարներ անել»,- ասաց նա: Արվեստանոցի պատերին փակցրած մի քանի ինքնանկարներ կային. «Ես չեմ կարող ասել ինքնանկարներում ինձ կարողացել եմ բացահայտել, թե՝ ոչ: Ինձ թվում է` որոշ չափով կարողացել եմ: Մեր գյուղացիներն ասում են ինձ խեղճացած եմ նկարել»,- խոստովանեց Հրանտը:

Նա համագյուղացիներին նույնպես առաջարկել է դիմանկարել. «Ծիծաղում են, լուրջ չեն վերաբերվում: Հետո գյուղի մարդիկ շատ են աշխատում, նկարվելու ժամանակ չեն ունենում»: Հրանտի կարծիքով`  չնայած դժվարին պայմաններին` դովեղցիները բարի և ուժեղ մարդիկ են: Նրա որդիներից մեկն այս պահին առաջնագծում է. «Որ ասեմ շատ վատ եմ ապրում՝չէ: Չորս տղա ունեմ, երեքը բանակ են գնացել ու վերադարձել: Մի տղաս էլ Մարտակերտի առաջին գծում է: Ամեն օր հետը խոսում ենք: Անցյալ տարի հուլիսին է բանակ գնացել: Արման Կիրակոսյան է տղայիս անունը, 10 ամիս է` ծառայում է»,- հպարտությամբ պատմեց Հրանտը:

Նա կարծում է, որ երիտասարդների համար հիմա այնքան էլ հետաքրքիր չէ Դովեղում ապրելը, քանի որ գյուղում միջավայր չկա. «Ես էսա 60 տարեկան մարդ եմ: Երիտասարդ ժամանակ գյուղում կինո, թատրոն կար, համերգներ էին գալիս: Հիմա ոչ էն կա, ոչ էն: Հիմա գյուղի երիտասարդները կարող են մի սենյակում հավաքվել շախմատ ու շաշկի խաղալ, կամ էլ տանից դուրս չգալ»:

Հրանտի 2000 քմ  խաղողի այգիները սահմանից 500 մետր են հեռու. «Վախենալով գնում ենք մշակում, գալիս: Վարելահող էլ ունենք, սահմանի մոտ է, չենք մշակում: Գյուղացիները հիմա գյուղից մոտիկ հողերն են մշակում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (1)

arman897374
Բոլորին բարևներ Մարտակերտից հայ զինվոր Արմանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter