HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր Տունը». սովորական պատմություն մարդկանց կյանքն ավելի գեղեցիկ դարձնելու մասին

Նաիրա Հայրապետյան

1966թ. անգլիական «The Hollies» փոփ խմբի մի քանի երգեր ամերիկյան «Թոփ 40 Հիթերի» կազմում էին արդեն: Նրանց թվում էին «Look Through Any Window», «Bus Stop»-ը և «Stop, Stop, Stop»-ը: Հաջորդ տարի նրանք այս շարքը հավելեցին ևս երեք հիթերով՝ «On a Carousel», «Pay You Back with Interest » և «Carrie Anne»: 1968թ. խմբի անդամներից թերևս ամենահայտնին, ով երգերի մեծ մասի հեղինակն էր՝ Գրեմ Նեշը, լքեց խումբը՝ միանալով ամերիկացի երաժիշտներ Դեյվիդ Քրոսբիին և Սթիվեն Սթիլզին: Նրանք միասին հիմնեցին նոր խումբ՝ «Crosby, Stills & Nash» անունով, որը հետագայում համալրվեց ևս մեկով՝ «Young»-ով, քանի որ եռյակին միացավ կանադացի երգիչ և երգահան Նիլ Յանգը:

Այսպես սկիզբ դրվեց ամերիկյան հայտնի և սիրված ֆոլք-ռոք խմբերից մեկի գործունեությանը՝ «Crosby, Stills, Nash & Young» (CSNY): Միմյանցից տարբեր վոկալ տվյալների զարմանալի ներդաշնակությունը այս խմբի ամենահաճախ հանդիպող բնորոշումներից է: Նրանք աչքի ընկան նաև քաղաքական ակտիվությամբ (թեմատիկ երգերով և տարբեր ծագրերի մասնակցությամբ) և, անշուշտ, ամերիկյան երաժշտական մշակույթում թողած հատկանշական ազդեցությամբ: Նրանց խաղաղ, հմայիչ մեղեդիներն ու կիթառի մենանվագները, վոկալային խճճված, դժվար, բայց հարմոնիկ պարտիաները մշտապես ամրագրվեցին ռոքի պատմության մեջ՝ «CSNY»-ն ճանաչելով որպես առաջին սուպերխմբերից մեկը: 

Այս խմբի ամենահայտնի երգերի մեծ մասը ևս Գրեմ Նեշի գրչին են պատկանում: Նրանց մեջ կարելի է առանձնացնել հատկապես «Our House», «Teach Your Children»,  «Marrakesh Express», «Just a Song Before I Go», «Wasted on the Way». Դրանք ստեղծվել էին տարբեր տարիներին, Նեշի հին ու նոր խմբերի հետ համագործակցության ընթացքում և մեծ հաջողություններ ունեցան հանրային ճանաչման և կոմերցիոն դաշտերում: Ի դեպ, գեղեցիկ երգեր ստեղծելու իր տաղանդի շնորհիվ նա կարողանում էր նաև ժամանակ առ ժամանակ հարթել խմբի անդամների միջև առկա մշտական տարաձայնությունները: Ընկերները կատակով նրան «սոսինձ Վիլլի» էին անվանում:

1970թ. «Atlantic Records» ընկերությունը թողարկեց «CSNY» խմբի «Déjà Vu» ալբոմը: Այն մեկ շաբաթ շարունակ գլխավորեց ամերիկյան փոփ ալբոմների ցանկը: Ալբոմի երգացանկից թողարկվեցին առանձին սինգլներ՝ «Woodstock», «Teach Your Children» և «Our House»: Վերջինս Նեշի ամենասիրված ստեղծագործություններից մեկն է, որի համար, սակայն, երաժշտասերները պարտական են առավել շատ Ջոնի Միտչելին:

«Our House». ներքին երանության կոնտրմշակութային ներբող՝ օդա. այսպես է հնչում այս երգը որոշ երաժշտագետների բնութագրմամբ, որը հեղինակի կարծիքով համընդհանուր սիրո արժանացավ իր «անմեղ էլեգանտության» համար: Սովորական, ընտանեկան ջերմ մթնոլորտում ծնված զգացողությունն է այս երգի նախապատմությունն ու ստեղծման առիթը, և, հավանաբար, նույն ջերմությունն էլ ապահովում է նրա հանդեպ երաժշտասերների արձագանքը, ճանաչման մեծ սահմանը, որը արտահայտվեց երգի հայտնվելուց շատ կարճ ժամանակ անց:

«Ես Ամերիկա եկա 1969թ.,- հիշում է Գ. Նեշը,- եկա այստեղ ապրելու և մի քանի գիշեր մնացի Դեյվիդի տանը: Մի օր նա ինձ մի երեկույթի տարավ, որտեղ հրավիրել էր նաև Ջոնիին: Նրան ես վերջին անգամ հանդիպել էի «Hollies»-ի տարիներին: Այդ երեկույթից հետո ես Ջոնիին տուն ուղեկցեցի, որից հետո մի քանի տարի ապրեցի նրա հետ Լորել Քենյընում գտնվող իր տանը»: 

Մի առավոտ նրանք միասին դուրս են գնում են նախաճաշելու լոսանջելեսյան հայտնի Վենտուրա բուլվարի վրա գտնվող խանութ-սրճարաններից մեկում: Մի քանի քայլ այն կողմ անտիկ իրերի մի փոքրիկ խանութ կար: Պատուհանից հայացք նետելով խանութին՝ Ջոնին մի գեղեցիկ ծաղկաման է տեսնում և քիչ անց քայլերն ուղղում դեպի այնտեղ՝ ծաղկամանի հետևից: Ջոնին անչափ հավանել էր այն և Գրեմը համոզում է անպայման գնել: Հետո զույգը գեղեցիկ գնումի հետ միասին տուն է վերադառնում: «Շատ գորշ, սառն ու անձրևոտ առավոտ էր,- հիշում է Նեշը,- ես նրան ասացի՝ ի՞նչ կասես, ես չվառե՞մ կրակը (վառարանի նկատի ունի), իսկ դու ծաղիկներ տեղադրես քո նոր ծաղկամանի մեջ»: 

Ջոնի Միտչելն իր Լորել Քենյընում գտնվող տան պատուհանի մոտ. Լուսանկարը՝ Հենրի Դիլցի

Եվ մինչ Ջոնին պարտեզում քաղած ծաղիկները մաքրում և տեղավորում էր գեղեցիկ ամանում, Նեշը նկատեց. եթե նա դեռ զբաղված է այս գործով, ուրեմն դաշնամուրն առայժմ ազատ է: Մեկ ժամ անց «Our House»-ն արդեն գրված էր:

«Նա կտրատում էր ծաղիկների ցողունները, մաքրում տերևներից և նոր  ծաղկամանի մեջ դասավորում  դրանք: Իսկ ես վառել էի կրակը: Այդ պահին իմ ու Ջոանի կյանքը հեռու էր թվում սովորականից,-  պատմում է Գրեմ Նեշը,- և ես նստեցի նրա դաշնամուրի առջև  … »:  

Ու գրվեց մի պատմություն սովորական մի կյանքի մասին, որը վստահաբար ապրել են շատ ու շատ զույգեր, ընտանիքներ: Բայց սովորական այս պատմությունը դարձավ մարդկանց ամենասիրելի երգերից մեկը՝ առօրյա կյանքի մեջ մոռացության տրված կամ, երբեմն, անուշադրության մատնված գեղեցիկ ակնթարթները ոչ սովորականի մեջ տեսնելու ցանկությամբ:  

Գրեմի, Դեյվիդի և Սթիվենի համատեղ աշխատանքի արդյունքում երգը հղկվեց, հարմոնիկ համաձայնության եկավ և՛ գործիքավորման և վոկալի բաժիններում: Նեշը  Թերի Գրոսի հետ հարցազրույցում նաև նշում է, որ Քրոսբիի և Սթիվենի դերը, որպես առանձնահատուկ երաժիշտների, շատ կարևոր է եղել իրենց համագործակցության ընթացքում: Բնութագրելով նրանց որպես «անհավանական երաժիշտներ»՝  նա ասում է, որ ամեն մի աշխատանքի մեջ մտնելիս նրանք ամբողջովին երաժշտության ոգով էին անում և ներդնում էին իրենց լավագույնը: Հենց դա էր նրանց առանձնահատկությունն ու հաջողության հիմնաքարը:

«Our House»-ը ամերիկյան  «Billboard Hot 100»-ում հայտնվեց 30-րդ հորիզոնականում: Այն հետագայում օգտագործվեց տարբեր երաժշտական նախագծերում, ֆիլմերում և գովազդային հոլովակներում: Բազմաթիվ երաժիշտներ ձայնագրել և ներկայացրել են երգի իրենց քավըր տարբերակները: Նեշը, սակայն, մի առիթով խոստովանել է, որ «Our House»-ի ձայնագրության հաջորդ օրն իսկ նա արդեն ձանձրանում էր երգից, բայց ստիպված էր շարունակել կատարել այն, քանի որ երգը շատ կարևոր նշանակություն ուներ այլ մարդկանց համար:

« Կարծում եմ՝ միակ բանը, որ ես իսկապես ձգտել եմ անել իմ կյանքի ընթացքում, և որը որպես տաղանդ շնորհվել է ինձ Աստծուց, եղել է այն, որ ես ցանկացել եմ մարդկանց կյանքը ավելի լավ դարձնել:- ասել է Գրեմ Նեշը,- Ես գրելու ձիրքից չէի կարող փախչել, այլընտրանք չկար: Գաղափար անգամ չունեմ որտեղից այն հայտնվեց և չեմ էլ ուզում շատ խորանալ դրա մեջ, բայց  շատ երախտապարտ եմ նրա համար, որ ես կարողանում եմ գրել»:

Գլխավոր լուսանկարը՝ Հենրի Դիլցի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter