HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր, սակայն անհրաժեշտ ճշտում՝ հրադադարի վերաբերյալ

Ապրիլի սկզբին  վերսկսված պատերազմը նոր հարցեր է առաջադրել, որոնց մասին շատ-շատերը ունեն իրենց կարծիքն ու պատասխանները: Այդ պատերազմը նաեւ քաղաքական եւ դիվանագիտական դաշտ է վերադարձրել 1994-ի մայիսին, ԼՂ հարցով այն ժամանակվա ՌԴ լիազոր ներկայացուցիչ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մեծ ջանքերով ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը։

Պատերազմական օրերի ընթացքում ու դրանից հետո ե՛ւ Երեւանը, ե՛ւ Ստեփանակերտը իրենց դիվանագիտական արշավի հիմքում դրել են Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության խախտման փաստը, իսկ այդ պայմանագրի հիմքում կարեւորում են մայիսյան փաստաթղթի տրամադրած՝ հրադադարի «անժամկետության» հանգամանքը։ Նման հայտարարություններ եղել են մեր կողմից՝ պաշտոնական, ինչպես նաեւ ոչ պաշտոնական աղբյուրներից: Այս կապակցությամբ պարտավորված եմ զգում կատարելու մի ճշտում, որը, թերեւս, ոմանց անկարեւոր թվա, սակայն, ըստ իս, էական արժեք ունի:

1994-ի մայիսի  փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ պայմանագիրը կազմող երեք փաստաթղթերը զուգակցում են երկու հիմնական կետ. հրադադարի հռչակում եւ 30-օրյա ինտենսիվ բանակցություններ՝ նպատակ ունենալով ստորագրել ավելի լայն՝ քաղաքական պայմանագիր: Մայիսյան այս պայմանավորվածության տեքստերի մեջ չկա «անժամկետ» բառը կամ նույնիմաստ որեւէ արտահայտություն: Իսկ դա արդեն նվազագույնը անորոշություն էր ներկայացնում կոնֆլիկտի կողմերի համար: Այսինքն, ո՞րն էր կապը այդ երկու հիմնական կետերի միջեւ. այդ 30 օրը հրադադարի ժամկե՞տ էր ներկայացնում, ի՞նչ էր  լինելու այդ փաստաթղթերը ստորագրելուց 30 օր հետո, մանավանդ, երբ ոչ ոք չէր ակնկալում այդ մեկ ամսվա մեջ քաղաքական պայմանագրի շուրջ համաձայնության հասնել:

Մայիսյան այդ փաստաթղթերին քաղաքական հարցերի շուրջ ինտենսիվ բանակցություններ չհաջորդեցին: Կային միայն առաջարկներ ԵԱՀԿ-ից՝ հրադադարը ուժեղացնելու վերաբերյալ, որոնք, այսպես ասած, ոչ մի տեղ չհասան: Ռուսաստանը չօգտագործեց  իր առաջին հաջողությունը՝  իր միջնորդությունը արագացնելով հասնելու քաղաքական պայմանագրի  ստորագրման:

Իմ հիշողությամբ ու տպավորությամբ՝ երեք մայրաքաղաքներն էլ հակված էին մայիսյան պայմանավորվածությունը տեսնելու որպես ժամանակավոր դադարի երաշխավոր: Եթե այդպես չլիներ, ուրեմն մայիսին հաջորդող Երեւանի ձեռնարկած քայլերին երեք կողմերի մասնակցությունը դժվար է բացատրել: Այսինքն՝  անհրաժեշտություն կար հավելյալ փաստաթղթի, որի աշխատանքներին մասնակցեցին երեք կողմերը։

Ի վերջո, նկատի ունենալով Մինսկի խմբի «անդամալուծությունն» ու Ռուսաստանի կողմից նոր քայլերի բացակայությունը, Երեւանը  որոշեց գնալ Բաքվի ու Ստեփանակերտի հետ ուղղակի բանակցությունների միջոցով հրադադարի անժամկետությունը հաստատող նոր փաստաթուղթ ձեռք բերելու ճանապարհով: Այդ նպատակով հունիսի վերջին Երեւանը ձեռնարկեց դիվանագիտական որոշ քայլեր՝  հասնելու համար հրադադարի ամրապնդմանը եւ, փաստորեն, հրադադարի «անժամկետ»ությանը, նախեւառաջ, Մինսկի խմբի միջոցով: Մինսկի խումբը չկարողացավ դրական արձագանքել այդ քայլերին, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը մի պահ փորձեց կրկին իր վրա վերցնել միջնորդությունը, որը մոտ էր Երեւանի նախաձեռնությունը ձախողման տանելուն:

Համառելով իր նպատակին հասնելու հարցում, Երեւանը որոշեց դիմել Բաքվի եւ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններ վարելու միջոցին եւ հասավ հաջողության։ 1994-ի  հուլիսի 28-ին երեք կողմերի միջեւ ստորագրվեց նոր փաստաթուղթ: Նրանում առաջին անգամ  գործածվել է արտահայտություն, որը համապատասխանում է «անժամկետ հրադադար» հասկացողությանը: Այդ փաստաթուղթը վերահաստատում է մայիսյան հրադադարը, կրկնում է ինտենսիվ բանակցությունների արագացման պարագան ու ավելացնում մի նոր կետ. «հակամարտության կողմերը պարտավորվում են հաստատելու պայմանավորված ժամանակաշրջանում հրադադարի պահպանման նկատմամբ իրենց պարտավորությունները եւ պահպանելու հրադադարը՝ մինչեւ քաղաքական մեծ պայմանագրի ստորագրումը, որը ընդգրկելու է ռազմական գործողությունների ամբողջական կասեցումը»:

Փաստաթղթում առաջին անգամ է, որ կողմերը իրենց համաձայնությունն են տալիս պահպանել հրադադարը՝ մինչեւ հակամարտության կապակցությամբ քաղաքական պայմանագրի ստորագրումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամները, ներառյալ՝ Ռուսաստանը, ծանոթացել են այդ փաստաթղթին, երբ ՀՀ ԱԳ նախարարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահին՝  1994-ի սեպտեմբերի 2-ի նամակով։

Ավելին, որպեսզի որեւէ շփոթություն չմնա ինտենսիվ բանակցությունների, 30 օրերի ու հրադադարի՝ անժամկետ լինելու առնչությամբ, կրկին Երեւանի նախաձեռնությամբ եւ ուղիղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հուլիսի փաստաթղթից 30 օր անց արել է նոր հայտարարություն՝ վերահաստատելով հուլիսի փաստաթղթի կարեւոր նորությունը.  հրադադարի պահպանման կողմերի հանձնառությունը՝ մինչեւ քաղաքական պայմանագրի ստորագրումը: Նույն նախաձեռնությամբ ԼՂՀ ԱԳՆ-ը եւս նույնիմաստ հայտարարություն է արել հաջորդ օրը:

Երկու նկատողություն: Առաջին. այս ճշտումը անհրաժեշտ եմ համարել հրապարակել ոչ միայն պատմության համար (շատ ավելի մանրամասն այս մասին արդեն անդրադարձել եմ իմ նոր գրքում, որի պատրաստությունը ընթացքի մեջ է), այլեւ որովհետեւ կարեւոր է հասկանալ տարբեր մասնակիցների դերը, հրադադարի անժամկետության կարեւորությունը` այդ ժամանակ իսկ եւ բանակցությունների պարագայում արդյունավետ մեթոդոլոգիաների ծանոթությունը:

Երկրորդ.  նկատի ունենալով, որ ՀՀ ԱԳՆ-ում այս փաստաթղթերի փաթեթը կարող է աննշմար անցած լինել կամ նույնիսկ՝ կորսված, իմ պատճեններից կազմված ամբողջական փաթեթը՝ անհրաժեշտ բացատրություններով 2013-ի  հունիսին հանձնել եմ ՀՀ ԱԳ նախարարություն, երբ Բաքուն սկսեց պնդել, թե Ադրբեջանը հրադադարի երկարաժամկետ պահպանման կապակցությամբ ոչ մի հանձնառություն չունի:

Ժիրայր Լիպարիտյան

1991-1994թթ. ՀՀ նախագահի խորհրդական, 1993-1994թթ. ՀՀ ԱԳ առաջին

փոխնախարար, 1994-97թթ. ՀՀ նախագահի ավագ  խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր, դիվանագետ

12 մայիս, 2016

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Չգիտեմ դիվանագիտական լեզվով հրադադարի պահպանման հասկացողությունը իր մեջ ներառում է արդյոք հրադադարի պահին եղած սահմանները ճանաչելու պարտավորություն, սակայն չգիտես ինչու մեկնաբաններն և պաշտոնական կողմը գրեթե չեն նշում մեզնից հափշտակած տարածքների մասին: Լռել նշանակում է հաշտվել մարդկային և տարածքային կորուստներով ուղեկցվող մոտ ապագայի չորսօրյա պատերազմներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter